Ժամանակակից երիտասարդական պոեզիան ներկայանում է զանազան ձևերով, ոճերով՝ թելադրելով մոտեցման որոշակի առանձնահատկություններ: Սակայն անկախ այդ ձևերից ու ոճերից՝ բոլոր ժամանակներում պոեզիայում կարևորվել է անկեղծությունն ու բնականությունը, պոեզիայի ինքնաբուխ լինելը: Էդգար Ալան Պոն ասում էր. «Ինձ համար պոեզիան նպատակ չի եղել, այլ զգացմունք (պոռթկում)»1: Հենց այդ զգացմունքի, պահի ապրումի գեղարվեստական արտահայտումն է պոեզիան, բանաստեղծի անկեղծության ձայնը:
Բանաստեղծական անկեղծության որոնումներում բացահայտեցինք երիտասարդ գրող Ռազմիկ Գրիգորյանի պոեզիան: Վերջերս լույս տեսավ նրա «Հասկից մինչև հաց» ժողովածուն, որը գրողի ստեղծագործական կյանքում թվով երկրորդն է (2013 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Քո բացական») և ընդգրկում է նրա՝ 2013-16 թվականներին գրված բանաստեղծությունները: Առաջին ժողովածուի համեմատ՝ «Հասկից մինչև հացը» գրողի առավել հասուն խոսքն է լսելի դարձնում: Ժողովածուն ոչ թե հասկից հաց արարման մասին է, այլ այն ամենի, ինչ կարող է լինել և տեղի է ունենում հասկից հաց դառնալու ճանապարհին՝ թե՛ ուղիղ, թե՛ ներքին, փոխաբերական իմաստով: Հասկից մինչև հաց պայքար կա հողի պահպանման համար, թեկուզ արյան գնով, հասկից մինչև հաց գյուղացու քրտնաջան, ծանր աշխատանք, բնության լարած թակարդների դեմ կռիվ կա, կորուստներ կան, սեր կա, առանց որի ոչնչի արարում չի լինի, առավել ևս՝ հացի: Ժողովածուն բաղկացած է «Քեզանից առաջ», «Ծիրանագույն առավոտ», «Պատարագ», «Ժամանակի պաղ ընդերքում», «Ընթացքից» շարքերից: Բոլոր շարքերում էլ նույն անկեղծ բանաստեղծն է, որ ներքին ուժով զգում է պահը, որսում ակնթարթը և առանց ավելորդ ջանք գործադրելու, առանց արհեստածին բառերի, բյուրեղացնում պահը բանաստեղծական տողերի ներքո.
Գիշերը իլիկի պես կծկում է ժամանակը, // հեռանալուց առաջ լուսինը // արձակում է ծամերն արևի, // կակաչների կոկոններում ծիծաղում է արթնացող արշալույսը…2 (էջ 62)
Ռազմիկ Գրիգորյանի պոեզիային բնորոշ է ներքին ռիթմը, որով էլ առաջին հայացքից պրոզայիկ թվացող մտքերը ստանում են լիրիկական մեծ լիցք:
Մի քանի տողի մեջ բանաստեղծը խտացնում է ավելին, քան կարելի է ասել մի քանի էջի շարադրանքով՝ այդպիսով ստեղծելով ինքնատիպ նովել-բանաստեղծություններ (ընդգծված կտրուկ վերջաբանով), ինչպես, օրինակ, «Ուր երբեք չեմ եղել», «Խաղաղության գինը» բանաստեղծությունները:
Ռազմիկ Գրիգորյանը կարողանում է հյուսել ենթատեքստային հետաքրքիր պոեզիա՝ պահելով բանաստեղծության ինտելեկտուալ գրավչությունը.
Ի՞նչ է հարցնում Աստծուն// Տաճարի առջև ծնկած // Մատաղացու գառը, // Երբ տեսնում է պարանոցին մոտեցող դանակը: (էջ 151)
***
Մահս // քո հողում ընկած սերմ է.// դեռ ժպտալու եմ հասկիդ մեջ: (էջ 130)
Ռազմիկ Գրիգորյանը հմուտ պատկերաստեղծ է: Նրա բանաստեղծությունները ասես մի քանի վրձնահարվածով ստեղծված կտավ լինեն՝ հաճախ նատուրալիստական նրբանկատ պատկերկերտմամբ, սակայն խոր ռեալիստական ընդհանրացումներով: Բանաստեղծությունները հարուստ են մակդիրներով, որոնք հեղինակային են, խոսուն ու էլի բնական: Բավական է թվարկել դրանք՝ կաթնահունց լռություն, աղվամազե բառեր, կարոտի երկնաքեր, վիրավոր խաղաղություն, կանաչ արթնություն, ժամանակի լուսանցք, ծրարված սպասում, խնկահոտ արցունքներ: Բանաստեղծը հաճախ է դիմել օքսիմորոնի և այդ սկզբունքով կառուցված արտահայտությունների՝ քարի լեզու, բացակայի ներկա.
Քեզ մոռանում եմ այն ժամանակ միայն,// երբ անհնար է քեզանից բացի // հիշել որևէ մեկին… (էջ 43)
Զգալի առավելությունների կողքին չի կարելի անտեսել նաև ժողովածուում նկատված թերությունները. երիտասարդ գրողը բանաստեղծական ազդեցությունների շրջանը լիովին չի հաղթահարել, օրինակ՝ «Ծիրանագույն առավոտ» բանաստեղծությունը հիշեցնում է Հ. Սահյանի ոճը, «Հայրենիքի հետը»՝ Հովհ. Գրիգորյանինը: Բացի այդ մի շարք բանաստեղծություններ կարդալիս սկսում ես կասկածով մտածել՝ արդյոք ժամանակակից ո՞ր գրողի գրածն է: Սա էլ խոսում է այն մասին, որ ոճի հստակեցման և գրչի ինքնատիպության վերաբերյալ գրողը պետք է առավել լրջորեն մտածի, որքան էլ որ բնականությունն ու ոչ հորինովի լինելը նրա պոեզիայի տարբերիչ գծերից են:
Երբեմն բանաստեղծական տողերը այնքան էլ համոզիչ չեն հնչում.
Հայելու հետ հանդիպմանս// ցասման երկայնքով վարարում ես // աշնան խոնավ բեկորներում…(էջ 54)
կամ
Ելնում ու որպես նշխար // հագնում եմ ծիրանին արշալույսների: (էջ 81)
Իր մի հարցազրույցում Ռազմիկ Գրիգորյանը «Ո՞րն է գրողի Ձեր ակնթարթը» հարցին պատասխանել է. «Ներկան, երբ կարողանում ես որսալ ներկան, դա ամենից մեծ ակնթարթն է, բայց նաև ամենից դժվարը»3: Այդ «ամենից դժվարը» կարելի է ասել՝ հաջողվել է հաղթահարել գրողին, որն էլ ապահովում է նրա պոեզիայի բնականությունը:
Ֆրանսիացի գրող, ռեժիսոր Ժան Կոկտոն ասել է. «Պոետը չի հորինում. նա լսում է»4: Ռազմիկ Գրիգորյանի պոեզիան «լսողի» պոեզիա է:
Գրելու շնորհ ունի Ռազմիկ Գրիգորյանը, դա անհերքելի է, այլ հարց է, որ այդ շնորհը պետք է հետագա ճիշտ ու առավել հստակ արտահայտություն ստանա: Տեղին են գրքի խմբագիր Հակոբ Մովսեսի խորհուրդ-խոսքերը այդ առթիվ. «Ես չգիտեմ՝ երիտասարդ բանաստեղծը որքան կնվիրվի բանաստեղծությանը: Այն, որ շնորհը Աստծու ընծան է, պարզ է: Բայց ինձ համար նույնքան էլ պարզ է, որ այն կարող է իսկույն մսխվել և փոշիանալ, եթե մենք մեր նվիրումով, էլ չեմ ասում՝ ամենօրյա ջանքով չընդլայնենք այն, բավարարվենք նրանով և այն դարձնենք միապաղաղ ու միալար: Մեզ բոլորիս էլ այդ վտանգը սպառնում է: Ռազմիկ Գրիգորյանն այդ շնորհքն ունի: Մնում է, որ իրեն բաժին հասած այդ «դրամագլուխը» իր այդ նվիրմամբ հարյուրապատկի և հետ վերադարձնի տվողին (Թումանյանն ասում է. «…որ միանանք մենք նորից»): Թող ինքը հենց իրեն մի կողմ կանչի և ասի՝ կկարողանա՞…» (էջ 3):
Գրողական թերությունները, անխոս, բնական են և գուցե կարելի է ասել՝ պետք է լինեն, քանզի բառը ճանապարհ է հարթում՝ սրտից սիրտ գնալու. հեշտ ուղի լինել չի կարող: Տվյալ պարագայում մնում է հուսալ, որ գրողը բառի երթուղին չի փոխի, իսկ կանգառներն էլ կլինեն խիստ հազվադեպ:
———————
1.www.eapoe.org/works/misc/raopprfb.htm
2. Գրիգորյան Ռ. «Հասկից մինչև հաց», Ե., 2017:
3. Ռազմիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:
http://famouspoetsandpoems.com/poets/jean_cocteau/quotes
4. Անգլերենից արված թարգմանություններն իմն են: