ՀԱՃՈՒՅՔՆ Է ԴՈՂՈՒՄ
ես աղում եմ հույզերս
որ բառեր եփեմ քեզ համար
սրճագույն օվկիանում եռացող
շուրթերս արևներ են հալվող
ու ծուխը
որ փչում եմ օդում
նավս հրող քամիներ
արևելք
արևելք
արևելք
հայելում — լեռներ ալեհեր
արևներ
որ օդն են շոյում
դու հիշում ես այն
ինչ ես շնչում եմ —
արևը նաիրյան ոգու —
դու հիշում ես
կարոտները հեռու
գալարվող
բայց ծնկի չեկող
սենյակդ — դատարկ
արևկող —
ուր ցավն է հավերժ արարում
պարուրում քո հոգին թմրած —
լույսս
փակվող կոպերիդ
ու քնիդ հետ է
մարում
***
կոպերիս տակ — ծիրանագույն —
մարմինս
ծուփ է տալիս
ժայռ չգտնող ալիքի նման —
արևը զարթնում է —
ծխելու պահին
ամենից շատ
հենման կետ եմ
ուզում
***
ամեն տեղ աթոռ կա —
գտիր ու նստիր
գլուխդ դիր
անդարձ
օրվա ուսին
ու սպասիր
երբ են
օպերայի մոտի
զույգ անցումների
զույգ լուսացույցները
գույնը փոխելու
որ անուր սպասումի միջով
շարունակես ուղիդ —
երկա՞ր
թե՞ շատ կարճ
տեսնես
ով գիտի
***
ձեռքերդ
պաղ
աշնան արևի պես ջերմ —
և ես նավարկում եմ դեպի
ափերը քո
***
խոսիր
սեր իմ
չհարթվող ժպիտիդ միջով
որ համբույրին նախորդող պահն է
ու շարունակությունը
քո իմ
իմ քո
մեր
խոսիր
սեր իմ
ու թող ծլի
գարունը
քո իմ
իմ քո
մեր մեջ
***
շուրթերիդ
նստած է
կիսամերկ բառերի
գայթակղիչ ոգին
ու արձագանքում է
լոկ իմ հայացքին —
ձայնդ
վերմակ է
կիսամեռ ցրտին
***
պարանոցովս մեկ
հաճույքն է դողում
քո թույլ շուրթերին
հիմա
նիրհող —
ես բացում եմ
վարագույրը
գոյության
ու ներս եմ մտնում
բացահայտելով
ուրիշ գոյություն —
ես հնչում եմ
ինչպես երբևէ
***
մարմնիս
միակ հենարանը
հոգիդ է
իմ սեր
ու անհարմար է
դարձել քայլելը
հողի վրայով