Մեկ, երկու, չորս, հինգ, յոթ… Կրկին թիվ մոռացա: Սկսեմ նորից: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, յոթ… Էլի այն չէ: Ուղեղս սուր աղմուկով է լցվել` չթողնելով արտաբերել ճիշտ թիվը: Քանի դեռ ետ չեմ նայել` աշխարհն է հեռվում, սակայն շրջվում եմ` ընկճված օգնականս է, ով կարծես ուրվականի պատգամն ուսերին շալակած` քարշ է գալիս ետևիցս:
Որոշել է, թե կարող է իմ փոխարեն իր զզվելի ձայնով արտաբերել իմ սիրելի թիվը, ինչի պատճառով հայացքս ավելի է գորշանում:
Ամենակարևորը վեց թվի առկայությունն է: Հիշում եմ` խորհրդավոր թիվը միակ բանն է, ինչ սիրում եմ աշխարհում: Ամեն անգամ լսելով, թե ինչպես է օգնականս արտաբերում այն, տխրությունս մեծանում է: Փորձելով փախչել ատելի վշտից, կրկին սկսում եմ կիսատ հաշվարկը:
Երկար տարիներ է, ինչ նույն աշխատանքին ենք: Քայլում ենք ու էլի գործ` ոչինչ չի մնացել: Կարծես մոլորակն են ինձ կապել, և ես, դժգոհելու փոխարեն, հաստ պարանը փաթաթում եմ իրանիս և սկսում դանդաղ քայլել: Մտածո՞ւմ եք` ինչ աշխատանք է, որ ստիպում է մոլորակի բեռը զգալ ուսերին… Դա մարդկանց գործած մեղքերի դիմաց պարտքերի գանձումն է: Անհնար է կատարելապես ներկայացնել մեղսալի մարդուն: Ստեղծված արարածները փորձում են գոյատևել գայթակղություններով լի աշխարհում` դնելով գահին սեփական «Ես»-ը` մոռանալով մյուսներին:
Հիշեցնելու համար կամ ես, կա օգնականս: Մենք սովոր ենք, որ մեզ չեն սպասում, և ամեն անգամ տեսնելով կիսաբաց դռան առջև` մարդիկ գիտեն` վճարման ժամն է եկել: Գիտեն նաև, որ խաբելն անհնար է: Երկուսս էլ վարժվել ենք մեղսավորների միանման դեմքերին, իրենց հույսերը չարդարացրած, լքված, իրենց «Ես»-ը դավաճանած երեսներին… Մարդիկ անց են կացնում իրենց դատարկ օրերը` մտածելով, որ գործած մեղքերը պատասխանն են կյանքի դժվարություններին և մարտահրավերներին: Իրենց թուլությունը զգալով` մեր առջև դառնում են ավելի խղճուկ, քան կան իրականում: Հանդիպում են նաև մարդիկ, ովքեր կեղծ ժպիտով նայելով երկուսիս դեմքերին, կարծես փրկություն են աղերսում: Իսկ ես, ի պատասխան նայելով իրենց աչքերի մեջ, հոգի չեմ տեսնում, սակայն ամեն անգամ հույսով լի եմ, որ կնկատեմ վախեցնող անդունդի փոխարեն հոգու առկայությունը: Հոգին կարծես պոկած է, հանած, շպրտած և մոռացված է մի տեղ, որի գոյության մասին տերն էլ է վաղուց մոռացել:
Նուլլուսը մեր երկիրն է, որտեղ ամեն ոք պատկանում է զրոյից տասը թվային համակարգին: Հիմա նոր զբաղմունք են գտել` հեղափոխության մասին են մտածում, խոսում, ծրագրեր կազմում ապագա «նոր» երկրի համար: Սակայն ես և օգնականս տեսնում ենք, որ բոլոր մտածմունքները, նախագծերը, հիացմունքը և խանդավառությունից վառվող աչքերը ուղղված են միայն սեփական ես-ը բավարարելուն, սեփական կարիքները հոգալուն և վերջում ավերակված թողնելու հեղափոխության երազանքները: Ուզում են վերացնել թվային համակարգը` սկսել են հայտարարել, որ որևէ թվի մարդկությունը չի պատկանում: Այո, ես և օգնականս ոչ մի թվի չենք պատկանում, քանի որ մենք մոլորված երկու ուրվականներ ենք, ովքեր քայլում են տնից տուն և մեղքեր հավաքում: Երկուսս վաղուց մոռացել ենք, թե ինչ է հասարակ քաղաքացի լինելը, թվին պատկանելը, և չգիտենք նույնիսկ որն է լավը, մնալ անթի՞վ, թե՞ կրել այդ դժվար պատգամը` թիվ համարվելու պատասխանատվությունը: Նուլլուսը մի օր կարող է չքանալ, կարծես երբեք չի էլ եղել… Ամեն գիշեր հոգնած կոպերս փակելիս այդ հարցն է պատկերվում մթագնած երևակայությանս մեջ, ինչից չեմ կարողանում քուն մտնել` մոռացության տալով մեղսալի աշխարհը հարյուրավոր դեմքերի հետ: Կարող է մի օր ես չհավաքե՞մ մարդկանց մեղքերը, կարող է մի օր աշխատանքս վերանա՞… Քմծիծաղն է պատում դեմքիս, և երբ պատկերացնում եմ, որ ես և օգնականս կարող է զրկվենք աշխատանքից, օդը չի հերիքում, և ես սկսում եմ խեղդվել: Լինում են պահեր, երբ տեսնում եմ կատաղած, սին խոստումներից զզված մարդկանց, հասկանում եմ, որ ինքս էլ եմ ուզում ինչ որ բան փոխել, հիշելով, որ Նուլլուսը ինձնից էլ է շատ բան խլել` խլել է վեց թիվը` փոխարինելով այն ոչնչով, սակայն չեմ հիշում` ինչպես և ինչու: Ամենավատ բանն է, երբ մարդը սովորում է ինչ-որ բանի, սովորում է չսիրած մշտական աշխատանքին, կողակցին, գաղափարներին, օրենքներին, հետագայում, նույնիսկ հնարավորության դեպքում, չի հրաժարվում դրանցից, քանի որ «փոփոխությունը» պահանջում է «արմատական հեղաշրջում»` մեծ աշխատանք, կամքի ուժ և հավատ: Մեկտեղ սկսում եմ հարցնել ինքս ինձ, կկարողանա՞մ արդյոք տանել հեղափոխության պատասխանատվությունը, ինչպես ամեն օր հեշտությամբ գանձում եմ մարդկանց մեղքերը:
Դեպքեր են լինում, երբ օգնականս փորձում է լքել ինձ` չդիմանալով գործի ծանրությանը, շատ լավ գիտակցելով, որ միայնակ «պարտքեր հավաքողի» դերը չեմ կատարի: Երբ պատկերացնում եմ, որ նա կարող է անհետանալ, և ականջներս այլևս չեն լսի իմ փոխարեն արտաբերած վեց թիվը, հասկանում եմ, որ ես էլ կանհետանամ` կդիմանամ մարդկանց մեղքերին, բայց ոչ մենակությանը և կորստին, չէ՞ որ սովորել եմ հավատարիմ օգնականիս, ով անձայն քայլում և իմ փոխարեն կրկնում է վեց թիվը, ինչից հետո խորտակվում լռության ճահճի մեջ:
Այնուհանդերձ, խաղաղ առավոտներից մեկի ժամանակ առաջին և վերջին անգամ լսեցի օգնականիս ձայնը, ով, շրջվելով դեպի ծագող արևը և թաքցնելով զգացմունքներից այլայլված երեսը, ասաց.
— Միշտ հետևելով արևածագին` կարծես թաքնված գաղտնիքի հետևեմ, որը հայտնվելով հորիզոնում` փորձում է մարդկանց նոր հնարավորություն տալ, որից ոչ ոք չի օգտվում: Թախծոտ գեղեցկություն կա այդ ամենի մեջ, ինչը, ամեն անգամ բարձրանալով, փոխանցում է բնության անդորրը անշարժ երկնքին… Հետևելով լուսաբացին` մտածում եմ, արդյո՞ք կտեսնեմ նույն զգացումը մարդ արարածի մեջ: Գուցե բնությունը ինձ լսի… Գուցե աշխարհը պատասխանի` ընդունելով մեղսունակ մարդկանց շարքերը, և ես, ի վերջո, հանդիպեմ արևածագը մարդու մեջ:
Հնչեցրած բառերը փոխեցին ամենը… Հասկացա, որ երկուսիս միավորում է հրաշք տեսնելու ցանկությունը: Այդ օրվանից սկսած մի համոզմունք ծնվեց ներսումս, որ ամեն ոք կապրի օգնականիս փափագած զգացումը, որ նոր Նուլլուսի հետ միասին յուրաքանչյուրս կյանք կտա իր մտքում պահած նոր աշխարհին և կհասնի բաղձալի հրաշքին…