Գիտաֆանտաստիկա ասելով՝ հաճախ կարող ենք պատկերացնել մեծ տիեզերք, հորինված մոլորակներ և արբանյակներ, որոնցում կատարվող դեպքերը համեմված են տիեզերական անընկալելի տերմինաբանությամբ, և որում աշխարհն իր արտաքին գեղեցկությամբ և մեխանիկայով առաջին գծում է։ Կարծես գիտաֆանտաստիկան անջատ է հանրամատչելի գրականությունից և հասանելի է միայն բաց տիեզերքի խրթին բառապաշարին տիրապետող մարդկանց։ 

Եվ չնայած այդ մոլորությանը՝ գիտաֆանտաստիկայի անժամանակ կոթողները շարունակում են ներգրավել անգամ ժանրին անտարբեր մարդկանց։ Առաջինը կհիշենք Հարլան Էլիսոնի «Ես բերան չունեմ, բայց պիտի գոռամ» (I Have No Mouth, And I Must Scream) հանճարեղ հետապոկալիպտիկ պատմվածքը։ 1967 թվականի ստեղծագործության մեջ արծարծվում են այսօր արդիական թեմաներ, ինչպիսիք են տեխնոլոգիական առաջընթացի մութ կողմը և մարդկության դիմադրողականությունն ու անվերջ սարսափում ողջամտություն պահպանելու պայքարը։ Ահա և կատարյալ մի պատմվածք՝ առանց որևէ խճճող բառամթերքի, դիպուկ և անվրեպ, զուրկ որևէ կոսմիկ մանրամասներից, որոնք էական առնչություն չունեն դիպվածի հետ։

Հենց այս հարցում էլ աննկարագրելի փայլ ունեն Ստրուգացկիները։ Հիրավի, ստեղծել հանճարեղ գործ, որն արտաքինից կունենա գիտաֆանտաստիկան բնութագրող բոլոր շերտերը, բայց կլրացվի նաև անդնդախոր ներքին աշխարհով, որտեղ կարելի է անվերջ մոլորվել սոցիալական թեմաների պատասխանների փնտրտուքում։ Ինչպես առավել հայտնի «Խնջույք ճամփեզրին» վիպակում, որտեղ այլմոլորակայինների հարվածի հետագա զարգացումներում բացահայտվում է ինքը մարդը, նրա անկարևորությունը մեծ աշխարհում, վախերն ու ռիսկերը, «Դժվար է Աստված լինել» գործում էլ մեծ ֆենթեզի աշխարհն ընդամենն արտաքին թաղանթ է, որտեղ կարևորվում է մարդու էությունը և նրա արձագանքն անողոք մարտահրավերներին։ 

Դոն Ռումատան գաղտնի գործակալ է ապագա Երկրից՝ կոմունիստական ուտոպիայից, որին ուղարկում են այլ մոլորակ. այստեղ ապրող մարդիկ դեռ միջնադարից հեռուն չեն զարգացել։ Ռումատան ունի ընդամենը մեկ առաջադրանք՝ հետևել, արձանագրել ու չխառնվել։ Սակայն այս մոլորակում ամեն ինչ դաժան է՝ կյանքը, մահը, սերը, հանրային կառավարումն ու անգամ ընկերությունը։

«Դժվար է Աստված լինել» վիպակում արծարծվում են երկընտրանքի առաջ կանգնեցնող կարևոր թեմաներ. որքա՞ն կարող է բանական մարդը դիմանալ դիտորդի դերում, արդյո՞ք ճիշտ է Թեզը, որ մարդկությունն անխուսափելորեն կհանգի կոմունիստական ուտոպիային, որքա՞ն ճնշող կարող է լինել կրոնը, մի՞թե կարելի է սպանել, որ ստեղծել նոր մարդկություն։

Ստրուգացկիների սովետական այս վեպը միանշանակ լավագույն գիտաֆանտաստիկ վեպերից մեկն է, որ հասել է մեզ, և, առհասարակ, լավագույն սոցիալական վեպերից մեկն ամբողջ աշխարհում։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն