(«Բան ունեմ ասելու» գիրքը էԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ թարգմանությամբ)

«Սարոյանը Հավերժի ճամփորդ է, ուստի ժամանակն ամեն առիթով պետք է մի նրբերանգ ավելացնի, մի նոր կողմ բացահայտի նրա դիմապատկերի վրա, մի խոսք ավելացնի նրա բնութագրի մեջ»: (Ս. Քառյան, Իմ Սարոյանը, Երևան, «Ոսկան Երևանցի», 2002 թ. էջ 3):
2012 թ.-ին լույս տեսավ Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» պիեսների ժողովածուն (Երևան, ՀԳՄ հրատարակչություն) արձակագիր- դրամատուրգ, թարգմանիչ, դերասան՝ Էլֆիք Զոհրաբյանի թարգմանությամբ:

Դերասան լինելը, բեմական կյանքի լավատեղյակությունը, պիեսներ գրելն ու Սարոյանի նկատմամբ ունեցած պատկառանքն են մղել Էլֆիք Զոհրաբյանին թարգմանելու Վ. Սարոյանի պիեսները: Պիեսներ, որոնք մինչև Է. Զոհրաբյանի թարգմանությունը՝ երբևէ հայերեն չեն թարգմանվել-տպագրվել: Կ. Պասմաճյանի հետ ունեցած հարցազրույցում Վ. Սարոյանը հանճարին հատուկ շիտակությամբ ասել է. «Իմ ամբողջ կյանքում ես ինքս ինձ եմ խաղում ամեն տեղ: Ուրիշ ելք չունենք: Մենք մեր միջից ընտրում ենք նրան, որը պետք է լինենք, նայած պարագաներին: Ստեղծագործական առաջին գրգիռը դերասանական անվերջանալի բազմազանությունն է մարդ արարածի մեջ: Ես հավատում եմ, որ բոլոր գրողները դերասաններ են: Ոչ խակ և արտաքին իմաստով, այլ ուրիշին ճանաչելու իմաստով, ամեն մարդ լինել կարողանալու իմաստով: Այո՛, ես խաղում եմ»: (Վիլյամ Սարոյան, Ընտիր երկեր, հատոր չորրորդ, Երևան, «Նաիրի», 1991թ., էջ 387): Էլֆիք Զոհրաբյանը թարգմանության միջոցով փոխանցում է հանճարի գրի անմիջականությունն ու անկեղծությունը: Ասես, Սարոյանի իմաստուն անմիջականությունը լույսի պես անցնում է թարգմանչի միջով, ապա արտացոլվում ընթերցողի հոգում: Զոհրաբյանի պիեսներ գրելու տաղանդն ու բեմական խոսքարվեստին տիրապետելը թարգմանությանը կենդանի շունչ են տալիս:
Գիրքը կազմված է խմբագրի խոսքից՝ Արմեն Ավանեսյան, «Վիլյամ Սարոյանի ևս հինգ պիես հայերեն», «Մի շարք անհեթեթ և հերոսական իրադարձություններ ամերիկացի մեծն Ապուշի կյանքում» բալետային պիեսից, «Օպերա, օպերա», «Ոստրեն ու մարգարիտը» թատերախաղերից, «Բան ունեմ ասելու» ռադիոպիեսից, «Նորեկները» կարճ խաղից, «Թարգմանչի կողմից» խորագրից, Է. Զոհրաբյանի ծանոթագրություններից, որոնք հակիրճ «կենսագրական» են խորապես ուսումնասիրված ստեղծագործությունների մասին:
Պիեսներից ամեն մեկն իր ուրույն ասելիքն ունի, ինչպես նաև իր առանձնահատկությունները: Սակայն ունեն նաև ընդհանրություն. դրանք արդիական են: Արդիականությունը մեր հասարակության հիմնախնդիրներով է պայմանավորված, դրանց նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքով, երբ մի կողմից հարմարվելու պահանջն է, մյուս կողմից էլ անհատի ձգտումն է աշխարհը վերափոխելու: Թերևս չկա մի մարդ, որ չցանկանա ընդիմանալ կյանքի և աշխարհի անհարթություններին, չցանկանա անարդարությունների դեմ ըմբոստանալ: Պարզապես քչերն են հանդգնում այդ ծանր պարտականությունն իրենց վրա վերցնել՝ դուրս մնալով հասարակության «կաղապարներից», անտեսելով հասարակական կարծիքը: Պիեսների մեջ այնքան կենդանություն և «ուղղակիություն» կա, որ կարծես ներկա ես ստեղծագործության բեմականացմանը: Ճերմակ թղթի վրա կերպարները խաղում են աչքերիդ առջև՝ խինդով լի խոսքով ու «շարժումերով, ժեստերի լեզվով»՝ տանելով մի այլ աշխարհ:
Բացի «Ոստրեն ու մարգարիտը» կամ «Բան ունեմ ասելու» թատերախաղերը, ընթերցողի ուշադրությունն է գրավում սյուրռեալիստական տարրերով, նուրբ հումորով լի մի պիես՝ «Ամերիկացի Մեծն Ապուշը», որտեղ գլխավոր հերոսը մասնակիորեն հիշեցնում է Դոստոևսկու հայտնի հերոսին: Է. Զոհրաբյանը ծանոթագրության մեջ գրում է ««Ամերիկացի մեծն Ապուշը» մեկ գործողությամբ թատերախաղն առաջին անգամ տպագրվել է 1942 թ.-ին «Razzle-Dazzle» գրքում: Առաջնախաղը եղել է Նյու Յորքի ամերիկյան բալետի առաջին թատրոնում: «New York Herald Tribune» -ը1940 թ.-ի հունվարի 12-ի համարում «Ամերիկացի մեծն Ապուշը» ներկայացումն անվանեց «կարևոր նորարարություն» (Ուոլթեր Թերրի): (Վ. Սարոյան, Բան ունեմ ասելու, Եր., 2012, էջ 155): Փաստորեն, այս պիեսը «պարային» է՝ երկխոսությունը զուգակցվում երաժշտությանը, պարային շարժումներին: Բալետային պիեսի մեջ Ապուշի ջանքերի ներկայացումն է աշխարհը իդեալական տեսնելու, ինչը ստանում է զավեշտական բնույթ: Բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Արմեն Ավանեսյանը գրում է. «Որքան էլ թվացյալ անհեթեթ ու անիմաստ գեղարվեստական միջոցներ են կիրառվել Սարոյանի կողմից, այնուամենայնիվ պիեսում կարմիր թելի պես ձգվում է աշխարհը փոխելու Ապուշի ի սկզբանե ձախողված ճիգերի խնդրադրումը» (էջ 6):
Ամերիկացի մեծն Ապուշը նկարագրվում է որպես կենսասեր երիտասարդ, որն ունի մարդկային զգացմունքների և յուրատիպ հատկանիշների մեծ «պաշար»: Նրա մեջ ավելի խորն է արտահայտված հետաքրքրասիրությունը, սերը, հումորի հակումը, զայրույթը և հոգատարությունը: Վերջինս նրա մեջ ամենամեծ տեղն է զբաղեցնում: Երիտասարդը ամեն կերպ ուզում է իր շուրջը ուրախ և զվարթ մարդկանց տեսնել: Ցանկանում է, որպեսզի մարդիկ սիրեն միմյանց, և դրա համար ապարդյուն ջանքեր է գործադրում, հասարակության մեջ ապուշի տպավորություն թողնում: Ապուշի շուրջը կան նաև այլ հետաքրքիր կերպարներ: Գեղեցիկ կին, ում առաջինն է նկատում նա: Հենց նրանից է ուզում փոխել աշխարհը: Կնոջ անտարբերությունը զայրացնում է Ապուշին՝ կնոջն ըմբշամարտի է հրավիրում: «Կինը գետնում է նրան ու հայտնվում իր երբեմնի քնատ վիճակում»: (էջ12): Սա Ապուշի առաջին ճիգն էր ու մեծ հիասթափութունը: Կնոջ գեղեցկությունը նրա աչքից չքանում է. «ՆԱ – Նրան երևի չեմ ճանաչում: Գուցե նույնիսկ գեղեցիկ էլ չէ, դրսից քահանա, ներսից սատանա»: (Նույն տեղը՝ էջ 12):
«Ուզում եմ ձեռ քաշել:
ՀԻՄԱՐ – Ինչի՞ց:
ՆԱ – Ամեն, ամեն ինչից՝ բացի սիրուց: Սե՛ր տվեք ինձ:
ՀԻՄԱՐ – Սե՜ր: Հապա մի տեսնենք:
(ՆԱ փչում է ոստիկանական սուլիչը: Մի խարտյաշ Կին վազելով ներս է գալիս: ԱՊՈՒՇԸ քշում է նրան: Հանկարծ կանգ է առնում, շրջվում):
ՆԱ –Չէ՛:
(ՀԻՄԱՐԸ նորից փչում է սուլիչը. մի ուրիշ ԱՂՋԻԿ. նույն արդյունքը):
Չէ՛. (Կրկին նույն արդյունքը):
Չէ՛. (Կրկին):
Չէ՛. (Կրկին: Այս անգամ հայտնվում է ԿԻՆԸ, բայց ոչ վազելով: ԱՊՈՒՇՆ զգուշավոր զննում է նրան: Սկսում է հանել պիջակը: Մտափոխվում է):
Ա՛հ, թող գրողի ծոցը գնա:
ՀԻՄԱՐ –Ասացիր՝ սեր:
ՆԱ – Հա՛, բայց հապա նայի՛ր նրան: Մռայլ է ու ատլետիկ: Ուղղակի մի քիչ սեր…» (էջ 12 — 13):
Այսպիսով, Ապուշը չի կարողանում վերափոխել աշխարհը, բայց պիեսը ողբերգական ավարտ չի ունենում: Ապուշը լավատեսորեն հավատում է, որ մի օր կփոխի աշխարհը. «Դա կարող է տևել վեց կամ յոթ հազար տարի, բայց կփոխեմ…»: Իսկ Սարոյանի Ապուշը բոլորիս մեջ կա:
Փակագծում նշեմ, որ անգամ գրքի շապիկը ձևավորված է ճաշակով, «սարոյանական», իսկ երկրորդ երեսին գրված «Թեթև տարեք» (Take it easy!) բազմանշանակ բարեմաղթանք-փիլիսոփայությունը ժպիտ է առաջացնում՝ հիշեցնելով Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» պիեսի գաղափարական լեյտմոտիվը, այն կենսաձևը, որը փորձում է կրել Հարրին՝ գլխավոր, խենթ հերոսը: Գրքի վերջում առանձին ուշադրություն է գրավում նաև գրականագետ Է. Զոհրաբյանի հոդված-վերլուծությունները, որոնք խորքային թափանցումներ են, չափազանց նուրբ դիտարկումներ, դետալային նկատումներ, որոնք կարող էր որսալ ոչ սովորական աչք ունեցող գրականության մարդը:
Էլֆիք Զոհրաբյանի թարգմանած պիեսները հայ գրասերի համար առիթ են ստեղծում ընթերցելու Սարոյանի այն ստեղծագործությունները, որոնք մինչև հիմա հայերեն տարբերակով չկային: Մի կողմից էլ այս պիեսների թարգմանությունը լավ առիթ է հայոց բեմի համար՝ նոր, սարոյանական «ծուռ» կերպարներ կերտելու, թատերագրի ստեղծած ինքնատիպ հերոսներին ապրեցնելու, ինչպես նաև գրականությունը հարստացնելու համար:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն