ԱՆՈՒՇԻԿԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

(Տատիս հեքիաթների չափ հին
— Անուշիկի պատերազմը)

-1-
Շունչս կտրվում է … միակության մտքից …

-2-
Մի պատահական մայրաքաղաքի
Պատահական հեղափոխության ֆոնին,
Լրիվ պատահականորեն սկսված
Գարնան առաջին անձրևից փախչելիս,
Պատահական շքամուտքում,
Պատահական “սիրում եմ քեզից”
Կտրվեց շունչը …

-3-
Համբույրի համար ճմրթված շուրթեր
Մու-մու, մու-մու

-4-
Սկզբում տանիքներն էր բարձրանում,
Որ ձեռքը հասնի աստղերին,
Հետո մեռած ձևացող քաղաքի վրա
Շպրտում էր ճերմակ թևերով թղթե հրեշտակներ
Որ կարողանում էին թռչել
Մինչ գետնին ընկնելը,
Գիթառացավով տարված, չէր հասկանում
Որ այստեղ յուրաքանչյուրն ունի ձանձրույթից մեռնելու իրավունք,
Ու թեպետ իր շնորհիվ աշխարհն
Ավելի անթրաշ էր դառնում,
Բայց ոչ անպայման ավելի երջանիկ

Կարգին սովելուց հետո
Միշտ տուն էր գալիս հեղափոխությունից
Եվ դուռը միշտ բացում էր
Մի բարձի վրա սկսված, ավարտված
և շարունակվող կյանքը,
Որից անմեղորեն` տապակած կարտոֆիլի հոտ էր գալիս:

Ընթրիքից հետո` ինչ կապ ունի ինքն
էդ ամեն ինչի հե՞տ:
Ուղղակի մի կիսասովետական գիշեր հայրիկն ու մայրիկը
Սովորականից ավելի կրքոտ են սիրել իրար,
Սովորականից ավելի բարձր են թռել
Ու թթվածնի պակասից …
Կտրվել է շնչառությունը …

-5-
Գզգզված, ինչպես մարտիմեկյան քամու
բերանն ընկած մասրենին,
Քանդուքարափ հայացքով,
Ջարդուփշուր բարի հեքիաթների մասին
նոր չար հեքիաթներ
Թափթփված հոգենյութ
Զրդուզիբիլ…

Հերթական ինքնասպանությունից հետո
տուն Է վերադառնում առավոտյան,
էս անգամ`
Արյունլվա ձեռքերի մեջ
սրտի պես թպրտացող արևը:

Նվնվալով էն մասին,
Որ ձանձրույթից մեռնող քաղաքի
Նկարովի աստղերը հազվադեպ են ընկնում
Հանուն երազանքների իրականացման.
Ավելին` չեն ընկնում.

-6-
Սակայն, անխուսափելիորեն պարզվում է,
Որ Աստծո և բոյֆրենդների մեջտեղում կա
Թռչնաձկների մասին լեգենդներ հորինող
Դեռևս անուն չունեցող արարած
Որ Ձմերուկի հոտ է առնում օգոստոսից:
Եվ չնայած ինքը վաղուց արմատակալել է,
Բայց լիալուսնի ժամանակ
Փորիկի և մեջքի վրա թռիչքի դասեր է տալիս
Կեսգիշերից հետո:

-7-
Փոքրիկ Իշխանը մաշկի վրա և մաշկի տակ:

-8-
Այս գիշեր
Իբրև ապրելու հիմնավոր պատճառ`
Կարմիր է սպասումը:

Վաղն անպայման կանաչ կհագնի նրա համար:

 

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՆԱԽԱՃԱՇ

Մի օր ձեռքս հասավ Արևին …
Հմմմ…
Ես ու Աստված շունչներս պահեցինք:
Մեզ թվաց` կասես.
«Լսի՛, շատ չէ՞ս ձեռքերիդ ազատություն տալիս …»,
Բայց չասացիր,
Եվ Աստված ժպտաց (ի դեպ առաջին անգամ)
Իսկ ես ներս մտա … խաղողօրհնեքից 5 օր առաջ,
Թարմ-քամած, մի քիչ թթվաշ խաղողահյութի նախաճաշով,
Եվ Արևածաղիկը բերանիս մեջ պահած.
Իբրև մեղք, որը պիտի հասցնեիր գործել,
Քանի դեռ ուժի մեջ էր ապաշխարհանքի խորհուրդը:

Անսովոր հոտ եկավ սովորական դարձած ստերից:
Այնտեղ ուր ասֆալտը սահուն վերածվում է երկնքի
Ես հասա քեզ
Եվ խելագար անձրևի սպասումից
Արդեն խոնավ էին քնքշորեն բացված թևիկներդ:

Ու մինչ անխուսափելիորեն եփվում էր կարմիր լոբով ճաշը,
Ամեն անգամ փշաքաղվելով
Քո անհամբեր համտեսումների ներխուժումից,
Դեղին արևածաղիկներն ու կապույտ երկինքը
Սովորում էին համբուրվել հանուն կանաչ շարունակության:

Իսկ հետո …սև ու սպիտակ աչուկներ, որոնց առկայությունից
Անդառնալիորեն բարձրանում էր Տիեզերքի ջերմությունը`
Հասնելով կենսականորեն անհրաժեշտին
Եվ անցնելով ևս 5 մատնաչափ …

*****************************
Արդեն 11-րդ ամիսն էր
Բայց էդ դինջը մտքերով էր ընկել`
Մոռանալով ծնվելու մասին:
Այդ պատճառով իսկ տվյալ պահի դրությամբ
Դեռ անուն չուներ:
Սերը:

 

ՏԱՆԳՈ

չԷ՛, չէ՛, սպասիր…

շտապում ես…
երբ հաշվում ես ժամանակն
այն միշտ չի հերիքում
եւ սկզբի ու վերջի միջև ճզմված քո կախյալությունը
մահկանացու է դարձնում ինձ ու քեզ:

պետք չի, լռի՜ր …

ես մաշկիցդ շնչում եմ արդեն
իմաստները, որ պիտի փորձեիր բառերի վերածել
երբ իմաստներն ընկալված են
զգացված ու ապրված են
բառերն աղմուկ են միայն
աղմուկը կիսատությունն է
աղմուկը տառապանքն է
շշշշշ՜….

մի պաշտպանվիր…

ինքդ քեզնից
չես կարող փախչել միևնունն է.
զգու՞մ ես համակերպումի ավազե քնքշությունը,
երբ ծովը տիրում է ժայռերին
անզեն աչքի համար աննկատելիորեն
դանդաղ:
արարումը կի՛ն է

մի հանվիր …

գոնե ժպիտդ թող.
ես հագիդ այչափ սազում եմ նրա հետ

սպասիր մի քիչ էլ…

ինչպե՜ս չես ալարում.
հիմա պիտի նստես մինչ առավոտ
իմ ու քո՞ անես
(ինձ թվում է)
անդառնալիորեն միախառնված
մեր արյան գնդիկները …

 

ԻՄ (առայժմ) ՑԱՎԸ
կամ Մ՛Ի ՇՆԱՆԱՐ

Ատամներիս տակ հազիվ ճզմելով ոռնոցը՝
Ես քեզ ժպտացի վերջին անգամ`
Ձևացնելով, որ կարող եմ լինել
Մեծ և սուրբ… (բայց կուտը չկերար):

Եվ հիստերիկ ջղաձգումից բռունցքված ձեռքս
Շտապով թաքցրեցի գրպանում`
Պառտակելով քեզ համար նախատեսված ապտակը
(դրանից աչքիս մեջ մազանոթ պայթեց):

Ես ուզում էի ողբերգական խորհրդավորություն տալ
Մեր այդ ոչ հերթական բաժանումին,
Արտահայտելով.
«Քո տեղն իմ կյանքում դատա՜րկ կմնա … » կարգի
սրտաճմլիկ մտքեր,
(ինձ թվում է — գոնե մի խելքը գլխին
տառապանք քեզնից տանելու հույսով):

Իսկ դու ակնհայտորեն անհանգիստ էիր
(ինչպես հետո իմացա)
Ինչ-որ իքս հանդիպումից ուշանալու կապակցությամբ:

Ախ, գոնե այդքան գեղեցիկ չլինեիր այդ օրը
Եվ չբուրեիր, ինչպես (երևի)
Ծովը խաղաղ կեսգիշերին:

Վերջում դիմեցի դասական հնարքի.
-Փախչե՛նք …

…սեթևեթ ժպտացիր և աչքի ծայրով
նայեցիր ժամացույցին. հասկացա.
հնաոճ եմ
և վրայիցս շան հոտ է գալիս
(լա՛վ իմաստով).

Ծանր եմ տանում Տիրոջս փոխելու միտքը:

 

ԾՆՆԴՈՑ

Ջրերը գնացին:
Չէ-չէ՜ մի … բլա-բլա… բա տեսա՞ր դու
Անահի՛տ,
Դու գիտես որտեղից խուտուտ տալ հոգիս,
Որ մեջս առաջանա մերկանալու ցանկություն…
հա՛,
համենայնդեպս
իմ խիստ հերթական դեմքին էլ ուրվագծվեցին
արարչական ինքնաճանաչման փորձանքներ
և աչքաուլունքային չխկչխկոցին անսովոր
իմ ականջներից
բըզ-բըզի-բըզե, բզեզներ, մայիսյան բզեզիկներ
դուրս թռան:
Չէ-չէ՜ մի … բլա-բլա … բա տեսա՞ր դու:

-Հա՛,
ես երազ եմ լսել 127-րդ օրը:
Անահի՛տ,
Աստված ասում էր.
— բլա-բլա, գղ-գղ, եղիցի սեր…
ասում էր, էէէ՜հ, գլուխդ չգնա՞ց էս զըռ կարմիր երկնքից,
այն անկուշտի պես պիտի ուտես ու խմես,
որ մեծանաս այնքան` մինչ հասնես Արևին,
մինչ հասկանաս, թե ինչեր են սերն ու պարտքը:

Չէ-չէ՜ մի … բլա-բլա … բա տեսա՞ր դու …
իսկ ես հիշում եմ. կար մի ժամանակ,
երբ ես ու դու չկայինք …
իսկ Անահիտը միշտ կլինի:
(Ես կկարոտեմ քեզ):

Աչքներդ լույս, ծակ աչքներդ լույս
բլա-բլա-լալա … լեզուս չի պտտում ասեմ …
էէէ՜հ, եկել եմ նախորդ անգամից մնացած
պարտքս տալու:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն