«Հազար չքնաղ արևներ» վեպում Խալեդ Հոսեյնին փորձում է ներկայացնել այն դժվարությունները, որոնց միջով վեպի գլխավոր հերոսուհիները ստիպված են անցնել միայն այն պատճառով, որ կին են և ծնվել են Աֆղանստանում: Նրանք դժբախտ կանայք են, որոնք ծնվելու առաջին իսկ օրվանից դատապարտված են: Աֆղան հասարակությունը չի ընդունում նրանց, և նրանք ստիպված են տառապել իրենց ինքնությունն ու արժանապատվությունը պահելու համար: Ճակատագիրն այս կանանց նետել է աշխարհ՝ առանց իրենց համաձայնությունը ստանալու: Նրանք միայանակ են, լքված ու անտեսված, բայց կարողանում են իրենց մեջ ուժ գտնել ու պայքարել հանուն երջանկության:

Վեպը գրվել է 2007 թվականին: Այն նվիրված  է աֆղան կանանց: 2003 թվականին այցելելով Աֆղանստան և տեսնելով, թե կանայք ինչ դժվարությունների ու ողբերգությունների միջով են ստիպված անցնել, ինչ բռնությունների են ենթարկվում գենդերային անհավասարության ու խտրականությունների պատճառով՝ Հոսեյնին գրում է երկու աֆղան կանանց մասին մի վեպ, որը սոցիալական իրավունքների սահմանափակման մասին է: «Հազար չքնաղ արևներ» վեպի կենտրոնական թեման հենց կանանց տեղն է աֆղանական հասարակության մեջ: Նրանք զրկված են տարրական իրավունքներից: Ազատ տեղաշարժվելու, սովորելու, աշխատելու մասին միայն կարելի է երազել: Վեպն ամենուր ուղեկցվում է դեսպոտիզմով. կանայք մեծապես կախված են հայրերից, ամուսիններից ու հատկապես որդիներից: Վեպում սոցիալական կարգավիճակ ունենալը տղամարդկային հատկանիշ է: Վեպը յուրօրինակ ուղեցույց է, թե ինչպես կարելի է դիմանալ անվերջանալի ճնշումներին, ինչպես կարելի է հաղթահարել պատերազմի զարհուրելի հետևանքներն ու միևնույն ժամանակ  նոր կյանք սկսելու հույս ունենալ: Թվում է՝ կան բաներ, որ անհաղթահարելի ու անտանելի են, բայց Հոսեյնին  ցույց է տալիս, որ նվիրվածության ու սիրո շնորհիվ ցանկացած բռնություն ու թշվառություն կարելի է հաղթահարել: Գրողն այնպես է ներկայացնում այս կանանց ողբերգությունը, որ ընթերցողը զգա, բայց չապրի նույն տառապանքն ու կարողանա հանգիստ անցնել գրքի հաջորդ էջին:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն