(Վահե  Արսենի   «Կանաչ աստվածների վերադարձը»  ժողովածուն)

«Հոգու ճամփորդությունը այն ժամանակ է միայն սկսվում, երբ քնում են քաղաքական գործիչները»:

Ժամանակակից կյանքի պատկերներով է կառուցված Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» ժողովածուն: Այն որոնումների և պայքարի յուրօրինակ ճանապարհ է: Ճանապարհ, որ անցնում է տեսիլների, երազ-իրականություն զուգահեռների, նորօրյա քաղաքի և սեփական ինքնությունը պահպանել ու հաստատել փորձող քնարական հերոսի ընդվզումների միջով: Ժողովածուի բանաստեղծական աշխարհը կառուցված է բազմաթիվ սիմվոլների, ինքնատիպ համեմատությունների և հնարավոր ու անհնար պատկերների սինթեզով: Ժողովածուի գեղագիտական ամբողջությունը ուղենշվում է ընդվզումների, հակադրությունների ճանապարհով, որը երկարում է մինչև արև: Այդ ճանապարհը ոչ այլ ինչ է, եթե ոչ փախուստ իրականությունից: Դեռևս Վահե Արսենի առաջին` «Թռչող հեծանիվը» գրքի մասին գրված հոդվածում Հայկ Համբարձումյանը «Ոչինչը» որակում է որպես «գրքի ընդհանուր համատեքստում լոկ հեղինակի փախուստն ընդգծող բանաստեղծություն»*: Այս մոտիվը առավել հաճախադեպ է դառնում «Կանաչ աստվածների վերադարձը» ժողովածուում` ի մասնավորի առաջին շարքում, ուր աշխարհատեսնման դիտանկյունը բանաստեղծ-քնարական հերոսի հոգին է: Քնարական հերոսը փակվում է ինքն իր մեջ. «Ես կրկին ընկղմվում եմ/ կյանքի խխունջապատյանի մեջ, /համոզված, /որ/ կգտնեմ լույսի ճեղք/ վերջում…» (էջ 11) Լույսի ճեղքը այստեղ նույն գործառույթն ունի, ինչ արևը: Վերջինս ժողովածուի առանցքային սիմվոլներից է, թերևս` ամենաէականը: Եվ բոլորովին պատահական չէ ժողովածուի առաջին շարքի անվանումը` «Ճեպընթաց մինչև արև»: Այս խորհրդանիշը հանդիպում է շարքի գրեթե բոլոր բանաստեղծություններում: Առհասարակ, համաշխարհային դիցաբանության և գրականության մեջ տարածված սիմվոլ է արևը` որպես արական սկիզբ և կյանքի աղբյուր: Այն նկատելի է Ռեմբոյի, Ռիլկեի ստեղծագործություններում և սիմվոլիստական գրականության մեջ ընդհանրապես: Վահե Արսենի պոեզիայում արևը յուրովի է վերաիմաստավորվում` իմաստային զարգացում ունենալով բանաստեղծությունից բանաստեղծություն: Արևը քնարական հերոսի ձգտումն է, երազը, որի ճանապարհն անց է կենում «փողոցից փողոց, նրբանցքից նրբանցք»: Սա հոգու ճամփորդություն է, որտեղ ուղեգորգը ձյան փաթիլն է, որի զուգահեռը արևի հետ, առաջին հայացքից պարադոքսային է թվում: Սակայն գրական տեքստի զարգացման մեջ հատվում են հնարավոր-անհնարինի սահմանագծերը. բանաստեղծության տարածքը քնարական հերոսի «ինքնություն-քաղաքն» է` բանաստեղծի հոգին կամ ներաշխարհը, որի մեկ այլ խորհրդանշան է հայելին: (Վերջինս` որպես մարդկային հոգու պատկեր, ևս առկա է համաշխարհային գրականության մեջ): «Ձյունը մեղմ ծածկեց ինքնություն-քաղաքս/, և