«Գրեթերթը» 7 տարեկան է: Յոթնամյա «Գրեթերթի» բոլոր հեղինակներին` խմբագրականի փոխարեն:
Դռան ետևում է, նե՛րս թող նրան, թող մտնի…
Իրերով խցված տուն, բորբոսնած պաստառներով պատերի ներքո` ճռճռան սեղաններ, աթոռներ, պահարաններ, բրոնզյա արձանիկներ, հախճապակի, ճենապակի, նկարներ, գրքեր, վինիլե ձայնասկավառակներ, թղթապանակներ, թղթեր, թղթեր, փոշի, փոշի, փոշի, ճռճռան զգեստապահարանում` հնաոճ կոստյումներ, փողկապներ, կարակուլից մուշտակ, որ ծակռտել են ցեցերը, ներքնազգեստներ, վերնաշապիկներ, բլուզներ, սավաններ, սրբիչներ, ծածկոցներ, մութ խորքերում` էլի ինչ-որ չուլուփալաս… Ներկաթափ հատակը հոգնած տնքում է նույնիսկ մկների անցուդարձից, գեր կատուն անտարբեր քնած է բազկաթոռին, իր գաղջ շնչառությամբ թրջել է հնամաշ սև կաշին:
Մի՛ տագնապիր, թո՛ղ, թող տո՛ւն մտնի Thrash-Metal ռոքը:
Երերալով` մի անկյունից մյուսն է տեղափոխվում զառամյալ գամփռը, փսլինքը երկարում` կաթում քրքրված խալուն, կատուն բացում է աչքը, մռռում, դարձյալ քնում, ծեր թութակն անդադար գոռում է ճղճղան ձայնով` «Լինե՞լ, թե չլինել, լինե՞լ, թե չլինել…», գոռում է, ինքն իրենից ու իր գոռոցից հոգնած` գլուխը խփում վանդակի ճաղերին, ոտքերի վրա աջ ու ձախ օրորվում, ուզում է զսպել հերթական պոռթկումը` չի հաջողում, դարձյալ է գոռում` «Լինե՞լ, թե չլինել, լինե՞լ, թե չլինել…»:
Բասերի ծանր, մետաղային շնչառություն, լսու՞մ ես, նա սպասում է, չի հեռանալու…
Սենյակներում, ուր աղոտ դեղնալույսով վառվում են սեղանի լամպերը, վտիտ մարդկանց մեծ ստվերներն են դողդողում պատերին, մորուքները տմբտմբացնելով` նրանք ինչ-որ բան են անում կիսամութի մեջ, ժամանակ առ ժամանակ ելնում` միջանցքները ճռռացնելով գնում են զուգարան, ետ գալիս դժգոհելով© «Ախ պրաստատիտ, պրաստատիտ… Սա վեցերորդ սենյակը չէ՞… Մի՞թե… Չէ, իսկապե՞ս… Կներեք»:
Ժանգով կերված տանիքին ագռավը տիրավարի գնում-գալիս է, ցատկում է ալեհավաքին` կռռում, կռռոցը գնում` ճտճտացնում է տան հեռուստացույցը, մութ էկրանով ճերմակ խազեր են փախչում, բազմամյա լուրերի դրվագները վերակենդանանում` արտածվում են էկրանից, ռադիոն խռխռում, հազում` խոսում է վաղուց մեռած հաղորդավարների ձայնով, համատարած տաղտուկը իջնում` սահում է տնով, առնում է կարոտը փոշոտ սենյակներից, խորդանոցներից, պահարաններից, թղթերից: Մկները կանգնած ժամանակն են կրծում, կատուն ճմլկոտելով լողում է լճացած ժամանակի մեջ, գամփռն ապարդյուն սպասում է ժամանակի ավարտին, թութակի ճղճղոցը լռվել է դարձող-կրկնվող ժամանակով` «Լինել-լենիլ-լինել-լենիլ…»:
Thrash-Metal-ի լար-ջղերն անհամբեր դողում են, նե՛րս թող վերջապես, մի վախենա…
Լավ, ի՛նքը կմտնի, Thrash- ի համար խնդիր չէ: Ահա, ծխնիները չեն դիմանում ծանրակշռույթ հարվածներին` թափվում են, դուռը երերում` տապալվում է… ճայթյո՛ւն… Ռոքը հզոր հորձանքով ներխուժում է, ապակիները պայթեցնում` գաղջ օդը դուրս է մղում մերկացած պատուհաններով, բորբոսնած պատերը սարսափից դողում են, հորձանքը սրընթաց սլանում է միջանցքով, մտնում սենյակները… Գամփռը խցանի պես դուրս է թռչում, սողեսող հասնում տաք հողին` պառկում մեռնելու, կատուն շպրտվում է սաղարթների մեջ, թութակը լույսից կուրացած` խփվում է սյանը, ընկնում տանիքին` ճղճղում` «Լինե՞լ, թե չլինել, լինե՞լ, թե չլինել…», արագահոս ջրերը քշում-տանում են խունացած լրագրեր, ձեռագրեր, նախագծեր, նկարներ, թղթեր, խեղդամահ եղած խավարասերները, ուտիճները, ճանճերն ու մկները կեղտաջրերի հետ փողոց են թափվում:
Աշխատելով պահպանել արժանապատիվ կեցվածք` բնակիչները սենյակներից ելնում` դեպի դուռն են քայլում` թեև երերուն, սակայն խուճապով խթանված` արագ, ավելի արագ…
«Դուք նույնպե՞ս…»:
«Այո, ես չեմ կարող աշխատել այսպիսի պայմաններում, ինչպե՞ս կարելի էր թողնել նրան, նա լկտի է, նա խփում է դեմքիս, ահա, նայեք, քթիցս արյուն է գալիս: Խելագարվել կարելի է»:
«Խելագարվելը չի խանգարի, խելագարվելը չի խանգարի, խելագարվելը չի խանգարի, խելագարվելը չի խանգարի»` քառատրոփ կրկնում է Thrash-Metal ռոքը: Պատվարժան այրերը փակել են իրենց ականջները, ստվերների պես դողդոջուն` նրանք դուրս են գալիս տանից` թևի տակ սեղմելով իրենց խունացած թղթերը:
Սպասե՛ք…
«Մի՛ տագնապիր, թող գնան»,- ասում է ռոքը:
Ահա՛, վերջի՛նն էլ դուրս եկավ:
«Կվերադառնան, թեև իհարկե` ո՛չ բոլորը: Թո՛ղ վերագույքավորենք, էլի, այսքանն առել ես վրադ` տանել չես կարողանում արդեն, տեղ չունես, ժամանակ չունես, եռանդ չունես: Այլևս ո՛չ մի լաց ու կոծ, ո՛չ մի նվնվոց, ուշքի՛ եկ, թարմացի՛ր, կողմնորոշվի՛ր… Վերջապես` վայելի՛ր, քանի այստեղ եմ»:
Վայելքն աննկարագրելի է` առանց սևեռումների, առանց զուգորդումների, առանց կարոտախտի, առանց վերհուշի, առանց թախիծի, առանց խղճմտանքի, առանց մեղքի… Thrash-Metal-ը գործ չունի այս ամենի հետ, նա հակաքաղքենիական է, հակահարմարվողական, հակասենտիմենտալ, նա վերակենդանացնում է ազատ ոգիդ, վիբրացնում նյարդերդ, անոթներդ, բջիջներդ, գալարներդ, թափում բորբոսը, հանում նստվածքը… Ահա` ասես պայթած զարկերակ` նա իր մաքուր արյունն է շատրվանում, լվանում է տունը` պատերը, հատակը, դռները, լուսամուտները, նկուղները, սանդուղքը, թարմ տաք արյունը ցայտում է դեմքիդ, աչքերիդ, լցվում բերանդ, ուռցնում կուրծքդ…
Մաքուր ես, անբեռն, անհոգ` ինչպես մանուկ, կարող ես նորից սկսել…