«Դու վազում ես օդապարուկի ետևից, կարծես այն քո ճակատագիրն է`փորձելով բռնել այն: Սակայն ճակատագիրն է բռնելու քեզ»:

Խորաթափանց, ազդեցիկ պատմություն ընկերության, հավատարմության, դավաճանության և փրկագնման մասին: Խալեդ Հոսեյնիի նուրբ, հեգնական և սենտիմենտալ վեպը նման է մի կտավի, որին հնարավոր է նայել անվերջ: Ամեն ինչ կատարվում է նախապատերազմական Քաբուլում: Այս կախարդական քաղաքում, որը շողում է ոսկու և լազուրի բոլոր երանգներով, ապրում են երկու հասակակից տղաներ՝ Ամիրը և Հասանը: Մեկը պատկանում է տեղական արիստոկրատիային, իսկ մյուսը` արհամարհված փոքրամասնությանը: Մեկի հայրը գեղեցիկ պաշտոնյա է, մյուսինը՝ կաղ և թշվառ: Տերն ու ծառան, իշխանն ու մուրացկանը, գեղեցիկ տղամարդն ու հաշմանդամը: Բայց չկան աշխարհում ավելի մոտ մարդիկ, քան այս երկու տղաները: Շուտով Քաբուլի իդիլիան փոխարինվում է սպառնացող փոթորիկներով: Եվ այդ փոթորիկը ցրում է տղաներին տարբեր ուղղություններով: Յուրաքանչյուրը ստանում է իր ճակատագիրը, իր ողբերգությունը, սակայն նրանք միևնույն է կապված են մնում ամենաամուր կապերով:

«Օդապարուկ թռցնողը» մանկությունից հասունություն տանող ճանապարհի, մեղքի ու սիրո պատմություն է։ Վեպը լույս է տեսել 2003 թվականին՝ առաջացնելով դրվատական ու հակասական մեկնաբանությունների հսկա ալիք։ Այն միանշանական   չի ընդունվել և արգելվել է Աֆղանստանում, մյուս կողմից՝ գնահատվել է միջազգայնորեն ու վաճառվել միլիոնավոր օրինակներով։ Վեպի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը, բեմադրվել են մի շարք ներկայացումներ, 2011 թվականին լույս է տեսել համանուն գրաֆիկական վեպը։

Այս վեպը ևս մեկ անգամ ընդգծում է գեղարվեստական գրականության բացառիկ ունակությունը՝ միավորելու մարդկանց, և ցույց տալու, որ մարդկային հույզերը՝ ամոթ, մեղքի զգացում, ափսոսանք, ընկերություն, սեր, ներում, քավություն, համընդհանուր են։

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն