Հանկարծ կինը վեր թռավ: Երկուսն անց կես էր: Մի պահ վարանեց՝ մտածելով, թե ինչու այդպես հանկարծակի արթնացավ: Ա՜խ, հա՜. խոհանոցում ինչ-որ մեկը աթոռին բախվեց: Նա ականջ դրեց: Լռություն էր: Ոչ մի ձայն չկար, և երբ նա ձեռքը մեկնեց դեպի անկողնու մյուս կողմը, այն դատարկ գտավ: Նրան լսելի եղավ ամուսնու ծանր շնչառությունը: Կինը վեր կացավ և մութ միջանցքով դանդաղ ու ծանր քայլերով ուղղվեց դեպի խոհանոց: Խոհանոցում նրանք հանդիպեցին: Ժամը երկուսն անց կես էր: Կինը խոհանոցի դարակում ինչ-որ սպիտակ բան նկատեց: Նա վառեց լույսը: Նրանք կանգնած էին դեմ-դիմաց: Գիշերվա երկուսն անց կեսին: Խոհանոցում:
Խոհանոցի սեղանին հացամանն էր դրված: Կինը նկատեց, որ ամուսինը հացից կտրել է: Դանակը դեռ դրված էր հացամանի կողքին, իսկ սփռոցի վրա հացի փշրանքներ կային: Երեկոները՝ քնելուց առաջ, կինը միշտ սրբում էր սեղանը: Ամեն երեկո: Բայց այս անգամ սփռոցի վրա փշրանքներ կային: Նա զգաց՝ ինչպես է հատակի սառնությունը դանդաղ բարձրանում իր մարմնով: Նա հեռվից աչքը գցեց հացամանին:
— Ես մտածեցի՝ այստեղ ինչ-որ բան կա,- ասաց ամուսինը՝ զննելով խոհանոցը և նայելով չորս կողմը:
— Ես էլ ինչ-որ բան լսեցի,- պատասխանեց կինը՝ կարծես նոր նկատելով, որ ամուսինը այդ գիշերաշապիկով՝ բավական ծեր տեսք ունի: Ինչպե՜ս էր նա ծերացել: Վաթսուներեք տարեկան էր արդեն: Օրվա ընթացքում նա հիմնականում ավելի երիտասարդ էր երևում: Ամուսնու մտքով ևս այդ պահին անցավ, թե կինը ինչքան ծեր տեսք ունի: Գիշերազգեստը, որ այդ պահին կինը կրում էր, նրան մեծացնում էր: Բայց կարող էր այդպես թվալ նաև անխնամ մազերի պատճառով: Դրանք ավելի էին ծերացնում:
— Դու պետք է կոշիկներդ հագնես: Այսպես բոբիկ՝ սառը հատակին: Կմրսես:
Կինը չնայեց ամուսնուն, որովհետև տանել չէր կարողանում, երբ նա ստում էր: Իսկ նա ստեց, չնայած նրանք արդեն երեսունինը տարի ամուսնացած էին:
— Մտածեցի՝ այստեղ ինչ-որ բան կա,- կրկնեց ամուսինը և հայացքը դարձյալ անտեղի ուղղեց խոհանոցի մյուս անկյունին,- այստեղից ինչ-որ ձայն լսեցի: Մտածեցի՝ այստեղ ինչ-որ բան կա:
— Ես էլ ինչ-որ բան լսեցի: Բայց ոչինչ էլ չկա:
Կինը հացամանը վերցրեց սեղանի վրայից և հավաքեց սփռոցի վրայի փշրանքները:
— Չէ՛, բան չկա,- անվստահ արձագանքեց ամուսինը:
Կինը փորձեց թուլացնել լարված իրադրությունը.
— Գնանք: Ձայնը հավանաբար դրսից էր: Գնանք քնելու: Դու հաստատ կմրսես: Սառը հատակին ես:
Ամուսինը պատուհանից դուրս նայեց.
— Հա՛, պետք է, որ դրսից լիներ: Ես մտածեցի՝ այստեղից է:
Կինը ձեռքը մեկնեց անջատիչին: «Պետք է լույսը հիմա անջատեմ, այլապես կնայեմ հացամանին: Ես չպետք է այդ կողմ նայեմ»,- մտածում էր կինը:
— Գնանք,- ասաց նա՝ հանգցնելով լույսը,- ձայնը հավանաբար դրսից էր: Անձրևաջրի խողովակը քամու ժամանակ միշտ պատին է բախվում: Հաստատ խողովակն է եղել: Քամու ժամանակ այն միշտ չխկոց է հանում:
Նրանք երկուսն էլ դանդաղ ու ծանր քայլերով՝ մութ միջանցքով քայլեցին դեպի ննջասենյակ: Նրանց բոբիկ ոտքերը կափկափում էին հատակին:
— Քամին է, այո՛,- ասաց ամուսինը,- քամին է, արդեն ամբողջ գիշեր:
Երբ նրանք արդեն պառկել էին, կինը ասաց.
— Հա՛, ամբողջ գիշեր քամի է: Հավանաբար անձրևաջրի խողովակն է եղել:
— Ես էլ եմ մտածում, որ խոհանոցից հավանաբար խողովակի չխկոցն է լսվել,- ասաց ամուսինը քնատ:
Բայց կինը նկատեց՝ ինչքան կեղծ հնչեց նրա ձայնը խաբելիս:
— Ցուրտ է,- ասաց կինը՝ դանդաղ հորանջելով,- ես մտնում եմ վերմակի տակ: Բարի գիշեր:
— Բարի գիշեր: Հա՛, արդեն շատ ցուրտ է:
Ապա լռեց: Րոպեներ անց կինը լսեց, թե ինչպես է ամուսինը կամացուկ ու զգույշ ծամում: Կինը դիտավորյալ դանդաղ ու համաչափ էր շնչում. ամուսինը չպիտի նկատեր, որ ինքը դեռ արթուն էր: Ամուսնու ծամելը սակայն այնքան կանոնավոր էր, որ կինը դանդաղ քուն մտավ:
Երբ հաջորդ երեկոյան ամուսինը տուն եկավ, կինը նրա առջև դրեց հացի չորս կտոր, չնայած, որ նա միշտ երեք կտոր էր միայն կարողանում ուտել:
— Դու կարող ես հանգիստ չորսն էլ ուտել,- ասաց կինը՝ հեռանալով սեղանին դրված լամպի մոտից,- ես այս հացը տանել չեմ կարողանում: Մի կտոր ավել կե՛ր: Ես սրանից չեմ սիրում:
Կինը տեսավ՝ ինչպես է ամուսինը խոնարհվում ափսեի վրա: Նա հայացքը չբարձրացրեց: Այդ ակնթարթը կնոջը ցավ պատճառեց:
— Դու չե՞ս կարող երեք կտոր ուտել,- ակնարկեց ամուսինը:
— Չէ՛: Այս հացը, հատկապես երեկոյան, տանել չեմ կարողանում: Կե՛ր: Հանգի՛ստ կեր:
Մի քանի րոպե միայն կինը նստած մնաց սեղանի մոտ՝ լամպի լույսի տակ:
Գերմաներենից թարգմանեց
Սիրանուշ Փարսադանյանը