դատապարտված ես բարձրացա փաթիլն ի վեր`/ դեպ ձնաղացները նախնական: /Ոչ շատ հեռու`/ լոգարանիս խոսող հայելում, /օդը կախարդական գորգ է դառնում/ և գանգատվում բրդյա բախտից»: «Հեռացող հայելի» (էջ 6) Եթե վերոնշյալ բանաստեղծության մեջ դեպի արև է առաջնորդում եթերային փաթիլը, ապա «Այլաբանություն» բանաստեղծության մեջ շարժումն ավելի ռեալ է, իրական, շարժման օբյեկտը մետրոն է, որն անձնավորվում է. «Արևին աչքով է անում և կրկին մայր մտնում» (էջ 8): Մեկ այլ տեղում նույնացվում են Արևն ու Աստված. Աստծո որոնումը «երկաթե մեղուներ ծնող և օրեկան փոշով ծածկված» քաղաքում, հանգում է արևի փնտրմանը. «Քաղաքի սիրտը, կարծես, մեռնում է ականջիս մեջ, /լսում եմ լռության մարող թշշոցը և սկսում փնտրել, /փնտրել մանրադիտակով,/Յուպիտերից մարդկային մեկ կյանք դեպի Արև…»: «Քաղաքը երբեմն զարթնում է…» (էջ 17) Այս միստիկ մետաֆորին հաջորդում է արևի մարդեղացումը («Արևը և ծխախոտը»): Մի ուրիշ բանաստեղծության մեջ Արևը կյանքն է` որպես «կորսված արահետների» ամբողջություն, որը գիշերվանից է ծնվում («Կորսված Արևի արահետներով» էջ 29): Գիշերվա և ցերեկվա, քնի և արթնացման հերթագայության մոտիվը` որպես կյանքի և մահվան հարափոփոխ ընթացքի վկայություն, առկա է ժողովածուի այլ բանաստեղծություններում ևս («Անձրևից էլ առատ անձրև», «Արթնացում», «Եվրահամարակալում» և այլն): Առաջին շարքով կարմիր թելի պես անցնող «դեպի արևը ձգվող ճամփան» ընդհանրացման է հասնում շարքի համանուն բանաստեղծության մեջ: Երկարող ճանապարհին «մի նոր աշխարհ է ծնվում», որտեղից «հոսում է ներաշխարհը դուրս»` ճեպընթացով մինչև Արև, մինչև երջանկություն և անավարտ հեքիաթ: Այդ հեքիաթը և ողջ արևային ճանապարհը բանաստեղծի մտապատրանքն է, որ ծնվել է գիտակցականի և ենթագիտակցականի, այլ խոսքով` խոհի և հույզի կայարանում, ուստի տվյալ համատեքստում տրամաբանական է կասկածը. «Կարո՞ղ է միտքը քաղաքներ կառուցել ա­ր­ևի հակառակ կողմում…» (էջ 21) Ժողովածուում շարժման, որոնման ընթացքը իր արտահայտությունն է գտնում տարբեր խորհրդանշաններում` մետրո, զբոսանք, փաթիլ, ճեպընթաց, կոշիկ և անգամ գոլորշի, որին զուգահեռվում է կյանք մակդիրը («Տրոհվող իներցիա»): Եթե առաջին շարքում բանաստեղծական էատարրը հույզի կամ խոհի վերացարկումն է` արտահայտված մի քանի սիմվոլների կամ պատկերների ձևով, ապա երկրորդ` «Երևանյան և համամարդկային ընդվզումներ» շարքում վերջիններիս կիրառումով ստեղծվում է պատկեր-նկարագրություն: Բանաստեղծը նկարագրում է ժամանակի քաղաքն ու այն իրականությունը, որից «թաքնվելն անհնար է». «Թաքնվելն անհնար է/ քաղաքական տիղմ-քամիներից, /երգող, պարող այոիկ-ոչիկներից… / Թաքնվելն անհնար է /լուսամփոփի պես աղջնակից,/(ընդգծումն իմն է` Ա.Հ) մենք թեյում էինք հենց նրա` ընտրություններից կոփված / աշխատասենյակում…» (էջ 66) Չարենցյան հայտնի հղումը` հեգնախառն վերաիմաստավորմամբ, եզակին չէ Վահեի պոեզիայում (հղումներ կան նաև Չարենցի այլ ստեղծագործություններից, Սերվանտեսից և Հեմինգուեյից). այսօրինակ դրսևորումները միտված են ընդգծելու նոր ժամանակների մարդու և քաղաքի փոփոխությունը առհասարակ, որի դեմ էլ ընդվզում է քնարական հերոսը. «Ես անձնազերծում եմ անձնագիրս,/ կտրում եմ լարը հեռախոսի, /այրում տանը եղած գրքերը ճշգրիտ գիտությունների, /կոմպյուտերը շպրտում եմ պրոսպեկտի /եռուզեռին ընդառաջ և մի պահ/ ափսոսում…» (էջ 105): Թերևս հենց այդ ընդվզման և պայքարի արդյունքում էլ ծնվում են կանաչ աստվածները` որպես երազած քաղաքի խորհրդանիշ: Աստվածների սիմվոլը անմիջապես առնչվում է արարման հետ. այն բանաստեղծի կերտած իրականությունն է, որ «ծնվում է մարդու հուսահատությունից» (Էջ138): Ինչպես նշում է Հասմիկ Հակոբյանը` «Կանաչ աստվածները աղմկոտ քաղաքի հակադարձումն են,հասարակական մարդ-էակի հոգեկան ամբողջականության պահպանման ամենօրյա պահանջ-պայքարը»:** Սակայն բանաստեղծն անկարող է կանգնեցնել ժամանակի հարահոս ընթացքը. «Տրամվայի մոնտաժված գծերով անց­­յալը իջնում է «Նաիրի» կինոթատրոնի մոտով…» (էջ 74) «Սա, ըստ էության, փոխված արժեքային համակարգի, իր շավղից դուրս եկած ժամանակի, աբսուրդ իրականության ընդարձակ մետաֆորն է, որը գոյավորվում է մասնավոր տարածությունների մեջ, այնուհետև ի մի բերվում-ընկալվում իբրև բանաստեղծության նշ­ան…»,- գրում է Արքմենիկ Նիկողոսյանը***: Այս բնորոշումը, ըստ իս, հատկանշական է ոչ միայն վերոնշյալ բանաստեղծության, այլև ամբողջ շարքի համար ընդհանրապես: «Երևանյան և համամարդկային ընդվզումներ» շարքը, որ պատճառահետևանքային կապի տրամաբանությամբ առաջին մասի անմիջական նախորդումն է, սակայն հեղինակի կամ խմբագրի մտահղացմամբ հաջորդում է նրան, թվում է` պետք է ավարտեր ժողովածուն: Սակայն նա դեռ լրացումներ ունի` «Հպանցիկ մտքեր, աֆորիզմներ», որոնք նախորդ շարքերի բանաստեղծություններից դուրս մնացած կամ դրանց լրացնող վերացարկումներն են: Ընդհանրացնելով վերոնշյալ դիտարկումները` կարելի է փաստել, որ հետաքրքիր և բազմաշերտ է Վահե Արսենի պոեզիայի աշխարհը, ուր ամեն երևույթ և իրադարձություն արձագանքվում են բանաստեղծ-քաղաքացու հոգում, և միայն նրա ներաշխարհով անցնելուց հետո անդրադարձվում և որպես բառ ու պատկեր` հանձնվում ընթերցողին:

__________________________

*Հայկ Համբարձումյան, Հե­ծանիվ հայտնագործողի փառքը, «Գրական թերթ», 2004, թիվ 40:
**Հասմիկ Հակոբյան, Ես ապրում եմ, ես հասարակությունն եմ, granish.org, 2010, հոկտ.
*** Արքմենիկ Նիկողոսյան, Այդ նա է` Վահե Արսենը. «Գրեթերթ», 2009, հոկտեմբեր-նոյեմբեր, թիվ 3:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն