Ինձ ասում էին, որ մահը դեմք չունի, որովհետև մեռնողի աչքերը փակ են: Էյֆորիա: Անսահմանության բացակայություն: Հիշողության ջուխտ աչքերը երեկ հանել են, էսօր ուզում են նոր աչք դնել, որ մարդը գոնե հիշելու մի բան ունենա: Էդ մի հատկանիշն էլ որ վերանա մարդու ներսից, մարդ ու մրջյուն մեկ կլինեն: Ես մնում եմ հաշտ իմ ամենաոգևորող հիշողության հետ ու ինքս ինձ չեմ թողնում ու հեռանում մարդկանցից. առավելությունն Աստծունն է. մենակ Նա ունի մեզ թողնելու կամ կորցնելու իրավունքը, որովհետև միայն Նա չի ստեղծվել: Քարին նստած համ նայում էի, համ մտածում՝ «Լավ, բա մարդ ապրի, հողի ու քարի հետ կռիվ տա ու հետո ինքն էլ հող ու փոշի դառնա՞»… Գերեզմանափորը պատմում էր, որ կանանց ու տղամարդկանց համար նախատեսված փոսը տարբեր է: Կանանց համար մի երկու սանտիմետր խորն են փորում: Ասում էր՝ կարևոր ու հին սովորույթներ կան: Հարցրի, թե ինչու, պատասխանեց՝ «որ օձի հետ խաղեր չտա»: Փաստորեն, դա էլ է գալիս Եվայի սխալներից՝ սկսած խնձորի պատմությունից: Երբ խղճի մասին ինչ-որ մի տեղ ինչ-որ բան եմ կարդում, զարմացնում է ինձ. մարդ ի՞նչ խղճով է ապրում՝ ավտոմատիզմի ու եսամոլության հետ խառը, հետն էլ՝ խղճո՞վ: Չէ, չի լինում, մի տեսակ, չի ձուլվում: Հիմա էլ նոր տեսություններ են ի հայտ եկել՝ հոգու և մարմնի առանձնության, փրկվելու, փրկագնվելու… Խոնարհություն մեծամտության փոխարեն, ոչ ոք անպատիժ չի մնում… ու այս ամենն Աստծո անունից՝ անտեսելով բուն հավատը: Ու հավատն էլ իր հերթին՝ խիստ անհատական. մեկը հավատում է, որ բղավելով բաժակը ճաք կտա, մյուսն էլ հավատում է, որ բղավելով ճաք տվածը կամբողջանա: Ու նման հազար ու մի բաներ: Հոգեբաններն էլ ուրիշ բան են ասում, մեկ ուզում ես հավատալ, համոզվել, բայց հենց հեռանում ես մի քանի մետր, մնում մենակ, սկսում ես անել այն, ինչին ընդունակ ես, ինչին սովորեցրել ես քեզ, մոռանում ես հոգեբանին էլ, իր թեզն ու թեստն էլ… Մեկ-մեկ էլ խորհուրդ են տալիս՝ «Աղոթես՝ կանցի»: Հիվանդները կառողջանան, առողջները դրախտի ճանապարհին կմնան, հոգին, հոգին հարատևության ճանապարհը կբռնի… Հեքիաթային են մի տեսակ էս բոլոր տեսությունները, որ շաղախել ենք մեր սմքած հավատի պատերին ու համոզել մեզ, որ պետք է ինքնահաղթանակենք ու մի կախարդական փայտիկով մաքրվենք: Մեր հարևանի կնիկը բակի քարին նստած աղոթում էր: Բակի քարի տեղում, որի վրա նստած էր մեր հարևանի կնիկը, տարիներ առաջ փոքրիկ մատուռ է եղել: Ով չի հղիացել, բերել են մատուռ, աղոթել: Ասում են՝ հղիացել են չբերները, հիվանդներն առողջացել են, չխոսկանները՝ խոսել… բայց չէ՞ որ այդ հրաշքներին հավատալուց զատ մեր ներսի սպասումներն ու հավատի կարևորությունն է հաղթել: Երեխա էինք: Գնում-գալիս, հավաքվում էինք շուրջը, թե «մի հեքիաթ պատմիր»: Աղոթք էր անում: Աղոթքը հեքիաթի պես էր նստում մեր ականջներին: Ասում էր, որ աղոթես՝ ներսդ կմաքրվի, կանցնի չարությունդ, ավելի բարի կդառնաս: Ու այդպես էլ մեզ փոքրուց սովորեցնում էին, որ ոչինչ չանելով մարդ կարող է մաքրվել, ուղղվել, բարիանալ… ոչինչ չանելով, որովհետև ոչինչ չէին տալիս մեզ այդ աղոթքները, ոչինչ, որովհետև բացատրություն չկար, իսկ եթե միակ բացատրությունը՝ չար ես ու աղոթելով կբարիանաս, կամ հիվանդ ես, որովհետև աղոթելու սովորություն չունես, այ որ աղոթես, կբժշկվես, մի տեսակ ծիծաղելու նման բան էր, ոնց որ փոքրիկ երեխային ասես, որ շարունակես քաղցր շատ ուտել, կդառնաս բոբո… ականջներդ էլ կմեծանան, քիթդ էլ սուտ խոսելով կխոշորանա, կկախվի: Հարցադրումները, որ մարդու ականջին պուպուշ հնչում են, հետն էլ այնքան իրար հակասող բաների ես հանդիպում, որ թվում է՝ հեքիաթի վերջում էն երեք կարմիր խնձորները հիմա ուր որ է, բերանիդ համը փոխելու է: Ասա, այ շան ծիծ կերած, ինչը կանցնի, ողնաշարդ, եթե ծնված օրվանից ծուռ է, կորությունից փրկելո՞ւ է, թե աղոթելուց հետո ամեն բան իր տեղն է ընկնելու… ինչ մի ուղղվելու եզրեր ես գտել, անունն էլ դրել՝ աղոթք, իսկ ով էլ որ չի աղոթում, ուրեմն անհավատ շան տղա է՞… Բայց չէ, չէ՞ որ մարդու ներսում ինչ ասես տեղի չի ունենում: Բախումներ, որոնք մարդկային բաներ են իրականում: Մարդը սովոր է ձեռքը կրակ տանելուց հետո հասկանա, որ ցավոտ է, կամ էլ ընկնելուց հետո ծնկներդ մինչև արյուն չի տեսնում, չի հասկանում ինչ գույնի է արյունը: Գողը կյանքի ուղիղ կեսին կամ մայրամուտին գող չի դառնում: Գողը գոնե մի քանի անգամ գողություն արած պիտի լինի, մի քանի անգամ գողության պատճառով պատասխան տված պիտի լինի: Բայց որ միանգամից գող է դառնում, մի տեսակ հավատս չի գալիս, հետո ախր մարդու ամեն մի բջիջ մի գործողություն է կատարում: Խաբեբան էլ խաբեբա է, մի օրով ու մի ժամով խաբեբա չի դառնում… Հիվանդները ասում են հրաշքով բուժվում են՝ միֆ է: Մարդ ամենասկզբից պետք է խաղաղ լինի ինքն իր աշխարհների հետ: Մնացածը հավատ է, որ էլի կամ ներսից պետք է ունենաս կամ ոչ: Ինչքան ուզում ես ասա՝ խաղաղություն, էդ խաղաղությունը ոչ ես եմ փրկելու պատերազմի ճիրաններից, ոչ դու: Բայց և ոչ ես եմ ուզում ազատագրել հոգին, ոչ դու: Մեղքն էլ, պատի ծակից դուրս չի եկել ու մեզ գցել մեղքերի մեջ: Մեղքն էլ մարդկային է, այսինքն ամեն բան կա մարդու ներսում, պարզապես պետք է մարդ վերահսկի իր ցանկություններն ու իր սիրելը, ուզելն ու արտահայտվելը… Հարմար է ամեն բան բարդել Եվայի վրա: Մենք սովորել ենք պատերազմելուն, դրա համար էլ ամեն տեղ, ամեն մեկս չվստահելու խնդրի առաջ ենք կանգնած: Բայց և այնպես էլ չի, որ հավատում եմ, թե ամեն մեկս աշխարհ գալով արդեն մեղավոր ենք: Եթե այդ մեղավոր բառի խորությանը հավատայինք, հիմա մարդկությունը վաղուց վերացել էր, անգամ կենդանական աշխարհում է այդպես, բնության օրենքի պես, որտեղ ինչ ասես, որ չկա: Առավոտից իրիկուն մենք մտածում ենք վաղվա մասին: Ինչ-որ սպասումներ ունենք: Ցանկություններ, որոնք մեզ են ձեռնտու կամ ինչ-որ մեկին վնասող, բայց մենք մի բան լավ գիտենք, ինչպես սկսել մի բան, որ չվնասի դիմացինին, կիսափիլիսոփայական տեքստ ստացվեց, բայց դա գոնե իմ ներսից ծնված է, որը իմն է, քոնը չէ: Իսկ այս ամենի մեջ ես մնում եմ աղոթող ու հավատավոր, որովհետև ես էլ հավատում եմ նրան, ինչի մասին խոսում եմ: Մինչդեռ ամեն բանից անկախ՝ մարդ կենդանության օրոք և աշխարհափոխ լինելու ժամանակ էլ պետք է խաղաղություն գտնի: Ինչպես աղոթելիս՝ տուր մեզ խաղաղություն… ոչինչ հենց այնպես չի գրված, ամեն բան ապրված է, ինչպես խաչքարը, որ տարիների օրհնության շնորհիվ է դառնում սրբատեղի…
Ինքս ինձ կռիվ էի տալիս: Լուսաբացը մոտ էր: Միստիկական փորձառության շնորհիվ մի բան հասկացա, որ այս աշխարհում մարդն է կարևոր, մնացյալը խաբեություն է, եթե ոչ հորինվածք: Մի կողմ թողեցի մտքերս: Գերեզմանափորն ավարտել էր գործը: Ձայն տվեցի. «Ամի, ում համար է, ջահե՞լ է»: Ձայն չհանեց… երևի սխալ հարց տվեցի: Հողը բացել էր դուռը՝ սպասում էր… մտնող չեղավ: