Ժամանակակից հայկական գրականության մեջ ամենաշատը հոգնեցնում են, թերևս, էքսպերիմենտները:

Այ, ես կգրեմ գիրք 6-րդ դեմքով, հետևանց դեպի ձախ, վայրկյանում 69 կադրով, ցաքուցրիվ ու խառնիխուռն: Ողջ էս էքսպերիմենտալ գրականության մեջ, սակայն, պակասում են իրոք լավ, կուռ, ժամանակակից, ճաշակով, պարզ ու հստակ տեքստերը:

Չնայած՝ հեչ էլ չեն պակասում: Կան նաև լավ գրողներ: Ու կան նաև մեծ գրողներ:

Ես տեքստերի մի այնպիսի զգացում ունեմ, որը հիմա կանվանեմ, թերևս, «ֆիռմա» (ինչ-որ հստակ բրենդի, որակի չափանիշի, լեյբլի պատկանող իմաստով): Երբ կարդում եմ, օրինակ, Հեմինգուեյ կամ Ռեմարկ, զգում եմ, որ կարդացածս տեքստը «ֆիռմա» է, սիրուն, կուռ, փայլուն, որակով: Ու նույնը վերջերս զգում էի, երբ կարդում էի Գուրգեն Խանջյանի «Համավարակը»: Մեծ գրողի մեծ տեքստ, որը չի ստիպում համաձայնվել իր հետ, չի ստիպում հավանել: Այն պարզապես կա, այն պարզապես լավն է, ու եթե հիմա մենք՝ ժամանակակիցներս, այն չկարդանք, հոգ չէ, այն կկարդան հետագա սերունդները, որովհետև ինքը՝ այդ տեքստը, Գուրգեն Խանջյանի կերպարը, դուրս են ժամանակից․․․ կամ ավելի ճիշտ ասած՝ դասական են:

«Համավարակը» այս երկրին պատկանելիության մասին է: Հիսուննանց տղամարդը 2020 թվականի գարնանամուտին 30-ամյա դադարից հետո Ամերիկայից վերադառնում է Երևան՝ ծնողներից մնացած տունը վաճառելու ու նորից Ամերիկա գնալու համար: Կա՞ իմաստ ասելու, որ Երևանը, Հայաստանը չեն թողնի նրան հենց այնպես գալ ու գնալ:

Գործի կդրվի ողջ զինանոցը, գործի կդրվեն ուրվականները, գործի կդրվեն հարևաններն ու բարեկամները, գործի կանցնեն ընկերները, գործի կգցվի հոր հին ու մաշված մեքենան, վրա կհասնի համավարակը՝ փակելով սահմանները, կսկսվի պատերազմը․․․

Խանջյանի «Համավարակը» թույլ է տալիս իրեն լինել միամիտ, թույլ է տալիս իրեն լինել ռոմանտիկ, թույլ է տալիս իրեն անտեսել մարդու՝ 30 տարի Ամերիկայում ապրածը, թույլ է տալիս անտեսել հազար ու մի կարևոր ու անկարևոր դետալներ: Որովհետև այն լավն է: Միայն լավ գիրքը կարող է նման շռայլություն իրեն թույլ տալ, միայն մեծ գրողը:

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն