Նստած հետևում եմ, թե ինչպես մի փոքրիկ, կլորիկ կոնֆետ մեքենայի մի ծայրից մյուսն է գլորվում: Գեղեցիկ է, կլորիկ, համաչափ է նրա կլորությունը, թեթև քաշի հետ մեկտեղ` ունի ծանրություն: Մի պահ կորցրեցի նրան տեսադաշտիցս: Մարդիկ այնքան շատ խցկվեցին տրանսպորտի մեջ, որ չեմ կարողանում գտնել, թե ուր գլորվեց:
Տարբեր են մարդիկ: Նայում եմ՝ մեկը նիհար է, հոգնած, թառամած. ասես պատշգամբի բազրիքից կախ տված այն չորացած պղպեղներից մեկը լինի, որոնք տատիկների խոհանոցի անբաժան մասն են կազմում, մյուսը՝ երիտասարդ է, առույգ, գեղեցիկ, համակրելի կառուցվածքով ու արտաքինով (ու գիտեք, երբ այդպիսի մեկը բարձրանում է տրանսպորտ՝ բոլորի հայացքներն անխտիր դառնում են դեպի նրան), մեկ ուրիշն այնքան անճոռնի գեր է, որ չի կարողանում տեղավորել մարմնի մեծությունը:
«Տեսնես ինչու՞ է այսքան գիրացել»,- մտածում եմ` նայելով դիմացս նստած տիկնոջը, որն իր մեծ փորով ու դուրս ցցված ահռելի կրծքերով հենվել է ծնկներին դրած քառակուսի պայուսակին: Այսքան ծանր կրծքեր քաշ տալն էլ մի բան չի: Կարմիր լույս է: Դիմացից եկող մեքենաների աղմուկը նման է ժայռից գահավիժող ամբոխի աղաղակի: Լսում եմ ինչ-որ ճռռոց: Նայում եմ ներքև. շփոթված հայացքով փնտրում եմ կոնֆետը: Մարդկանց գունագեղ ու տարբեր չափսերի կոշիկների արանքից՝ մի կերպ կարողանում եմ գտնել այն: Նրա թարմությունն ու կենսուրախ լինելը ժպիտ է առաջացնում դեմքիս: Ահա, կարծես թե այս կանգառում մարդիկ են իջնում ու կարծես թե տեղ կազատվի նրա համար` մնացած ճանապարհն առանց ոտքի տակ ընկնլեու շարունակելու համար: Զուգահեռ շարքի երկրորդ նստարանին բավականին ծեր մի կին է նստած` որին նայելով ուզում եմ փռթկացնել: Մազերի խուզվածքից սկսած մինչև կոշիկների ընտրությունը` պահպանել է իր երիտասարդության ոգին: Բարակ ու մի փոքր էլ հավաքված շուրթերի վրա ալ կարմիր շրթներկն այնպես է քսած՝ կարծես միլիմետրով գծած լինի, նույն գույնի էլ լաք է քսել՝ արդեն կնճռոտած ձեռքերի եղունգներին ու մի բոլ արծաթեղեն շարել վրան: Աջ ձեռքին կա ժամացույց, դե այն ժամացույցներից, որոնցից գրեթե բոլոր այդ սերնդի կանայք ունենում են՝ շղթայատիպ, արծաթագույն, փոքրիկ ամրակներով ու շա՜տ գեղեցիկ: Նայելով պայուսակի փոքրությանն արդեն կարող եմ թվարկել, թե ի՞նչ է խցկել այնտեղ. շրթներկ, թաշկինակ, եղունգների համար խարտոց, փոքրիկ սանր, ու… էլի երևի ինչ-որ բան, որին ռենտգենիս ապարատն այնքան էլ պարզ ցույց չի տալիս: Մարդկային տեսակների բնութագրությունն ու զվարճալի համեմատություններ անելը քիչ անց, իսկ հիմա վերադառնամ սկիզբ:
Մի փոքր ձախ, ահա, ու մի քիչ էլ դեպի ներքև, բայց ա՜յ հետ գլորվելով դիպչում է կարմիր շրթներկով տիկնոջ կոշիկին: Անտարբերություն, անգամ չնկատեց, որ ինչ-որ բան կպավ ոտքին: Լավ է գոնե չտրորեց: Տեսնես ո՞վ է գցել այն այստեղ, ու չի էլ նկատել, որ ինչ-որ բան է կորցրել իր կյանքից: Ու տեսնես այն կորցնողն ինքն ինչպիսի՞ն է իր տեսակով՝ բարի, չար, ներող, կռվարար, թե համբերատար ու… ու անշահախնդիր նվիրող: Լինում է նաև հակառակը՝ նվիրվող: Հա՜, հա՜, հա՜, դե իհարկե, նվիրող, նվիրաբերող, զոհաբերող, միանման բառեր ու միանման գործողութունների շարան. հենց այդպես էլ երևի մտածել են ու իրենցից մի մասնիկ շպրտել՝ հասարակության ոտքերի տակ: Հո մի մեծ բան չէ:
«Զգու՛յշ, զգու՛յշ, հիմա կլխճվես: Ա՛ջ, ա՛ջ եկ, այստեղ մարդիկ խցկված չեն».- մտքիս մեջ ինքս ինձ անհանգստանում եմ:
Կանգառ է: Դռները բացվեցին: Բարձրանում է մի գեղեցիկ աղջիկ: Բարձրակրունկ կոշիկների փայլն ակնառու հասկացնել է տալիս նոր լինեը: Դեմքի նրբությունն ասես հունական դիցաբանությունից վերցված լինի: Աչքերս պլշած նրան եմ նայում ու չեմ կշտանում: Տեղավորվելով ավտոբուսի վերջում, ազատ միակ նստատեղին՝ հայացքը հառում է մի կետի ու մնում: Ավտոբուսն այնքան էլ մեծ չէ, այդ պատճառով նկատելի է յուրաքանչյուր քայլ: Ժպտում է: Սակայն հասկանալի չէ, թե ու՞մ է ուղղված այդ սառը ժպիտը: Հիմա նոր, երբ արևի լույսն ընկել է աչքերին, նկատվում է նրանց գույնը: Բայց նորից չեմ կարողանում որոշել, թե ի՞նչ գույն են: Հետաքրքիր բան է դուրս գալիս, նայում եմ նրան ու չեմ իմանում այդ գույնի անունն ինչպե՞ս է: «Ի՞նչ է կատարվում հետս, սկսել եմ գույները չճանաչե՞լ»,- ասում եմ ինքս ինձ: Կապույտ, կանաչ, դարչնագույն, շագանակագույն, դեղին կանաչ: Չէ՛, սրանցից ոչ մեկ չի համապատասխանում: Ի՞նչ մնաց, որ չեմ թվարկել: Հա՜, իհա՛րկե, դեռ կա` մանուշակագույն, վարդագույն, կարմիր… բայց չէ, ախմախություն եմ մտածում, ինչպե՞ս կարող է մարդու աչքն այդպիսի գույն ունենալ…
Սպիտակ: Սպիտակ են նրա աչքերը: Չէ՛, չէ՛, թափանցիկ չե՛ն, ո՛չ էլ քամելիոն, այլ հենց սպիտակ, սպիտակ, ինչպես բամբակն է կամ ձյունը: Այսպիսի աչքեր ունենում են երևի մահացածները, իսկ ինչպե՞ս է, որ… Մազերը խնամքով թաքցված են գլխարկի տակ: Բայց ինչու՞ ոչ ոք նրան չի նկատում: Տեսի՞լք է ինչ է: Չեմ կարծում, թե խելագարվում եմ: Այս ամառվա շոգին ինչու՞ է ձեռնոցներ դրել ու… վերարկու հագել: Տեսնես չի՞ շոգում: Հա՜, երևի այնքան շոգ տեղից է եկել մեր երկիր, որ այստեղ նրա համար ցուրտ է: Դե օրինակ աֆրիկական որևէ անտանելի շոգ քաղաքից: Հա՛, հաստատ դա է պատճառը: Չեմ կարողանում միայն տեսնել, թե ի՞նչ հագուստ կա նրա հագին: Ոտքերը մերկ են մինչև ծնկները, դրանից վեր արդեն տեսադաշտը փակում է վերարկուն: Ինձ համար առեղծվածային է նաև այն, որ գրեթե անթերի է նրա արտաքինը՝ միաժամանակ լինելով թերի՝ մարդկային մտքի ամեն հասկանալիի սահմաններում:
Կանգ է առնում ավտոբուսը: Մարդկանց ոտքերի արանքում թաքնվել չկարողանալով՝ դեպի բաց դռներն է գլորվում կոնֆետը: Տեղիցս վեր եմ թռչում՝ ձեռքերս ագահորեն չռելով ամբողջ հատակով մեկ: Գոհ եմ ինքս ինձանից: Մարդիկ հարցական հայացքներով վրաս են նայում: Այդ րոպեին ավտոբուս է բարձրանում մի երիտասարդ՝ ձեռքին թղթերով լի թղթապանակ: Հատակի փոշիները սև բլուզովս ու ծաղկավոր կիսաշրջազգեստովս մի լավ մաքրելով՝ վեր եմ կենում: Ճանապարհ եմ տալիս երիտասարդին ու փոշոտված հագուստս թափ տալով մարդկանց երեսին՝ վերադառնում տեղս: Ասես ոչինչ չի եղել: Եվ իրոք, իսկ ի՞նչ է եղել որ: Ոչի՛նչ, ոչի՛նչ, քանի որ հայտնվեցի մարդկանց ոտքերի տակ և… ոչինչ չպատահեց: Երևի չնկատեցին: Կարծեցին, թե խելագար եմ, ուրիշ ոչինչ: Չնայած, հնարավոր է այդպե՞ս է…
Դռները փակվեցին: Հազիվ կարող եմ հանգիստ շունչ քաշել: Նայում եմ հատակին, որքա՜ն կեղտոտ է: Փոշին կարծես արդեն անջնջելի շերտ է կազմել: Մեկ առ մեկ երևում են մարդկանց կոշիկների թողած հետքերը: Այ, ահա այս մեկն այն երիտասարդինն է, ով հենց նոր բարձրացավ, իսկ այս մեկն այն երիտասարդինն է, ով նստած է «սպիտակ աչքերի» կողքին, իսկ այ այս մեկը՝ երրորդ նստարանին նստած տիկնոջն է, իսկ ահա սա, հա՜, հա՜, հա՜, սա հնարավոր չէ չտարբերել, «սպիտակ աչքեր»-ինն է: Չգիտեմ ինչու, սակայն չեմ գտնում կոնֆետի փոքրիկ, աննկատ ոտքերի հետքերը: Հաջորդն իմ կանգառն է:
Կանգառ է: Վարորդն արգելակեց ավտոբուսը: Դռները բացվեցին: Առջևիս նստած գեր տիկինը հետույքը մի կերպ պոկելով տաքացրած նստաղեղից, իրեն թափահարելով, դռներից դուրս վազեց: Բոլորն ինչ-որ տեղ են շտապում, զբաղված են, սիրված են իրենց սիրելիների կողմից, ծնողների կողմից կամ՝ ընկերների: Ու հանկարծ իմ տան մոտի կանգառից ավտոբուս է բարձրանում դասարանցիս: Ալբերտ: Հասարակ և պարզ: Ասես մաքուր ջուր լինի այս անունը: Չգիտեմ, պարզապես ինձ մոտ այդպիսի տպավորություն է թողնում:
Ալբերտ: Այսպես են ցանկացել նրա ծնողներն անվանել նրան: Տեսնես, եթե հնարավորություն լինի` նորածինն ինքն ընտրի իրեն անուն, ինչպե՞ս կվարվի:
Նստեց կողքիս: Հրաշալի տղա է, ընկերներ ենք: Ապրում ենք միևնույն շենքում, նույն հարկի դեմ-դիմաց տներում: Սովորող է, խելացի, դաստիարակված… չունի միայն մի փոքր քիչ խոսելու ունակություն: Կարելի է ասել մի քիչ շատախոս է: Ահա՜, սկսվեց անդադար խոսելը:
— Դու չպե՞տք է այս կանգառում իջնեիր, այսպես ու՞ր ես գնում:
— Հա՛, պետք է իջնեի, բայց անհետաձգելի գործ ունեմ մի քանի կանգառ այն կողմ:
— Գիտե՞ս, թե ամերիկացիներն ինչ են հայտնաբերել, հը՞: Այսօր լուրերով եմ լսել:
— Հա՛, իհարկե գիտեմ: Խոսող ռնգեղջյուր, որը նման է քեզ: Հա՜, հա՜, հա՜:
Այսպես մենք նորից սկսեցինք հռհռալ ու վիճել: Նա մի պատմություն սկսեց պատմել, որից այնքան ծիծաղեցի, որ փորս ցավալ սկսեց: Նրա ջերմությունն ու հոգատարությունը դուր էր գալիս ինձ: Երբեք էլ ոչ մի աղջիկ որևէ մեկի ուշադրության կենտրոնում լինելուց վատ չի զգում: Այդպես էլ ես…
Մտքիցս բոլորովին թռել է կոնֆետն էլ, «սպիտակ աչքերով» օրիորդն էլ: Սկսում եմ անհանգստանալ: Նայում եմ: Չկա: Չկա նա: Չկան «սպիտակ աչքերը»: Այդ ու՞ր չքացավ, այդ ինչպե՞ս իջավ, որ չնկատեցի կամ… որտե՞ղ իջավ: Մարդի՛կ, մարդիկ ինչու՞ են այսքան անտարբեր, մի՞թե չեն նկատում, թե ինչ է կատարվում: Իսկ ի՞նչ է կատարվում որ: Վեր եմ կենում տեղիցս: Քայլում եմ դեպի ավտոբուսի վերջը, որտեղ նստած էր նա: Դատարկ է: Նստած է մի երիտասարդ ու վերջ: Շուրթերս առանձնացնում եմ իրարից, ուզում եմ հարցնել, թե չի՞ տեսել արդյոք, որ կանգառում իջավ իր կողքին նստած օրիորդը, բայց… լռում եմ: Սկսում եմ փնտրել կոնֆետը: Տեսա: Դռան մոտ կանգնած մարդկանց ոտքերի արանքում է:
Իջնող չկա: Սիրտս թրթռում է: Կոնֆետն այնքան մոտ է կանգնած դռանը, որ ուր որ է դուրս կգլորվի: Վարորդը սեղմեց դռները փակելու կոճակը, և ես հանգիստ սրտով նստեցի տեղս: Ավտոբուսը հազիվ է շարժվում, արագություն հավաքում ու… կանգ առնում: Հանկարծ… տեսնում եմ, թե ինչպես մարդիկ աղաղակելով պատուհաններից դուրս են նայում: Վարորդն անմիջապես կանգնեցնում է մեքենան ու դուրս գցում իրեն: Ալբերտն արդեն դռների մոտ է: Տեղիցս դանդաղ վեր եմ կենում: Մոտենում եմ պատուհաններից մեկին: Մարդիկ են հավաքված ավտոբուսի անիվներիի մոտ: Արյուն է ամբողջ գետինը: Երիտասարդ աղջիկ է…