Վերջերս աշխարհին հայտնի քաղաքների թվին ավելացավ ևս մեկը` իր հինգերորդ վերահիմնադրմամբ: Այդ ինքնատիպ ուտոպիան բանաստեղծ Կարեն Անտաշյանի «Անտաշատ» ժողովածուն է: Հեղինակային բնորոշմամբ` 78% պոեզիա պարունակող այդ քաղաք ոտք դնելու համար նախևառաջ հարկավոր է ծանոթանալ հեղինակի` գրքին կցած տուրիստական ուղեցույցին, որի մեջ կարելի է գտնել Անտաշատի բանալին, որն ընդհանրական է գրքի կառուցվածքային բոլոր մասերի համար: Գիրքը բաղկացած է չորս մասերից` «Բերքի տոն», «Զրո», «Ագռավաքար» և «Պոեզիաթերապիա»: Առաջին հայացքից չկապակցված բաժինները, սակայն, ոչ միայն միմյանց տրամաբանական շարունակությունն են, այլև անքակտելի ներդաշնակություն, որտեղ հավասարաչափ հոսում է միևնույն գետը` կյանքի արարման և ինքնամաքրման խորհրդով: Առհասարակ, գիրքը կուռ կառույց ունի և բանաստեղծությունները շարքից-շարք փոխլրացնելով միմյանց, մի ամուր շղթա են հյուսում, որի օղակներից յուրաքանչյուրն իր գործառույթն ու նշանակությունն ունի: Մասերն հաճախ միմյանց լրացնում են ոչ միայն ասելիքով, ինչպես օրինակ «Զրո» շարքն ամբողջությամբ, այլև անմիջականորեն տեքստային հատվածներով. հաջորդի առաջին տողը կամ հենց վերնագիրը դառնում է նախորդ բանաստեղծության շարունակությունը: Այսպես` «Չուշանաս, էլի»-ն ավարտվում է «Դե արի, մոտս արի…» տողով, իսկ «Տանգո» բանաստեղծությունը սկսվում է «Չէ՛, չէ՛, սպասիր» տողով և շարունակության մեջ զարգացում ապրում այնտեղից, որտեղից ավարտվել էր նախորդում: Նույն տրամաբանությանն են ենթարկված «Գլխապտույտ»-ն ու «Ծննդոց»-ը, «Արծվաքիթ գրիպ», «Տաք պահի, կանցնի», «Սպասում», «Կանգառ» և այլ բանաստեղծություններ: Այսինքն՝ գրքի հորինվածքը մի ամբողջական համակարգ է, որը շրջանաձև զարգացում ունի. ոչ մի բանաստեղծություն ինքնանպատակ չէ: Անտաշատ ոտք դնելուն պես խորհրդավոր նախաճաշ է մատուցվում, ամբողջ ընթացքում մշակվում և նախապատրաստվում ես իբրև անտաշատցի, և վերջում, երբ դրան արդեն պատրաստ ես, քեզ է մատուցվում Անտաշատում մնալու նախապայմանը. Անտաշատում երկար չես ձգի. արտասվիր աշխարհի աղմուկը: Մերկությունը պարտադիր պայման է սերը (Նրան) վայելելու- արտասվելուց սկսիր…մերկանալ, որ պոեզիան մենակ չմրսի մինչ ժպտալու ժամանակը գա: Այստեղ ավարտվում է օրը, բացվում նորը, և կրկին վերադառնում ես սկզբին՝ «Խորհրդավոր նախաճաշ»-ին, որովհետև միայն վերջին հասնելով կարող ես հասկանալ սկիզբը՝ կյանքի շրջապտույտի և սննդային շղթայի պես, որոնք միշտ կրկնվում են, բայց չեն նույնանում: Նույն շղթայաձև ռեակցիայի ֆենոմենը կիրառված է նաև սիմվոլների պարագայում: Գրքում մեծ տեղ է գրավում 5 թվի խորհուրդը. «…խաղողօրհնեքից 5 օր առաջ…», «…հասնելով կենսականորեն անհրաժեշտին ու անցնում ևս 5 մատնաչափ…», «…հատկապես գալուցդ 5 րոպե առաջ…», «…ցուցամատը դնում 55-րդ էջի նկարին…», «…գարունը 50 դրամանոց դեղին ծաղիկների փունջ է…», և այլն: 5 թվի կիրարկության առաջին խորհուրդը` կենսաբանականն է, իսկ մի գիրք, որը մարդուն հիշեցնում է «իր մեջ եղած միլիոնավոր տարիների կենսաբանական հիշողության» մասին, չէր կարող շրջանցել 5-ը: Նախ, մարդն օժտված է 5 զգայարաններով, որոնցով ընկալում է կյանքը, որոնցով մեղքեր է գործում և ոչ միայն: Մարդու գլխուղեղը կազմված է 5 ուղեղներից, կիսագնդերի մակերևույթը կազմված է գորշ նյութի 5մմ հաստության շերտից, մարդու վերջույթներն օժտված են 5 մատներով և այլն: Հեղինակը 5-ի հարակրկնությունը գրքում պայմանավորում է ընդամենը նրանով, որ ինքն այդ թիվը շատ է սիրում, ու որ իր կյանքում ինչ-որ հնգաստիճան պարբերականություն կա, այնուամենայնիվ, մեր կարծիքով, 5 թվի բազմազան կիրառությունները առնչվում են գրքի հիմնական` ջրի արարիչ սկզբի խորհրդի հետ: Վարդան Այգեկցին ասում է. «Եվ այսպէս բարի է հինգ թիւը, ինչպէս արարչութեան հինգերորդ օրը, որի ընթացքում Աստուծոյ հրամանով ստեղծուեցին ծովի անքանակ ձկներն ու մեծամեծ կետերը:Եվ նոյն ծովից անթիւ ու անհամար ձկներ թռան ու բարձրացան երկինք ու զարդարեցին այն» («Խրատներ»): Ուշագրավ է, որ բանաստեղծություններից մեկում բանաստեղծն իրեն անվանում է «…թռչնաձկների մասին լեգենդներ հորինող…»: Բավական տարածված են ջրի ու արարման հետ կապվող հեթանոսական աստվածությունների սիմվոլները` Աստղիկը, Անահիտը և այլն: Այս սիմվոլները, գրքի տարածքում խորհրդանշում են «կենսական էներգիայի արական, իգական և մայրական ձևերը, նրանց փոխազդեցությունը միմյանց և նախաստեղծ ջրի հետ»: «Կյանքը շարունակվելու սովորություն ունի» և «շարունակվելու համար կյանքը դիմում է դերասանական էժան հնարքների» ընդհանրացմամբ հեղինակը հարատևության գաղափարն է առաջ քաշում. հարատև է բնությունը, հարատև է կյանքը: Սա նկատելի է անգամ եղանակային, օրացուցային պատկերներում. «…այստեղից արագ անցեք՝ փետրվար է, ինձ թվում է՝ գարունը 3 ամիս շուտ սկսվեց…», «…մի անգամ Անտաշատի փետրվարում մենք համընկանք… էնդորֆինային համբույրով…», «…ամեն ինչ սկսվեց հընթացս նոյեմբերի, ես, նա և փետրվարը…», «…նորից գարուն կլինի Անտաշատում, ո՞ւր ես շտապում…», «…հիմա ամեն տեղ էլ աշուն է, դեկտեմբերի կիսամերկ ծառերը…» և այլն: Հետաքրքրական է, որ բանաստեղծություններում ամառը քիչ է հանդիպում, այն էլ` առավելապես հիշողությունների ու պատկերացումները ձևով: Եղանակային պատկերների հաջորդումները կրկին կապվում են բնության շրջանառության և զուգահեռվում մեռնող և հարություն առնող բնության առասպելներին: Արարման ենթատեքստում էական են դառնում Աստծո հետ բանաստեղծի հարաբերությունները: Բանաստեղծ-հերոսն հենց սկզբից մտերիմ է Աստծո հետ, նրա հետ զրույցի է բռնվում, վիճում, բողոքում և այլն. Ինձ էշի տեղ դրած՝ Քո արարած գիշերից փախչում եմ Քո արարած առավոտը, ես Քեզնից փախչում եմ Քեզ մոտ ու քեզ օրհնելով քֆրտում եմ Քեզ: Արյունդ, որ Սերն է, ես խմեցի ցմրուր, ագահորեն, մի շնչում ու թվաց ինձ մի պահ, որ ես դարձել եմ ԴՈՒ. էս ինչ լավ է հնչում. «ԵՍ ԴԱՐՁԵԼ ԵՄ ԴՈ՛Ւ», և ե՛ս եմ Սերը…գոյական: Կամ` Հայր, Եկել է ժամանակը, ասա՛ նրանց այնպես, ինչպես դու ես սիրում ասել. փողոցային աղմուկի մեջ տաք շշուկով ականջից ներս (տպավորիչ երևալու համար) խորհրդավոր և ծորուն -ԴՈ՛Ւ,Դո՛ւ,դո՜ւ… լավագույնն իմ արարումներից, առաջիններից մեկի արյունակիցն ու վերջիններից մեկի նախապապը: Հերիք է մահը թշնամի սարքես կյանի համար: Լրացավ քո ժամանակը, բայց ես դեռ հո կա՞մ… Սակայն, եթե լրանում է մարդու կյանքի ժամանակը, ջուրը միշտ շրջանառության մեջ է ու դրանով էլ հավերժ ՝ անընդհատ արարման ընթացքում: Արարումը տարբեր արտահայտություններ է ստանում, զուգահեռվում բերքահավաքով ու բերքի տոնով: «Զրո» շարքն արդեն կյանքի հաջորդ փուլն է, որտեղ կյանքը վերածվում է խաղի: Մի խաղ, որտեղ կարևորն ընթացքն է, որը «միշտ հնարավոր է սկսել սկզբից», որը «ցրում է իրական վերջի մասին ծանր մտքերը»: Շարքը մեկնարկվում է «Սկզբնախաղ»-ով, և հետո խաղարկվում են 5 կոմբինացիաներ: Տուն-տունիկ-մանկական խաղեր( «երեխաները խաղում են,որովհետև մեզ այդպես է թվում»)-պատերազմ շղթայով զարգանում է այս շարքը. Խաղը սիրում է կրկնել. «Տ՛եղդ ճանաչիր: Ո՞վ ես դու…հաղթանակա՞ծ…պարտվո՞ղ, ո՞րն է քո պատերազմը, գտի՛ր քեզ,շոշափի՛ր քեզ,սիրի՛ր քեզ, ո՞րն է քո չափումը, աստղերից այն կո՞ղմ, թե՞ Արևից այս կողմ, ընտանիքի հայրի՞կ ես,թե՞ հայրենիքի զիվոր, ցեղապե՞տ ես, թե՞ հերոս, պոե՞տ ես, թե՞ դհոլչի, թագավո՞ր ես, թե՞ ամեն դեպքում…»:
Պատերազմը քո ժառանգությունն է և քո կտակը Ի սկզբանե և ի վերջո: Արարման ու խաղի միջև էլ սկսվում է «ազգային հոգեվերլուծության սեանսը»` «Ագռավաքար» խոսուն վերնագրով: Հեղինակն անդրադառնում է ազգային կարծրատիպ-կեղտաջրերին, ժամանկավոր փակուղի մտնում, սակայն այնտեղից դուրս գալիս «Քարանձավաբնակ ծովաստծու» միջոցով. Ես հիշում եմ քո այն երազը, որի անունը ջրաշուշան դրեցինք, և դեռ երկնագույն էին այդ ժամանակ ինձ պես ծովագռավները: Չորրորդ շարքի` «Պոեզիաթերապիայի»-ի առաջին բանաստեղծությունները հաշվետվության ու եզրահանգումների բնույթ ունեն: Արդեն ներկայացվածից, ապրվածից ծնված խոհ, krisis, դառը, հեգնական ինքնամխիթարում, սպանող սպասում, որը մաշվում է կյանքի կանգառներում ու այս ամենից, փաստորեն, կյանքը միայն մոտավորապես է ստացվում՝ մոտավոր, ծուռմռտիկ հաշվարկներով. Լսի՛ր, բոլորին սիրելն ամենամեծ մեղքն է, եթե Քրիստոսը չես… Իմ ճերմակավոր ընկեր, մի օր,երբ քեզ ներեմ այս անդունդի հատակին ինձ էլ` պարտված,կեղտոտ «ճ» կարգի կրտսեր սերժանտիս սիրած լինելուդ համար ու մի օր, երբ դու ներես ինձ Աստծուն հայհոյելիս քեզ տեսած լինելուդ համար, կնստենք, կխմենք իսկականից, մարդավարի, կհարբենք իսկականից (իմ հաշվին) և միմյանց ու Աստծուն խաբած չլինելու համար լաց կլինենք իսկականից մեր էս մոտավորապես ապրած ժամանակի… կարոտից: Ու կյանքի անապատում մարդը մենակ է մնում Աստծո հետ՝ իրեն փնտրելով Աստծո մեջ, իրեն փնտրելով իր մեջ, ու այդ եսակենտրոնացումից, բնականաբար, մեդիտացիայի հոտ է գալիս, որն էլ թերևս պոեզիայի յուրահատուկ ընկալում է բերում. Պոեզիան շինարանության 5-րդ հարկից քո գլխին ընկած քար է: Անտաշատը բավական դետալիզացված է: Այստեղ ամեն բան իր հոտն ու գույնն ունի. «…Ախ դու,վարդագույն կրունկներով իմ սպիտակ…», «…կանաչ շարունակություն…», «…անսովոր հոտ՝ սովորական դարձած ստերից…» և այլն: Այս հոտերից ու գույներից ծնվում են որոշակի տրամադրություններ, չասված խոսքեր: Գիրքը ոճական բազում նորություններ է բերում, սակայն հաճախ շատ են նաև չհիմնավորված և այս կամ այն բանաստեղծությանը աններդաշնակ պատկերները: Ուշագրավ են գրական-խոսակցական անցումները, որոնք երբեմն այնքան նուրբ են, որ յուրահատուկ ոճավորման արժեք են ստանում: Ոճի նուրբ զգացողությունը տեսանելի է հատկապես «Բերքի տոն» շարքի բանաստեղծություններում: Գրքի տրամադրությունների ընդհանարականության հետևանքով հաճախ նույնահիմք պատկերները չնչին փոփոխություններով կրկնվում են, ինչը թեև կարող է մի կողմից ձանձրացնել, իսկ մյուս կողմից խտացնել ասելիքը: Ամեն դեպքում ընդհանրացնելով կարելի է արձանագրել, որ գիրքը հաջողված է և ընդհանրապես հետաքրքիր է լինել մի քաղաքում, ուր «…ձմերուկը կարող է արտասվել», «ուր մարդիկ կարող են շնչել միմյանց» և «իրար անձրև ասել, երբ ծարավ են լինում. սցենարով է այդպես…»:
Տպագրվել է «Գրեթերթ», 2010, թիվ 2