«Ես հասկացվեցի՞:
— Դիոնիսոսն ընդդեմ խաչյալի…»:
Ֆրիդրիխ Նիցշե. «Ecce Homo:
Ինչպես դառնալ՝ ինչ կաս»
Էդվարդ Մունկի հանրահայտ «Ճիչը» կտավը փոխանցում է նկարչի մղձավանջների, վախերի, ընկճախտի և միայնության տառապանքից ի հայտ եկած բարդ ապրումները։ Արդյոք միայն հոգեկան տառապա՞նքն էր հանդիսանում նորվեգացի գեղանկարչի արվեստի այն հիմնաքարը, որն արտացոլվեց էքսպրեսիոնիստական ոճի կիրառության իր ինքնատիպ ձեռագրում։ Անդրադառնալով իր աշխատանքի գաղափարական կողմին՝ Մունկը նշել է, որ ցանկացել է պատկերել բնության ճիչը։ Իսկ ի՞նչ է բնությունը, եթե ոչ սկզբնաղբյուրը մեր ապրումների։ Չէ՞ որ յուրաքանչյուր զգացմունք սահմանված է բնությամբ։ Այն ինքն է արարում և ոչնչացնում՝ միաժամանակ կույր մնալով ցանկացած վշտի և տառապանքի հանդեպ, որը ծնունդ է առնում նրա իսկ արգանդից։ Ամեն մի չարտահայտված խոսք, ամեն մի զսպված ցասում, թաքցված զգացմունք, խուլ բղավոց սնուցում է բնությանը՝ իմաստավորելով կյանքը։ Չասված բառերը ևս արվեստի գործիքակազմ են, որոնք ընդունակ են խախտելու հաստատված իրերի հերթականությունն ու լուռ արարելու՝ այդպիսով նմանակելով բնությանը։ Բնությունը լուռ է այնքան ժամանակ, քանի դեռ լուռ է մարդը, բայց հերիք է մարդը ճիչ արձակի՝ ի ցույց դնելով իր հոգեվիճակը, շրջակա աշխարհը փոփոխության կենթարկվի. հայացքները կսևեռվեն իր վրա, օդը կգաղջանա, միջավայրը կդառնա մռայլաշունչ, իսկ էներգետիկ դաշտը՝ ճնշող։ Այդ մասին Մունկն ինքն է գրել. «Երբ ես քայլում էի ճանապարհով, հանկարծ երևաց արևը, և ամբողջ երկինքը դարձավ արյունագույն, և այդ ժամանակ ես զգացի թախծի շունչը, բարձր անվերջանալի ճիչն ասես խոցեց շրջակա բնությունը»։ Ի վերջո, ով էր այդ կտավի ճչացող հերոսը, եթե ոչ բնության մարմնավորումներից մեկը։ Ցավը չի ծնվում արվեստից, այլ՝ արվեստն է ծնվում ցավից՝ անցնելով մարդ-բնություն ուղին։ Ես դեռևս չեմ անցել այդ ուղին, քանի որ չեմ հաղթահարել անտանելի գլխացավի շարունակական նոպաները, որոնք հենց բնության ծնունդ են։ Գլխիս միջի զարկերակային բաբախումները սրում են ճակատային ցավը, որն ուղիղ կերպով անդրադառնում է յուրաքանչյուր մտքի կառուցվածքի և մատուցման ձևի վրա։ Եթե չլինեին գլխացավերը, ծնունդ չէին առնի ներկայիս մտքերը, սակայն դա կյանքումս առկա հիվանդության միակ առաքելությունը չէր. երկրորդ ու վերջին առաքելությունն էր՝ հաղթահարել կյանքը։
Մունկի գրեթե բոլոր կտավներում կյանքի հաղթահարումն է ցավի միջոցով, տառապանքը՝ նեղության, իսկ անհուսությունը՝ է՛լ ավելի մեծ հուսահատության միջոցով։ Բոլոր իր հերոսները՝ ճչացողից սկսած մինչև անկողնուն գամված հիվանդ երեխան, թվում է, կատարյալ են իրենց տառապանքի մեջ, և հենց այդ կատարելությունն էլ իմաստավորում է կյանքի անկատարությունը։ Նրանք ապրում են՝ ասես ագահորեն կլանելով ամեն մի ցավոտ ակնթարթը՝ տանջանքի ոչ մի վայրկյանը բաց չթողնելով։ Անգամ թաքնված վայելքի որոշակի դրսևորում է նկատվում այդ տանջանքի հանդեպ, որը ամենից ցայտուն կերպով արտահայտվում է 1893 թվականին վրձնած իր «Վամպիր» կտավում։ «Հիվանդությունը, խելագարությունը և մահը՝ սև հրեշտակները, որոնք պահպանում էին իմ օրորոցը և ուղեկցում ինձ ամբողջ կյանքի ընթացքում»,- ասել է Մունկը։ Նա նույնպես տառապել է գլխացավերից և տեսողական աուրայով միգրենը տեղ է գտել իր կտավներում, որոնք իրականությունն արտացոլում են ասես լող տվող խեղաթյուրված պատկերներով, ինչը բնորոշ է նոպայի պահին միգրենով հիվանդի տեսողական ընկալմանը։ Նկարակալի առջև կանգնած՝ նա հաղթահարում էր սպիտակ թղթի դատարկությունը՝ փոխարինելով այն մեկ այլ դատարկությամբ, ինչին նրան մղում էր գլխացավով ուղեկցվող հենց այդ տեսողական այլափոխումը։
Փորձում եմ ի մի բերել մտքերս ու գրի առնել՝ առանց հետոյի մասին խորհելու։ Հանձնարարված է գրել, նշանակում է՝ պետք է գրել, որքան էլ ընդդիմանամ։ Գրելու գինը միշտ անկեղծությունն է, բայց շատ հաճախ հենց անկեղծությունն է ստի նմանվում, երբ առանցքում անձնականն է։ Խաբեությունը ռիսկային է, իսկ անկեղծությունը՝ չափազանցված։ Պետք է գրեմ, նույնիսկ եթե ընդհատվեմ գլխացավից։ Պատճառը հարգելի է՝ քրոնիկ հիվանդություն, բայց հարգելի չէ նյութի բովանդակությունը՝ որպես հիվանդության հետևանք։ Մյուս կողմից՝ գոնե գրելիս ազնիվ կլինեմ առաջին հերթին ինքս ինձ հետ, իսկ ընթերցողի վրա՝ թքած։ Նախքան մատս համակարգչի ստեղնաշարին հպելը պետք է համոզվեմ, որ չեմ աստվածանարգելու, քանզի ստեղծագործելիս իմ մեջ միշտ ցանկություն է արթնանում որևէ կերպ հակադրվել Աստծուն, իսկ ստեղծագործության նյութը միշտ չէ, որ թույլ է տալիս դա։ Եթե Աստված է ստեղծել գրչությունը, ապա միայն մեկ նպատակով. որպեսզի տեսնի, թե միլիոնավոր գրչակներից քանիսն իրեն կանարգեն։ Չկա կրոն առանց բարոյականության, չկա հավատք առանց փոքրիկ անարգության։ Վերջիվերջո, էլ ի՞նչ Աստված, եթե չես կարող ուրանալ նրան։ Դրա լավագույն միջոցը գրելն է։ Ժամանակին, երբ հավատացյալ էի, չէի փայլում հավատքով, իսկ այժմ, երբ անհավատ եմ, պարբերաբար երկխոսության մեջ եմ Բարձրյալի հետ։ Գտնվելով երկու ծայրահեղությունների արանքում՝ ես պետք է կամ հավատայի Աստծուն, կամ էլ մերժեի՝ կախված գլխացավիս նոպաների հաճախականությունից։ Չհավատայի՝ անպատվելու էի նրան, հավատայի՝ կրկնակի էի անպատվելու. երկու ծայրահեղություններն էլ նույն կետին էին բերելու։
«Վարպետն ու Մարգարիտան»-ում Միխայիլ Բուլգակովի ստեղծած Պոնտացի Պիղատոսը մարմնավորում է հենց իր՝ հեղինակի ապրումներն ու վախերը՝ կապված ճակատագրական ընտրության հետ։ Յեշուա Հա-Նոցրիին խաչելությունից փրկելու վախը, որը Բուլգակովի կողմից իբրև արատ էր դիտարկվում, պայմանավորված էր քահանայապետ Կայափայի՝ կայսրին Պիղատոսից դժգոհելու հանգամանքով։ Դրան գումարվում են Պիղատոսին պարբերաբար տանջող գլխացավերը, որից, սակայն, Հա-Նոցրին ազատում է իրեն, ինչով էլ արժանանում է Պիղատոսի համակրանքին։ Վեպում նշվում է, որ Պիղատոսը տառապում է հեմիկրանիայով, որը միգրենի լատիներեն անվանումն է։ Բուլգակովն ինքը տառապում էր միգրենի նոպաներից, որոնք, բնականաբար, իրենց արտացոլումն ունեցան նրա ստեղծած ամենավառ կերպարներից մեկում։ Հա-Նոցրին իրեն մեղավոր էր զգում, որ, Պիղատոսի առջև կանգնած լինելով, ինչպես ինքն է բնորոշում, հանդիսանում է վերջինիս դահիճը, քանի որ ամեն անգամ, երբ Պիղատոսը բարձրացնում է հայացքը և նայում Յեշուային, գլխացավը սրվում է։ Իմ նոպաների պահերին շատ հաճախ ինքս եմ իմ սեփական դահիճը դառնում, երբ նայում եմ հայելու մեջ՝ տեսնելու, թե որքան է աչքս արյունակալել՝ ի ցույց դնելով նոպայի սրացման նախանշանը, իսկ դեմքս բարձրացնելու պահին ցավը կրկնակի է ուժգնանում. նույն կերպ, երբ նստած լինելով համակարգչի դիմաց, ինչպես հիմա, պետք է բարձրացնեմ հայացքս, որպեսզի տեսնեմ Word Document-ի դատարկ էջն ու լրացնեմ այն։ Գրելու ընթացքում, շատ դեպքերում՝ հենց գրելուց առաջ էլ, սկսվում է գլխիս աջակողմյան հատվածում անտանելի ցավը, որը հետզհետե ավելի ու ավելի է սրում դատարկ էջին թարթող ազդանշանը։ Ստեղծագործելու փոխարեն հանձնվում եմ՝ հանգելով այն հետևությանը, որ արվեստն է հանդիսանում իմ դահիճը։
Եթե անկեղծ, ապա էսսե գրելու մեջ ոչ մի բարդություն չկա։ Պարզապես պետք է երեք բան՝ փիլիսոփայել, փիլիսոփայել ու էլի փիլիսոփայել։ Ըստ իս՝ բոլորովին պարտադիր չէ բովանդակային ու տրամաբանական մասի հանդեպ ուշադրությունը։ Տրամաբանությունից զուրկն էլ իր մեջ փիլիսոփայություն է պարունակում։ Հերիք է ընդամենը վերցնես բազմատեսակ, իրար հետ կապ չունեցող մտքեր ու դրանցով ինքդ քեզ համար կեղծ տրամաբանական մի թեզ հորինես, որի հիման վրա կկարողանաս տարատեսակ փիլիսոփայական ու գիտական տեսություններ կառուցել։ Ես ամեն կերպ փորձել եմ զերծ մնալ նման սոփեստությունից, բայց որքան փորձում ես խուսափել, այնքան ավելի ես ընկղմվում սեփական մտքերիդ հորձանուտի մեջ։ Ինստիտուտում անցնում ենք առարկա, որը կոչվում է արվեստի փիլիսոփայություն, որի շրջանակներում էլ մեզ հանձնարարված է գրել էսսե «Երկու ես-երի կոնֆլիկտը» թեմայով։ Իսկ եթե երկու ես-երի կոնֆլիկտը բուն էսսեն գրելու շուրջ է, ստացվում է՝ ընդհանրապես պետք չէ գրել։ Չէ՞ որ որևէ կերպ պետք է լուծում տալ այդ կոնֆլիկտին, իսկ լավագույն լուծումը տվյալ դեպքում կլինի չգրելը, որին կողմ է այն ես-ս, որը տառապում է գլխացավերից և ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերջ տալ իր կյանքին, մինչ մյուս ես-ն ընդդիմանում է առաջինին՝ կառչելով կյանքից և չտրվելով այդ օրվա նոպայի ցավերից ծնվող և դեպի ինքնաոչնչացում տանող մտքերին։ Իմ պարագայում առաջին ես-ս իմաստավորում է երկրորդին, ինչպես մահը, որը արժևորում է կյանքն ու իմաստավորում վերջինիս նշանակությունը։ Եթե չոչնչանամ, չեմ կարողանա ինքս ինձ ամեն անգամ նորովի արարել։ Օրընդմեջ կրկնվող ամեն մի նոպայի ժամանակ ես մահանում եմ, իսկ երբ գլխացավը անցնում է, ասես վերածնվում եմ, քրիստոնեական լեզվով ասած՝ հարություն առնում։ Քրիստոսն ինքը հարություն է առել՝ պարզապես ազատվելով իրեն տանջող ցավերից։ Իսկ ինչպե՞ս է դա արել։ Դրանում իրեն օգնել է բնությունը, որը յուրաքանչյուր մարդու ազատում է և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր ցավերից՝ շնորհելով մահ։ Արյունահոսությունը վաղ թե ուշ դադարում է, վերքերը չորանում են, իսկ կտրվածքներն էլ՝ ուշ թե շուտ սպիանում, դրանում էլ կայանում է ֆիզիկական տվյալներ ունեցող երկրային յուրաքանչյուր սուբյեկտի հարությունը։ Երբ մահացած Քրիստոսին իջեցրել են խաչից, նրա անկենդան մարմինն արդեն սառեցրած է եղել ձեռքերի, ոտքերի և խոցված կողի վերքերը։ Նրա հարությունը կայանում էր հենց ցավից ազատագրվելու մեջ, որում կարևոր դերակատարում ունեցավ բնությունը՝ տալով վերջինիս չարչարանքների միակ սպեղանին՝ մահը։ Հենց մահվան մեջ էլ Քրիստոսի առեղծվածն է։ Քրիստոսն առանց մահվան նույնն է, ինչ քրիստոնեությունը առանց Քրիստոսի։ Հենց այդպես էլ առաջացավ մահվան կուռքը՝ աշխարհի ամենաանհեթեթ կրոնը՝ քրիստոնեությունը, որն իրենից ենթադրում է ոչ այլ ինչ, քան մահվան միջոցով վերքերի ապաքինում։ Եթե տառապանքը քրիստոնեության մեջ հանդիսանում է իբրև գաղափար, ապա կարող ենք դրանից հետևություն անել, որ երբ Հին Հռոմում քրիստոնյաներին որպես կերակուր էին մատուցում առյուծներին՝ դրանով ապաքինում էին նրանց վերքերը՝ ազատելով գաղափարական տառապանքից։ Մարտիրոսները զոհ գնացին իրենց գաղափարներին միայն այն պատճառով, որ կյանքին ծառայելու ավելի լավ ձև չգտան։ Մերժելով կյանքը՝ նրանք ընդունեցին մահը՝ գաղափար անգամ չունենալով, որ այդպիսով իմաստավորում են կյանքը իրենց հանդեպ տածած է՛լ ավելի մեծ ատելությամբ։ Երանի թե լիներ մի այնպիսի կրոն, որն իր մեջ չէր ունենա ո՛չ Աստված, ո՛չ մարգարե, ո՛չ էլ հավատացյալ, այլ՝ ուղղակի կներառեր իր մեջ կյանքը՝ իր ծնունդով և մահով։
Նորից տեսնում եմ էջին թարթող ազդանշանը, մկնիկով բարձրանում վերև ու վերընթերցում էջերը՝ տեսնելով, որ գրել եմ ամեն ինչ, բայց դեռ չեմ գրել ոչինչ…
Համարյա 10 րոպե հյուրասենյակում ետուառաջ քայլելուց հետո հանգեցի այն եզրակացությանը, որ լավ է ամեն ինչ ջնջել ու սկսել նոր տողից։ Միևնույն է, դատարկաբանությունից բացի, դժվար թե դասախոսս այստեղ որևէ հետաքրքիր բան գտներ։ Իսկ ինչո՞ւ եմ այս անիմաստ մտորումներն այժմ գրի առնում։ Ավելի լավ չի՞ լինի ջնջել մտածմունքներից բաղկացած բոլոր ձանձրալի տողերն ու թողնել միայն բովանդակային մասը։ Բայց այդ դեպքում էլ կմնա միայն հայհոյանքն առ Աստված։ Դժվար թե հերետիկոսական խոհերս որևէ կերպ փրկեին իրավիճակը։ Ճիշտ կլինի ամբողջը ջնջել կամ էլ միանգամից հեռացնել desctop-ի վրայից «Երկու ես-եր» վերնագրով ֆայլը։ Միևնույն է, դասախոսս պահանջել է, որ էսսեն ձեռագիր գրենք, հետևաբար՝ իմաստ չունի շարունակել այս թուղթ մրոտոցին։ Եթե անգամ ինչ-որ մի վերջաբան մտածեի այս մենախոսությանը, դժվար թե ալարկոտությունս թույլ տար բոլոր այս էջերը ձեռագիր արտագրել։ Բացի դրանից՝ շուտով գլխացավի նոպան վրա է տալու, և ամեն ինչ գրողի ծոցը գնա։ Չեմ կարծում, որ կկարողանամ սուր գլխացավով որևէ կրեատիվ ավարտ մտածել։ Իսկ եթե այսօր գլխացավ չլինի՞։ Չնայած՝ չէ, ինչպե՞ս կարող է չլինել, չէ՞ որ վերջին նոպան եղել է երեկ չէ առաջին օրը, ստացվում է՝ հաջորդ նոպան այսօր է՝ ըստ օրընդմեջի գրաֆիկի։ Այս սպասումը երբեմն հիշեցնում է մահապատժի սպասող մահապարտի։ Իմ կարծիքով՝ եթե երբևիցե մահապարտի կարգավիճակում հայտնվեմ, կմտածեմ ոչ թե գլուխս կտրող գիլյոտինի կամ էլ մարմինս այրող էլեկտրական աթոռի մասին, այլ՝ դրանց նախորդող գլխացավի նոպայի՝ հույս ունենալով, որ գոնե մեռնելիս միգրենն ինձ չի առաջնորդի։ Նոպայի ժամանակ մտովի և ֆիզիկապես պարալիզացված ես լինում, իսկ երբ ինքնազգացողությունդ լավ է, կարող ես ազատ ընտրել՝ երբ և ինչպես մեռնել։ Եթե մահն ընկալելու մեջ ազատ ես, ազատ ես նաև կյանքն ընկալելու մեջ։ Երբ կյանքն ու մահը բալանսավորվում են, ծնունդն իմաստ է ստանում։ Ծնունդն է կանխորոշում մահը։ Յուրաքանչյուր ծնունդ՝ լինի հոգու թե մարմնի, իրենից ներկայացնում է մահվան բացահայտում, որի միջոցով էլ կյանքը ճանաչելի է դառնում։ Հիվանդությունը ճաշի նախապատրաստության պես է, իսկ կյանքը՝ մահվան խոհանոցը։ Երբ գլխացավը սկսվում է, 11 ժամ հետո թուլանում և այնուհետև վերանում, թվում է՝ միայն այդ ժամանակ եմ գիտակցում իրերի ճիշտ հերթականությունն ու ընդունում, որ կա ընտրության հնարավորություն։ Ընտրությունն է ծնունդի, կյանքի և մահվան եռամիասնությունը։ Եթե ընդունակ չես ազատ լինել ընտրության մեջ, ավելի լավ է վերջ տուր կյանքիդ. գոնե այդ հարցում ընտրության ազատություն կունենաս։ Կարծում եմ՝ սա էլ կթողնեմ որպես ավարտ, եթե, իհարկե, չմտափոխվեմ ու չջնջեմ այս ամենը։
Որոշել էի դուրս գալ և փոքր-ինչ զբոսնել Կոմիտասի այգում։ Ընդամենը մի քանի քայլ էր շենքից դեպի այգի, բայց դեռ հայտնի չէ՝ կեսից մտափոխվելու էի ու վերադառնալու տո՞ւն, թե՞, այնուամենայնիվ, ավարտին էի հասցնելու զբոսանքս։ Նույնիսկ նման աննշան հարցերում վստահ չեմ որոշմանս վրա, էլ ո՜ւր մնաց՝ էսսե գրելու, որտեղ ամեն բառիդ վրա պետք է վստահ լինես։ Գուցե հանդարտ քայլքը այգու ծառուղիներում որևէ միտք հղացներ երկու ես-երիս մասին, ինչի շնորհիվ կջնջեի ամբողջ այս զառանցանքը և վերջապես կանցնեի բուն նյութին։ Մտքովս նույնիսկ անցավ ընկերուհուս հրավիրել այդ զբոսանքին, բայց մինչև նա քաղաքի մյուս ծայրից գար-հասներ այդտեղ, ամենայն հավանականությամբ, ես արդեն տանը կլինեի՝ համակարգչի առջև նստած, էսսեն գրելիս, եթե, իհարկե, այդ ընթացքում որևէ միտք ծագեր գլխումս։ Բնականաբար, ոչ մի միտք էլ գլխումս չծնվեց, հակառակ դեպքում՝ չէի նկարագրի այգու իմ ոդիսականը, այլ՝ միանգամից կանցնեի հանձնարարված թեմային։ Այգու կենտրոնական մուտքի մոտ գտնվող նստարաններից մեկին նստեցի ու սկսեցի նայել անցուդարձ անողներին։ Գուցե չստեղծագործելուս պատճառն այն էր, որ պատճառ չունեի ստեղծագործելու։ Միգուցե երկու ես-երիս մասին մտորումներս ջուրծեծոցի էին, և իրականում ոչ մի ես էլ չունեի։ Իսկ եթե խնդիրն այն էր, որ ուզում էի ստեղծագործել, ապա երկու ես-երի մասին պետք է ոչ թե ստեղծագործել, այլ՝ իրականությունը գրել։ Բայց անգամ իրականությունը ներկայացնելու համար որևէ դրդապատճառ էր պետք։ Ընկել եմ սարուձոր. Մունկ, Բուլգակով, Պոնտացի Պիղատոս… Փոխարենը կարող էի գրելու համար արհեստական դրդապատճառ ստեղծել։ Հեն է գետնի վրայից մի քար կվերցնեի ու այգում ճեմող պառավի գլխին կտայի. կմեռներ թե չէր մեռնի՝ դա էլ կլիներ իմ ստեղծագործելու նյութը։ Վերջիվերջո, ընդամենը մեկ բանաստեղծության համար Ներոնը մի ամբողջ քաղաք վառեց, որտեղ հաստատ հարյուրավոր այդպիսի պառավներ կային. ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ աննպատակ տեղաշարժվող այդ մեկ պառավի կյանքը հանուն փիլիսոփայական լուրջ աշխատության։ Հայտնի է լեգենդն այն մասին, որ Միքելանջելոն խաչել է իր բնորդին, որպեսզի նրա տառապանքի տեսարանով ոգեշնչված՝ պատկերի խաչված Քրիստոսի հոգեվարքի տանջանքները։ Այդ լեգենդը, եթե դա իսկապես լեգենդ է, հեշտությամբ կարելի է վերագրել իրականությանը, քանի որ հենց իրականությունն է արվեստի ոգեշնչման աղբյուրը հանդիսանում, նույնիսկ եթե ստիպված ես լինում արհեստական միջոցներով հասնել ոգեշնչման։ Բնությունն ինքն է ստեղծագործում՝ ստեղծելով ի ծնե հաշմանդամների, խեղվածների, սիամական երկվորյակների կամ էլ ի ծնե մեռածների… Ո՞վ ասաց, որ մարդն էլ չի կարող նույն կերպ ստեղծագործել՝ ծառայելով արվեստին։ Հակառակ տարածված կարծիքի՝ արվեստը պահանջում է ոչ թե զոհեր, այլ՝ սուրբ նահատակներ, որոնք քրիստոնեական մարտիրոսներից տարբերվում են այն բանով, որ զոհ են գնում հանուն գրական, լսողական, կատարողական և տեսողական արվեստների, այլ՝ ոչ թե հանուն անհպելի, խուլ, անդեմ և անտես մի Աստծո։
Գլխումս առաջացած այսպիսի մաքսիմներից չէի կարողանում տեղումս հանգիստ նստել։ Արյունս եռում էր, և կրկին մտավախություն կար, որ ուր որ է սկսվելու են գլխացավի առաջին նախանշանները՝ ծակոցները ճակատիս աջ հատվածում։ Այդ մտավախությունը ցրելու նպատակով և էսսեի համար շարունակելով որևէ միտք որսալ՝ ես վեր կացա տեղիցս և քայլեցի ծառուղիներով մինչև Կոմիտասի անվան պանթեոն։ Սկսեցի մտածկոտ քայլելով շրջել մշակութային գործիչների հուշարձանների կողքով։ Ցերեկվա ժամի արևային թույլ ճառագայթումից առաջացած լույս ու ստվերի խաղը որոշ կիսանդրիների դեմքերին դժգոհության երանգ էր հաղորդել։ Հույս ունեի գոնե Փարաջանովի, Իսահակյանի, Սարոյանի և արվեստի մյուս հայ մեծանուն ներկայացուցիչների քանդակներին սևեռվելով գտնել ոգեշնչմանս աղբյուրը, բայց, ավաղ, ասես միտումնավոր հենց իմ այդտեղ գալու ժամանակ նրանց դեմքերը ոչ բարյացակամ արտահայտություն ստացան։ Որոշ դեպքերում ճիշտ են ասում, որ արձաններն ինքնին կռապաշտական են։ Կարևորն այդ արձանների «բնորդների» թողած ժառանգությունն է։ Հայերիս, անկեղծ ասած, խորթ չէ կռապաշտությունը։ Գոնե այդ քարապաշտությունը մի օգտակար տեղ օգտագործեինք. վերադառնալով մեր ակունքներին՝ մեր հին աստվածների՝ Արամազդի, Վահագնի, Տիրի արձանները կառուցեինք։ Անցյալի մեծություններին իրենց թողած գործերով ենք ճանաչում, այլ՝ ոչ թե քարե դիմաքանդակներով, իսկ հին աստվածներին, որոնք գոյություն ունեն մեր սկզբնավորման ժամանակներից ի վեր, կարող ենք ճանաչել միայն կուռքերով, որոնց արդեն բավականաչափ չենք կարևորում՝ միաստվածության պատկերացումներից ելնելով։ Յուրաքանչյուր պետություն ունի իր նախընտրած և պետականացրած կրոնը, սակայն ոչ բոլորն են հրաժարվել իրենց հին հավատալիքներից ու հին աստվածներից, որովհետև մինչ օրս դրա մեջ են տեսնում իրենց ուժն ու ինքնությունը… Սակայն մենք հրաժարվեցինք մեր արիական ինքնությունից՝ տուրք տալով սեմականությանը, որը ոչ մի առնչություն չունի մեր գենետիկայի հետ։ Քանդելով մեհյանները՝ մենք կանգնեցինք խաչի առաջ, որը սրբացրինք՝ խաչելով մեր սեփական ճակատագիրը։ Այդ պատճառով էլ մինչ օրս ոգեշնչման աղբյուրը փնտրում ենք ոչ թե մեր արմատներում, այլ՝ գերեզմանոցներում և եկեղեցիներում։ Գերեզմանատները եկեղեցիներից միայն մեռյալների քանակությամբ են տարբերվում։
Ասես ձեռնունայն վերադարձա տուն և համակարգչի ստեղնաշարին թակելով՝ անմահացրի այս զառանցանքը, որը կցեցի նախորդ էջերի ինքնախոսականին ու վերնագրեցի «Հակաէսսե»… Դասախոսս, կարծում եմ, ըմբռնումով կմոտենա և կհարգի ստեղծագործական ազատությունս, իսկ եթե չընդունի բովանդակային մասը՝ պնդելով, որ այստեղ էսսեի հանձնարարված բուն նյութը՝ երկու ես-երի կոնֆլիկտը, բացակայում է կամ էլ բավականաչափ ցայտուն կերպով չէ ներկայացված, ապա, հուսով եմ, որ ինձ լուծարքի թողնելով՝ նա գոնե կոպիտ բառերով չի որակի աշխատանքը և որևէ իմաստ կգտնի այս խզբզոցի մեջ։ Լուծարքն ինձ համար դաս կլինի, և վերահանձնումից առաջ կսովորեմ ոչ թե ստեղծագործել երկու ես-երիս մասին, այլ՝ նկարագրել իրականությունը, որը, գուցեև, կապ չունի ո՛չ իմ, ո՛չ էլ ես-երիս հետ, բայց այն ընդունված է իրականություն համարել։ Անգամ իրականությունն է ստեղծովի, պարզապես պետք է գրես այն մասին, ինչը հաճո կլինի ընթերցողին և չի պղծի վերջինիս աչքերը։ Այս ամենից հետևություն արեցի, որ իրականության արտացոլումը կարող է նաև առանց դրդապատճառի լինել, և մեռնող պառավի մասին գրելու համար պարտադիր չէ նրան սպանել։
Հանկարծ «Ճիչը» կտավի հերոսի պես երկու ձեռքով գրկեցի գլուխս, ու մի պահ թվաց, թե գլխացավը սկսվում է։ Ով ինչպես ուզում է մեկնաբանի այդ կտավը, ես այդ աշխատանքը չեմ համարում 20-րդ դարի մեծ աղետները կանխագուշակող մարգարեական կտավ, այլ՝ համարում եմ հասարակության և գլխացավերով տառապող անհատի անհամատեղելիության դրսևորում։ Բայց հանկարծ իջեցնում եմ ձեռքերս ու զգում, որ նախատեսված ժամին գլխացավի ոչ մի նոպա էլ չսկսվեց։ Միգուցե խառնել էի նոպան սկսվելու գրաֆիկը, և գլխացավի օրը այսօր չէր։
Շարադրելով այս ամենը՝ եկա այն եզրահանգմանը, որ գլխացավի բացակայության դեպքում անիմաստ է այդ թեմային մի ամբողջ էսսե նվիրելը։ Թերևս, սա կարող էր լինել ոչ թե նոպայի գրաֆիկի խախտում, այլ՝ տարիներով ինձ տանջող հիվանդության ավարտի մասին կանխատեսում։ Իսկ եթե այդպես է, ապա իմ ցավերի արտացոլմամբ լցված այս էջերը պետք է վերանան, որպեսզի իրենց հետ վերջնականապես ջնջեն ամեն բացասականը և այդ կործանիչ էներգիայից զերծ պահեն ապագան։ Որքան ավելի հստակ էր աչքերիս առջև պատկերանում առանց միգրենի կյանքը, այնքան ավելի մեծ եռանդով էի լցվում՝ ջնջելու այս ամենը։ Ինձ համար ոչ կորսված մտքերն էին ցավալի, ոչ էլ աշխատանքի բացակայության պատճառով սպասվող լուծարքը։ Ապրելով առանց միգրենի ՝ ես ազատ կլինեմ ընտրելու՝ երբ և ինչպես մեռնել, հետևաբար՝ ոչ մի ցավ, բացի ֆիզիկականից, չի կարողանա ինձ ճնշել։ Սեղմելով ատամներս և փակելով աչքերս՝ ես պատրաստվում եմ մատս իջեցնել ստեղնաշարի delete կոճակին և սպիտակեցնելով էջերը՝ աղբարկղն ուղարկել ընդամենը առավոտյան բացված այս ֆայլը…
Հ.Գ. — Desctop-ի վրայի ֆայլը վերացնելուց հետո, ինչպես միշտ, մոռացա ջնջված ֆայլերը վերացնել նաև աղբարկղից։ Երկու օր հետո, երբ ընկերուհիս այցելեց ինձ, չգիտես ինչու, որոշեց տնտղել համակարգիչս, մինչ ես սուրճ էի պատրաստում։ Հետաքրքրասիրությունից դրդված՝ ֆայլերը բացուփակ անելով հասավ Recycle Bin-ին և իմանալով գրածս տեքստերն ըստ տրամադրության ջնջելու սովորությանս մասին՝ որոշեց «հետախուզել» նաև աղբարկղը։ Անմիջապես նկատելով Word document-ի տարօրինակ վերնագրերով ֆայլեր՝ «Ես եմ Դիոնիսոսը», «Self-harm1 կամ էլ սուրբ նահատակի սինդրոմ», «God-Dog»2, «Արվեստի հոգեբանության լեկցիաներ», «Թատրոնի տեսության հոդվածներ» և այլն, նրա ուշադրությունը կանգ առավ «Երկու ես-երի» վրա։ Օրեր առաջ ես նրան խոսքի մեջ ասել էի, որ հանձնարարել են էսսե գրել երկու ես-երի կոնֆլիկտի թեմայով, և այժմ նրան տարօրինակ թվաց, որ «Երկու ես-եր» վերնագրով ֆայլը հայտնվել է աղբարկղում։ Նա անմիջապես գլխի ընկավ ինչն ինչոց է և վերականգնելով ֆայլը Recycle Bin-ից՝ սկսեց ընթերցել։ Երբ սուրճը բերեցի, նա արդեն հասել էր Պոնտացի Պիղատոսի գլխացավերին։ Ինչպես միշտ, երբ որևէ արարք է գործում առանց իմ իմացության, նա իր գրավիչ ու խորամանկ ժպիտով ինձ է նայում։ Ես թույլ տվեցի նրան, որ ընթերցի մինչև վերջ։ Ավարտելուց հետո նա վեր կացավ տեղից և, կրկին առանց թույլտվության, վերցրեց դարակիցս A4 ֆորմատի սպիտակ թղթերն ու գրիչը, նստելով կողքիս՝ սկսեց լուռ արտագրել տեքստը՝ իմանալով, որ աշխատանքը պետք է հանձնեի ձեռագիր տեսքով։ Ես ըմպում էի սուրճը և նայում, թե ինչպես է նա լրացնում էջերը՝ չհեռացնելով դեմքից ժպիտը։ Այդ պահին մտաբերեցի միգրենի իմ նոպաները, որոնք արդեն երեք օր է չկային։ Ու այդ պահին գիտակցեցի, որ Աստծուն հավատալը կամ չհավատալը, շատ անարգելը կամ քիչ անարգելը պայմանավորված չի եղել նոպաների ո՛չ հաճախականությամբ, ո՛չ էլ առկայությամբ, ինչպես կարծում էի նախկինում։ Կռապաշտությունը հենց այն է, որ յուրաքանչյուր կուռք կարող է քեզ համար աստվածություն դառնալ՝ լինի Արամազդը, Վահագնը, Տիրը թե, ի վերջո, Դիոնիսոսը։ Ինձ համար տարիներ շարունակ կուռք էր հանդիսանում հիվանդությունս, որն իր հազվագյուտությամբ տարբերում էր ինձ մեծամասնությունից՝ ստեղծելով անհատ լինելու խաբկանք։ Այժմ, երբ ազատված եմ գլխացավերից, այն մտահանգմանն եմ եկել, որ անհատ լինելու համար պարտադիր չէ ունենալ ոչ կուռքեր, ոչ էլ Աստված։ Աստվածները հենց մեր երկու, երեք, չորս կամ էլ հինգ ես-երն են, որոնցից յուրաքանչյուրն իրենից մի առանձին անհատականություն է ներկայացնում։ Երբ ընկերուհիս ավարտեց արտագրելը, արդեն իմ ձեռքով ավելացրի այս հետգրությունը։ Որքան էլ նա ցանկանում էր կարդալ հետգրությունը, ես թույլ չտվեցի, քանի որ այն ավելին է պատմում իմ մասին, քան անհրաժեշտ է, ավելին, քան ամբողջ էսսեն։ Միգուցե օրերից մի օր նա հասկանա պատճառը, իսկ եթե ոչ, ապա այդ պատճառը կգտնի իմ մյուս ստեղծագործություններում։
1 Ինքնավնասող վարք կամ ինքնավնասում (թարգմ.)։
2 Անգլերեն God (Աստված) բառի անագրաման՝ dog (շուն)։