«Զգա՛ստ կանգնիր,
մի՛ հենվիր,
Ֆլոյդ մի՛ մռռա քթիդ տակ,
մի՛ քնիր,
մի՛ ծխիր…
մտածում ես՝
թաքուն մտածիր,
մի՛ կարոտիր…
մի՛ կարոտիր
մի՛ կարոտիր…»
Աստված հիմա նեղացել է, որ նույնիսկ իր տված պատվիրանները մի գիշեր արթուն մնացած մարդն անհնար է համարում կատարել։
Մի՞թե ես այսքան մոլեռանդ եմ դարձել կյանքում ինչ-որ բան անվերապահորեն կատարելու համար։
Կողապահարանի վրա էջանիշն ընդհատում է Աննա Կարենինայի և Վռոնսկու կատաղի սեքսը…
«Մի՛ կարդա»
Գոնե չկարդա՞մ։
«Օրապա՛հ», տես, թե ինչ պատկառելի է հնչում առանց հասկանալու։
Օր պահել, պահպանել, օրվա տերը լինել. ես օրապահ եմ։
Բացի օր պահելուց, բոնուս նաև մի պահարան՝ իր ամեն ինչով, ու հեռախոս։ Ստանձնելով այս պաշտոնին հատուկ կողապահարանը՝ ինձ մի տեսակ ձևական պաշտոնավոր զգացի, մտածեցի՝ մի՞թե ամենքը չեն պահպանում իրենց բաժին օրն ու գիշերը, կամ արդյոք գիտե՞ն, որ անքուն ոտքի վրա մնացած ինչ-որ մեկը հիմա ինչ-որ օր է պահում, որ գուցե ինքն էլ չի գտել։
Միշտ էսպես է, մինչ ես օր եմ պահպանում, ինչ-որ մեկն իր տանը Ֆլոյդը միացրած, պատշգամբին հենված՝ ծխում է, մտածում է, և… կարոտում է, իսկ իր «Աննան» վաղուց լոգանք է ընդունել, և ոչ մի էջանիշ իրենց ժամանակին չի ընդհատել։
Իրավասությունս թույլ է տալիս այս օրը շատ խորը և թաքուն պահել։
Կողապահարանին դրված ընդունիչն էլ է քնած, լավ է, որ լռել է, որովհետև այս սարքը հիմնականում հաղորդում է «տագնապ»-ի, «վեր կաց»-ի հրամաններն ու երբեմն էլ ստուգում, թե ես արժանապատվությա՞մբ եմ պահում ինձ վստահված օրը։ Թող լռի, թող փոշոտվի։
Միայն թե՝ ներսումս մի անհնարին կրծող ցանկություն, որ անիրականանալի է.
Ֆլոյդ լսողի զանգը, որ վերցնեմ ու ասեմ.
«Օրապահ շարքային Գրիգորյանը լսում է» ու վերջ, կարծում եմ՝ կզարմանա։
Ուզում եմ բացել գիրքը, որ շարունակվի ընդհատած գործողությունը։ Գիրք կարդալ չի կարելի։ Դպրոցում չեն սովորեցրել։
Վա՞տ օրապահ եմ։
Խախտում եմ ամենագլխավոր կարգը, ինչի արդյունքում բոլոր կարգերն են ուզած-չուզած շուտով խախտվելու։
ես կարոտում եմ
կարոտում եմ
կարոտում…
և շուտով շուրթերիս կմռռա Ֆլոյդը, ու ես
թաքուն կմտածեմ, կհենվեմ ու կծխեմ գիշերվան։
Ես հմուտ օր պահող եմ, ոչ ոք չի գտնի։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն