Ի վերջո ֆիզիկան միշտ հաղթում է: Ֆիզիկայի օրենքները միշտ են գործում՝ կարծրը կոտրում է փափուկին, մեծը կլանում է փոքրին, մեծ խտությամբ մասսան ավելի ամուր է, քան նոսր խտությամբ մասսան, մի կետի ուղղված շարժումն ավելի արդյունավետ և ուժեղ է, քան ցաքուցրիվ շարժումները: Նպատակասլաց, հետևողական, անդուլ, չհոգնող ու անընդհատ փորձեր անող, անընդհատ նոր տարբերակներ փնտրող, անընդհատ սխալներից սովորող ուժը միշտ էլ հաղթելու է դանդաղաշարժ, ինքն իրեն անընդհատ չկատարելագործող, անցյալի հաղթանակի դափնիների վրա ննջող, շատախոս, ամեն մեծ ու փոքր հարց անվերջ քննարկող ու եզրակացության չեկող, էներգիան ամեն կարևոր ու անկարևոր բանի վրա պարպող, ինքն իր սխալները ընդունել չցանկացող ու փոխվել ալարող, ունեցածը չգնահատող ու անընդհատ մի թեմայից մյուսին շեղվող ուժին:
Հիմա այս վերացարկումից գանք ավելի կոնկրետ դաշտ ու հստակ հարց տանք՝ արդյո՞ք մենք հասկացանք, որ 21-րդ դարում ենք ապրում, իսկ 21-րդ դարը պրոֆեսիոնալիզմի դարաշրջանն է, նեղ ու հստակ ոլորտներում մասնագիտացած, գործին հույզեր ու ապրումներ չխառնող գրագետ մարդկանց ժամանակն է: Արդեն մի քանի տասնամյակ ուսումնասիրված ու փորձված բանաձևերով աշխատող մենեջերը հաղթում է շուստրի չարչուն, գիտական մոտեցմամբ ապրանքագետը հաղթում է երեսուն տարի սադախլո գնացող-եկող Նազիկին, շինարարական կազմակերպությունը հաղթում է ութերորդ դասարանից ցեմենտ կրող տղերքի բրիգադին, գրագետ ու փորձված մարքեթոլոգը հաղթում է յութուբի վիդեոներ նայած ու սեմինարներ վարող Վարսիկին, իսկ առավոտից երեկո զենքի հետ աշխատող պրոֆեսիոնալ զինվորականը հաղթում է խոզերի ֆերմա ունեցող գեներալին, զորամասի կողքը քյաբաբնոց բացած զամպալիտին կամ տանկի սալյարկա գողացող զամպատեխին կամ էլ զինվորի մայկա հագնող կապիտանին… Որովհետև ժամանակին էլ հրացանն է հաղթել նետ ու աղեղին, որքան էլ նետ ու աղեղով տղան ուժեղ լիներ ու առնական, որովհետև գիտությունը միշտ հաղթում է, նորը միշտ հաղթում է, կարգապահը միշտ հաղթում է, լավ պատրաստվածը միշտ հաղթում է: Որովհետև թշնամին մարտի դաշտ էր նետել պատրաստված, մարզված զինվորականների, այլ ոչ թե վերջին վայրկյանին հավաքած թատրոնի դերասանի, բալետ պարողի, շինարարի, բանկի աշխատողի, նկարչի, գրողի, տաքսու վարորդի, թոշակառուի, վերջին զանգի երգը դեռ մտքին տղայի, դեռևս կնոջ հետ չեղած լույս տղերքի… Իսկ մենք այդպես արեցինք: Իսկ շարքային ադբեջանցին ապրում էր իր կյանքով… և ոչ ոք նրա թասիբի վրա չէր կասկածում: Որովհետև սա 21-րդ դարն է, պրոֆեսիոնալիզմի դարը, այստեղ տնավարի-ազգովի պատերազմ չեն հաղթում…
Մեր թշնամիները սովորեցին մեզնից ու հաղթեցին մեզ, իսկ ի՞նչ ենք մենք սովորել թեկուզ մեր բազմադարյա թշնամուց: Մենք պետք է սովորենք: Պետք է սովորենք թշնամուն ոչնչացնել հիմնահատակ ու մեթոդիկ կերպով, համբերատար ու առանց զգացմունքների: Մենք պետք է սովորենք ընկերություն անել հնարավոր բարեկամների հետ, կիսաբարեկամից լավ բարեկամ ստանալ, իսկ անբարյացակամին գոնե ավելի թշնամի չդարձնել, և ի վեջո հանձին դաշնակիցների չփնտրենք մամա կամ բարի տատիկներ: Մենք ի վերջո քրիստոնեական արժեքներին վերադառնալու կարիք ունենք, մենք գոռոզությունը մեր միջից հանելու և համեստորեն ինքնակատարելագործվելու կարիք ունենք, մեր արարքների համար պատասխանատվություն կրելու կարողության կարիք ունենք և ամենակարևորը քիչ խոսելու, հարցազրույցներ ու հեռուստավերլուծություններ քիչ տալու և փոխարենը շատ ու շատ գործ անելու կարիք ունենք, իսկ աշխատելու ու գործ անելու լիքը տեղ ունենք՝ առնվազն 29,900 Աստծո պարգև քառակուսի կիլոմետր: