Մեր բակն ու այգին ես հիմնականում հավաքում ու մաքրում էի տարին մեկ անգամ` իմ ծննդյան նախօրեին։
Դա ոչ թե տանեցիներին զարմացնելու համար էր, այլ՝ ծննդյանս օրը մաքուր դիմավորելու և մերոնց ապացուցելու, որ ես որոշ չափով պետքական եմ:
Մեր բակում, մեր իսկական տան կողքին, մի փոքր տարածք կա։ Չորս պատ, որտեղ ինձ համար իմ ձեռքերով մի իրական տնակ էի սարքել: Ինձ ծաղրում էին, բայց ես շատ լուրջ էի տրամադրված: Երբեք գիշերը այդ տանը չեմ քնել, որովհետև դուռ ու պատուհան չկար ու հեշտ էր գողերի ազատ մուտք ու ելքը: Էդտեղ միակ գողանալիքը ես էի ու դաշնամուրի գլխից վերցրած տատիկիս միակ խռուստալի վազը:
Վերը նշված ծաղրանքներին ավելի առիթ չտալու համար ես ձևացնում էի, թե իմ տանն եմ քնում, այնինչ գիշերը գալուն պես ես իմ տաք ծածկոցով քնում էի մեր հին կադիլակի մեջ:
Տան պատերը իրարից վարագույրներով էի առանձնացրել, ամեն օր գնում գալիս էի, հետևում մաքրությանը, ամեն տեղ շխկշխկացնում էի անդուռ տանս բանալին ու գլուխ գովում: Մի խոսքով՝ զգացի, որ տուն սարքելուց ոչ միայն շահ չունեմ, դեռ մի բան էլ պիտի տիրություն անեմ:
Կյանքն առաջին անգամ ապտակեց ինձ: Հետո արդեն կյանքը քիչ թե շատ ճանաչած` խելքս գլուխս հավաքեցի և որոշեցի տունս քանդեմ։ Իմ սարքած տունը ինքս քանդեմ ու տեղը մի խանութ բացեմ:
Ծանր-ծանր փայտերով դարակներ սարքեցի, խանութիս անունն էլ դրեցի «Ցածր գներ»:
Մեր սառնարանի ամբողջ ուտելիքը գաղտնի հավաքում, դնում էի խանութում ու ծախում տնեցիների վրա: Եթե սնունդը վերջանում էր, արդեն մթերային խանութումս պահարանից կախիչներով շորերն էի վաճառքի հանում:
Փող տալիս էին: Ինձ մոտ ամեն ինչ անհամեմատելի էժան էր, քան ցանկացած խանութում, և հետո խելոք մարդու բան չէր լինի, եթե ինձնից առևտուր չանեին:
Հացը՝ հիսուն դրամ։ Ցածր գներ։ Մի կտոր պանիր` հարյուր դրամ։ Շատ ցածր գներ։
Օրական հինգ հարյուր դրամ աշխատում էի։ Բայց կյանքը չդիմացավ ու էլի ապտակեց նույն տեղը. ծնողներս սուպերմարկետի ծանր տոպրակներ էին դուրս հանում մեքենայի բեռնախցիկից:
Էս նման էր էն վախին, երբ դեռ խանութս տնակ էր, ու գողեր կարող է գային։ Էս գողությունից էլ ավելի մեծ վնաս էր ինձ։
Երկարատև ճգնաժամ ապրեց իմ բիզնեսը։
Բակիս ընկերները, ովքեր իմ խանութ հիմնականում գալիս էին ձրի ուտել-խմելու, իրենք էլ սկսեցին լուրջ անհանգստանալ:
Խանութը փակվեց: «Ցածր Գներ» պետք չեն, բայց ես ուրախ եմ, որ փոփոխություններ են լինում։
Ամառային արձակուրդներին մի առավոտ բակից ընկերներիս ձայնն եմ լսում։ Պատշգամբից տեսնեմ ինչ. ընկերներս բոլորը սպիտակ վերնաշապիկներով։ Մի քանիսը փողկապ էլ ունեին։
Շփոթված դուրս եկա դարպասից, բոլորի հոնքերը զարմանալի վերև էին ցցվել, իսկ դեմքների արտահայտությունը հիշեցնում էր քիմիայի ուսուցչուհու լաբարատորիկ դեմքը:
Բայց խոստումնալից արտաքինով ընկերներ ունենալը ինձ շատ էր ոգևորել։
Մի քանի վայրկյան անհասկանալի լռության մեջ իրար նայեցին ու մեջներից գերազանցիկը՝ մեր Գոքորն, առաջ եկավ, նայեց երկինք ու շատ պաշտոնական ինձ ասաց.
— Մեր եղբայր Ռուբիկը ժողով է հրավիրել, դու պարտադիր պիտի ներկա լինես։
Գոքորն ու ես նույն դասարանից էինք։ Ես էլ գիտեի, թե Գոքորը էսպես խորհրդավոր միայն «Ես իմ անուշ Հայաստանի»-ն է ասում։
Վաքսում եմ կոշիկներս, հարդարում մազերս, հագնում եմ վերնաշապիկս։ Կուզեի փողկապ էլ ունենալ։
Վազում եմ Ռուբիկենց տուն:
Տրամադրված պաշտոնական վիճակս խախտեց Ռուբիկի մայրը, որը նոր էր մազերը ներկել ու դարպասի դիմաց նստած խարտում էր եղունգները:
Տուն մտա՝ ու էլի նույն տեսարանը, ինչ պատշգամբից։ Սպիտակ վերնաշապիկով, ոմանք՝ փողկապով։ Կենտրոնում բազմոցին նստած էր եղբայր Ռուբիկը։ Նա ինձանից ավելի երկար էր պատրաստվել ու… փողկապ ուներ:
Ժողովը սկսվեց Ռուբիկի առաջարկով.
— Քո էն տարածքը մեծացնենք ու սրճարան սարքենք, ես ու դու էլ լինենք հավասար բաժնետերեր, հը՞։
Ես ուրախ էի, շատ ուրախ, որ նորից շարժ կլինի իմ տարածքում, այս անգամ` ավելի մեծ։
Ժողովն ավարտվեց ձեռքսեղմումով և բարեկամական ժպիտով:
Փայլփլուն վարագույրներ, երկու սեղան, չորս աթոռ, կենդանի երաժշտություն՝ կլարնետ ու սինթեզ, որն ապահովում էին մեր բակի զույգ եղբայները՝ Սենչն ու Մենչը:
Կապույտ, մանուշակագույն, դեղին ու լիքը-լիքը տարբեր գույների լամպերով զարդարված էր մեր ամբողջ սրահը: Անգամ շատրվաններ էինք սարքել ջրի խողովակներով: Այս ամենը միայն ես ու Ռուբիկը չէինք կարող, դրա համար մեզ օգնեցին մեր հավատարիմ, վերնաշապիկով ընկերները, որոնք հետո դարձան նույն հաջողությամբ հավատարիմ աշխատողներ: Իսկական սրճարան ենք սարքել, իսկական սրճարան: Բոլորս հազար դրամ դրեցինք գործի մեջ, գնացինք սուրճ, թեյ, հյութեր, կոնֆետներ, թխվածքներ գնեցինք։ Սրճարանի մուտքն էդպես էլ դուռ չունեցավ: Ես ու Ռուբիկը որոշել էինք անունը։ Մուտքի վերևի հատվածը տոնածառի լույսերով զարդարել էր մեր բակի ղզիկ Վովան։ Անընդհատ միանում-անջատվում էր մեր նոր ուրախության, մեր համատեղ բիզնեսի «ՌՈՒԲՉԻԿ» անվանումը։
Սրճարանի խոհանոցն առանձնացրել էինք հաստ վարագույրով ու վարագույրի վրա մեծ անցք բացել սպասարկման ոլորտը ապահովելու համար: Վարագույրից ներս աշխատում էր Շուշանիկը՝ մեր խոհանոցի միակ զարդը, արագ-արագ թեյ ու սուրճ էր պատրաստում ու բողոքում, որ մենակ չի հասցնում։
Մեր բիզնեսը էդքա՜ն եռում էր։
Բացման օրը՝ երեկոյան ժամը յոթին, ներկա էինք մենք ընկերներով ու մեր ընտանիքները` Ռուբիկի մայրիկի գլխավորությամբ։
Ես ու Ռուբիկը կտրեցինք սրճարանի մուտքին կապված կարմիր թելը. մեծ հրավառություն, կոնֆետներ, իսկական տներից սեղաններ ու աթոռներ, իմ ուզած շարժը։
Այդ օրը հինգ հազար դրամ աշխատեցինք:
Մենչն ու Սենչը անվերջ նվագում էին: Գնահատեցինք ամենքին հազարական դրամով։
Շուշանիկին էլ հազար դրամ տվեցինք: Գոհ էր:
Ղզիկ Վովային զարդարելու համար ոչ մի բան էլ չտվեցինք։
Ռուբիկն ասաց, որ հարց լինի դպրոցում՝ գա իրեն ասի: Վովան էլ էր գոհ։
Գլխառադ անելով՝ մեզ օգնող տղերքին հինգ հարյուրական դրամ տվեցինք, ասացինք, որ ավելի շատ լիներ, ավելի շատ կտայինք:
Ինձ համար էս ամբողջ նոր բիզնեսը իսկապես շատ էր։ Ոնց որ ոչինչ չպակասեր ինձ, նույնիսկ փողկապ ուզելու մասին էի մոռացել։
Ինձ ու Ռուբիկին համարյա փող չմնաց։ Մեր աշխատող-ընկերներին վարձատրելն էր կարեւորը։ Ինչ էլ որ մնաց, ես ու Ռուբիկը գնացինք ու էլի ապրանք բերեցինք իսկական բիզնեսմենների պես։
Դասերը սկսվեցին ու «ՌՈՒԲՉԻԿ»-ը փակվեց: Մոտավորապես մի ամիս աշխատեցինք և ընթացքում բոլոր աշխատողներին հանեցինք, որովհետև թվում էր` ավելորդ փող էինք տալիս։ «ՌՈՒԲՉԻԿ»֊ն իր բացման օրը միայն տեսավ հինգ հազար դրամ եկամուտ, հետո մենք աշխատում էինք հինգ-վեց հարյուր դրամից ոչ ավելի:
Բայց մենք բոլորին ասում էինք ու ինքներս մեզ էլ այդպես ասում, որ «ՌՈՒԲՉԻԿ»֊ը փակվեց ոչ թե քիչ վաստակելու պատճառով, այլ դասերը սկսելու։
Այն, որ «ՌՈՒԲՉԻԿ»֊ը հաջողված բիզնես էր, վկայում է իմ վերնաշապիկին ավելացած փողկապը: