(Հատված «Օտար լույս» վեպից)
Ակիմի գործողությունները որոշարկված էին չընդհատված նախկին իրադարձությունների շղթայով: Մի անտեսանելի ուժ անընդհատ նրան վանում էր սկզբում սեփական տնից, այնուհետև այն վայրերից, որտեղ նա գտնվում էր:
«Բնության իմ կույր ուժեր, որտե՞ղ եք, իմ հարազատ ոգիներ: Որտե՞ղ ձեզ փնտրեմ՝ տներո՞ւմ, ջրերո՞ւմ, ծառերի մե՞ջ»,- ասում էր Ակիմն ու շարունակում քայլել: Նա հասավ ժայռափոր տներին, որոնք գտնվում էին բարձր ժայռաճակատներին: Դեպի տներն էին տանում քարե աստիճաններ: Ակիմը բարձրացավ աստիճաններով: Բարձրանալիս մարդկանց ձայներ լսեց: Տների մուտքերի վերևում սիրամարգի փետուրներով ագռավներ էին թառած: Գոլորշին փախչում էր այրվող անծուխ կրակի օղակից: Ակիմը թակեց առաջին պատահած դուռը, որը նույնպես քարից էր սարքած: Դուռը բացեց խռնված մազերով, բայց բարետես մի տղամարդ, ով անմիջապես խոսեց:
— Արի ներս, քեզ թեյ կհյուրասիրեմ,- ասաց տղամարդը:
Ակիմը ներս մտավ: Նստեց հին թախտին. կահույքը խամրած տեսք ուներ:
— Դու հիմա Մեմորում ես, իմ՝ Լուկայի բնակարանում: Դու էլ Ակիմն ես, արդեն քո գալստյան մասին ասել են սիրամարգի փետուրներով ագռավները: Մեզ մոտ՝ Մեմորում, սովորություն կա. անկախ նրանից՝ հյուրն օտարակա՞ն է, թե՞ ոչ, նրան ներս ենք թողնում, մի բան հյուրասիրում և հետո նոր հարցնում նրա այցի նպատակը,- ասաց Լուկան՝ նայելով Ակիմի կծկված մարմնին: Ակիմը ոչինչ չէր խոսում, միայն անտարբեր լսում էր: Ցանկացած օտարականի մոտ Լուկայի բարձրահասակ, գեղեցիկ տեսքը վստահություն էր ներշնչում:
— Ահա թեյդ, հոտավետ խոտաբույսերից եմ պատրաստել, կհավանես, խմի՛ր,- ասաց Լուկան՝ կավե մեծ սպիտակ բաժակը մեկնելով Ակիմին: Ակիմը գլխով արեց՝ իբրև շնորհակալություն և հայացքը կախ՝ սկսեց ըմպել թեյը:
— Հիմա կհարցնես, թե ինչո՞ւ ենք մենք ապրում ժայռերի մեջ փորված տներում,- քմծիծաղով ասաց Լուկան:
— Կներեք, բայց ես ոչինչ չեմ էլ ցանկանում հարցնել: Ես հոգնած եմ, շատ հոգնած,- ասաց Ակիմը՝ թեյի բաժակը դնելով հատակին:
Լուկան մոտեցավ Ակիմին, պառկեցրեց նրան և գնաց ներսի սենյակ: Ակիմը չքնեց, վախեցավ կորցնել հերթական պատկերի հարազատության զգացումը: Նա այլևս չէր ցանկանում լինել օտար վայրերում և տեսնել անծանոթ մարդկանց: Մինչ Ակիմը խորհում էր, լսեց երկձայն շշուկներ: Տեղից վեր կացավ ու գնաց Լուկայի սենյակ: Վերջինս կանգնած էր հայելու դիմաց ու խոսում էր: Հայելու մեջ Լուկայի կերպարանքը չէր, այլ՝ չորս-հինգ տարեկան երեխայի պատկեր էր:
«Այլևս վախը չպետք է առաջնորդի ինձ: Սև մաշկ, կարմիր աչքեր, ուռած երակներ, անսպասելի գերեզմանային ձայներ: Դրանք ամենևին էլ վախենալու չեն»,- ինքն իրեն խոսելով՝ մոտեցավ Լուկային:
Վերջինս անակնկալի չեկավ, նա հանգիստ շրջվեց Ակիմի կողմը և ասաց.
— Սա ես եմ փոքր ժամանակ: Իմ մանկության տարիները թաքնվել են հայելու մեջ: Երբ ես մանուկ էի, խոսում էի հայելու մեջ իմ ծեր կերպավորման հետ: Տարիների ընթացքում իմ ծեր հայելային կերպավորումը երիտասարդացավ, դարձավ պատանի, ապա՝ մանուկ, իսկ ես, բնականաբար, հակառակը: Սա ինձ համար անչափ հետաքրքիր է: Իմ հայելային կերպավորումները երբեք ինձ մենակ չեն թողել, նրանք միշտ զրուցել են ինձ հետ և խորհուրդներ տվել,- մինչ Լուկան պատմում էր, Ակիմը ուշադիր իրեն նայում էր հայելու մեջ: Ակիմն իրեն զգում էր իբրև անդեմ շնչավոր, ով միշտ փախչում է անձրևից ու ջուրն ընկնում:
— Ձեզ մոտ ագռավներն ինչո՞ւ սիրամարգի փետուրներ ունեն և ինչո՞ւ չեն հեռանում ձեր տների ճակատներից,- հարցրեց Ակիմը:
— Վերջապես քեզ ինչ-որ բան հետաքրքրեց,- ծիծաղելով ասաց Լուկան՝ շարունակելով,- արի, ես իմ պատմությունն սկսեմ սկզբից: Ես, իմ հարազատները և համագյուղացիներն ապրում էինք սարալանջին բազմած Լամանիա գյուղում: Այնտեղ օդը կարծես պարուրված էր աստվածների շնչառությամբ, իսկ հողը պարարտացված էր հրեշտակների գորովանքով: Մեր գյուղում հողը շատ բերրի էր, և ինչ ձեռքիցդ ընկնում էր, աճում էր անհավանական մեծությամբ և հյութեղությամբ: Լամանիայում բոլոր ընտանիքները հարուստ էին: Քիչ աշխատում էին, շատ վաստակում: Ազատ ժամերին գրեթե բոլորն ըստ տարիքային կարգի նստում էին հայելու առջև ու խոսում էին իրենց անցյալ և ապագա կերպավորումների հետ: Հիշում եմ՝ ես ամեն օր գունավոր քարերից զարդեր էի սարքում ու դնում արևի տակ: Արևի ճառագայթները դրանք ուրախացած վերցնում էին: Ամեն օր, գլուխս խոտերի մեջ, միջատներին ու մրջյուններին հեքիաթ էի պատմում: Այսպիսի մի ասացվածք կա՝ ցանկասիրությունն սպանում է հրաշքը: Մեզ մոտ մարդիկ տարեցտարի սկսեցին հեռանալ հայելիների առջևից: Եկավ մի ժամանակ, երբ ոչ ոք արդեն հայելու առջև չէր կանգնում: Նրանք անցան մարդկային երբեմնի սովորական գործին, սկսեցին հարստություն դիզել և ամեն ինչ հափշտակել միմյանցից: Ես շարունակում էի ապրել արևի ճառագայթների վերջին լուսաշեղբերում, սնվում հովիտների արտադրած բույրերով: Հայելիների անուշադրության մատնված փայլերն սկսեցին արտասվել փխրուն ծաղիկների ինքնասույզ հիմքերում: Մեր գյուղում գողությունը, ծեծկռտուքներն ու սպանությունը դարձան ապրուստ դիզելու բնական միջոց: Ես, չունենալով ծնողներ և ապրելով գյուղացիների ընդհանուր հոգածության ներքո, խորթացա նրանցից: Նրանք այլևս ինձ հայր, մայր, քույր ու եղբայր չէին: Ես այժմ ապրում էի բաց երկնքի տակ: Լինելով բնության մեջ՝ ես գնալով ավելի սիրեցի Աստծո երևակայության այդ հրաշալի ստեղծագործությունը: Գիշերները ես երկար ժամանակ նայում էի աստղերի հետ խաղացող մեղմանվագ քամուն: Իրականության մտացածին ամբարներում արդարության հակընդդեմ ձևերը փոխակերպվում էին գերխիստ սրտերի: Ծղրիդները կառչում էին շիկացած պատկերների անգույն թռիչքին, փխրուն կերպարները բեկանվում էին մանուկների աշխարհից: Ծերացող աստղերը լեռներում ծաղիկ էին տնկում, ամրապինդ քունքերով թիթեռները ծաղիկների զարկերակային ճնշումն էին չափում: Ինքնասույզ գրգիռները սերտաճում էին գծապատկերներից ներքին ուղիներում, և հավերժ անորոշությունը դառնում էր տանելի:
Մի օր, երբ ես երազների համահարթ լարվածությամբ ննջում էի, լսեցի կնոջ ծղրտոց: Մի կին, ձեռքերը երեսին դրած, սարսափած գոռում էր: Ես, անմիջապես վեր կենալով, գնացի նրա ուղղությամբ: Գետնին մարդաձև փոս կար: Կինը պատմում էր, որ իր աչքի առջև իր ամուսնու ստվերը ծանրանալով՝ ճեղքեց գետինը և նրան ներս տարավ: Քանի որ կնոջ մոտ ուրիշ ոչ ոք չէր եղել, նրան չհավատացին: Սակայն դրանից հետո այդ երևույթն սկսվեց կրկնվել բոլորի հետ: Ընդ որում՝ օրը մի քանի անգամ: Մարդկանց մեջ սպրդած թուլությունը լղոզում էր քաոսի միօրինակ դժգույն դեմքը: Կանայք իրենց ոտքերի քսքստոցների տակ դեֆորմացնում էին բնության հետ հարաբերակցվող կյանքի գրավչությունները: Հասուն տղամարդիկ ու կանայք ամեն օր իրենց ստվերների հետ ընկնում էին գետնի տակ: Երեխաների մեծանալու հետ ծանրանում էին նաև նրանց ստվերները, և երբ հասուն մարդիկ էին դառնում, նրանք նույնպես սուզվում էին հողի մեջ: Երկնքի զարդապատկերներն իմ մտքի վերընթաց թռիչքների միացմամբ փոխվում էին, և իմ աշխարհը հանգստանում էր տիեզերական կղզու վրա: Մեկ տարվա ընթացքում գյուղի հինգ հազար բնակչից մնացին ընդամենը հարյուր երեքը: Հողը չէր ընդունում նրանց մարմնի ծանրությունը, և նրանք իրենց իսկ ստվերների միջոցով հեռանում էին այս աշխարհից: Զարմանալիորեն ինձ հետ ոչինչ չէր կատարվում, ես ապրում էի իմ սովորական կյանքով: Ողջ մարդիկ հուսալքվելով ամեն ինչից, իրենց հետ վերցնելով հիմնական ապրուստի և կենցաղային պարագաները՝ հեռացան գյուղից: Ես էլ նրանց հետ գնացի: Մենք հասանք այս ժայռերին: Անպատուհան տներ փորեցինք և սկսեցինք ապրել այստեղ: Նրանք պատուհաններ չդրեցին, որպեսզի լույսը չծնի իրենց հերթական չարանենգ ստվերը: Միայն ես էի, որ իմ բնակարանում պատուհան դրեցի: Իմ ստվերն ինձ չէր հետապնդում: Անցել է արդեն տասնյոթ տարի, նրանք մինչև հիմա ցերեկները տնից դուրս չեն գալիս: Միայն մութն ընկնելուն պես դուրս են գալիս, որպեսզի զբաղվեն իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքով: Դա էլ միայն այն դեպքում, եթե լուսին, աստղեր չկան, և լիակատար մթություն է: Նրանք չղջիկների պես ընտելացել են և կարողանում են տեսնել որոշ չափով: Դու հարցրեցիր սիրամարգի փետուրներով ագռավների մասին: Նրանք խորհրդանիշն են այստեղ ապրող մարդկանց և մարմնավորում են նրանց հոգու և մարմնի անհամադրելիությունը: Եվ որպես անեծք՝ ագռավները չեն հեռանում նրանց տների ճակատներից՝ ժամանակ առ ժամանակ տեղեկություններ տալով տարբեր մարդկանց գալստյան մասին: Ահա և վերջ, այս էր ողջ պատմությունը,- ասաց Լուկան՝ սիրալիր հայացքով նայելով Ակիմին: Վերջինս շնորհակալություն հայտնեց հյուրընկալության և հետաքրքիր պատմության համար ու ցանկացավ հեռանալ: Նրանք խոսելով գնացել էին հյուրասենյակ: Լուկան Ակիմին տարավ իր սենյակ, ծանոթացրեց հայելու մեջ թաքնված մանուկ Լուկայի հետ: Երեխան հայելու մեջից դուրս եկավ:
— Ես քեզ կուղեկցեմ, արի ինձ հետ,- ասաց փոքրիկ Լուկան: Ակիմը հաջողություն մաղթեց մեծահասակ Լուկային, ու նրանք իջան քարե աստիճաններով: Փոքրիկ Լուկան, Ակիմի ձեռքից բռնած, քայլում էր, նրանք անցան ժայռաշերտերը: Փոքրիկը կանգնելով՝ գրպանից հանեց հայելու մի կտոր:
— Երբ իմ օգնության կարիքն զգաս, նայիր այս հայելու մեջ ու կանչիր ինձ, ես անպայման կերևամ քեզ,- ասաց Լուկան՝ հայելու կտորը տալով Ակիմին:
Ակիմը հայելին վերցնելու պահին համբուրեց նրա ձեռքը և ծնկաչոք գրկեց նրան:
— Դու նաև իմ ներաշխարհի մանրակերտն ես, երբեք քեզ չեմ մոռանա,- ասաց Ակիմն ու հաջողություն մաղթելով՝ շարունակեց իր ճանապարհը:
Ակիմը ներսից զովություն էր զգում: Քայլելիս նրան թվաց, թե ինքն Աստծո քայլվածքից ունի, թե Աստծո ժպիտի հմայքի գաղտնիքը, նրա ծիծաղն ու լացը գալիս են հիշողության անդաստաններում կուչ եկած փոքրիկ Լուկայի վախից: Մի օր Լուկան կուղղի իր ծռված մեջքը, կբռնի ժամանակի ձեռքն ու կգնա հավերժության հետևից: Հողն իր շնչառությունը կարգավորում էր արևի ճառագայթներով, և Ակիմն առաջ էր գնում՝ ներքուստ հրճվելով: