Հարցազրույց «1-ին հայկական գրական գործակալության» ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԱՐԵՎԻԿ ԱՇԽԱՐՈՆՅԱՆԻ ՀԵՏ
1-ին հայկական գրական գործակալությունը» ստեղծվել է 2011 թվականի սկզμին: Ներկայացնում է հայ հեղինակներին արտասահմանյան հրատարակիչներին և բանակցում նրանց թարգմանաբար հրատարակման հարցերի շուրջ:
Կարճ ժամանակամիջոցում «1-ին հայկական գրական գործակալությունը» հասցրել է ծանոթանալ հայ ժամանակակից հեղինակների գործերին, կազմել հեղինակների նախնական ցանկ, ստեղծել որոշակի կապեր միջազգային հրատարակիչների հետ, ստեղծել կայք` www.1litagency.am:

-Ո՞րն է 1-ին հայկական գրական  գործակալության նպատակը, ինչի՞ն հավատալով ձեռնարկեցիք այս գործը:

— Որքան էլ խոսեն այն մասին, թե գիրքն ու գրականությունն անկում են ապրել ամբողջ աշխարհում, մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երկրում կա գրքասեր հասարակություն, որը բաղկացած է տվյալ երկրի ինտելեկտուալ սերուցքից, և մեզ համար շատ կարևոր է մեր ձայնը հասցնել այդ մարդկանց: Գիրքը երկրի և ազգի լավագույն դեսպանն է: Գրքի միջոցով երկիրը ներկայանում է իր մշակույթով, պատմությամբ, ազգային առանձնահատկություններով ավելի լավ, քան դա անում են դեսպանները կամ նախագահներն իրենց պաշտոնական այցերով: Մենք դա ենք ուզում անել` ճանաչելի դարձնել մեր երկիրը ոչ միայն իր համեղ կերակրատեսակներով ու գեղեցիկ տեսարաններով, կամ էլ ցեղասպանությամբ և ռեգիոնալ կոնֆլիկտի առկայությամբ, այլև մեր գրականությամբ, որը մեր ազգի, երկրի, պատմության, սոցիալական և քաղաքական խնդիրների լավագույն արտացոլանքն է:

— Ինչպե՞ս եք կազմակերպում հրատա­րակիչներ գտնելու գործընթացը: 

— Իտալիայում և Սլովենիայում գործող մի գործակալություն ցանկություն է հայտնել լինել մեր գործակալն այդ երկրներում,  այժմ աշխատում ենք նրանց հետ: Հետաքրքություն է հայտնել նաև մի գործակալություն Լեհաստանից: Նպատակ ունենք նման համագործակցություն ստեղծել նաև այլ երկրների հետ: Վերջերս ընդլայնեցինք մեր գործունեությունը, և այժմ չհրատարակված հեղինակներին` իրենց խնդրանքի դեպքում, ներկայացնում ենք հայկական հրատարակչություններում: Բացի այդ, մենք նաև ներկայացնում ենք արտասահմանյան հեղինակներին Հա­յաս­տանում և միջնորդում նրանց հրատարակմանը հայ հրատարակիչների կողմից:  Մեզ նաև դիմում են տեղական հրատարակիչներ` հեղինակային իրավունքների ձեռքբերման հարցում աջակցելու խնդ­րանքով: Սակայն պետք է նշեմ, որ մենք մեր ուշադրությունն առավելապես ուղղում ենք հայ հեղինակների առաջխաղացմանը, քանի որ դա մեզ համար պարզապես աշխատանք չէ, այլ կարևոր առաքելություն:

— Ի՞նչ ժանրեր եք ներկայացնում: Սահ­մանա­փա­կում­ներ կա՞ն արդյոք, կամ ժան­րեր, որո­ն­ցով հե­տաքրքված չեն դր­սում:

— Ներկայանում ենք արձակ, պոեզիա, մանկական, ինչպես նաև ոչ-գեղարվեստական գրականություն: Աշխատում ենք հայազգի ռուսագիր ու անգլագիր հեղինակների հետ: Սակայն ամենամեծ հետաքրքրությունը վայելում է գեղարվեստական արձակը, այն էլ` ժամանակակից հեղինակները, և հատկապես վեպերը: Պոեզիան, ցավոք, չունի պահանջարկ: Ցավոք, քանի որ մենք ունենք բավականին ուշագրավ և՛ ժամանակակից, և՛ իհարկե, դասական բանաստեղծներ: Մեզ շատ են հարցնում ժամանակակից մանկական գրականության մասին, սակայն այդ ժանրում մենք շատ քիչ բան ունենք առաջարկելու միջազգային ընթերցողին:

Մենք բազմաթիվ արժեքավոր հեղինակներ ունենք` դասական և ժամանակակից:  Սակայն այնքան էլ հեշտ չէ ընտրել հեղինակների, ում ստեղծագործությունները պիտի առաջարկենք այլ երկրներում: Բանն այն է, որ հայ գրականությունը բոլորովին ծանոթ չէ միջազգային ընթերցողին: Եվ ոչ միայն գրականությունը, այլ երբեմն նաև մեր երկիրն իր մշակույթով հանդերձ: Այո՛, շատերն են լսել Հայաստանի մասին, ոմանք էլ գիտեն, որ, օրինակ, Շարլ Ազնավուրը հայ է, բայց դա բավական չէ: Շատերը նույնիսկ հարցնում են, թե ինչ դավանանք ունենք, տեղյակ չեն մեր պատմությանը, կամ քարտեզի մեր տեղին: Մարդիկ պատրաստ չեն գնել գիրք ու կարդալ իրենց բոլորվին անծանոթ մի երկրի պատմության կամ սոցիալական խնդիրների մասին: Մեր դերն է նախևառաջ հնչեցնել Հայաստան անունը և հայ գրողների անուններն այդ երկրներում` ավելի մատչելի, ժամանակակից ու բոլորին հասկանալի գրականության միջոցով: Խոսքս ավելի բեստսելլերային ոճի գրականության մասին է: Ծանոթանալով հայ հեղինակներին` կառաջանա նաև հետաքրքրություն երկրի և, ինչու ոչ, նաև այլ տիպի գրականության հանդեպ` դասական գործերի, պատմավեպի, նույնիսկ պոեզիայի հանդեպ: Առաջնորդվելով այս գաղափարով, մենք ներկայացնում ենք բացառապես ինտելեկտուալ ու արժեքավոր գրականություն:

— Արդեն քանի՞ հեղինակ ունեք Ձեր ցանկում:

— Շուրջ 20 անուն, սակայն ավելի ակտիվ աշխատանքներ են տարվում դրանցից մի քանիսի հետ: Դա է ցանկացած գործակալության աշխատանքային ոճը: Տարիների ընթացքում, հիմնվելով թե՛ դրական և թե՛ բացասական փորձի վրա, ընդլայնվում է հեղինակների ցանկը, ներկայացվող ոճերը:

— Ինչպե՞ս եք ընտրում հեղինակներին:

— Այսօրվա մեր հիմնական հեղինակների ընտրությունը պայմանավորված է նրանց ստեղծագործությունների ոճով և բովանդակությամբ: Մենք գնահատում ենք ստեղծագործությունները որոշակի չափանիշներով: Դրանք են` թեմայի արդիականությունը, լեզվի  յուրահատկությունները` թարգմանության ժամանակ նվազագույն կորուստներ ունենալու համար, ինչպես նաև այն, թե որքանով է հետաքրքիր և հասկանալի լինելու ստեղծագործությունը միջազգային ընթերցողին: Այս հարցում մեզ օգնում են մասնագետներ` գրականագետներ, գրողներ, ոլորտի հետ կապ ունեցող և գիտակ մարդիկ, որոնց հետ համագործակցում ենք: Մենք քննարկում ենք նաև այնպիսի մանրամասներ, թե որ ստեղծագործությունը որ երկրում ավելի հետաքրքիր կլինի` հաշվի առնելով մշակութային նմանությունները, ազգային, պատմական ու գրական ժանրերի ընդհանրությունները:

— Արդյոք գանձու՞մ եք գումար հեղինակներին ներկայացնելու համար:

— Ոչ: Մենք նրանց հետ կնքում ենք գործակալական պայմանագիր, ըստ որի` հրատարակչի հետ գործարքի պայմանագիր կնքելուց հետո գործակալությունը ստանում է իր տոկոսները հեղինակին հասանելիք գումարից: Այդ տոկոսները, ինչպես նաև պայմանագրերի գները, կարող են տատանվել, ուստի յուրաքանչյուր պայմանագիր հեղինակն ու գործակալն առանձին քննարկում են և գալիս վերջնանական համաձայնության:

— Ունե՞ք արդեն հրատարակված որևէ հեղինակ արտասահմանում:

— Դեռ ոչ, թեև մի քանի բանակցություններ ընթացքի մեջ են: Սակայն դա ամենևին էլ զարմանալի չէ: Հրատարակումը բարդ գործընթաց է: Մեկ գրքի լույս տեսնելը կարող է տևել մինչև երկու տարի: Եվրոպական մեծ հրատարակչություններն ունեն իրենց հրատարակչական ծրագրերը` մոտակա երկու տարվա կտրվածքով: Նրանք օրական ստանում են  տասնյակ ձեռագրեր ու առաջարկներ: Ու եթե մեզ հաջողվում է նրանց հետ կապվել ու հետաքրքրել, ապա գրքի հրատարակությունը կարող է իրականություն դառնալ լավագույն դեպքում երեք տարի հետո: Գրական գործակալության աշխատանքն իր բազմաթիվ բարդություններն ունի` հաշվի առնելով նաև այն փաստը, որ մենք ճանապարհ ենք հարթում զրոյից:

 — Որո՞նք են հիմնական խոչընդոտները:

— Գործակալության աշխատանքներին խոչընդոտում են մի քանի հիմնական հանգամանքներ: Առաջինը թարգմանությանն աջակցող կառույցի բացակայությունն է: Շատ երկրներ, հատկապես նրանք, որ արժևորում են իրենց ազգային գրականությունը, դրա տարածման նպատակով ստեղծել են հիմնադրամներ: Դրանցից որոշները պետության կողմից ֆինանսավորվող կառույցներ են` մշակույթի նախարարություններին կից, մյուսները` պետական և մասնավոր կառույցների  մասնակցությամբ ստեղծված հիմնադրամներ, որոնք ֆինանսական աջակցություն են  առաջարկում արտասահմանյան հրատարակիչներին` իրենց հեղինակներին հրատարակելու համար` կամ թարգմանության, կամ էլ հրատարակչական որոշ ծախսերի մասով: Սա մի կառույց է, որը շատ անհրաժեշտ է մեր երկրին: Հաճախ ինձ հետ են կապվում միջազգային հրատարակիչներ, ովքեր հայտնում են իրենց պատրաստակամությունը հրատարակելու մեր հեղինակին` թարգմանության աջակցության առկայության դեպքում: Իհարկե, ՀՀ Մշակույթի նախարարությունն աշխատում է աջակից լինել մեզ այս հարցում և երբեմն ֆինանսավորում է թարգմանությունները: Բայց առանձին հիմնադրամի գոյությունն ավելի համակարգված կդարձնի և կհեշտացնի մեր աշխատանքը: Հայաստանում նման հիմնադրամի ստեղծումն արդեն նախաձեռնված է, սակայն դեռ պետական լուրջ մոտեցման ու ներդրումների, ինչպես նաև անհատների և մասնավոր ձեռնարկությունների ֆինանսական աջակցության կարիք ունի: Հուսով ենք` այն շուտով կգործի ամբողջ ուժով ու կիրականացնի հայ գրականության տարածումն ամբողջ աշխարհում:

Մյուս խնդիրը փորձառու գրական թարգմանիչների բացակայությունն է: Մենք այժմ աշխատում ենք նաև այդ ուղությամբ, կազմում ենք հայերենից օտար լեզուների թարգմանիչների տվյալների բազա:

Եվ, իհարկե, խոչընդոտ է նաև այն, որ ֆինանսական միջոցների բացակայության պարագայում մեր գործակալությունը չի կարողանում ակտիվորեն մասնակցել միջազգային  գրքի ցուցահանդեսներին և ստեղծել կապեր միջազգային հրատարակիչների ու գործակալությունների հետ: Կապերը մենք ստեղծում ենք հիմնականում համացանցի միջոցով, ինչն, անշուշտ, ունի իր արդյունավետությունը և ընդունված աշխատաոճ է, սակայն չի կարող փոխարինել անմիջական հանդիպումներին ու շփմանը: Մեզ աջակցում են մի քանի տեղական հրատարակիչներ, որոնք ներկայացնում են մեզ միջազգային ցուցահանդեսների ժամանակ, տարածում մեր տեղեկատվական նյութերը կամ հղում են մեզ արտասահմանյան հրատարակիչներին: Նրանք այդ ամենն անում են ոչ միայն անվարձահատույց, այլև մեծ հաճույքով` գիտակցելով, որ սա զուտ գործարարություն չէ, առևտուր չէ, ու թեև մասնավոր ձեռնարկություն ենք, սակայն մեր առաքելությունն ունի  ազգային և պետական կարևորություն, ու դեռ շատ տարիներ են  պետք, որպեսզի մեր ներդրումը, թեկուզ միայն աշխատուժի ու ժամանակի ներդրումը, մեզ վերադառնա ոչ միայն եկամուտի, այլև հրատարակված գրքերի ու դրական արձագանքների տեսքով:

Մենք զինված ենք համբերությամբ և վստահ ենք, որ հասնելու ենք հաջողության:

Հարցազրույցը՝ Գրեթերթ

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն