— Տուզ, խեղդեցինք:
— Զգույշ եղեք՝ չմեռնի,- Տուզը նայեց Միշին, որը ննջել էր:
— Աչքիս չի շնչում, Տուզ:
Տուզը բարձրաձայն խնչեց, այնպես, որ կողքի աթոռին ծուռ նստած Միշը վերջնականապես արթնացավ: Ապա գլխով վարժություններ արեց, երակներն ուռեցին, ու դեմքը համարյա կավե գծեր նկարեց:
— Սո՛ւկա:
Լակոտը չի կարա չշնչի: Մարդու էվոլյուցիոն առավելությունն այն է, միշտ ասում էր Տուզը, որ մենք լավագույնս պինդ ենք դուրս եկել, մեր բնազդներն ավելի ձիգ են, շատ քիչ շանս ունենք երկար ապրելու, քանի որ ամեն օր, ամեն պահ կարող ենք սատկել ամենահիմար պատճառներով, բայց շատերս ձգում ենք այնքան, որ ուրիշից ենք խնդրում՝ մեզ տանի զուգարան:
Տասներկու տարեկան լակոտը (Տուզը հաշվարկեց, որ իր տարիքի տղամարդը պետք է որ տասներկու տարեկան տղա ունենա, իսկ դիտորդների վստահությունն ամենակարևորն է) չի կարա չշնչի: Կիմը, Ստյոպան, Սարիկը, իհարկե, լավագույն ծառաները չեն (Տուզը նախընտրում էր հենց էդ տերմինը), բայց գործից գլուխ հանել գիտեն: Տուզը հիշեց՝ ինչպես էր ժամանակին երեկոյան դասընթացներ կազմակերպում իր ծառաների համար, որտեղ մանրամասն պատմում էր՝ ինչպես խեղդել, դանակահարել կամ տոկի տալ մարդուն, որ չմեռնի: Արարողակարգին հետևելը խիստ պարտադիր է՝ ասում էր նա:
Տուզը թքեց սառը լիմոնադի մնացորդները ու գլխով շարժում արեց դեպի դուռը՝ մի ձեռքով հեռախոսը գրպանից հանելով.
— Միշ, ստուգի՝ էդ հայվանները ինչ են արել:
— Հելա, շեֆ:
Միշը, քթի տակ փնթփնթալով, վեր կացավ, մի քանի վայրկյան տրորեց աչքերը, որ ճամփին նորից չքնի: Հիմար արարողակարգի իմաստը ոչ միայն Միշը, առհասարակ ոչ ոք չէր հասկանում: Բայց Տուզն է պահանջում, իսկ Տուզի ասածը չի քննարկվում, քանի որ առանց Տուզի բոլորը կորած են:
— Խեղդո՞ւմ են, շեֆ:
— Հա, հիշում ես, չէ՞՝ ինչ ենք նկարում,- ջղայնացած արձագանքեց Տուզը՝ մի մատն անկանոն շարժումներով սահեցնելով հեռախոսի էկրանի վրայով:
— Արխային, շեֆ, դրանք սկի հավ չեն կարա նորմալ խեղդեն:
Միշը հռհռաց, բայց տեղում փոշմանեց. Տուզը տրամադրություն չուներ, իսկ նման դեպքերում Միշը գիտեր՝ ավելի լավ է արագ դուրս թռնել ու մի քանի րոպե առհասարակ աչքին չերևալ: Միշը վերցրեց հեռախոսն ու դրամապանակը աթոռի մոտ դրված գրասեղանի վրայից ու ուրվականի պես անհետացավ սենյակից:
Տուզը, հոնքերը մռայլ կիտած, թերթում էր Փլասիի իր էջը: Անտառում նկարված վիդեոն, որը նկարել էին մեկ ամիս առաջ, արդեն հատել էր յոթ հարյուր հազար պլյուսի սահմանը: Նախորդը՝ փաբի հավատարիմ ընկերոջ մասին, գրանցել էր բացարձակ ռեկորդ: Տուզն ու իր թիմը շատ հպարտությամբ էին արտահայտվում տեսանյութի մասին, երբ դրանից խոսք էր բացվում: Հիմնական հաջողությունն այն էր, որ Տուզի ու իր թիմի բոլոր տեսանյութերը ամենաբնականն էին ստացվում:
Տուզը մի փոքր հանգստացավ, չնայած թվերը ստուգում էր տասնհինգ րոպեն մեկ: Սեղմեց ձեռքում ամուր պահվող ռեզինը, որն իրականում մկանների համար էր նախատեսված:
Առհասարակ, նման հիմար գաղափարը՝ պլյուս-մինուսներով սոցիալական ցանց ստեղծելը, պիտի որ ժամանակակից ջահելությունը հավաներ, թեկուզ տասներկու տարեկան լակոտը, որը, Տուզը հույս ուներ, հարություն կառնի: Բայց հաջողությունը չի սիրում լակոտներ, հաջողությունը սիրում ա աշխատող մարդկանց. այս մտքի վրա Տուզի բերանը չար ժպիտ գծեց:
Ցանցը մի քանի տարի է՝ ուներ ամենաբարձր վարկանիշը ողջ աշխարհում: Սխեման բավականին պարզ էր, այնքան պարզ, որ Տուզը միանգամից որոշեց ապագան կապել Փլասիի հետ, հենց կարդաց դրա մասին լուրերում: Օգտատերի կողմից ցանկացած հավանում քեզ տալիս էր մեկ պլյուս, չհավանելը՝ մինուս: Կռվի արդյունքում կծնվի ամեն տեսանյութի արդյունքը պլյուսի կամ մինուսի տեսքով:
Այդպիսի վարկանիշ ունի նաև քո անձնական հաշիվը:
Տուզին գրավում էր հենց այդ գաղափարը, որ ցանկացած մարդ պարզ ու թափանցիկ է ներկայանում հասարակության առաջ:
Բոլորը քեզ տեսնում են որպես հաջողակ կամ անհաջողակ:
Որպես չար կամ բարի: Օգտակար կամ վնասակար:
Հասարակության հաֆմար դու կամ լավ մարդ ես, կամ վատ՝ կախված վերջնարդյունքից:
Տուզը չէր պատրաստվում այս հնարավորությունը բաց թողնել ձեռքից: Փլասիում տեղադրվելիք տեսանյութերի հեռանկարը Տուզին մեծ հարստություն էր խոստանում (որին նա հասավ մի քանի տարվա ընթացքում), ու Տուզը հավաքեց ծառաների իր թիմը: Հանցագործներ, հասարակությունից վտարված տականքներ, վտանգավոր սրիկաներ. այս ամենը Տուզին շատ էր դուր գալիս, այս սխեմայում փոխվստահություն կար:
Անընդհատ անջատվող ու աշխարհին անտարբեր բոմժը՝ Միշը, հարյուր երեսուն կիլո կշռող ու ինտելեկտով չփայլող Տուզի աջ ձեռքը՝ Կիմը, գողության, թալանի ու առևանգման հայտնի մասնագետ, լղար ու չնկատվող Ստյոպան և, իհարկե, ցավ, խիղճ ու առհասարակ որևէ զգացում կամ զգացմունք չունեցող, խուլ ու համր Սարիկը: Սա Տուզի թիմն էր:
Առաջին մեծ տեսանյութը, որի համար Տուզը ծախսել էր այն մի քանի հարյուր դոլարը, որը հավաքվել էր նախորդ աշխատանքից, բերեց մի քանի հազար պլյուս՝ հիմնականում շնորհիվ լավ մարքեթինգի ու, իհարկե, տեսանյութում զվարճալի հումորի առկայության: Բայց Տուզը գիտեր, որ սրան չէր արժանի: Հազարներ, հարյուր հազարներ, միլիոններ՝ սա էր Տուզի ապագան:
Հումորը լավագույն միջոցն էր: Հումորը հանգստացնող էր, վարակիչ ու թունավոր: Տուզն առանձնապես հույս չուներ, որ միայն բնազդի վրա ապրող հասարակությունը կարող է որևէ այլ հետաքրքրություն ունենալ: Ժամանակն էլ իր հերթին ցույց տվեց, որ Տուզը ճիշտ էր. հումորը, որպես կապիտալի կուտակման զենք, Տուզին բերեց այնքան հարստություն, որ Տուզն իր տեսանյութերը նկարում էր առանձին վարձակալված տարածքներում, որտեղ, ինչպես ինքն էր ասում, ծախսվում էր մի դափոն արդարացված փող:
Հեռախոսը հաճելի ծնգաց: Միշը գրեց, որ լակոտը, ողջ-առողջ պառկած, կաղկանձում էր, բայց շեֆը պետք ա շտապի, եթե ուզում ա հասցնի:
Տուզը զգաց՝ ինչպես օրգազմիկ հաճույքը կամաց-կամաց բարձրանում էր կոկորդը: Երկու ձեռքով շոյելով ճաղատը, ապա դատարկելով լիմոնադի մնացորդները՝ դուրս եկավ դեպի լողավազան, որտեղ չորս ծառաները շտապօգնության մեքենային սպասող անցորդների պես հավաքվել էին տասներկու տարեկան լակոտի դեռ շնչող մարմնի շուրջը:
Երեկոն սառն էր ու հաճելի, տեսանյութը խոստանում էր լինել համատարած քննարկվող, եթե ոչ բացարձակ ռեկորդակիր: Տուզը սա գիտեր դեռ այն ժամանակ, երբ տեսանյութը դեռ միայն գաղափարի տեսքով ծլում էր իր մեծ ուղեղում, ու երբ դեռ երեխայի հարցերով ոչ ոք չէր հասցրել զբաղվել:
Տուզը հանեց հեռախոսը, մի անգամ ևս ստուգեց վերջին մի քանի տեսանյութերի պլյուսները, ու նորից նույն չար ժպիտը հայտնվեց դեմքին: Նա քայլում էր դատարկ միջանցքներով, ու երեխայական քրքիջը արձագանքում էր բետոնե պատերով: Անցնելով հանդերձարանի կողքով՝ Տուզը նկատեց քառյակին. Միշը, անտարբեր կանգնած ու մի ձեռքով փորը քորելով, մտովի աղոթում էր, որ արարողությունը շուտ ավարտվի, Կիմը, ինչպես միշտ գոտկատեղի մոտ ձեռքերը ծալած, սպասում էր Տուզին, որ առաջինը զեկուցի իրադրության մասին, իսկ Ստյոպան ձեռքերով ու ոտքերով փորձում էր ինչ-որ բան հասկացնել Սարիկին: Հանցագործների տրամադրությունը լավ էր, ու Տուզը հեռվից երկու ձեռքով ծափ տվեց գլխավերևում՝ ի նշան շնորհակալության:
Ավելի մոտիկից Տուզն արդեն տեսավ երեխային: Տեսավ կյանքում առաջին անգամ, բայց տեսարանը շատ գոհացուցիչ էր: Լակոտի մարմինը ջղաձգվում, ցնցվում էր, բերանից դուրս էին թռնում անհասկանալի ձայներ: Շան պես մղկտալով՝ լակոտը մեկ օդ էր կուլ տալիս, մեկ դժվարությամբ բաց թողնում:
— Ապրեք, ապրեք,- գոռաց Տուզը հուզված ու բարձր ձայնով, որից, թվաց, լողավազանում ալիքներ հայտնվեցին:
— Սաղ՝ ոնց ասել էիր, շեֆ,- համարյա շշուկով արձանագրեց Կիմը,- պահի տակ մեռնում էր, հետ բերեցինք:
Բոլորը փռթկացին, անգամ Սարիկը, որ ոչինչ չէր լսում, և Տուզը նույնպես չզրկեց իրեն այդ հաճույքից:
— Ստիպված զասեցի սրան,- դժգոհեց Միշը:
— Ամեն ինչ պատրա՞ստ ա, կամեռա, միկրաֆոն,- հարցրեց Տուզը՝ հայացքը չկտրելով լակոտից, որի մարմինը շարունակում էր ցնցվել:
— Ահա, դու սկսի, շեֆ, ես մինչև տեղավորեմ,- միացավ Ստյոպան:
Քառյակը ծաղիկի թերթերի պես բացվեց, որ ճանապարհ տա Տուզին: Տուզը մոտեցավ երեխային, բռնեց կոկորդից ու մոտ կես րոպե ուսումնասիրում էր մարմինը: Կողքից կարող էր թվալ, որ Տուզը որոշում է՝ ոնց պետք է սպանի երեխային, բայց Տուզն իրականում ստուգում էր՝ արդյոք մարմնի վրա չկան երևացող հետքեր: Կոկորդը ոչինչ, բայց մեջքի, ոռի ու վզի վրայի հետքերը կարող են խանգարել, որովհետև երևալու են տեսանյութում:
Ստուգելով, որ ամեն ինչ կարգին է, Տուզը վերջին անգամ չափեց լողավազանի տարածքը, որտեղ Կիմն ու Ստյոպան տեղադրում էին տեսախցիկը՝ վերևից կախելով միկրոֆոնը: Ականջի ծայրով Տուզը լսեց, որ Ստյոպան մունաթով փնթփնթում էր, որ Կիմը, իր չափերի ու անմարդկային ուժի պատճառով, մի օր կարող է ջարդել սարքավորումները ու ջղայնացնել շեֆին:
Տուզը բարձր ծիծաղեց ու սկսեց խեղդել համարյա անկենդան մարմինը: Ծառաների ճիշտ պլանավորման արդյունքում շատ խեղդել չպահանջվեց, մի քանի վայրկյան լակոտի մարմինը թրթռաց, լողավազանի պատերով արձագանքեցին անհույս ծղրտողները, աչքերը լցվեցին արյունով, բիբերը քիչ էր մնում՝ դուրս թռչեին խոռոչներից, ապա ամեն ինչ ավարտվեց միանգամից ու առանց հետևանքների: Դեմքը սառեց, աչքերը մնացին բաց՝ ուղղված առաստաղին, որտեղ արտացոլվում էր լողավազանի տաքացված ջուրը:
Տուզը կամաց պոկեց ձեռքերը, ստուգեց՝ վիզը վնասված չլինի, գրկեց մարմինը ու թռավ ջուրը: Մի քանի վայրկյան ալիքները հարվածում էին լողավազանի պատերին, Տուզը համբերատար սպասեց, մինչև ամեն ինչ ավարտվի: Հանուն հաջողության Տուզը պատրաստ էր անգամ մինչև հաջորդ առավոտ սպասեր՝ լակոտի անշարժ մարմնի ողջ ծանրությունը ուսերի վրա պահելով:
— Պառկացրա, շեֆ,- գոռացին մյուս կողմից:
Տուզի ամուր ձեռքերը երեխային պառկեցրին գլխիվայր, այնպես, որ աչքերը նայում էին ուղիղ հատակին, իսկ ձեռքերը դուրս էին ցցվել ու շատ թույլ, համարյա անհպում ընկած էին մակերևույթին: Ոտքերն ավելի ցածր էին, ճիշտ այնպես, ինչպես ծրագրել էին նախօրոք: Տուզը մի քանի քայլ հետ գնաց:
— Մի քիչ ձախ, շեֆ: Ընտիր:
Տուզը կանգնեց այնպես, որ տեսախցիկով առաջին պլանով երևում էր ինքը, բայց լակոտի մարմինը՝ գլխի մազերից մինչև ոտնաթաթ, ամբողջությամբ երևում էր կադրում: Ստյոպը հեռվից բութ մատով նշան արեց, որ կադրն իդեալական է: Լակոտը պառկած էր ուղիղ այն դիրքով, որով խեղդամահ եղածները առհասարակ փռվում են ջրի վրա, երբ դուրս են գալիս մակերես:
— Հենց ասեմ, սկսի, շեֆ:
Սարիկը կանգնած էր տեսախցիկի մոտ ու ոգևորությամբ ծափ էր տալիս:
Տուզն ընդունեց այն դեմքը, որի համար դիտորդները պետք է պլյուս դնեին: Սիրող հայր, որը շաբաթ երեկոյան տղայի հետ գնացել էր լողալու: Տուզի չափից դուրս կոպիտ դեմքի դեպքում դա գրեթե անհնար էր, բայց Տուզը գիտեր գործի բոլոր մանրուքները:
Չկա ոչինչ ավելի կատարյալ, քան բնական բեմադրությունը: Տուզը կուլ տվեց թուքը:
— Նկարում եմ,- գոռաց Ստյոպը, ու Տուզը խոր շունչ քաշեց:
— Ժողովուրդ ջան, բարև Ձեզ:
— Նորից, նորից շեֆ, ժպտա մի քիչ:
Տուզի դեմքը ջղաձգվեց, բայց չէր ուզում վիճել:
— Ժողովուրդ ջան, բարև Ձեզ,- ասաց Տուզը՝ անբնականորեն լայն ժպտալով, ապա մի քայլ ձախ արեց, որ ուշադրությունը հրավիրի մարմնի վրա,- տղաս ա, ծանոթացեք, մի հրաշք, մի վունդերկինդ:
Տուզը նորից վերադարձավ հին դիրքին ու շարունակեց.
— Տղաս հենց նոր, աչքիս առաջ, խփեց աշխարհի ռեկորդը: 45 րոպե ջրի տակ՝ առանց շնչելու: Ապրես, տղաս, հպարտանում եմ քեզնով: Մի հատ նայեք, էլի:
Միջին վիճակագրական դիտորդը պիտի հռհռա, ինչպես բոլորը հռհռում էին նախորդ տեսանյութերի վրա: Հումորը շատ պարզ էր՝ տղան փորձում է ջրի տակ շունչը պահել, իսկ հայրը չի հասկանում, որ 45 րոպե անել դա անհնար է՝ տղան վաղուց խեղդվել է:
Շատ ուժեղ կատակը միշտ ունի ինչ-որ չարություն, ինչ-որ սահմաններ, որոնք կխախտի, ինչ-որ զզվելի բան, որը կշոշափի:
Ոչ ոք երբևէ չի իմանա տղայի մասին: Տեսանյութով էլ ոչինչ չի երևում:
Առաջինը քրքջաց Տուզը: Նրան միացավ Ստյոպան, ապա Կիմը, նույնիսկ Միշը: Իսկ Սարիկը ուրախ ցատկոտում էր ու շարունակում ծափահարել:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն