Կոնսերվացվածների համայնքը գտնվում էր քաղաքի ծայրագույն արվարձանից ընդամենը կես կիլոմետր հեռավորության վրա` այնտեղ, որտեղ ժամանակին կառուցվել էր հսկայական արդյունաբերական համալիրը: Մի քանի տասնյակի հասնող գործարանները, նրանց միացնող փողոցները, բանվորների համար նախատեսված հանրակացարանները ձևավորել էին մի առանձին ավան, որի ներկայիս բնակիչների պատճառով այն մի քանի տարի շարունակ ամբողջովին մեկուսացված էր եղել արտաքին աշխարհից, իսկ այժմ էլ պարբերաբար հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Վերջերս տեղի ունեցած գաղտնազերծումից և Ավանը տեսնելու շտապող զբոսաշրջիկների ահռելի ալիքից բացի` լրագրողներին, այդ թվում` ինձ, հետաքրքրում էին նաև պարբերաբար տեղի ունեցող հարձակումները, որոնցից մեկի ժամանակ էլ ես գտնվում էի Ավանի մատույցներում:
Ավանի գաղտնազերծումից հետո քաղաքում ծայր առած որոշ բնապահպանական-քաղաքացիական շարժումներ, ավելի կոնկրետ` այդ շարժումների ծայրահեղական թևերը, ժամանակ առ ժամանակ իրականացնում են իսկական դիվերսիոն գործողություններ` նպատակ ունենալով ընդհանրապես վերացնել Ավանը և ինչպես նրանք են ասում` մեռյալներին: Ծայրահեղ-բնապահպանները պայքարում էին նաև կոնսերվացված սննդի դեմ, որը, ոչ պաշտոնական վարկածի համաձայն, համարվում էր վերջին շրջանում մահացած մարդկանց հետ տեղի ունեցողի պատճառը: Սնունդը երկար ժամանակ անվնաս պահելու համար օգտագործվող կոնսերվանտները, ըստ գիտնականների, փոխանցվում էին մարդու օրգանիզմ և անշրջելի փոփոխություններ իրականացնում այնտեղ: Դեռևս ինքնաթիռի մեջ, քաղաք ուղևորվելիս ես զրույցի բռնվեցի կոնսերվանտների և կոնսերվացվածների դեմ պայքարող ակտիվիստ-բնապահպաններից մեկի հետ, ով ողջ ընթացքում ձեռքերում անդադար սեղմած էր պահում խաչը և բորտ-ուղեկցորդուհուն տանջում մատուցվող ուտելիքի մասին հարցերով:
— Ես անձամբ եմ անդամագրվելու և մասնակցելու մարտերին, բա ո՞նց,- ասում էր նա,- հանուն հոր և սուրբ ոգու և որդու, ամեն: Ես ինքս կգնամ դրանց վերացնելու: Սա առաջին տեղն է աշխարհում, որտեղ մեռյալներին տարածք են հատկացնում, և չպետք է թողնենք, որ վերածվի նախադեպի: Ամեն:
Ես հետևում էի նրա շարժումներին` փորձելով հասկանալ, թե ի՞նչն է իրականում ինձ առավել տարօրինակ թվում նրա ընդհանուր կերպարում և որտեղի՞ց է սկիզբ առնում նրա աչքերում փայլփլող մոլագարության հուրը:
— Միայն թարմ, միայն բնական սնունդ, խնդրում եմ: Ի՞նչ է սա, լանգե՞տ,- ասում էր ինքնազոհաբար ժպտացող բորտ-ուղեկցորդուհուն,- իսկ ի՞նչ միս է: Միսը, հարցնում եմ, ի՞նչ է: Դուք վստա՞հ եք, որ այն թարմ է: Եթե դուք վստահ չեք, թե ինչից է այն պատրաստված, խնդրում եմ կանչեք ինքնաթիռի կապիտանին: Ա՜խ, կապիտանը, ուրեմն, խոհարար չէ՞: Իսկ միգուցե ֆաստֆուդի առաքի՞չ է:
Վայրէջքից հետո ես կարող էի անմիջապես նստել հետադարձ ուղղությամբ չվող ինքնաթիռը, քանի որ տեսածս արդեն բավարար էր մեծ տառաչափով գլխավոր խորագրի համար` «Քաղաքում տիրում է հիստերիա», քանի որ միայն այս մոլագար առանձնյակի առկայությունը բավական էր, որ ուզածդ քաղաքում հիստերիա և խուճապ սկսվի: Սակայն իրադարձությունները զարգանում էին արագ, և ես հայտնվում էի դրանց հորձանուտում և շատ շուտով, դեռևս ուղեբեռը չստացած, ականատես եղա բավական մասշտաբային ու տարօրինակ տեսարանի, որի ամենաակտիվ մասնակիցներից էր ինքնաթիռի իմ զրուցակիցը:
Օդանավակայանի հյուսիսային սրահներից դեպի ինձ եկող աղմուկից հասկացա, որ պատահել է սարսափելի մի բան: Այդպիսի դեպքերի մասին ես լսել էի, դրանց մասին պատմելու համար էլ եկել էի այստեղ, բայց որ կտեսնեմ անմիջապես ինքնաթիռից դուրս գալուց հետո` չէի կարող ենթադրել: Լինում է, երբ ինչ-որ մեկը մահանում է հասարակական վայրում, սեփական մահով, և այդժամ կարող է սկսվել իսկական խելագարությունը: Գոռացող և դեսուդեն վազող մարդկանց ամբոխին անմիջապես միացան օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, ում գոտիներից կախված ռացիաների խշխշոցից կարելի էր ենթադրել, որ նրանք մոբիլիզացնում են իրենց ողջ ուժերը` անկարգություններ թույլ չտալու համար: «Մեռյալը, գրողի տարած մեռյալը քայլում է»,- լսվում էր ամբոխի ներքին շշուկը: «Սպասասրահում»,- ավելացնում էին այնտեղից փախչողները:
Կողմնորոշվելով, որ խոսքը հյուսիսային թևում գտնվող սպասասրահի մասին է, ես կարողացա պատի և մարդկային` հանդիպակաց ուղղությամբ շարժվող հոսքի միջև գտնել մի միջանցք, որով շատ արագ հայտնվեցի անմիջապես դեպքի վայրում: Եւ մինչ ես կարգավորում էի տեսախցիկս, որպեսզի կոնսերվացվածի մի քանի կադր անեմ, խաղադաշտ մտավ ինքնաթիռի մոլագարը: Նա ինչ-որ կերպ հասցրել էր փոխել հագուստը, և նրա հագին ծայրահեղ-բնապահպանների սև համազգեստն էր, որի վրա առկա էր այդ կազմակերպության խորհրդանիշը` համաշխարհային ֆաստֆուդային ընկերություններից մեկի շուռ տված լոգոն: Մոլագարը, արագ քայլերով մոտենալով խամրած աչքերով, լոզոտ բերանով և կողքերը անիմաստ նայող կոնսերվացվածին, ընթացքից, ինչքան ուժ ուներ, հարվածեց խեղճի կրծքավանդակին: Կոնսերվացվածը, տեղից էլ ծեր և հյուծված այն աստիճան, որ մահացել էր օդանավակայանում հանգիստ իր տեղը նստած, այս հարվածից թռավ օդ և ընկավ բավական հեռու` խռճտացնելով ոսկորները օդանավակայանի սալիկապատ հատակին: Վրա հասած ոստիկանները հարձակվեցին մոլագարի վրա, ոլորեցին նրա ձեռքերը և քարշ տվեցին մի կողմ, սակայն նա չէր դադարեցնում ոստիկաններից ազատվելու փորձերը, որպեսզի նորից հարվածի հատակին սողացող մեռյալ-կոնսերվացվածին: Երբ մոլագարն արդեն հեռացված էր, հայտնվեցին սպիտակ խալաթով և Ավանի տարբերանշանով սանիտարները ու տարան խռպոտ և անբնական ձայներ հանող, հետ շրջված աչքերով և արդեն սառած ծերուկին, ով դժբախտություն էր ունեցել մահանալ մոլագար բնապահպանի հարևանությամբ: Իսկ ես հասցրեցի անել մի քանի հաջողված լուսանկարներ, որոնք, սակայն, կարողացա խմբագրություն ուղարկել միայն հաջորդ օրը, քանի որ այդ երեկո քաղաքում անհնար էր նույնիսկ օդանավակայանից հյուրանոց հասնել:
— Գրողի տարած քաղաքն այլևս ապրելու տեղ չէ,- ասաց ինձ տաքսիստը, ում ես տվել էի հյուրանոցի հասցեն, որտեղ նախօրոք սենյակ էի պատվիրել:
— Ի՞նչ է,- հարցրեցի ես,- այդքան լո՞ւրջ է վիճակը:
— Դուք սա լո՞ւրջ եք անվանում,- պատասխանեց` դուրս գալով օդանավակայանի ավտոկայանատեղիից,- իմ կարծիքով` սա կատարյալ անլրջություն է: Որևէ մեկը հստակ բացատրե՞լ է, թե ինչ է կատարվում գրողը տարած վերջին տարիներին: Միայն լսում ենք, թե էսինչ-էսինչը հայտարարում է, որ իրավիճակը վերահսկելի է: Իսկ մի բան ասեմ` այդ ո՞նց է վերահսկելի, որ քաղաքում հերն անիծած զոմբիներ են ապրում:
— Բայց չէ՞ որ կոնսերվացվածներին մեկուսացրել են, նրանք ունեն հատուկ քաղաքացու կարգավիճակ:
— Հա՞, իսկ մնացածնե՞րը: Ամեն օր գիտե՞ք քանի մարդ է մահանում: Այսպես որ գնա` շուտով ստիպված կլինեն նոր թաղամաս տրամադրել դրանց:
Մեքենան մոտենում էր քաղաքի կենտրոնին, սակայն պատուհանից երևացող տեսարանները ավելի բնորոշ կլինեին որևէ արվարձանի` գրաֆիտիով պատված պատեր, ծխացող աղբամաններ, այս ու այն կողմից լսվող ոստիկանական ազդանշաններ: Պատերի վրա հիմնականում ծայրահեղ-բնապահպանների խորհրդանիշեր էին, հակաֆաստֆուդային կոչեր և Z տառը, որը, ինչպես պարզվեց, քաղաքացիների կողմից օգտագործվում է` որպես Ավանի ոչ պաշտոնական անվանում:
— Այստեղից էլ չեմ կարող առաջ գնալ,- ասաց տաքսիստը`ցույց տալով մարդկանց բազմությունը, որ փակել էր փողոցը և անվերջ հոսքով` շարժվում էր փողոցն ի վեր:
— Ի՞նչ է դա,- հարցրեցի ես:
— Գնում են Ավան, գրողը տանի, չե՞ք հասկանում: Ձեր հյուրանոցը այն կողմում է, կարող եք հասնել ոտքով, մոտ քսան րոպեում: Քաղաքում սրանք ոչ մեկի վնաս չեն տա, կարող եք հետները գնալ, բայց Ավանին այսօր ավելի չմոտենաք, այսօր այնտեղ մեծ կռիվ կլինի:
Ես մնացի դրսում կանգնած: Օդում ծխի հոտն էր, որը ելնում էր գրեթե բոլոր աղբամաններից: Ամբոխը, որը շարժվում էր դեպի Ավան, լուռ էր, սակայն խոսուն էին նրանց պաստառների վրա գրված երկարաշունչ նախադասությունները. «Կոնսերվացված սնունդը զրկում է մեզ մահանալու իրավունքից, կյանքը` ապրողներին, մահը` մեռյալներին», «Առողջ սնունդ ապրողներին, ոչ ֆաստֆուդային գեհենին», «Աստված կյանք է տվել ապրողներին, պատիժ բոլոր զոմբիներին, ուղարկենք նրանց դժոխք»: Ես խառնվեցի մարդկային հոսքին և քայլեցի նրա ուղղությամբ` դեռևս չկողմնորոշվելով, թե արդյո՞ք ուզում եմ հյուրանոց գնալ, թե՞ շարունակել ճանապարհը մինչև վերջ և տեսնել Ավանը անմիջապես: Ընտրությունը, սակայն, կատարվեց առանց իմ կամքի, և չիրականացան տաքսիստի այն խոստումները, թե ամբոխի կողմից քաղաքի սահմաններում ոչ մի վտանգ չի լինի: Թեքվելով այն խաչմերուկից, որտեղից արդեն երևում էր իմ հյուրանոցը, մարդկանց ալիքը բախվեց փոքրիկ ֆաստֆուդային կրպակի: Կրակի գովազդային վահանակին պատկերված էր հսկա բուրգեր, որի յուղոտ և ախորժալի միսը փայլփլում էր փողոցային լույսերի անդրադարձից: Մինչ այդ լուռ շարժվող ամբոխը հանկարծ բռնկվեց աղաղակներով, և բազմաթիվ շշեր ու քարեր տեղացին փոքրիկ կրպակի վրա: Աղմուկն այն աստիճանի խլացուցիչ էր, որ ինձ ակամայից տիրեց տագնապը, և ես, տարածքում կողմնորոշվելու ունակությունս կորցրած, չնկատեցի էլ, թե որտեղից հայտնվեցին մի խումբ զինված ոստիկաններ: Նրանք, փորձելով ինչ-որ կերպ հանդարտեցնել մարդկանց, միանգամից ներքաշվեցին դաժան ծեծկռտուքի մեջ, և ամբոխը, կարճ ժամանակ անց, ամբողջովին կուլ տվեց համազգեստավոր խմբին, լուծելով այն սեփական բազմության մեջ: Այդ ընթացքում ընդհանուր հոսքը շարժվում էր առաջ, և այն ժամանակ, երբ նորից տիրեց լռությունը, ես արդեն հեռացել էի հյուրանոցից, ու հեռվում` երթի ուղղությամբ, արդեն երևում էին Ավանի աղքատիկ լույսերը:
— Ո՜չ զոմբիներին,- հանկարծ ականջիս տակ բղավեց կողքովս քայլող սևազգեստը: Նրան ձայնակցեցին մի քանիսը ևս:
— Ո՜չ զոմբիներին,- տարածվեց ամբոխով մեկ: Ես ուսիս գցեցի պայուսակս և ավելի հարմար բռնեցի լուսանկարչական սարքը:
Մոտ տասնհինգ րոպե ակտիվ և նպատակասլաց քայլքից հետո ամբոխն ընդհուպ մոտեցավ Ավանին: Այստեղ այլևս չկար քաղաքային լուսավորությունը, սակայն հատուկենտ սավառնող ամպերի տակից դուրս եկած լուսինը արծաթի երանգներով լուսավորոււմ էր տարածքը` սահմռկեցուցիչ փայլ հաղորդելով ցուցարարների աչքերին:
— Մահ զոմբիներին, մահ մեռյալներին,- անցավ ամբոխի վրայով:
— Գրո՜հ,- լսվեց երթի սկզբնամասից:
Ինձ հրեցին միանգամից և՛ կողքերից, և՛ հետևից: Որպեսզի վայր չընկնեմ, ես ստիպված եղա ընդունել տեմպը, արագացնել քայլերս և ի վերջո` վազել: Չպատկերացնելով, թե ինչ է ինձ սպասում առջևում, ես փորձում էի անցնել ընդհանուր ալիքի եզրեր, որպեսզի հնարավորություն ունենամ լուսանկարներ անել կողքից: Աղմուկը գնալով սաստկանում էր, և մինչ ես կհասցնեի կողմնորոշվել, լսվեց բարձրախոսով ասվող խոսքը, որի միայն մի մասն էր հասնում իմ ականջներին. «Հարգելի քաղաքացիներ… կոնսերվացվածների համայնքը գտնվում է կառավարության պաշտպանության ներքո… կա հրաման` պահպանել Ավանը ցանկացած գնով… հարգեք ձեր մեռյալ համաքաղաքացիներին… ցանկացած անկարգություն խստագույնս զսպվելու է… կանգնեք… մեռյալները նույնպես քաղաքացի են…»:
Քիչ անց լսվեցին կրակոցները: Հրմշտոցը կրկնապատկվեց: Մարդիկ, սակայն, ոչ թե ընկրկեցին, այլ առաջ վազեցին նոր թափով: Ես փորձեցի դուրս գալ հորձանուտից, բայց արդեն ուշ էր: Հատուկենտ կրակոցներին փոխարինեցին իսկական կրակահերթերը: Լսվեցին առաջին ցավագին ճիչերը: Հազարավոր ոստիկաններ շրջափակման մեջ առան ցուցարարներին և սկսեցին հեռացնել նրանց Ավանի մատույցներից: Ամբողջ ընթացքում լսվում էր բարձրախոսով ձայնը, որը կոչ էր անում անհապաղ նահանջել: Ամբոխի մեջ շատ էին վիրավորները, և նրանցից մեկը, ում կրծքավանդակին արնահոսում էին մի քանի վերքեր, ուներ խամրած և հետ շրջված աչքեր, դեմքը սփրթնած էր, իսկ քայլվածքը`անբնական: Նրան բացահայտեցին հենց տեղում, հենց իր նախկին համախոհները, և չնայած անկանոն նահանջի վերածված հարձակմանը և խուճապին, ինչ-որ մեկը երկաթե ձողով խփեց նրա գլխին` ջարդուփշուր անելով գանգը և արյունով շաղախելով նաև ինձ:
Ինձ տարան ոստիկանության բաժին մյուս բերման ենթարկվածների հետ: Լրագրողական վկայականս ոչ մի տպավորություն չգործեց իրավապահների վրա, և ես հայտնվեցի ճաղերի հետևում, բաժնի նախասրահում գտնվող վանդակի մեջ: Ինձ հետ նույն խցում էին մոտ տասը հոգի, որոնք հիմնականում սևազգեստ էին, իսկ ոմանք էլ ճակատներին դաջվածք ունեին` շուռ տված ֆաստֆուդային լոգոյի տեսքով: Վանդակում ես տեսա իմ ինքնաթիռային ծանոթ ծայրահեղ-բնապահպանին` ճաղերին կպած, հատակին նստած: Անցնելով մարդկանց միջով` ես մոտեցա նրան, քանի որ ազատազրկված վիճակում ավելի լավ է ունենալ թեկուզ մոլագար ծանոթ, քան չունենալ ընդհանրապես:
— Հեյ, փաստորեն քեզ էլ որսացին,- ասացի ես` ձեռքս տանելով դեպի նրա ուսը:- Ոչինչ, մի նեղվիր, կարևորը` դու կատարեցիր այն, ինչի համար եկել էիր:
Պատասխան չկար: Ես հրեցի նրա ուսը: Նա բարձրացրեց գլուխը, և ինձ նայեցին հետ շրջված դատարկ աչքերը, իսկ բացված լոզոտ բերանից եկող սառը շունչը հարվածեց դեմքիս, ու ես ճչացի: Մյուս խցակիցները, որ մի քանի ժամ առաջ պատրաստ էին պատառ-պատառ անել ցանկացած կոնսերվացված-մեռյալի, անտարբեր նայեցին ինձ, ապա` ծանոթիս, և նրանցից միայն մեկը անհրաժեշտ համարեց սեղմած ատամների տակից անհասցե հայհոյանք հնչեցնել:
Լույսը բացվելուն պես` ինձ ազատ արձակեցին և նույնիսկ վերադարձրեցին լուսանկարչական սարքս, որի պարունակությունը, ի զարմանս, տեղում էր, ու ես շտապեցի հյուրանոց` նկարները խմբագրություն ուղարկելու: Գիշերային իրարանցումի մասին վկայող գրեթե ոչինչ չկար, եթե չհաշվենք ֆաստֆուդի ավերված կրպակը, որը, սակայն, ջանասիրաբար վերականգնում էին: Աչք էին ծակում նաև ոստիկանական պարեկները, որոնք գրեթե ամենուր էին, իսկ հյուրանոցի հարևանությամբ գտնվող բարձր սյան մոտ, որի վրա փակցնում էին բուրգերներ առաքող նոր ընկերության գովազդը, հերթապահում էր ոստիկանության մի ամբողջ վաշտ:
— Ո՞վ է տեսել, որ զոմբիներին պաշտպանեն մարդկանցից: Ինչքան ես գիտեմ ֆիլմերից, պետք է լիներ ճիշտ հակառակը,- ասաց ինձ հյուրանոցի ընդունարանի աշխատակիցը` հանձնելով բանալիները:- Մնում է դրանց ռեաբիլիտացնեն և աշխատանքի թույլտվություն տան: Հապա տեսեք, թե ինչ են գրում թերթերը:
Նա պարզեց ինձ բուրումնավետ թարմ թերթը: Առաջին էջին մեծ խորագիր էր. «Կոնսերվացվածներին ընտանիքի խնամքին հանձնելու օրինագիծը հավանության է արժանացել»:
— Դուք սա հասկանո՞ւմ եք: Շուտով բոլոր այդ մեռյալները կապրեն… թուու, ինչ եմ ասում, այդ զոմբիները կլինեն մեր մեջ, մեր շուրջը:
Ես վերադարձա օդանավակայան նույն օրը` փոխելով տոմսս և ընտրելով ամենամոտ չվերթը: Ինքնաթիռում զգացի, որ սոված եմ եղել ողջ այս ընթացքում և անչափ ուրախացա, երբ բորտ-ուղեկցորդուհին, առջևից հրելով սայլակը, բերեց հասանելիք ճաշը: Նրա դաստակին ես նկատեցի բնապահպանական շարժման խորհրդանիշ դաջվածքը: Մատուցելով ուտելիքը` բորտ-ուղեկցորդուհին անպայման ասում էր` այն թարմ է: