Ստեղծագործությունն իրար կորցրած, իրարից բաժանված հերոսների, նրանց սիրո, ընտանիքի, սպանդից փրկվածի ճակատագրի ու բռնության մասին է, սակայն վեպը գրված է ոչ թե մարդկանցից արցունքներ կորզելու, այլ ընթերցողին գրողի մանկության երկիր՝ Աֆղանստան վերադարձնելու համար:

Ազգությամբ աֆղան գրող  Խալեդ Հոսեյնին փոքր հասակում տեղափոխվում է Ամերիկա և օտարվում իր հարազատ միջավայրից: Նա նկարագրում է Աֆղանստանը հազարավոր կիլոմետրից, ներկայացնում աֆղանական ճակատագրերն այնպես կարծես ինքն ականատեսն է եղել բոլոր իրադարձությունների: Հոսեյնին նկարագրում է իրենցից հեռացած, օտարացած հերոսների, որոնք շարունակում են ապրել կա՛մ իրենց միջավայրում, կա՛մ դրանից դուրս:

Հոսեյնիի ստեղծագործությանը մշտապես ուղեկցում են աֆղանական ընտանիքների բզկտված պատկերները: Հեղինակը լավ գիտի հերոսների կյանքի շերտերը թե՛ ներսից, թե՛ դրսից: Նա ընդհատ պատումներով մեզ տեղափոխում է պատերազմից քայքայված աֆղանական փոշոտ գյուղեր ու քաղաքներ և ցույց տալիս երկու երեխաների կյանքերը խեղած մի սպի, որի հետքերը արձագանքում են լեռներում ու շատ մարդկանց սրտերում:

Մեր հերոսները հեռանում են հայրենիքից, շարունակում ապրել, սակայն նրանցից  շատերը չեն կարողանում վերգտնել կյանքի իմաստը: Հոսեյնին կարողանում է պատուհան բացել դեպի իր հերոսների հոգեկան աշխարհն ու թաքուն պահված կրքերը: Նա պատմության առանձին մասերից կարողանում է անբաժանելի ամբողջություն ստանալ ու դիպչել ընթերցողի սրտին: Նա կյանքի դաժանությունը ներկայացնում է թեթևությամբ, առանց ողբերգական երանգ հաղորդելու ու հերոսների հանդեպ խղճահարությամբ լցվելու:

Զրկանքներն ու կորուստներն անընդհատ ուղեկցում են սերունդներին և արձագանքում լեռներում:

Միջին Արևելքի փիլիսոփայության և գրականության մեջ լեռները գաղտնիքներ պահելու խորհուրդ ունեն: Լեռները կարող ենք նաև համեմատել վեպում ներկայացված ընտանիքի հետ: Վեպի հերոսները լեռների պես մասնատված են ու իրարից հեռու ու դա հենց այն արձագանքն է, որ լեռներն իրենց մեջ պահում են:

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն