Մամ, մեր տունը նորից մեզ է փնտրում։
Լույսը կորցրած շրջում ենք,
խցանվում մեր մեջ ուղին թողած օրվա կրնկին,
վառվող քամին՝ հարևանի աղջկա աչքերում,
սուզվող ստվերս` մեր թոնրի պատին,
որտեղ սկսում է սահմանն իմ երակի
և արդեն արձագանքն ուշացած։
Թող մի քիչ էլ քնեմ քարե անկողնու մեջ։
Մի ժամանակ ծնկներիդ վրա
փափուկ ծաղիկների պես
անհանգիստ էին մտքերս։
Երբ ասացիր՝ երջանիկ ես աչքերիս համար,
ես կանաչ խոտի մեջ մանկությունս կորցրի,
ու հիմա երջանկությունը քո մեջ եմ փնտրում։
***
Մենք գնում ենք,
մենք գնում ենք, մամ,
թողնում ենք պատերն առանց տանիք,
որի մեջ քո շունչն է ու իմ,
և կարոտները տաք ու խմորը՝ դեռ հաց չդարձած:
Արթնանում ենք, մամ, արթնանում ենք,
չքնած ձեռքերդ օրորոցումս են մնացել,
գիշերն էլ արդեն օդում կռիվ-կռիվ է խաղում՝
ճանապարհին թողնելով ծուխը հուշերի,
որ ես չտեսա:
Ուր էլ գնանք, մայրիկ,
քո հետքերը էլի ծաղիկներ են դառնում։
Փողոցներում, այգիներում,
կանաչ թփերի մեջ ու մեր տանն ամբողջությամբ։
Նախշուն գույներ կան
քո աչքաթերթերի, երազների,
իմ սպասման մեջ.
չգիտեմ արդեն՝ որերորդ անգամ
պտույտի վերջում
գտնում եմ մեր տունը,
որտեղ դեռ բարուր եմ.
չեմ ճանաչում ոչ ոքի,
չեմ խոսում ու տեսնում,
ես դեռ փոքր եմ։
Բայց ախր, մամ,
բարուրիս մեջ էլ եմ
ծաղիկներ գտնում՝ մոռանալով,
որ մատներիդ արանքներում
դաշտեր կան գարնան,
միշտ ալյուրի հետ խառնվում են
ու դառնում սպիտակ վերմակ սպիտակ երկինք։
Մեզ տանում են, մայրիկ,
Մենք գնում ենք արդեն…
***
Փողոցի պատերի մեջ է թաքնվել
վերջին գարունը,
որ խոստացավ դրախտից հետո
նոր դրախտ մարդկությանը,
ուր չեն ծնվում պատահական
և չեն հեռանում անմիջապես:
Նույն տեղում մայրամուտները
քարանում են ապակե մարդկանց նման,
որոնք չեն սիրում պատահական
և չեն մեռնում ուղղակի:
Մի քիչ հեռու մարդիկ
խորտակվում են երևակայություններով,
որոնց չեն հավատացել ու խաբում են:
Եվ այս քաղաքն է, որ գլխիվայր շրջում է մեզ,
կտցահարում կարոտները բոլոր
ու քար դարձնում,
որի ստվերը ծածկում է վերջին պատը՝
գարնան վերադարձի…
***
Ես իմ գյուղ եմ գնում
ծաղիկների միջով,
որտեղով անցել են տարվա
բոլոր եղանակները:
Գյուղում ոչ ոք չկա:
Ճանապարհը կյանք է ուզում,
քարերից մամռահոտ է գալիս,
ես նորից փաթաթվում եմ մորս
տաք շալի մեջ,
մտքումս տոնածառ
դարձած տներն են՝
լվացքի անհաշվելի
պարաններով:
Տատս ասում էր՝
շատ տարիներ առաջ գետի
ափին էինք լվացք անում,
հետո երբ արդեն լվացքի
մեքենաներ ի հայտ
եկան գյուղում,
մարդիկ սկսեցին հասկանալ՝
ինչ բան է ալարելը:
Վախենալու ժամանակներ են:
Մի աշուն էլ անցավ:
Ինչ իմանաս՝ մի օր էլ մարդիկ
կդադարեն սիրել,
ու ինչ-որ սարք կստեղծվի
սիրելու համար:
Այս ամենը շշուկով եմ
պատմում քեզ, ընկերս,
որ ծառերը չլսեն:
Ասում են՝ տարին
լավ բերք չի տալու:
Վախենում եմ:
Արևը գլորվում է երկնքից,
ու լույսի մեջ մի զինվոր է
բարձր շնչում,
ու նրա շնչառությունը
խառնվում է բոլորովին
ուրիշ ու նոր գարնան
բոլորովին ուրիշ ու
նոր լուսաբացի,
որտեղ ծաղիկները չեն
բուրում, այլ խոսում են,
անընդհատ խոսում են։
Անդադար խոսում են։
***
Էս վերջերս մարդիկ հեռանում են,
շատ են հեռանում,
անընդհատ են հեռանում՝
չթողնելով հողի հետքը հենց հողի վրա:
Ու իմ պարզ շնչառությունը
քամու հետ գլուխ է դնում
պատմում խանութից պուրակ
վազելու և ծարավ մնալու մասին:
Իսկ ես — ցնցուղ ուշացած,
Եվ դու — սպասվող բնություն,
Որ ծաղկում է գնացողների համար…
Ինչպես խոսել սիրո մասին
այսքան հեռանալուց հետո,
երբ հակահարձակ են լինում զգացմունքները
և կետ-կետ հետ դառնում.
դասավորվում քամու վրա,
դասավորվում ինձ վրա:
Ու իմ տխրությունը խաղ է ընդամենը՝
արդեն դասավորված խաղերի կողքին։
***
Թաքուն ձեռքս մի օր բոլորին բերել է իմ երկիր
և խոստանում է ծխի նման նորից հետ գնալ,
պատահական մոռանալ,
պատահական հիշել մեր տան պատերի
ճաքերը, որ մի ժամանակ
մորս կնճիռների հետ շփոթում էի ու
վախենում գիշերները։
Ամեն առավոտ գիշերն ինձ հետ չի արթնանում,
և ուզում եմ պատահական արթնացնել, մամ,
պատահական մոտեցնել քո ծիծաղին,
որի մեջ ապրում է քո տղան.
քո տղան, մա՛,
որ միայնակ տրամադրություն է քո մեջ
և չի ուզում հեռանալ:
***
Մեր ափերում հերթական տունն է կառուցվել,
որտեղ երջանկությունը առաստաղից ցածր է,
երաժշտությունը փշրված բաժակի պես,
բոլորի աչքերը փակ՝
հերթական գրքի մերկությունից ազդված:
Տան մեջ մատնահետքերն են
մոլորված մարդկանց,
այսինքն՝ մեր,
որ ինքնուրույն չենք ազատության մեջ:
Ստվերից հետ ենք ընկնում՝
հայելու մեջ տեսնելով վախը՝
շպրտված մեր երեսին,
ու անհետանում է տունը՝ մեզ թողնելով
ձգվող ու ճկվող անորոշությունում,
թաքուն կարոտող օրապահ ընկերոջս
պահած օրվա մեջ:
[/fusion_text][/fusion_builder_column][/fusion_builder_row][/fusion_builder_container]