Իմ ընկեր Արմենը (Խատիսյան) առաջին մարդը չէր, որին հեղինակը սրտով հղացավ, մտքի ծայրերով ձևատիպար կտրեց, հիշողության խորքերից լավագույն շորերը տվեց իրեն ձեռնտու հերոսին, աչքերը պայծառացրեց ու պզուկները մաքրեց՝ սկզբում հատ-հատ ճտացնելով, հետո՝ լրիվ միանգամից, իսկ հասակից չխոսեց, խոսելիս էլ՝ անշահախնդիր, իբր՝ դասական 174: Արմենի մաս կազմող առողջական թուլությունները համեստ հեղինակը աշխարհին չհայտնեց, հավատարիմ մնաց իրական դրությանը:
Հեղինակը ես եղա, իսկ Արմենը Խատիսյան, այս պահի հավանականությամբ, ամենավերջինն էր սեփական հեղինակից նեղացող հերոսների ցանկում:
Նա արթնացավ 1030-ին, շարժվեց անհայտ արկածի հետքերով, իսկ զուգահեռ իրականության մեջ ավելի ուշ՝ ժամը մեկի կողմերը մտավ Արմենը Խատիսյան: Երկուսին մոտ, մաքուր թուղթը զբաղեցնելու հատկությունից զուրկ ուժերով, հանեց հեռախոսը և զանգեց ինձ, իհարկե խանգարեց իր հեղինակին, բայց նաև իրեն խանգարեց, որովհետև փիլիսոփայական ընթերցանության թարմ ազդեցությունը լայնացող ներաշխարհ էր հասունացնելու Արմենիս մոտ: Ու հիմա լսում եմ.
— Ի՞նչ կա, մի տարի կլինի՝ չես երևում: Էդ ի՞նչ գործի ես:
Ես պատասխանում եմ՝ հա, լավ, առօրյա, սովորական, ախպեր: Բայց դե հարմար չի, զբաղված եմ, ստեղծագործում եմ, պատկերացնո՞ւմ ես: Քեզանից էլ հենց գրում էի, երբ զանգեցիր:
Խոստանում եմ հատվածը երեկոյան ավարտել ու իրեն ուղարկել:
Իմ ընկեր Արմենը, իմ հերոս Արմենը դառնում է նաև իմ ընթերցող Արմենը:
Իմ առաջին ընթերցող Արմենը:
Ես վերադառնում եմ գրասեղանիս թղթերին կամ բազմոցիս ու գրատեխնիկայի նվաճումներին, իմ դեպքում կարևոր չէ:
Վերադառնում է իր անհայտ արկածի հետևից պոկված Արմենը Խատիսյան: Պատանեկան մի հիշողություն, ուսանողականի դեմք դարձրած, համանուն ավտոբուսով նրան ճանապարհում է Երևան: Ուսանողուհիների շրջապատում կանգնել է տղան, նախանձելի կերպար է, նա կարող է կանգնած գնալ, նստարանի ծայրին լռված գնալ, տասնհինգ րոպե ուշանալ ու էլի գնալ, երբ ուզի՝ վարորդի կողքին քնած մնալ, աղջիկ-տղա ճանաչում են Արմենին, հատկապես աղջիկներն են միաձայն ճանաչում, տղերքը մի քիչ առանձին, հետևաբար՝ նախանձոտ ճանաչողությամբ են ընդունում նրան:
Արմենի հետ հարաբերվողի դիմաց՝ նրա ներաշխարհը միայն որսորդական գրառումներով խորանալու հնարինություն է տեղավորում, մոտակա ծտերի դիտարկումներով, նրանց հետ կապն ու խայծը չկորցնելու հաշվարկներով: Դրանից է, որ ներսը ոչ մի կերպ չի էլ խորանում, երբ դրսում ավտոբուսը հասնում է: Ջահելները իջնում են, նա դեռ նստել գրում է: Հավաքում է՝ մայիս, ամառվա նախերգանք, ի՞նչ իմաստ ունի դասի գնալ, արի հանդիպենք: Եթե իրեն կողքից տեսնի, չի հավատա, որ սա ինքն էր հավաքում: Ստիպված է մյուսներին հետևել, թեև առաջին անգամ է մտնելու ԲՈւՀ:
Հատվածը դասի նստելով է ավարտվում, որ Արմենի պարտաճանաչությամբ երկու կողմին բավարարի. իրական Արմենին չնեղացնի, հեղինակի խոստումը չխախտի:
Իրական Արմենը երեկոյան նամակ է ստանում և հանդիպում հեղինակի Արմենին: Այդ պահից սկսած՝ երեքիս կյանքը փոխվում է:
Նա ինձ գրում է՝ գրականությունը նեղանալու իրավունք չի տալիս, բայց մարդու մոտավոր նկարագիրը կարելի է աղավաղել ուրիշ անվան տակ: Մեկ է՝ կերպարը ոչինչ չի կորցնի:
Իմ ընկեր Արմենը, իմ հերոս Արմենը, իմ ընթերցող Արմենը դառնում է նաև իմ քննադատ Արմենը:
Իմ առաջին քննադատ Արմենը:
Ես լավ չհասկացա, թե Արմենի պես մարդու ինչի՞ն է, Արմենի պես մարդուն ինչի՞ պիտի անհանգստացնի գրականությունը, և, միակ հետևությամբ, վերադարձա հեղինակի աթոռին կամ բազկաթոռին, որոշեցի փոխել իմ նեղացկոտ հերոսի անունը: Խատիսյանի Խատ-ը նախ պոկվեց, մնաց կիսատ, հետո Արմենից անկախ Րե-ին միացավ, վերադասավորվեց, դարձավ՝ Խատրե:
Խատրեն ԲՈւՀ-ից մինչև ավտոբուս սլացավ ու զարմանալիորեն տխուր, մտքեր թաքցնող հայացքով գյուղ վերադարձավ: Ճանապարհին վերհիշեց երկու հանճարի անուն, դրանցից մեկը Կաֆկան թող լիներ, երկրորդը՝ հայազգի, հուսադրվեց երկու մեծությամբ, վրիժառուի փառատրությամբ մեծարեց նրանց, պատեպատ շրջող անունները տեղափոխեց իր պատերին ու նստեց չորս պատի մեջ երկուական անգամ կրկնվող նզովքի բանաձևի մեջ: Զգաց, որ ձեռքից գնում է, խառնվեց աղջիկների զրույցներին, բանավոր խոսքի մեջ չափն անցավ, պատասխանատվություն չզգաց: Խատրեն, կարճ ասած, վերջապես նկատեց որսամիսը, որի հույսով առավոտյան արթնացել, գյուղից նստել, եկել հասել էր մայրաքաղաք: Բայց դիմացի աղջկա վիզն ուղղակի կապ չուներ ուզածի հետ, պետքականը վրայի զարդն էր: Նույն ուսանողականում աղջիկը ախպեր ուներ, ով մեղք էր, մեղք էր, որ ընկել էր Խատրեի ձեռքը, իջել- հասել փոստի մոտ ու եթե ուզում էր կենդանի մնալ, մինչև ժամը տասներկուսը, քրոջ շղթայով հանդերձ, պարտավոր էր հասնել Խատրեենց տուն, թույլտվություն խնդրել, մտնել ներս, հարցնել Խատրեին, համակարգչի մոտ նրան մոտենալ, ներողություն խնդրել ու քրոջ զարդի հետ սեղանին դնել նաև իր մատանին:
Ապերջանիկ հյուրը ներկայացավ: Չներկայանալու հարցում այնքան անզոր էր, որ Խատրեի կողքին վերածնվելով, կարող էր հանգիստ իր անունով վավերացվել, բայց հետ գնալու տեղ չունեցողը միայն առաջ կարող է շարժվել, հետևաբար՝ նոր հերոսի իրական, հնարավոր, նեղացկոտ ապագան լուծվեց Մասեկ խառնանունով:
Այսպիսի նկարագրից հետո, Խատիսյան Արմենը մեր տուն եկավ, որ երկրորդ անգամ հանդիպի Խատրեին, առաջինով չէր հագեցել: Բայց լրիվ ուրիշ բան ասեց, ասեց, որ գիտի՝ ես իրեն չեմ ճանաչում, ինքը սա չի, ինքը նա է, ով չի ծխում ու չի խմում, տարին մի քանի անգամ արյուն է հանձնում, որպեսզի ողորմելի կարիքավորները չսատկեն, այսինքն՝ հատուկ նշանակություն չի էլ տալիս իր արարքին, չնայած՝ թույլ հեղինակը որտեղի՞ց հասկանա, պարզ է, թե ինչ մակերեսայնությամբ պիտի առաջնորդվի, այն ոսկյա զարդերի մասին է գրելու, որոնք ողորմելիների ուրիշ դասի գոյության նպաստով խլվեցին ունևոր տիրոջից: Մի խոսքով՝ ինքը Ռոբին Հուդը չէ, իր մոլորությունը ժամանակին գիտակցում է ու էն հիմար ախպորը հատուկ մեր տուն է կանչել հիմա, զարդերը կհանձնի:
Երջանիկ հյուրը կանխագուշակ հեղինակի տուն ժամանեց: Իր զարդերը, ներողության հետ, իրեն վերադարձավ, ամեն ինչ Արմենի խոսքի համաձայն. դե հիմա գրի, քեզ չխանգարենք:
Այսպես մարդկայնորեն եկան, իրականում գտան հաշտություն, հեղինակին մաշող կասկածների հրաժեշտով գնացին:
Իմ Խատրեն Արմենի ազդեցության տակ էր աստիճաններն իջնում, զուգահեռաբար Արմենն էր երևի իմ Խատրեից ազդված իջնում: Բայց Խատրեին, ի տարբերություն Արմենի, գրականության ուրիշ ուժեր էին ղեկավարում, դրա համար էլ թեքվեց Մասեկին ու ասաց, որ 300 հազարը սեփական զարդերը հետ ստանալու դիմաց վատ գին չի, մյուս կողմից՝ տաղանդավոր ընկերոջ գրքի համար հաստատ կհերիքի:
Մոլորված Խատրեին տուն էր ուղեկցում բարի գործ անելու սեփական նպատակը: Նպաստել գրքի հրատարակությանը, դա դեռ հասկացանք, վաճառքի հասույթը վերադարձնել թալանված, ունևոր Մասեկին, սրան դժվար էր հավատալ: Բայց ինքնահաս պտուղը կրկնակի քաղցր էր: Նա, ով ի սկզբանե չար էր, միայն դեպի բարին կարող էր փոխվել:
Կեսգիշերին Խատիսյան Արմենը եկավ դեպի ինձ, որ վերջին անգամ հանդիպի Խատիսյան Արմենին: Խատրեն արդեն չկար:
Արմենն ասեց, որ հիացած է իրականությունը վերափոխող ստեղծագործությունով, եթե հեղինակով լինի՝ գիրքը չի տպվի, Աստված չանի, որ արարումից բացի, որևէ բան իր հեղինակով լինի, ու որպեսզի յուրաքանչյուր բառն ապացուցի, ինքը նաև կհովանավորի:
Իմ ընկեր Արմենը, իմ հերոս Արմենը, իմ ընթերցող Արմենը, իմ քննադատ Արմենը դառնում է նաև իմ մեկենաս Արմենը:
Իմ առաջին մեկենաս Արմենը:
Հիմա ես մնացի՝ իրական ու գեղարվեստական միևնույն Խատիսյան Արմենի միջև: Նրանցից մեկը մյուսին փոխել էր, փոխադարձաբար փոխվել էին երկուսով: Ու մեկը, չգիտեմ՝ ո՞ր մեկը, մյուսին տարել էր իմ առջև փակվող-բացվող դռներով, ներսը դուրս արած, հեռուն՝ մոտիկ:
Հետապնդումի միտքը գլխացավ առաջացրեց, դարձավ սրտխփոց, զեղումի անոթներով դուրս լցվեց աշխատասենյակի բացը չլրացնող, մեր բնակարանում ինձ աշխատասեղան ծառայող պատուհանագոգից, որ ներքևում փողոց առ փողոց արյունահոսի:
Իմ Արմենին ես սրտով սիրեցի, բոլոր ընթերցողներից շատ, բոլոր ընթերցողներից շուտ իր խոսքին հավատացի:
Ու քանի ես մեռնում եմ, իմ ընկեր, իմ հերոս, իմ ընթերցող, իմ քննադատ, իմ մեկենաս, իմ դահիճ Արմենը միշտ պետք է ապրի: