Աշնանային անկանխատեսելի օրերից մեկը սկսվեց… Լույսը բավականին բացվել էր, ու օրն արդեն ընկել էր ընթացքի մեջ։ Ամառը վերջացել էր, բայց օդում դեռ տոթը չէր զիջում տեղը։
Քնած մարդու համար դժվար է պատկերացնել, թե ինչ է կատարվում աշխարհում, բայց անգամ երազում մի տեսակ ուրիշ էր այսօրվա քունը, նման չէր ուրիշ ոչ մի օրվա, մյուս օրերի անուշ առավոտվա նինջը չկար, կար միայն անհասկանալի մի բան, որը դեռ քնածին հասու չէր։
Առավոտյան հեռուստացույցի ձայնը լսելն ու այդ ձայնից արթնանալն արտասովոր էր։ Դեռ կիսարթուն պառկած՝ միայն ականջիս հասնող ձայներից փորձում էի հասկանալ, թե ինչն է ստիպել այս ժամին հեռուստացույցը միացնել։ Բայց հեռվից լսվում էին միայն ինչ-որ տագնապ առաջացնող բառեր. «հակառակորդը… Արցախ… դիրքերի ուղղությամբ…», հետո էլ ոչինչ չէի լսում։ Մտածեցի, թե հերթական անգամ մեր «հարևանները» խախտել են հրադադարը ու կրակել դիրքերին, և քանի որ դա արդեն զարմանալի չէր մեզ համար, նորից աչքերս փակեցի, բայց քնել չկարողացա, գլխումս անընդհատ լսածս բառերն էին։ Օդում ինչ-որ թաքնված լարվածություն կար, որը հանգիստ չէր տալիս։ Չկարողանալով անհանգստությունը ցրել՝ հագնվեցի ու դուրս եկա սենյակից, հյուրասենյակում, հեռուստացույցի դիմաց, նստած էր տատիկս՝ հայացքը անհանգիստ հառած հեռուստացույցին։ Երբ ինձ տեսավ, ասաց.
— Հլը նայի էդ ձեր հեռախոսների մեջ ինչ են գրում,- ձայնն անհանգստությունից դողում էր։
— Ինչի՞ մասին, տատ,- զարմացած հարցրի։
— Բա էն անաստվածները խփում են Ղարաբաղին։
— Տա ջան, նորություն չի, հա էլ խփել են, էլի, խի՞ ես սենց խառնվել։
— Է՜, ասում եմ՝ պատերազմ է, ա՛յ աղջիկ,- ու էդ ասելով՝ խորը շունչ քաշեց ու Աստծուն օգնության կանչեց։
— Տատ, դու էլ հո չասեցիր, ի՞նչ պատերազմ։
Էլ չպատասխանեց, միայն անհանգիստ փոխում էր հեռուստացույցի ալիքներն ու ինչ-որ լուր էր ուզում իմանալ։
Ես, ինչպես ամեն առավոտ, այս առավոտ ևս, ասես ոչինչ չէի լսել, լվացվեցի, պատրաստեցի թեյս և թեյելու ընթացքում հեռախոսս վերցրի ու սկսեցի թափառել սոցցանցերում։ Առաջին հանդիպածս նյութը անհանգստացնող էր։ Տատս ճիշտ էր։ Բոլորը գրում էին, քննարկում Արցախ աշխարհի դեմ կատարված հարձակումը։ Շարունակում էի կարդալ, փորձում էի մի հստակ նորություն գտնել, որը հասկանալի կդարձներ վիճակը։ Գտա։ Հայտնում էին, որ լուսադեմին ադրբեջանի «բանակը» հարձակում է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։
Առավոտը ծանրացել էր շնչիս ու խեղդում էր՝ ստիպելով ընդունել անցանկալի ճշմարտությունը։
Կյանքը կանգ էր առել մեր կողքին։ Բոլորի աչքերում անհանգստությունն ու տագնապն էր բույն դրել, ու այդ անհանգստության մեջ նշմարվում էր անիծված պատերազմը, բայց և որը բոլորը ամեն կերպ փորձում էին թաքցնել։ Ծանոթ-անծանոթ՝ զանգում էին իրենց զինվորներին, որ ձայները լսեն, մի քիչ հանգստանան։ Շուրջբոլորը քաոս էր, դժոխային, մեռելային սառնություն էր կախվել օդում։ Ամեն տեղ արդեն քննարկման ամենակարևոր թեման դարձել էր պատերազմը…
Րոպեն մեզ ժամ էր թվում, և այդ ձգված լարվածության վրա անհանգստությունը տխուր մի եղանակ էր նվագում։
Աշուն էր։ Շուրջբոլորը պիտի ներկվեր գեղեցիկ գույներով, պիտի աշունը նուրբ թախիծով լցներ մեր սրտերը, բայց… մեր աշունը սև հագավ ու ողբ բերեց մեզ։
Ամեն օրվա հետ վիճակն ավելի անտանելի էր դառնում, ցավը՝ անմեղմելի։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է նշանակում ամեն օր ստուգել զոհված տղաների անունների ցանկը ու աղոթել, որ հանկարծ ծանոթ անուն չկարդաս։ Բայց սիրտս մղկտում էր ամեն զոհված զինվորի համար… Բոլորս մի մարդ էինք դարձել ու աղոթում էինք, աղոթում էինք միաբերան, ամբողջ ազգով մի սիրտ էինք դարձել, որ ցավին հաղթեինք։ Ժամացույցը կանգ էր առել, և օրացույցի օրերը էլ չէին փոխվում։ Մենք սեպտեմբերի 27-րդ օրում քարացել էինք…
Իսկ ի՞նչ, ի՞նչ, եթե նա, ով պիտի իմ ճակատագիրը լիներ, էլ չկա, նա, ով պիտի ինձ ամենանուրբը գրկեր ու ջերմացներ, զենքը գրկած՝ իր տաք արյունով հողը ջերմացրեց։ Իսկ եթե նա պիտի ամենագեղեցիկն արտասաներ անունս, նրա շուրթերն ամենայն քնքշությամբ պիտի դիպչեին ձեռքերիս, աչքերը պիտի միայն ինձ նայեին սիրահարված, սիրտն իմ գրկում պիտի ամենաարագը զարկեր, իսկ եթե…
Իսկ ի՞նչ, եթե մենք դեռ չէինք ծանոթացել, դեռ չէինք կարոտել իրար, չէինք զգացել, որ սիրահարվում ենք, չէինք ժամադրվել, չէինք խոստովանել, չէինք կռվել, հետո՝ բարիշել, առաջարկություն չէիր արել, դեռ չէի համաձայնել, չէինք ամուսնացել, երեխա չունեինք, չէինք մեծացել, թոռնիկներ չունեինք ու դեռ չէինք ծերացել, ուրեմն՝ ինչո՞ւ…
Իսկ եթե անիծյալ պատերազմը քեզ խլեց ինձնից, իսկ եթե դու հիմա արևի ամեն շողում ես ու ինձ էդպես ես ջերմացնում, իսկ եթե հրեշտակս ես դարձել, ի՞նչ պիտի անեմ ես։
Եթե անգամ իրենցից ոչ մեկն իմ ճակատագիրը չէր, բայց մեկինը հաստատ էր, չէ՞… ուրեմն՝ ինչո՞ւ այսքան կիսատներ մնացին…
Աշնան տերևների հետ մեր սրտերն էլ չորացան ու թափվեցին ցած։ Ամեն օրվա հետ ավելի ծանր էր դառնում ապրելու փաստը, ամեն օր ավելի ցավոտ էինք մեռնում։ Հոգու ջարդ էր դա, բանական բնաջնջում։ Ամեն օրն իր հետ նոր հրեշտակներ էր բերում, ու ամեն օրվա հետ երկինքն ավելի էր հարստանում։
Հիմա ավելի շատ եմ սիրում երկինքը։ Քանի անծայր տիեզերք է հիմա ապրում երկնքում։ Ու արդեն երբ ամեն անգամ գլուխդ բարձրացնես ու նայես երկնքին, շնորհակալ եղիր…
Ցավոտ էին կորուստները։ Մարդկանց, որոնց տեսել էի մանկուց, էլ չէի տեսնելու։ Մի տեսակ անզգա արարածի էինք վերածվել, թաղում էինք ու թաղում, թաղելով տղերքին՝ մեր հոգին ավելի խորն էր թաղվում, մենք մեզ էինք թաղում… Ինչքա՜ն երազանք թաղեցինք։
Մի օր ընկերուհիս հարցրեց.
— Ի՞նչ ես կարծում, մենք հայրենասե՞ր ենք։
— Հա,- առանց իրեն նայելու միանգամից պատասխանեցի։
— Էդ ո՞նց ես իմանում, որ հայրենասեր ես։
— Դե, մենակ հայրենասերը հայրենիքին կտա ամենաթանկը։
— Բայց ամենաթանկը կյանքն ա։
— Հա, բայց ոչ թե քո, այլ՝ հարազատի։ Մենք հայրենիքին ենք տալիս մեր ամենաթանկ մարդկանց, ու արդեն իրենք են դառնում էդ հայրենիքը, դրա համար մենք չենք կարող հայրենասեր չլինել,- պատասխանեցի, ու երկուսս էլ լռեցինք։
Լռությունը երկար մնաց օդում կախված ու տանջում էր մեր մտքերն ու հոգիները։ Արդեն քանի անգին կյանք էինք տվել հողին, չէինք կարող ասել, միայն գիտեինք, որ մնացած դատարկությունը էլ ոչնչով չէր լցվելու։
Մարդկանց հետ տխրեց երկիրս, դարձավ մեր վիշտը կիսող, ցավից ողբացող սգավոր դարձավ, մայր դարձավ՝ որդուն սպասող, աղոթք դարձավ ու հասավ Աստծուն, ավելի հարազատ ու թանկ դարձավ…
Իմ երկրում աշունն արնահոտ է բուրում…