Կարդացվել է 2011-ի նոյեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում ՙԱնկախության 20 տարիները և արդի հայ գրականության զարգացման միտումները՚ գիտաժողովի ժամանակ:
Անկախության շրջանի գրական մամուլում ստեղծվեց մի պարադոքսային վիճակ, որը տարբեր մեկնաբանությունների ու հետևությունների առիթ է տալիս: Որքան էլ նվազում էր տպագրվող մամուլի տպաքանակը, այնուամենայնիվ, նոր գրական պարբերականներ էին ի հայտ գալիս: Թերևս պարադոքսի մի թևը մեղմվում է այնքանով, որ որոշ պարբերականներ կարճ կյանք էին ունենում, իսկ որոշների էլ պարբերական կոչվածի պարբերականությունը ոչ միշտ էր սահմանվածով ընթանում:
Հասարակարգի փոփոխման հետ դեռ խորհրդային շրջանից ստեղծագործած հեղինակներից շատերը փորձեցին նոր գեղագիտություն մատուցել, շատերն իրենց տարածքից դուրս չեկան, իսկ մի քանի նոր անուններ էլ, որպես անկախության ընձեռած ամենաասության մունետիկներ, գլխավորապես զարմացնելու մարմաջով, տակնուվրա արեցին հին հասկացություններն ու պատկերացումները:
Այս ամենը ստիպում էր քննադատներին ևս նոր հայացք ու մոտեցումներ որդեգրել` գրական իրոք բարդ ընթացքըքննելու համար: Հպանցիկ նշենք, որ այս շրջանում մեր գրականագետներից շատերին պակասում էր հասարակագիտության իմացությունը, երևույթը հավուր պատշաճի մեկնաբանելու համար:
«Գրեթերթի» ծնունդը, որը կոչված էր երիտասարդների գրականությունը ներկայացնելու, անհրաժեշտությունից էր: Ճիշտ է, մինչ այդ էլ երիտասարդ գրողները ներկայանում էին գրական մամուլում, սակայն նրանց ձայնն այնքան էլ լսելի չէր, մանավանդ` այդ պարբերականները, այսպես ասած, հատուկ
քաղաքականություն չէին վարում, իրենց էջերը երիտասարդացնելու համար: Տեղին է մեջբերել Հասմիկ Հակոբյանի հետևյալ դիտարկումը. «Գրական թերթը» վերջին երկու տարիներին այնքան էլ տեղ չի հատկացրել երիտասարդ գրողներին, միգուցե պասիվությունը երկկո՞ղմ է. այդ դեպքում գուցե փոխադարձ համագործակցությա՞ն ծրագրեր մշակել: Համանման վիճակ է նաև «Նորք» հանդեսի հետ համագործակցության շրջանակներում, իսկ «Գարունի» հազվադեպ հրատարակվող համարներից ակնկալիքները մեծ չեն: Տվյալ պարագայում երիտասարդական գրականության հրատարակման ամբողջ ծանրությունը ընկնում է «Գրեթերթ» երիտասարդական թերթի ուսերին…» (ԳԹ, 2009, թիվ 23): Ճիշտ է, այս խոսքն ասվել է այն ժամանակ, երբ «Գրեթերթը» արդեն երեք տարեկան էր, սակայն առանց երկբայելու կարելի է ասել, որ նմանատիպ մտահոգություններն էին պատճառը «Գրեթերթի» լույս աշխարհ գալուն: Թերևս, իմիջիայլոց, մեջբերման մեջ կիրառված երիտասարդական գրականություն այնքան շահարկվող տերմինը, ըստ իս, սխալ է ի սկզբանե: Արտահայտությունը միտում ունի հասկացություն դառնալու, ինչի նախապայմանները գոնե չեն երևում: Ավելի պատշաճ է օգտագործել երիտասարդների գրականություն արտահայտությունը: Երիտասարդական գրականություն արտահայտությունը հայացքների համակարգ է ենթադրում, որն այս պարագայում արդարացված չէ:
«Գրեթերթի» 2008-ի 1-ին համարում թերթի խմբագիր Գուրգեն Խանջյանը «Մեր թերթը» առաջնորդողում գրում է. «Եթե օբյեկտիվ` «Գրեթերթը» տպագրում է այն գրականությունը, որ այսօր ստեղծում են երիտասարդ գրողները»: Այսինքն` չկա կոնկրետ հայացքների համակարգ (կոնցեպցիա): Կարծում եմ, որ թերթի որդեգրած այս քաղաքականությունն արդարացված է ոչ միայն այն հանգամանքով, որ փորձում էր ներառել արդի փուլի երիտասարդների գրականության ամբողջ նշագծերը, այլև` այն ազատ ամբիոնի դեր կատարեց, ստեղծագործողներին չդնելով հատուկ սահմանագծերի մեջ, ինչը, թերևս, ամենակարևորն է:
Եվս մի կարևոր հատկանիշ, որն ունի «Գրեթերթը» անկախության շրջանի գրականությունում. դա թերթի սահմանած տարիքային սահմանափակումն է, ինչը ոչ միայն նշագրում է ստեղծագործողների մինչև 30 տարեկան լինելը, այլև այն, որ այս տարիքում գտնվող ստեղծագործողները սկսել են ստեղծագործել զուտ անկախության շրջանում: Այսինքն` նրանց ստեղծագործական կյանքը կապված չէ խորհրդային շրջանին: Այլ կերպ ասած` թերթն իր հետ, կամա թե ակամա, բերում է անկախության շրջանի գրական ընթացքի շրջափուլերի բաժանում: Մեկում այն ստեղծագործողներն են, որոնք ստեղծագործել են խորհրդային շրջանում և շարունակում են անկախության ընթացքում, իսկ մյուսում` զուտ անկախության շրջանում ստեղծագործողները, որոնց վստահաբար կարելի է անվանել «Գրեթերթի» սերունդ, քանի որ զուտ անկախության շրջանում ստեղծագործած այն հեղինակները, որոնք այսօր քիչ թե շատ արդարացնում են սերնդափոխությունը, անցել են «Գրեթերթի» բովով:
Վերջին ասվածը հաստատելու համար զեկուցումս փոքր-ինչ նկարագրական դարձնեմ: Այս տարի թերթը նշեց իր հնգամյակը և լույս տեսավ թերթի հոբելյանական` 20-րդ համարը, որտեղ զետեղված էին հետևյալ վիճակագրական տեղեկությունները. «Գրեթերթի» 19 համարներում տպագրվել են` 128 հեղինակ… 14 ժանրերի և ուղղությունների ստեղծագործություններ»: Վիճակագրական այս տեղեկություններից հետո տպագրվել է «Գրեթերթի» ևս երկու համար:
Ինձ համար ավելի նշանակալից է ոչ թե հեղինակների մեծաքանակությունը, այլև ժանրերի բազմազանությունը: Այս ժանրային բազմազանությունն էլ թույլ չի տալիս, որպեսզի «Գրեթերթը» մի պարզագույն ալմանախ կամ անթոլոգիա համարվի: Թերթում հատկապես առանձնահատուկ է երիտասարդ քննադատների ներկայությունը, որոնք չեն սահմանափակվում իրենց սերնդակիցների ստեղծագործությունների մասին գրախոսություններով: Մեծ հետաքրքրություն էին առաջացնում «Տարեկան տեսություն»-ները, որոնք, ցավոք, այսօր այլևս չեն շարունակվում, ինչը, թերևս, պայմանավորված է նաև քննությունից դուրս մնացած հեղինակների բացասական, երբեմն` թշնամական վերաբերմունքով:
Ժանրային առումով պետք է նշել, որ մտահոգիչ է հրապարակախոսությունների սակավությունը, ինչը ենթադրում է, որ երիտասարդ հեղինակները խուսափում են հասարակական ակտիվությունից կամ փոխվում են հասարակություն-գրականություն հարաբերությունների շփման մոտիվները:
Պետք է նշել «Գրեթերթի» ամենամյա մրցանակաբաշխության դերը գրական դաշտում մրցանակներ հանձնելու նոր մշակույթ ձևավորելու միտումներ մատնանշելու գործում: Արդի գրականության տիրույթում մրցանակներ շնորհելու ապաշնորհ կերպի մասին Արքմենիկ Նիկողոսյանը գրել էր «Գրեթերթում»` «Մրցանակաբաշխություններ…» հոդվածում, որի առիթով Սերգեյ Սարինյանը գրում է. «Հնարավոր են առանձին բացառումները քննադատի գնահատականներում, բայց հենց ոճի քննադատական ուղղվածությունն ինքնին մտավոր լիցք է հաղորդում գրական շարժման որոնումներին»: (ԳՀ, ԺԱ-ԺԲ): «Գրեթերթի» մրցանակաբաշխության կազմակերպման կերպը ցույց տվեց, որ մրցանակներն արժևորում են ոչ փողի քանակը, ոչ ժյուրիի պատկառելի լինելը, ոչ փող բաժանելու սկզբունքը, ոչ անձնական հարաբերությունները, ոչ գրողի համբավը: Այս է պատճառը, որ այսօր «Գրեթերթի» մրցանակաբաշխությունը, որը թեկուզև փող չի սահմանում, ամենից հարգված և արժեքավոր մրցանակներից է, ինչը նաև կոչ է երիտասարդ ստեղծագործողներին` չխառնվել գրական կուլիսներում բույն դրած խոցելի երևույթներին և չլինել դրանց շարունակողը: