Սկզբում դասատուները կարծում էին, թե կփոխեն դպրոցը, սակայն տարբեր խոչընդոտները նրանց քամեցին` դարձնելով անպետք խավ:
Դպրոցն ու նրա աշխատակազմը ապրում էին իրենց վերջին օրերը:
— Եթե աշակերտներ չգտնենք, հաստատությունը փակում են` ռեստորան դարձնեն, — հայտնեց ներս մտած պառավը` տնօրենը:
Վաստակաշատ մանկավարժները հուզվեցին, մնացածները դժգոհ փնթփնթացին, ով երիտասարդ էր` քմծիծաղեց:
— Իհարկե, դուք` սիրելի ջահելներ, կարող եք քմծիծաղել, — աթոռին նստելով` խոսեց տնօրենը: — Ձեր կյանքն առջևում է, նոր հիմնարկ կգնաք` հնի վրա` թքած: Ձեզնից ինչ-որ բան պահանջելն անիմաստ է: Ես դիմում եմ ինձ պես հին մանկավարժներին: Իմ հավատարիմներ, ինչու՞ միայն ես պիտի սարսռամ դպրոցի հնարավոր կործանումից, ինչու՞ միայն ես պիտի ամբողջ մարզով քարշ գամ` աշակերտներ փնտրելով: Ձեր անմասնակից դիրքորոշումը, ձեր անտարբերությունն ինձ ապշեցնում է: Հատկապես դուք` ընկեր Նաթելա, հաստատ այլ աշխատանք չեք գտնի, բայց այնպիսի օլիմպիական հանգստությամբ եք ինձ նայում, կարծես անհաշիվ գանձեր ունեք պահած… Ընկեր Նաթելա, դուք վատ եք աշխատում: Ես կարող եմ գրչի մի հարվածով ձեզ աշխատանքից հեռացնել:
— Ինչպե՞ս հասկանամ, — վիրավորվեց ընկեր Նաթելան:
— Խոսքը գործազրկության մասին է: Դուք գիտակցու՞մ եք` ինչ բան է գործազուրկ լինելը ու թե ինչու՞ դեռ գործազուրկ չեք: Որովհտև, սիրելի ընկեր Նաթելա, ձեր խղճալի վիճակն ինձ արգելում է դիմել գրչի հարվածին:
Ընկեր Նաթելան զգացմունքային կին էր և միանգամից արտասվեց: Նա վեր կացավ, կարկատած վերարկուի թևքերը հետ տարավ, ու պարզեց ձեռքերը.
— Հարգարժան տնօրեն, դուք վիրավորում եք մի կնոջ, ով ահա այս մատներով սեղմել է Վիլյամ Սարոյանի ձեռքը:
-Եթե ձեզ բախտ է վիճակվել տեսնել այդ գրողին, դա դեռ չի նշանակում, թե դուք սուրբ եք…
Ընկեր Նաթելան նստեց: Կոլեգաները թաշկինակներով մաքրեցին նրա այտերից ծորող կոսմետիկան:
Տնօրենը դիմեց ընկեր Ռուբենին` ռուսերենի ուսուցչին.
— Ռուբեն Ռուբենիչ, ես հասկանում եմ, որ դուք Պետերբուրգի հայերից եք և չեք հարմարվում մեր գավառական մթնոլորտին. նաև հասկանում եմ, որ Պետերբուրգ գնալով ուրիշները միլիոններ են վաստակում, իսկ դուք ասթմա եք վաստակել ու դատարկ գրպաններով եկել հայրենիք… Օ՜ֆ, ինչ որ է… Բայց կարելի էր, չէ՞, արիստոկրատ քաղաքի հովերը թողնել ու աշակերտների որոնումներով զբաղվել:
Ընկեր Ռուբենը խոցված արդարացավ.
-Հարգարժան տնօրեն, ես Ֆյոդոր Միխայլովիչի քաղաքը թողել եմ, որովհետև խոնավ կլիմայից առողջությունս փչանում էր: Իսկ չկարողացա միլիոններ դիզել, որովհետև դա չէ իմ կյանքի նպատակը…
— Սքանչելի՛ է: Խոնարհվում եմ ձեր վեհության առջև, բայց դա ինձ չի կանգնեցի: Աղաչեցիք ձեզ աշխատանք տալ. «Ես բազմազավակ հայր եմ, ապրուստի միջոցներ չունեմ»… Այդպես ասացիք, չէ՞: Ես էլ վստահեցի ձեզ: Չանցավ մի ամիս ու պարզվեց, որ Ռուբեն Ռուբենիչը ոչ միայն վատ մանկավարժ է, այլև` հարբեցող…
Ընկեր Ռուբենը կրկին պաշտպանվեց.
— Да, я алкаш! Но это не позор, а героическая битва с житейской прозой!
— Նախ հայեցի խոսեք, հետո նստե՛ք, մոլորյալ հոգի: Նստեք ու ձեր կենցաղային աֆորիզմները պահեք ձեր` գոյություն չունեցող սաների համար:
Ուսուցիչը նստեց: Նա ճաղատ, կարմրադեմ հաստլիկ էր: Հագուստին` լաքաներ, գրպաններում` սալբուտոմոլ և օղու տափաշիշ, որից թաքուն կում արեց:
-Ռուբո, մի խմի,- փսփսաց ընկեր Նաթելան:
— Դպրոցը ծերացել է,- խոսեց տնօրենը,- շատերն այն մի փոքրիկ թյուրիմացություն, մի հին քարակույտ են համարում, բայց մենք` այս համեստ շինության հերոսներս, գիտենք, թե «քարակույտն» ինչպիսի կենսական նշանակություն ունի… Սիրելիներս, սթափվե՛ք, սթափվե՛ք, փրկեք ինձ, փրկեք ձեզ, փրկեք մեր ապրուստի միակ աղբյուրը: Աշակերտներ, որքան հնարավոր է շատ աշակերտներ գտեք: Հակառակ դեպքում դպրոցը կփակեն. մուրացկաններ, շրջմոլիկներ, գաղթականներ կդառնանք: Ընկեր Նաթելա, էլի արցունքնե՞ր: Էհե՜, ընկեր Անահիտ, դո՞ւք էլ թաշկինակ հանեցիք: Ես ավելի ողբալի վիճակում եմ, քան դուք. ես միայնակ կին եմ և այս պատերից այնկողմ ինձ ցուրտ քամուց բացի ոչ ոք չի սպասում: Բայց ես չե՛մ լացում… Ռուբեն Ռուբենիչ, զվարճալի բա՞ն ասեցի…
Հազի նոպան ուսուցչին արգելեց խոսել:
— Ռուբ, դե մի խմի, էլի, — վրդովվեց ընկեր Նաթելան` խլելով տափաշիշը նրա ձեռքից:
— Նատելա-բրատելա, ուզում եմ հասկանաս, որ Ֆյոդոր Միխայլովիչի քաղաքը ես թողել եմ միայն առողջական խնդիրների պատճառով: Ես անհաջողակ չէի, պարզապես վատառողջ էի:
— Ռուբ ջան, ես հասկանում եմ, բայց էդքան մի խմի: Երեխեքիդ խղճա. որ մեռնես, ի՞նչ պիտի անեն:
Ընկեր Ռուբենը շոյեց կնոջ թոշնած ձեռքը:
— Էսօր ավտոբուսում նույն բանն ինձ Ֆյոդոր Միխայլովիչն էր ասում…
Տնօրենը բարկացավ.
— Ռուբեն Ռուբենիչ, այդ ի՞նչ եք շշնջում: Գուցե կիսվե՞ք մեզ հետ:
Ներկաների հայացքներն ուղղվեցին ասթմատիկին: Ծանր լռություն տիրեց:
-Հարգարժան տնօրեն, մի անհանգստացեք. ես ընդամենը ասում էի, որ այսօր առավոտյան աշխատավայր գալիս ավտոբուսում տեսա Ֆյոդոր Միխայլովիչին:
Երիտասարդները քրքջացին: Տնօրենի սղոցող հայացքը սաստեց նրանց:
— Պարոն ուսուցիչ, ո՞վ է այդ Ֆյոդորը: Մեր քաղաքի բոլոր ռուսները հարբեցողներ են: Ֆյոդորը նրանցի՞ց է:
— Ռուբենն ի նկատի ունի գրող Դոստոևսկուն, — հուշեց ընկեր Նաթելան:- Հարգարժան տնօրեն, ներողամիտ եղեք, նա հիվանդ է…
Տնօրենի հոնքերը շինծու զարմանքից վեր բարձրացան:
— Եվ այդ գրողն ավտոբուսում ի՞նչ էր անում:
— Նոր վեպի նյութ էր հավաքում:
— Իսկ Դուք նրան ի՞նչ ասացիք:
— Շնորհակալություն հայտնեցի կապիտան Սնեգիրյովի համար: Դա ես եմ:
— Հերթական հարբեցո՞ղը:
— Վեպի հերոս:
Տնօրենն ուզեց ընկեր Ռուբենի դեմքը ճանկռել: Նա կապիտան Սնեգիրյովի մասին ոչինչ չգիտեր ու համոզված էր, որ ստորադասն իրեն հիմարացնում է: Նրա մտքով չէր անցնում, որ ուսուցիչը կարող է հոգեկան խանգարում ունենալ, քանի որ իր համար ուսուցիչները բաժանվում էին երկու խմբի` կարգապահ և օրինազանց: Տնօրենը զգաց, որ զայրույթին ազատություն տալով` կիջնի ասթմատիկի մակարդակին ու շարունակեց անհոգ-ծաղրական հարցերը.
-Այդ ֆենոմենալ հանդիպումը կարո՞ղ եք ավելի մանրամասնորեն նկարագրել:
— Սնեգիրյովի՞, թե նրա հեղինակի հետ հանդիպումը:
Պառավը կաս-կարմիր կտրեց. տեղեկացավ.
— Ստացվում է, որ վեպի հերոսի հետ է՞լ եք հանդիպել:
— Իմ հավատարիմ ընկերն է, միշտ կողքիս: Ինչ վերաբերում է Ֆյոդոր Միխայլովիչին, նրան առաջին անգամ էի տեսնում:
— Դե, շուտ, շուտ նկարագրեք այդ բացառիկ հանդիպումը: Ու՞մ եք սպասում: Դեղին մամուլի՞ն:
Ընկեր Ռուբենը գլուխը կախեց ու սկսեց մատների հետ խաղալ:
— Հարգարժան տնօրեն, նա վատ է, նրան պիտի տուն տանել…
Ասթմատիկին տհաճ էր ընկերուհու աղերսանքը. նա կոկորդը մաքրելով պատմեց.
— Ընթացող ավտոբուսում ոչ ոք չկար, նույնիսկ` վարորդը… Ֆյոդոր Միխայլովիչը նստել էր վերջին շարքի նստատեղին: Նա ճիշտ այն հագուստով էր, որով նրան վրձնել է Պերովը: Երբ ներս մտա, նա ինձ անմիջապես ճանաչեց ու ձեռքով արեց… Այո, ինձ` հարբեցողիս, ինձ` վատ մանկավարժիս նա հին ընկերոջ պես ձեռքով արեց: Նրա հայացքը հանդարտ էր ու կենտրոնացած: Ես հազում էի և հազիս համար ամաչում, բայց նրա խաղաղ աչքերից կռահեցի, որ չեմ խանգարում: Ֆյոդոր Միխայլովիչն ինձ առաջարկեց նստել: Նա հայերենով հարցրեց` ի՞նչ կա, ես ռուսերենով պատասխանեցի` ոչինչ… Հետո հետաքրքրվեց, թե կիսատ վեպս ավարտե՞լ եմ: Ասացի` դժվար թե ավարտին հասցնեմ…
— Փաստորեն, դուք նաև վիպասա՞ն եք…
-Ֆյոդոր Միխայլովիչը ցանկություն հայտնեց, որ գոնե այն աշխարհում վեպս անպայման ավարտին հասցնեմ…
— Իսկ այս աշխարհում ձեզ ո՞վ է խանգարում:
— Բոլորը և ոչ ոք…Շարունակե՞մ:
— Օ, իհարկե:
Ասթմատիկը դեղը փչեց կոկորդում և ուժեղ հազաց: Նա լեցուն էր վատառողջ աշխուժությամբ: Ընկեր Նաթելան խնդրեց դադար տալ, բայց կոլեգան պիտի արտահայտվեր.
— Ֆյոդոր Միխայլովիչն ասաց, որ քանի դեռ ողջ եմ, վեպը մտովի հղկեմ, որվհետև երկնքում նոր թերթ պիտի բացի և սկսնակ գրողների կարիք ունի: Ասացի` ախր չեմ կարող գրող լինել, քանի որ մեծ թերություններ ունեմ` ասթմատիկ եմ, հարբեցող և… ուսուցիչ:
— Ամո՛թ Ձեզ:
— … ու Ֆյոդոր Միխայլովիչն ինձ ներողամտաբար բացատրեց, որ գրող լինելու համար պարտադիր չէ իդեալական մարդ լինել: Նրա ասելով սովորաբար հակառակն է լինում. որքան գրողը լավ է գրում, այքան նա որպես մարդ բանի պետք չէ… Այդպես սփոփեց ինձ…
— Եվ ձեզ դու՞ր եկավ, որ այդքան խղճալի եք:
— Ո՞վ չի ուզում, որ իրեն գոնե մի քիչ խղճան. մանավանդ կյանքի ամենածանր պահերին…, — ընկեր Ռուբենը երկար հազաց: — Թոքերս զզվացրին: Չհոգնեցի՞ք… Ֆյոդոր Միխայլովիչն էլ էր ասում, որ տխուր տեսք ունեմ, բայց զգաց, որ ուզում եմ անտեսել վիճակս ու լռեց: Ես նրան շատ բան պիտի ասեի. որոշել էի նրա վեպերը վերլուծել, անդրադառնալ ինձ հարազատ կերպարներին: Ձգտում էի հարմար բառեր ընտրել, բայց… չէր ստացվում: Ֆյոդոր Միխայլովիչն ասաց, որ շատ չլարվեմ, որ ինքը նախօրոք գիտի, թե ինչ պիտի ասեմ, այնպես որ կարող եմ հանգիստ շարունակել: Բայց ես չէի կարող հանգիստ շարունակել ու ոռնացի. ‘’Федор Михайлович, я не могу больше жить ! Федор Михайхлович, спасите меня ! ‘’…
— Հարգարժան տնօրեն, Ռուբենը զառանցու՛մ է, հիմա նոպա կունենա…
— Նատելա, գույները մի խտացրու:
— Իրոք, շրթունքերը կապտել են, — նկատեց տնօրենը:
Ընկեր Ռուբենը ծանր հազաց ու մի կերպ եզրափակեց.
— … Ֆյոդոր Միխայլովիչը բազմանշանակ հայացքով ինձ նայեց ու հաջորդ կանգառում իջավ…
Ասթմատիկն արձակեց կոկորդը սեղմող փողկապը, կանգնեց, կուզեկուզ պտտվեց` փնտրելով մի առարկա, որին կարող էր հենվել: Նա շնչահեղձ էր լինում: Ընկեր Նաթելան բոլորին խնդրեց չտագնապել, բայց առաջինը ճչաց, երբ հիվանդն անզգայացած փռվեց հատակին:
— Մեռա՜վ, մեռա՜վ…
— Չի մեռել. շնչառությունը փակվել է…Բուժքու՜յր, բուժքու՜յր…
Սարսափահար կանայք ցանկացան ուսուցչանոցից փախչել, բայց այնքան շփոթված էին, որ դռան տեղը մոռացած` սենյակ մտած ճանճերի պես բախվեցին պատերին: Միայն ծեր դասատուները գլուխները չկորցրին: Հիվանդին մեծ ճիգերով հատակից պոկեցին, պառկեցրին սեղանին: Ընկեր Ռուբենի շուրթերը փառակալել էին, դեմքը` սևացել: Թրջված շալվարից մեզի բարալիկ շիթ հոսեց ու կաթկթաց գետնին: Հայելին դրին հիվանդի քթին` գոլորշու ոչ մի հետք չտեսան:
— Մեռավ…
— Չի մեռել, — համառեց ընկեր Նաթելան:
Հիմնարկի բուժքույրը գլխապատառ ներս մտավ, մերկացրեց հիվանդին ու երակային ներարկում արեց:
Սպասեցին դեղի ազդեցությանը:
Շուտով ընկեր Ռուբենի ակնախնձորները շարժվեցին. տրորեց աչքերն ու նորածնի հայացքով շուրջը նայեց:
— Ռու՛բ, մի բան խոսա, Ռու՛բ…
— Ես ո՞վ եմ:
— Ընկեր Ռուբենը` ռուսերենի դասատուն:
Ընկեր Ռուբենը պինդ փակեց աչքերն ու նվնվաց.
— Խի՞ արթնացրիք… Երկնքի թերթն արդեն աշխատում էր…
— Նրան տուն տարեք,- մեղմ կարգադրեց տնօրենը:
Ասթմատիկին տուն տարան:
Սառնասրտությունը վերագտած տնօրենը դեռևս ուշքի չեկած ենթականերին հրամայեց նստել ու ժողովն ավարտին հասցնել:
— Տիկին Նաթելա, այ նա` ձեր ընկերը ասթմատիկ, հարբեցող ու վատ մանկավարժ լինելուց բացի, նաև խելագար է… Լավ, ինչ որ է: Շարունակենք հրատապ հարցի քննարկումը: Աշակերտներ, սիրելիներս, շատ ու շատ աշակերտներ: Մտեք քաղաքի տներն ու աշակերտներ պեղեք…