#հատված_օրագրից
31.01.2018 (Միքոյին)
Մենք երիտասարդ ենք ու խենթ: Աշխարհը փոխելու լուրջ հավակնություններով: Մեզ կարող են չընդունել: Մեզ կարող են աստվածացնել: Մեզ կծաղրեն ու մեզնով կհիանան: Մեզ կկշտամբեն ու կոգևորեն: Մենք կմասնակցենք փողոցային պայքարներին ու կլինենք պետական օղակներում: Մեր քայլերը կարող են համարվել հակաիշխանական ու անգամ հակապետական: Մենք դուրս կգանք փողոց ու կբոյկոտենք փողոցը: Մենք կձախողենք ու կհաջողենք: Մենք կմասնակցենք ընտրություններին ու կբոյկոտենք ընտրությունները: Մենք կսխալվենք ու իրավացի կլինենք: Ու ի վերջո մենք կփոխենք աշխարհը, որովհետև մենք երիտասարդ ենք, առողջ ու ազնիվ մղումներով: Մեզ կմեղադրեն օգտագործված լինելու ու ուրիշներին օգտագործելու մեջ: Մեզ կսիրեն ու կատեն: Մենք կլինենք քաղմասում ու Ազգային ժողովում: Մեզ կվախեցնեն ու մեզնից կվախենան: Ինչ-որ բան անելը ոչ մի բան չանելուց լավ է: Մենք կփորձենք բոլոր հավանական ու անհավանական տարբերակները ու ի վերջո մենք կփոխենք աշխարհը:
Դը՛մփ-Դը՛մփ
Հո՛ւ

Դը՛մփ-Դը՛մփ
Հո՛ւ

Դը՛մփ-դը՛մփ
Հո՛ւ

Դը՛մփ-Դը՛մփ
Հո՛ւ

Դը՛մփ-Դը՛մփ
Հո՛ւ

Դը՛մփ-դը՛մփ
Հո՛ւ

Դը՛մփ-Դը՛մփ
Հո՛ւ

Դը՛մփ-Դը՛մփ
Հո՛ւ

Դը՛մփ-Դը՛մփ
Հո՛ւ

Դը՛մփ-դը՛մփԴը՛մփ-Դը՛մփԴը՛մփ-Դը՛մփԴը՛Դը՛Դը՛
Հո՛ւուուուուուոււուուուուուուուո~ւ

-Ի՜նչ տարօրինակ ա, չէ՞:
-Ես էլ էի էդ մտածում:

2-ը հոկտեմբերի, 2018

Ազգային ժողովի այգին բաց է:
Բայց ես էնտեղ չեմ գնում:

#հատված_օրագրից
07.05.2018
Ինչ էլ որ պատահի, հստակ է՝ որևէ մեկը չի կարողանալու ինձնից խլել էն տագնապը, որ ունեի դեպի Ազատության հրապարակ քայլելիս՝ բայց տենաս մարդ կլինի՞ էնտեղ, էն էմոցիաները, որ ունեցա Ֆրանսիայի հրապարակը վերցնելիս, էն տագնապը, որ ունեի, երբ Ֆրանսիայի հրապարակում 1900 հոգի մարդ կար, էն հույզերը, երբ տեսա դեպի հանրահավաքը շարժվող ուսանողական բազմահազարանոց երթը, էն տագնապը, երբ լսեցի ձայնային նռնակների պայթյունը, էն անհանգստությունը, երբ պիտի տեղափոխվեինք Հանրապետության հրապարակ, էն երջանկությունը, որ հրապարակը դատարկ չէր, էն տագնապը, երբ Արմենին, Դավիթին, Նիկոլին, Արարատին, Սասունին ձերբակալել էին, էն երջանկությունը, երբ նույն օրը հանրահավաքին մարդկանց թիվը կրկնապատկվեց, ու էն համաժողովրդական էյֆորիան, որ ապրեցինք ամսի 23-ին:

Ու էդ բոլոր հույզերը սովորականից կրկնապատկվում, տասնապատկվում, հարյուրապատկվում ու հազարապատկվում էին էն պատասխանատվությունից, որը կրում էի՝ շնորհիվ ՄերժիրՍերժին նախաձեռնության, որ անվերապահորեն, առանց նախապայմանների ու առանց երաշխիքների հավատաց ինձ…

Ու առանց հիմքի…

Չգիտեմ՝ կա՞ աշխարհում ուրիշ մի նման զգացողություն, որ կարա փոխարինի առանց հիմքի, առանց նախապայմանի, առանց երաշխիքի քեզ հավատացած մարդկանց հավատն արդարացրած լինելու զգացման հետ…

Թերևս միայն դրա ուղիղ հակառակը, երբ ինքդ ես հավատում՝ առանց հիմքի, առանց նախապայմանի ու առանց երաշխիքների, ճիշտ էնպես, ինչպես ե՛ս հավատացի, մե՛նք հավատացինք հեղափոխությանը, ու ինքն արդարացրեց մեր հավատը:

Ազա՛տ անկա՛խ Հա՛-յա՛ս-տա՛ն
Ազա՛տ անկա՛խ Հա՛-յա՛ս-տա՛ն
Ազա՛տ անկա՛խ Հա՛-յա՛ս-տա՛ն

Քո բոլոր ճակատագրական մարտերը տարվել էին մեր ծնունդից առաջ: Քո բոլոր պատերազմներում հաղթել էիր մինչև մեզ ունենալը: Քո բոլոր բարոյական ու նյութական հաղթանակները պատմության դասագրքեր էին մեզ համար: Բայց երևի մեր կարիքն ունեիր, եթե ծնվել էինք:

#ինքնակենսագրական (խմբագրված)
12.11.2015
Ես ծնվել էի 1991-ին՝ ուղիղ ճեղքի վրա՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ: Հիշում եմ, որ կյանքիս առաջին վեց-յոթ, գուցե նույնիսկ տասը տարիներին ժամերով նայում էի էլեկտրական լամպին ու սպասում, որ լույս կվառվի. մութ էր: Էդպես ճեղքված ու լույսին սպասելով էլ ապրում էինք ես ու իմ ճեղքված սերունդը: Մի բան էինք ուզում, բայց դեռ հաստատ չգիտեինք, թե ինչ: Ուզում էինք, որ լավ լինի: Գիտեինք, լսել էինք, որ մեզանից առաջ՝ «Սովետի վախտով», լավ էր: Հավատում էինք, բայց լավ չէինք պատկերացնում: Գիտեինք, որ հետո էլ լավ էր լինելու: Հավատում էինք, բայց լավ չէինք պատկերացնում: Էդպես մինչդեռ մենք սպասում էինք ու հիշում, ներկան ձեռքներիցս դուրս էր սողում, որովհետև մենք ծնվել էինք, ես ծնվել էի ուղիղ ճեղքի վրա՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ…

Քո բոլոր հեղափոխությունները անցել էին առանց մեր մասնակցության: Քո պատմության բոլոր էջերը թերթվել էին առանց մեզ:

17.05.2018 (Մաքսին)
Դու կվերադառնաս բոլորովին ուրիշ Հայաստան:
Էն Հայաստանը, որ ես ու դու միասին տարիներ շարունակ երազել ենք, մտովի սարքել, հավաքել, կառուցել, մի բան դուրներս չի եկել, նորից քանդել, նորից հավաքել, կցմցել ու նորից երազել ենք, վերջապես, վերջապես, վերջապես իրական դառնալու ռեալ հնարավորություն ունի:
Էն Հայաստանը, որին արժանացել ենք մեր տարիներ տևած մանր ու մեծ պայքարներով, վերջապես կյանքի կոչելու հնարավորություն ունենք:
Դու էն մարդն ես, ում հետ, ում կողքին, ում շնորհիվ, ում հետ հավասար սովորական բողոքող ու դժգոհություններ ունեցող մարդուց աստիճանաբար վերածվեցի քաղաքացու:
Էն մարդը, ում հետ կապված մանր ու մեծ հուշերը ամենաստույգ վավերագրությունն են էն պատմության, որի հետևանքը եղավ թավշյա հեղափոխությունը:
Իզուր չէր, իզուր չէր, իզուր չէր, Մաքս, մեր՝ օրերով դրսերում անցկացնելը, իզուր չէին ո՛չ ստորագրահավաքները, ո՛չ ոստիկանների հետ համերաշխության կոչերը, իզուր չէր մեր՝ օրերով միասին դրսերում մրսելն ու տաք թեյի փող չունենալը, միասին սովածանալն ու ուտելու փող չունենալը: Իզուր չէին մեր երազանքներն ու մեր հավատը:
Իզուր չէին մեր ձախողումներն ու պարտությունները, մեր հիասթափություններն ու արցունքները, մեր չքնած գիշերներն ու մարտավարությունների քննարկումները, մեր քաղմաս ընկնելու պատմություններն ու դատարաններով վազվզելը: Իզուր չէին, որովհետև էդ ընթացքում ձևավորվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացին, պայքարի մեխանիզմներն ու ինստիտուտը, որովհետև էդ ընթացքում ձևավորվեց սխալներից ու ձախողումներից դասեր քաղելու մշակույթը, որովհետև էդ ընթացքում ձևավորվեց մեր երազանքը, Հայաստանի Հանրապետության մեր տեսլականը, մեր նպատակը, գիտակցությունը, թե ինչի համար կարելի ա գնալ մինչև մահվան հետ առճակատման ու ինչի համար արժե ապրել:
Ես չէի պատկերացնում, թե ոնց եմ դուրս գալու փողոց ու քեզ էնտեղ չհանդիպեմ, ինձ համար հոգեբանորեն դժվար էր դուրս գալ պայքարի: Որովհետև պայքարակից ընկերը՝ պայքարակից ընկեր, հաղթանակի ընկերը՝ հաղթանակի ընկեր, բայց որքա՜ն, որքա՜ն դժվար ա գտնել երազանքի ընկերներին, էն մարդկանց, որոնց հետ միասին սովորել ես երազել: Դու իմ երազանքի ընկերն ես, Մաքս:
Շնորհավոր, Մաքս:
Դու բոլորովին այլ Հայաստան ես վերադառնալու, Մաքս:
Էն Հայաստանը, որի մասին ես ու դու լուռ երազում էինք էս ասֆալտին նստած, վերջապես շոշափելի հնարավորություն ունի իրական դառնալու:

Ի՛նք-ի՛շ-խա՛ն Հա՛-յա՛ս-տա՛ն
Ի՛նք-ի՛շ-խա՛ն Հա՛-յա՛ս-տա՛ն
Ի՛նք-ի՛շ-խա՛ն Հա՛-յա՛ս-տա՛ն

Եվ ահա մենք՝ ես ու իմ սերնդակիցները Բաղրամյան 26-ում ենք՝ մեզ համար էպիկական հեռավորվածությամբ պատնեշված այդ շենքում: 2018 թվականի մայիսի 10-ն է:

Լուռ քայլում ենք միջնադարյան ամրոցի մեծությամբ այս հսկա շենքում. հետևում ենք մեզ ուղեկցող հսկիչին: Դատարկություն է: Պատերի ճնշող ոսկեգույնը անգամ մեր՝ ցինիկներիս հումորի զգացումն է մի պահ ճնշում: Բայց դա երկար չի տևում: Աստիճանաբար հումորի զգացումը հաղթում է: Շենքի ճնշող լռությունը տեղի է տալիս: Դատարկության մեջ արձագանքում են մեր ձայներն ու ծիծաղը: Մենք, որ այստեղ ենք հայտնվել ուղիղ փողոցից:

Տեսարանը կողքից նայելիս վատ երևակայություն ունեցող սցենարիստի գրած կատակերգություն է հիշեցնում: Դեռ երեկ փողոցներում՝ վրանների մեջ գիշերող մի խումբ ջահել-ջուհուլ քայլում են ոսկեջրվածից տասը պակաս միջանցքներով: Մենք ու միջանցքները մրցում ենք: Պատերը՝ իրենց ճնշող ազդեցությամբ, մենք՝ մեր անմիջական կատակներով: Մենք հաղթում ենք: Ինքն այլևս դարն ապրած պաթոսով է շնչում: Ինքը մեռած է: Մեր ժամանակն է եկել:

Եթե որևէ մեկը մեկ ամիս առաջ ասեր, որ ես գնալու եմ ընդունելության Բաղրամյան 26՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդունելության, իսկ այնտեղից դուրս գալիս ընդունարանում հանդիպելու եմ Հայաստանի նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որին կշնորհավորեմ այդ առիթով, ես պարզապես, առանց սեթևեթանքի ու հեգնանքի, կհարցնեի՝ ի՞նչ ես ծխել:

Վատ երևակայությամբ սցենարիստի ֆիլմը շարունակվում է: Ընդունարանում մեզ դիմավորում է մի կին, որը, դատելով տարիքից, բայց մանավանդ կեցվածքից, հավանաբար սերտաճել է այս պատերին և միջավայրին: Մտքովս անցնում է, որ հավանաբար շենքը կառուցելիս էստեղ է եղել ու էն ժամանակներից էլ դեռ չի գնացել տուն: Երևի Կարեն Դեմիրճյանի քարտուղարուհին էլ ինքն է եղել, մտածում եմ:
— Ի՞նչ փոխանցեմ պարոն վարչապետին,- նայում է մեզ էնպիսի հայացքով, կարծես նմանատիպ արարածների առաջին անգամն է հանդիպում: Ուզում եմ ասել՝ մենք այլմոլորակային չենք:
— Փոխանցեք, որ #ՄերժիրՍերժին-ն է եկել,- ասում է մերոնցից մեկը:

Կնոջ հայացքն ու մաշկի գույնը փոխվում են: Աստիճանաբար դառնում է դեղին՝ ճիշտ ու ճիշտ իրեն շրջապատող պատերի պես, հետո ավելի ու ավելի գունատ՝ սպիտակ: Օրգանապես անընդունակ է մեր ասածը արտաբերելու, փոխանցելու: Վարանելով վերցնում է հեռախոսը, դժվարությամբ մոտեցնում ականջին.
— Պարոն վարչապետ, հինգ հոգանոց խումբ է եկել:

Ներսում ենք: Երկշերտ դռների հետևում հանդիպում ենք Նիկոլ Փաշինյանին: Խոսում ենք գրեթե շշուկով: Ամեն ինչ արված է, որ այստեղ մարդը բարձր խոսելիս կաշկանդվի: Աջ ու ձախ եմ նայում: Երկշերտ հսկա դռներից միայն մի կողմում չէ փաստորեն, երեք կողմից դուռ կա: Տեսնես ո՞ւր են տանում մյուս դռները:

Ինձանից երևի չորս անգամ բարձր կլինեն էս դռները: Թե՞ երեք: Դե լավ, մի երեքուկես: Բայց այնուամենայնիվ՝ այդ ո՞ւմ համար են նախատեսված, որ էսքան բարձր են: Միգուցե այլմոլորակայինների՞: Հանկարծ մտքովս անցնում է, որ մազերս վառ կապույտ են: Փորձում եմ տեսարանը կողքից պատկերացնել: Հազիվ եմ ծիծաղս զսպում: Ու հենց էդ պահին վատ երևակայությամբ սցենարիստը Վահանին ներս է բերում դռներից մեկից՝ ոչ այն մեկից, որտեղից մենք ենք ներս մտել: Փաստորեն մյուս դուռը տանում էր Վահանի մոտ, մտածում եմ ու էս անգամ իսկապես պատրաստ եմ ծիծաղելու:
— Կներեք, կարողա՞ էստեղ սև պիջակ եմ թողել:
Աշխույժ նայում ենք աջուձախ, նույ­նիսկ ծիծաղում:
— Չէ, Վահան ջան, չկա:

Փոքրամարմին, գանգուր մազերով ու առատ թրաշով Վահանն իսկապես շատ զվարճալի է նայվում իրենից չորս կամ գոնե երեքուկես անգամ բարձր դռների ֆոնին: Դուռը երևի մտածում է, որ ինքը կամ առնվազն իր երկու երրորդն էստեղ վաղուց ավելորդ են: Դուռը երևի ամաչում է իր ավելորդությունից: Վահանի՝ դուռը փակելուց հետո իր հետ էստեղ մտած աշխուժությունն անմիջապես մարում է, նորից խոսակցությունը դառնում է լուրջ ու ցածրաձայն:

Եվս հինգ րոպե անց բացվում է մյուս դուռը: Նայում ենք դռան ավելորդ հատվածից՝ երկու երրորդից ներքև, նորից Վահանն է: Փաստորեն էս մյուս դուռն էլ էր Վահանի մոտ տանում, մտածում եմ, ու բոլորս սկսում ենք ծիծաղել կրկնվող տեսարանից:
— Կարո՞ղ ա այնուամենայնիվ էստեղ սև պիջակ եմ թողել:
Վահանի հետ նորից աշխուժություն է մտնում սենյակ: Ու թեև գիտենք, որ էստեղ ոչ մի սև պիջակ էլ չկա, նորից աշխուժորեն աջուձախ ենք նայում:
— Չէ, չկա, Վահան ջան:
Վահանը նորից հեռանում է:

Դռները դեմուդեմ մնում են: Լուռ նայում են իրար: Սրանք մեր վերջը կտան,- երևի թե ասում են իրար: Երևի մտածում են, որ վերջնականապես դառել են մեր դռները: Իրենք, իրենց դուռը,- հաստատ մտածում է ինձանից աջ գտնվող երկշերտ հսկան: Կուզեն, կխփեն,- ենթադրաբար լրացնում է ինձնից ձախ գտնվողը:

Քա՛յ-լա՛-րա՛-մե՛ր-ժի՛ր-սե՛ր-ժի՛ն
Քա՛յ-լա՛-րա՛-մե՛ր-ժի՛ր-սե՛ր-ժի՛ն
Քա՛յ-լա՛-րա՛-մե՛ր-ժի՛ր-սե՛ր-ժի՛ն

22.09.2018 (խմբագրված)
Մենք, որ եկել էինք տարբեր ճանապարհներով:
Մենք, որ ունեինք տարբեր փորձառություններ:
Մենք, որ պայքարի տարբեր ուղիներ էինք անցել:
Մենք, որ գիշերել էինք փողոցներում, որ վտանգի ենք ենթարկել մեր աշխատանքը, ազատությունը, առողջությունը, մտերիմներին:
Մենք, որ կորցրել էինք երբեմնի ընկերներին էս ճանապարհին:
Ու մենք, այո՛, որ ապրիլի 13-ին գտանք իրար Ազատության հրապարակում:
Ու չկորցրինք իրար հանրապետության տարբեր փողոցներում ու Հանրապետության հրապարակում:
Որ ճանաչելի դարձանք իրար համար՝ նույնիսկ անծանոթներս:
Որ ճանաչելի դարձրինք իրար՝ ցույց տալով միմյանց մեր հայացքները, մեր ժպիտները, մեր վանկարկումներն ու ազդանշանները:
Մե՛նք, որ շարունակաբար ապացուցում ենք, որ մեկ անգամ իրար գտնելուց հետո այլևս ճանաչում ենք իրար որտեղ էլ լինենք, ինչպիսին էլ լինենք, ինչ էլ լինենք անելիս, կարող ենք անհրաժեշտ պահի նորից գտնել իրար:

Մենք իրար կորցնելու իրավունք չունենք:

Կլինե՞նք մենք, եթե բոլոր հաղթանակներդ մեզանից առաջ տարած չլինեիր: Այսպիսի՞ն կլինեինք: Կլինե՞ր մեր հաղթանակը, եթե պատերազմի դաշտում ու փողոցում ձեռք բերած հաղթանակդ հետո թղթի վրա ու քաղաքականության մեջ տանուլ տված չլինեիր: Այսպիսի՞ն կլիներ:

Ես ծնվել էի ճիշտ ճեղքիդ վրա՝ ամենադառն պարտություններիդ ու ամենամեծ հաղթանակներիդ արանքում: Քո պատմության ամենադրամատիկ էջերը պատմվել էին մինչև իմ ծնունդը, մինչև քեզ կարդալ կարողանալս: Ի՞նչ էր ինձ մնում քեզ հետ հարաբերվելու համար: Կարդալ էդ պատմությունն ու երբեք չդառնալ այն:

Իմ սերունդը ծնվել էր պատմությանդ էջերում աննկատ կորչելու, անիմաստ պայքարելու ու զայրանալու, պայքարելու ու հուսահատվելու, պայքարելու ու հարցեր տալու, ինքն իր տված հարցերից հոգնելու, հետո իր հոգնությունից ձանձրանալու, իր ձանձրույթից զզվելու, իր զզվանքի դեմ պայքարելու համար: Իմ սերունդը ծնվել էր ճեղքված: Իմ սերունդը ծնվել էր պատմությանդ էջերում շրջանցված լինելու համար: Իմ սերունդը ծնվել էր միջանկյալ՝ հենց էնպես:

Ու ահա մենք, որ ամեն մեկս քեզ ճանաչել էինք մեր յուրահատուկ փորձառությամբ, մեկս՝ Վանաձորում կամ Արարատում, մյուսս՝ Արշալույսում կամ Արցախում, երրորդս՝ մայրաքաղաք Երևանումդ, և ահա մե՛նք, որ ամեն մեկս քեզ կարոտել էինք յուրահատուկ տարածությունից, մեկս՝ Օքսֆորդից, մյուսս՝ Իտալիայից, երրորդս՝ ինքն իր ներսից: Եվ ահա մենք, անցնելով անիմանալի ու այլևս անհուսորեն անվերծանելի ճանապարհներ, գտանք իրար Երևանիդ Ազատության հրապարակում: Գտանք, այլևս երբեք չկորցնելու պայմանով:

Կգտնեի՞նք իրար, եթե ծնված չլինեինք անհարմար ժամանակներում: Կգտնեի՞նք, եթե անցած չլինեինք անիմանալի ճանապարհներով:

Մե՛նք ե՛նք տե՛-րը մե՛ր ե՛րկ-րի
Մե՛նք ե՛նք տե՛-րը մե՛ր ե՛րկ-րի
Մե՛նք ե՛նք տե՛-րը մե՛ր ե՛րկ-րի

Սեպտեմբերի 21: Բաղրամյան 26-ի դռները վերջապես որոշեցին հաշվի նստել մեր բերած նոր իրողությունների հետ և հաշտվեցին մեր առաջ բացվելու մտքին:

Եվ ահա ես, որ չպիտի գրեի այս տեքստը, չպիտի ունենայի հնարավորություն այս տեքստը գրելու, եթե չգար նա ու չգայինք մենք ու իրար չգտնեինք հրապարակներում ու փողոցներում, նա, որ հասկացավ ու հասկացրեց, որ Հայաստանի բոլոր դռները մերն են, որ կարող ենք մեր ուզած ժամանակ խփել այդ դռներին, ինչպես 2 օր առաջ, և մեր ուզած ժամանակ բացել այդ դռները, ինչպես երեկ, նա, որ արժևորեց Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնը, որ հավատաց մեզ ու հավատացրեց, որ Հայաստանի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը մեզանից յուրաքանչյուրն է, և այդ մեկ մարդը ե՛ս եմ, և, այո՛, այդ մեկ մարդը՝ ես, ուզում եմ անպայման ասել, որ հավատում եմ մեր միասին երազածին, մեր անցած ճանապարհին, մեր փակած փողոցներին, մեր սիրուն և մեր համերաշխությանը և հավատում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը գիտի, որ հեղափոխության վերջնական արդյունքին, ասել է թե՝ մեր երազնաքների իրագործման ճանապարհը բացելուն հասնելը, կախված է մեկ մարդուց.

ԵՎ ԱՅԴ ՄԵԿ ՄԱՐԴԸ ԵՍ ԵՄ

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն