Սովորել է Լիբանանում՝ Սեն Ժոզեֆ Համալսարան (USJ), մասնագիտութիւնը` մանկավարժութիւն,

այնուհետև Հայաստանում՝ ԵՊՀ, Հայագիտութիւն մագիստրոս:

 

Հայաստանը՝  կարոտ

Հայաստան ճամբորդելը միշտ խորհրդաւոր է եղել ինձ համար: Լինելով սփիւռքահայ, հայրենիքս ճանաչել եմ դպրոցի դասագրքերում, վէպերում, դասախօսութիւնների ընթացքում, հեռուստացոյցի ալիքներով, համացանցում, երգերում եւ այլն: Այս իմաստով շատ ուրախ եմ զգում, երբ ամէն անգամ որոշում եմ Հայաստան ճամբորդել, որովհետեւ առիթ եմ ունենում իմ լսածները ու կարդացածները սեփական աչքերով տեսնելու ու վայելելու: Հայաստան գնալ-գալս պայմանաւորուած է նաեւ հարազատներիս տեսնելով, նկատի ունենալով, որ մայրս Հայաստանից է:

Երբ ամառներն անցկացնում եմ Հայաստանում, մի տեսակ գերհանգստութիւն եմ զգում: Շնչում եմ մաքուր օդ, քայլում ու զբօսնում եմ ազատօրէն, չորս կողմից շրջապատուած եմ լինում հայերով եւ այլն: Հայաստանում գտնուելիս երբեք չեմ կարօտել Լիբանանը: Աւելի՛ն. վերադարձի օրերն երբ մօտեցել են, անչափ տխրել եմ ու ընկճուել եմ: Յիշում եմ, մի անգամ, երբ երկար արձակուրդից յետոյ վերադարձայ Լիբանան, տան ճանապարհին ամէն տեղ փնտրում էի Արարատը, բայց չէի գտնում ու տեղում նոր համոզվում, որ ես այլեւս Լիբանանում եմ: Յաճախ շաբաթներ է հարկաւոր եղել, որպէսզի Հայաստանից վերադարձին վերստին յարմարուեմ Լիբանանի իմ առօրեային: Շատ դժուար է եղել յատկապէս 2016 թուականին, երբ Հայաստանում երկու տարի ապրելուց ու մագիստրատուրայի բաժնում սովորելուց յետոյ հարկադրաբար վերադարձել եմ Լիբանան, որպէսզի սկսեմ դասաւանդել իմ հոգեհարազատ կրթօջախում՝ Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան Ճեմարանում: Այստեղ նշեմ, որ երբ 2011 թուականին աւարտեցի դպրոցը, դեռեւս չունէի յստակ պատկերացում իմ ապագայ մասնագիտութեան մասին: Մէկ մտածում էի մասնագիտանալ Graphic Design-ում, մէկ՝ միջազգային յարաբերութիւններում, մէկ էլ՝ պատմութեան մէջ: Մտքիս մի ծայրում էլ կար հայագիտութիւնը, որովհետեւ փոքր տարիքից իւրայատուկ սէր ունէի հայոց լեզուի ու պատմութեան նկատմամբ, ու երազում էի դառնալ ուսուցիչ: Հենց այդ անորոշ վիճակում ինձ օգնեց Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւնը՝ առաջարկելով դառնալ մանկավարժ, ու ապա ուսումս շարունակել Հայաստանում՝ խորանալով հայագիտութեան ոլորտում, ինչից յետոյ վերադառնալ Լիբանան ու դասաւանդել հայկական դպրոցներից մէկում: Հենց այդպէս էլ եղաւ. այժմ իմ սիրելի Ճեմարանում Հայոց Պատմութեան ուսուցիչ եմ:

 

Բէյրութի պայթիւնը

Բէյրութը պատմական ու մշակութային ժառանգութիւններով լի քաղաք է: Այն կարելի է համարել Միջին-Արեւելքի սիրտը: Այստեղ կողք-կողքի ապրում ու աշխատում են տարբեր կրօնքի ու ազգութիւնների  մարդիկ, որոնց շարքին են նաեւ հայերը: Պէտք է նշել, որ լիբանանահայութիւնը համարվում է հայապահպանման ամենակարեւոր գաղթօջախներից մէկը ամբողջ աշխարհում: Այստեղ ակտիւօրէն գործում են պատմական երեք կուսակցութիւնները (Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն ու Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը), հայկական եկեղեցիները, դպրոցները, երիտասարդական ու մշակութային կենդրոնները, թերթերը, ռադիոկայանները եւ այլն:

Օգոստոսի 4-ի Բէյրութի ուժգին պայթիւնը, ինչպէս տեսանք, ցնցեց ոչ միայն Լիբանանը, այլ նաեւ ողջ աշխարհը: Բնականաբար, աղէտը մեծ էր յատկապէս Բէյրութի բնակիչների համար, որոնց տները մասամբ կամ ամբողջովին քանդուեցին, որոնց հարազատները զոհուեցին կամ ստացան մարմնական եւ նիւթական վնասներ: Ցաւոք սրտի, հայկական համայնքը նոյնպէս կրեց զգալի վնասներ, նկատի ունենալով, Բէյրութի հայահոծ թաղամասերը՝ Մար Մխայէլը, Հաջընը, Հայաշէնը, Աշրաֆիէն, Բուրջ Համուդը, գտնվում են պայթիւնի էպիկենտրոնին շատ մօտ: Զոհուեցին 13 հայորդիներ, տարբեր աստիճանի մարմնական վնաս­ուածքներ ստացան հարիւրաւոր ուրիշներ: Անգամ նրանք ովքեր չունեցան կորուստներ, այժմ իրենց օրերն անցկացնում են վախի եւ ընկճուածութեան մէջ: Պայթիւնը մեծապէս ազդել է յատկապէս երեխաների հոգեկան աշխարհի վրայ: Այժմ, ամէն անգամ արտառոց ձայն լսելիս, նրանք մտածում են մի վատ բան է պատահելու, ու սկսում հարցեր տալ մեծահասակներին:

Այս բոլորը յուսահատութեան մեծ ալիք բարձրացրեցին արդէն իսկ դժուարին պայմաններում ապրող լիբանանահայութեան մօտ՝ հաշուի առնելով երկրում տիրող քաղաքական եւ տնտեսական խոր ճգնաժամային պայմանները: Մեծ է թիւը այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը կամ սեփական բիզնեսը: Շատերը մտածում են լքել Լիբանանն ու բռնել գաղթի ճամբան դէպի Արեւմուտք (հիմնականօրէն՝ ԱՄՆ կամ Քանադա) կամ Հայաստան: Արդէն իսկ անցնող օրերին մի քանի տասնեակ լիբանանահայեր ընտանեօք տեղափոխուեցին Հայաստան: Միւս կողմից, աշխարհասփիւռ հայութիւնը ֆինանսական օժանդակութիւններ է ուղարկում լիբանանահայ համայնքին: Ստեղծուել է «Լիբանանահայութեան վերականգնումի մարմինե-ը, որն ունի յստակ առաջադրանք՝ հաւաքական ու միասնական ջանքերով յաղթահարել լիբանանահայութեան դիմագրաւած դժուարութիւնները ու վերացնել համայնքի հանգման մարտահրաւէրը:

Դժուար է ասել, որ լիբանանահայ համայնքը նորից կը յայտնուի իր փառքի օրերին, որովհետեւ տարեցտարի նրա թիւն անկում է ապրում: Բազմաթիւ լիբանանահայեր, որոնք մինչ հիմա քիչ թէ շատ լաւատես էին Լիբանանի ապագայի հարցում, այժմ կորցրել են իրենց վերջին յոյսերը եւ մտադիր են գաղթելու: Ողջունելի են Հայաստան ներգաղթի քայլերը, սակայն մտահոգիչ՝ անորոշութեան տեսանկիւնից: Մի շարք հայերի համար մտահոգիչ է Հայաստանում նոր կեանք սկսելը: Նրանց յուզում է յատկապէս աշխատանք գտնելու եւ լաւապէս վարձատրուելու խնդիրը: Գաղտնիք չի, որ Հայաստանում աշխատավարձերը շատ ցածր են բաղդատած Լիբանանին, չնայած տնտեսական ճգնաժամի հետեւանքով շատերի աշխատավարձն այսօր աւելի քիչ է, քան Հայաստանում ապրող մարդունը:

 

Երջանկութեան զգացողութիւնները տարբեր հայրենիքներում

Ես ինձ միշտ աւելի երջանիկ եմ զգացել Հայաստանում, քան Լիբանանում, որովհետեւ համոզ­ուած եմ, որ այն է իմ իսկական հայրենիքը: Մարդիկ զարմանում են, երբ նրանց ասում եմ, թէ թէեւ ես ծնուել ու ողջ կեանքս ապրել եմ Լիբանանում, սակայն երբեք չեմ կարողացել այն ընկալել որպէս իմ հայրենիքը: Բայց եւ այնպէս, ունեմ կապուածութիւն Լիբանանի հանդէպ: Ի վերջոյ, ցեղասպանութիւնից յետոյ, Լիբանանն իմ պապերին գրկաբաց է ընդունել, որի համար շատ երախտապարտ եմ: Լիբանանն իմ ծննդավայրն է. այստեղ եմ հասակ առել, նախնական ու բարձր կրթութիւն ստացել, ընկերային լայն շրջապատ ստեղծել, լաւ ու վատ յիշատակներ ունեցել եւ այլն: Ուստի, դժուար կը լինի թողնել այս ամենը ու տեղափոխուել ցանկացած երկիր ու կեանքը սկսել զերոյից: Բայց եւ այնպէս, համոզուած եմ, որ Լիբանանում իմ կեցութիւնը կրում է ժամանակաւոր բնոյթ ու որ իմ վերջին հանգրուանը Հայաստանն է: Ուշ կամ կանուխ, հարկաւոր է դիմել վճռական քայլին ու ներգաղթել:

 

Հարցազրույցը՝ «ԳՐԵԹԵՐԹԻ»

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն