Մալքոլմ Լաուրի / «Հրաբխի ստորոտին»

Մալքոլմ Լաուրի / «Հրաբխի ստորոտին»

Մալքոլմ Լաուրի / «Հրաբխի ստորոտին»
Ժամանակակիցները մատնացույց էին անում Դանթեին. «Ահա այն մարդը, որ տեսել է դժոխքը»: Դանթեի դժոխքը աշխարհագրական կոորդինատներ չունի սակայն: Անգլո-կանադացի գրող Մալքոլմ Լաուրին XX դարում ճշգրտեց դժոխքի աշխարհագրական տեղանքը: Խոսքը Մեքսիկայի մասին է: Լաուրիի դժոխքը գտնվում է Պոպոկատեպետլ և Իստաքսիուատլ հրաբուխների ստորոտում տեղակայված Կու­աունաուակ քաղաքում (հնչյունների դժոխային կապակցություն):
Լաուրիի պատկերած Մեքսիկան համեմատում են Քոնրադի Աֆրիկայի և Քիփլինգի Հնդկաստանի հետ:
Լաուրիից առաջ Ջոյսն արդեն վիպական ամբողջ ժամանակը խտացրել էր մեկ օրվա պարունակում: Լաուրիի վեպը մեկ` հարբած գիտակցության մեջ երկարող օրվա մասին է: Սթիվեն Դեդալուսի գիտակցության հոսքը չունի այն լարվածությունն ու տագնապը, ինչ ողբերգական կոնսուլի աղճատված գիտակցության հոսքը:
Դժոխքը մենք տեսնում ենք իր կյանքի վերջին օրն ապրող` Մեքսիկայում Բրիտանիայի կոնսուլ Ջեֆրի Ֆերմինի հարբած գիտակցության միջով: Օտար ու անճանաչելի աշխարհում հայտնված Ֆերմինը վեպի ողջ ընթացքում խմում է, որ սթափվի: Ֆերմինի արարքներն ու խոսքը անհեթեթ են, նա բացարձակ անտարբեր է իրականության հանդեպ: Կոնսուլն ապրում է անդրաշխարհում և ասես գտել է մահն ալկոհոլով հետաձգելու, մահը կյանքի հետ համատեղելու հնարքը: Նա տեսնում է կարիճներ, միջատներ, ճիվաղներ, որոնց իրականության է կոչում մեքսիկական տեսլահարույց ոգելից խմիչքներից բորբոքված գիտակցությունը կամ մահվան սթափ տեսողությունը, որ փոխում է տեղանքի ռելիեֆը, նրա վրա նետում դժոխային լույս, ստվերներ, գույներ ու ձայներ…
Մալքոլմ Լաուրին, ով պատանի հասակից խրոնիկ հարբեցող էր, 1957 թվականին, քառասունյոթ տարեկան հասակում, մահացավ իր հերոսի համար նախասահմանած ճակատագրով` չարթնանալով ալկոհոլային շոկից:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն