Եվ նրանք ասին, թե մահ էլ չկա,
Մեռնում ես, կրկին հարություն առնում,
Ես հավատացի, և մի պահ միայն
Անգոյությանը տվեցի կյանքս
Եվ այլևս ետ չվերստացա։

Ռազմիկ Դավոյան

Պատերազմն այն ժամանակ է սկսվում, երբ շուրջդ` երկնքին, ծառին, ջրին, թռչունին ես նայում, այդ պահին ականանետի բեկորը տանում է գլխիդ կեսը, բոլորը` երկինքը, ծառը, թռչունը, մարդը, կոծող տանեցին գիտեն, որ դու մեռել ես, բացի քեզանից` բոլորը գիտեն:

Լևոն Խեչոյան


Թույլերը մեռնում են,
Թույլերը մեռնում են,
Թույլերը…

Հետագա քայլերը անհասկանալի են, որովհետև չգիտեմ, թե ուր ես քայլում և ինչու, բայց արդյոք քայլո՞ւմ ես… Գիտեմ միայն, որ քայլերը բերում են հենց այնտեղ, որտեղ դու ես կամ ես։ Օդից տեղափոխվող մանրէները ոչինչ չեն հուշում քեզ-մեզ հետ կատարվածի մասին. ծուխը արթնանում էր, բարձրանում օդ, տեղափոխվում. երբևիցե չէիր տեսել տեղահանվող օդ, որը, կարճ-կարճ դադարներով պարելով, բարձրանում էր երկինք ու անհասկանալի գահավիժումներով անհետանում։ Մենք կորչում ենք, անէանում ծխի նման։ Մարդը էդպիսի տեսակ է. մշտապես հեռանում է, չքանում սեփական ճակատագրի թելերից, որոնց կտրում են, կամ հատվում է ինքնիրեն, անհետահայաց։ Մենք վերանում ենք երբևէ հղկված օդապատրանքներից և չենք կարողանում ծնել այն ամենը, ինչը պետք է մեզ, որ արթնացնենք մեր ներքնային հասկացությունը և շարունակենք ապրել ու արարել։ Արարում ենք սեփական գաղափարները ուրիշների մեջ և չենք ձգտում կատարելության, որովհետև անիրական է. կատարելությունը հորինվածք է և չի համապատասխանում իրականությանը, իսկ դրանից դուրս դու անհետանում ես, ինքնամոռացվում սեփական գիտակցության խորխորատում…
Դեռ մտածում ես մեր մասին… Երևի մեր մասին մտածելը միակ բանն է, որ կարող է հետ պահել ինձ-քեզ էս մոլորակային խաբկանքներից։ Մտածել քո մասին նշանակում է ապրել, իսկ ապրել մենք շատ ենք սիրում, դու՝ առավել ևս… Արթնանալ, արտևանունքներդ քաշել վեր, աչքիդ կլորակը ձգել, շնչել, նայել առաստաղին։ Բայց էստեղ առաստաղ չկա, էստեղ ոչինչ չկա, որ հիշեցնի քեզ-ինձ։ Մտապատկերները դանդաղ կտրտվում են ծխի անգո քուլաների հետևում։ Հիմա մեկը կպցրեց ծխախոտը` շուրթերին հպած, ձեռքերի մեջ խաղացրեց կրակայրիչը, նայեց, թարթեց, նայեց, թարթեց, նայեց… մինչև գլանակը հասավ ավարտին, նա մահացավ՝ բերանում մարելով սիգարետը վերջին։ Ու մի բան փոխվեց էդ ընթացքում. մարդը բթացավ, ուղեղի ոլորաններում հայտնվեցին նոր պատկերներ. մի քաղաքում եղան հեղափոխություններ, մյուսում ավարտվեց պատերազմը, էն մեկում ոչինչ չփոխվեց։ Փոխվելը ի սկզբանե է տրված. եթե փոխվում է, ուրեմն՝ որոշված գործողություն է կամ վերևից, կամ էլ, ով գիտի, ներքևից. ընդհատակից հիմա ավելի շատ են ձայները, քան ընդավերից. վերևում լռություն է։ Էս մարմինը շատ թույլ է, որ տանի մի ամբողջ գոյություն կամ գիտակցություն։ Գիտակցությունն էլ իր հերթին գոյ է, եթե գիտակցում ես ցավերդ, ուրեմն՝ գոյություն ունես… երևի։
Մարմինները մենակ սիրո ժամանակ են իրենց ճիշտ դրսևորում, մնացած դեպքերում մենք ուղղակի կրում ենք մեր ոսկորների վրա էս ծանրությունը, որը գնալով վերածվում է փոշու։ Մահն էլ մյուսների համար է ծանրություն, ինչպես կյանքը։ Կյանքը կոչել թեթև նույնն է, թե կրիային համոզել, որ ինքը առաջինը տեղ կհասնի առյուծի հետ վազքամարտում, բայց կրիան մշտապես տեղ ունի իր պատյանում, իսկ դու քո տեղում դոփում ես այնքան, մինչև պատրաստ է լինում 3×4 չափի գերեզմանը։

Թույլերը մեռնում են,
Թույլերը չեն ծնվում,
Թույլերը…

Քայլելը անգոյակցման հավերժությունը քո մեջ կրելու տանջանքն է. եթե քայլում ես, ուրեմն՝ տեղ ունես գնալու, եթե թափառում ես փողոցներով, որտեղ քեզ չեն ճանաչում, ուրեմն՝ հասել ես։ Թափառման վրա կենտրոնանալը քեզ մշտապես վանում է քո մտքերի դժոխային արտահոսքից։ Երբևէ ուրախ չես զգում. ժպտում ես, բայց ժպիտը ուրախության հետ կապ չունի, այլ շղթայված է ներսումդ կոծկած դևերի հետ, որ անդադար սկսում են կրծոտել քո մարմինը որդերի նման, իսկ դու ժպտում ես, որ հեշտ լինի, որ չվնասես դիմացինիդ, որ հայելու արտացոլանքի մեջ նույնպես շրթունքների մկանների վրա ներգործի ռեֆլեքսային համակարգը։
Արթնացել ես, նայել ժամին, չխկչխկոցի ու գիշերը բաց թողած վաննայի ջրի ձայնը կտկտացնում էր կիսագնդիդ կեղևի մեջ. կարծես մեկը ավտոմատի ետևի մասով հարվածում էր ծոծրակիդ։ Որոշել էիր չարթնանալ, որ չտանեին, բայց արտաքին աշխարհի ներգործությունը զգում էիր ոտքիդ ծայրից մինչև մազերիդ ծայրի ոլորաններով հոսող գոյիդ վրա։ Անցնում էիր Կիևյանով, ոստիկանների միջով, լսում, թե ինչ էր կատարվել. մեկը նետվել էր, որ ամեն օր ինչ-որ մեկը ընկնում է` ճանապարհ հարթելով մյուսի համար: Դու էլ պետք է նետվեիր, բայց ուշ էր. քո ճանապարհը վաղուց որոշվել էր նախախնամության ձեռքով։
Երկու օր է՝ դեգերում ես տափաստանների միջով, օդից ընկնող մահացու անձրևները թույլ են տալիս մտածել ապագայիդ մասին, որի հետ կապված շատ պլաններ էիր հյուսում։ Մտածում ես, որ այսպես քայլելով կհասնես Եվրոպա կամ գերի կընկնես քո իսկ երկրի սահմանի մերձակայքում. դու սահմանի գիծն էիր, սահմանի դատարկ ճռճռիչը կամ մատնիչը։ Երբեք չէի մտածի, որ կհայտնվես այս ամայի տարածքում ու կփնտրես մարդկային շունչ, գոնե մեկ, գոնե շնչող. հևողներից փախել ես, ետ չես նայել, թե ոնց է երկիրդ այրվում կրակների մեջ։ Ոտքերիդ տակի հողը այնքան ես կուլ տվել, որ ճանաչում ես նրա միջի բոլոր բջիջներին, գիտես՝ ինչ դառնություն ունի, ինչ տրամաչափի քարեր կարող են ընկնել ատամիդ տակ, երբ ծամում ես, ինչ խոնավություն ունի: Արդյոք խոնավությունը ամպերից սվսվալեն իջնող արյան կաթիլ չէ՞, որ դու համտեսել ես քո լեզվի նուրբ ռեցեպտորներով և երբեք չես մոռանա… կամ կմոռանաս շուտով, շատ շուտով։
Մեռնելու պահին տղերքը հաց էին ծամում, մի քիչ ցեխոտ, հազար կիլոմետր անցած փշրանքներ։ Թքի հետ միախառնվելու ընթացքում վերևից քարակույտ ընկավ. չգիտեմ՝ Աստվա՞ծ էր արդյոք, թե՞՝ ոչ, բայց հիմա նրանց մարմիններն անշունչ պառկած են սառը սեղանին` բերանների մեջ երկու կաթիլ փշրանք, որ կշտանալու ու չմեռնելու համար էր նախատեսված։

Թույլերը մոռացվում են,
Թույլերին չեն հիշում…

«Անգամ մոռացությունը քեզ չի փրկի». հիշում ես Պաչյանի «Ցտեսություն Ծիտ» վեպի վերջին տողերը։ «Իսկ մոռացությունը ի՛նձ կփրկի». հակափաստարկ ես բերում ինձ-Պաչյանին, «փրկվելը արդեն մոռացություն է». ինքդ քեզ ես համոզում։ «Փրկվում են մոռացվածները». սկսում ես հակասել, «փրկվում են, բայց չեն փրկվում». ընկնում ես նոնսենսի մեջ։ Խարխափումներով քայլում ես, հիշում հիվանդանոցը, որի մի դռնից մարդիկ էին դուրս գալիս, մյուսից` չմարդիկ` քեզ նման, սպիտակ խալաթներով, ծակծկված վերքերով ու մորֆիացավ կպած։ Հևում ես, որ չես կարող ոչինչ փոխել, շրջափուլի մեջ ես ընկել և անդադար նույն տեղում ես հայտնվում, իսկ հայտնվելը տեղ հասնել չէ` ոնց նախապես ասացիր։ Սկզբում երիկամներդ էին ցավում` անտանելի սուր ծակոցներով, հետո ցավը տեղափոխվում էր, ռեինկարնացիայի ենթարկվում մարմնիդ մեջ, կլորանում, ուռչում, անէանում, կարծես չէր էլ եղել։ Հետո բժիշկները չէին հասկանում, այնուհետև լուսավորվեցին. ինքդ ցավից ես ստեղծված, էդ պապական վերքեր են, որ դնում են ներսումդ մինչև ծնվելը։ Գեներով է գալիս՝ ըստ բժիշկների, բայց էդ գենը չի միայն, էս մի ամբողջական ցավ է, որը դարեր շարունակ կծկվել է մարդկանց ներսում, իսկ հիմա փոխանցվել քեզ, որ դու տանես էդ ամենը, որ ինքդ զգաս, թե քանի դար ենք երկունքի մեջ, որ հասկանաս` ցավը էս աշխարհում ծնվելն էր։
Հերթում կանգնած ես, սպասում ես, որ շարքդ գա, անցնես, չի գալիս… Նայում են աչքերիդ անոթներին, նայում ես բիբերին, նայում են օրգաններիդ, նայում ես բիբերին` մեծացած ու կլորացած, սառը ձեռքերը՝ ասես կատվի մագիլներ, մտցնում են մարմնիդ մեջ, շոշափում օրգան-համակարգերդ, բջիջներդ, հաշվում նյարդերդ, կպչում սրտիդ, իջնում երիկամիդ մոտ, աղիքներդ փաթաթում ձեռքերին, վերուվար անում առնանդամդ, բարձրանում մինչև ուղեղիդ ծալքերը, տակնուվրա անում, խառնում-խառնշտում, հայացքիդ արտացոլանքի մեջ դատարկություն են ներարկում, մի քանի դեղ են տալիս, որ հանձնվելու ժամանակ կծես, չխոսես, հետո հավաքում են լեգոյի նման, նայում են ակնաբիբերիդ, ասում` առողջ ես։ Ճմռթված դեմքով քո ճլորած հայացքը պեչատում են կարմիր ծոցատետրի մեջ, դուրս ես գալիս հիվանդանոցից` քեզ դատարկ տոպրակ զգալով. քամին քշում է մեկ էս կողմ, մեկ էն կողմ։
Գնում ես ետ, ինչքան կարող ես, մինչև ծառի արմատների մեջ մտնելդ, մինչև մորդ պորտալարի հետ խաղալդ։ Ոտքիցդ բռնում են, քաշում, քաշքշում, հարվածում ես բժշկին, որովհետև քո տնից են քեզ գողանում, քո աշխարհի սկզբնավորման կետից, մոլորակի կազմավորման անդունդից, կյանքիդ թելը պոկում են աչքիդ դեմը, նայում դեմքիդ, հռհռում… Բերանդ փնտրում է մորդ կուրծքը (առաջին հպումն է լինում շուրթերի ու կրծքի), սկսում ես ծծել մորդ տարիները փոքր վամպիրի նման, սեղմում ես ստինքը, մայրդ տնքում է, հետո սեղմում ես սիրելիիդ կուրծքը, բերանիդ մեջ առնում կարմրած պտուկը, կծոտում-թքոտում ես, փորձում ես մեխանիկական շարժումներով նորից կյանք կորզել, ձեռքերդ իջեցնում ես դեպի աշխարհի սկզբնավորման հատվածը, դիպչում ես խառնարանին. տաք է մորդ արգանդի ներսում գտնվելու նման, Աստծո՝ ձեռքերը շփելով տաքացնելով աշխարհը գոյացնելու նման։ Դիպչում ես տաքության բնօրրանին, համր գետ է հոսում` չգիտի՝ ուր, գիտի միայն, որ չորանալու է մատներիդ վրա։ Շարժում ես կենտրոնը, գտնում գաղտնախորշը, ներծծվում։ Փնտրում ես երեխայի, քեզ ես փորձում գտնել ընկերուհուդ ներքևներում, շուրթերդ պոկում ես կրծքերից, սողալով իջնում ես, ինչպես օձը կսողար լեռներից դեպի գետը, սլանում ես, տաքանում, կրակներ են դուրս ժայթքում հպումներից, հեթեթում եք, գետի հոսանքին հակառակ լողում։ Միմյանց կապկպված դողդղացող շուրթեր, փակված աչքեր, ջրակայուն մարմիններ, պարող մարմիններ կրակների մեջ։ Նորից ծնվել քո մեջ, նորից լինել քո սկզբնավորման ծիլը, նորից ծծել քո կյանքի ծառը, դառնալ ներսումդ պատուհան` չբացվող, չլուսավորվող։ Չթողնես մտնեն, չթողնես դուրս գան, փակվես, կողպվես։ Ձեռքերդ ավելանում են` Շիվայի նման, գրկում աղջկան, սեղմում-սեղմռտում, մազերը քաշում, պտուկները կտրում, հեշտոցը ճղում, հետանցքից ձեռքեր են մտնում, Աստծուն են փնտրում, որ էս շրջափուլը կանգնեցնի. չկա, չկա Աստված, մարդու մեջ չէ, դատարկության մեջ է կամ դատարկությունը՝ նրա։ Ձեռքերդ բռնել են, քո իսկ ձեռքերը. երկար, արնանման հետքերը կաթկթում են ներքև, գլուխն է երևում` փոքրիկ, անմազ, հետո էլի գլուխ, հետո էլի, էլի, էլի, էլի, էլի, էլի…

Թույլերը հոգնում են,
Թույլերը չեն ձգում,
Թույլերը…

Ջուրը հանգստացնում է. կանգնած ես ցնցուղի տակ, կոպերդ ծանրացած են, գոլորշին պատում է շուրջբոլորդ` մաքրելով վրայիդ ցեխը, արյունը, արցունքները։ Ծոծրակիդ հպում ես զգում. նուրբ շուրթերով կծոտում է ողնաշարդ, իջնում ներքև ջրացողի նման, աշխարհը փոքրանում է լոգարանի մեջ, ջրի հեշտանքը ամբողջովին պատում է մարմինդ, հալեցնում, անրակներիդ վրայով սահում ներքև, վերածվում երեխաների։ Լոգարանում քեզ հասուն ես զգում, որ առաջին անգամ, առանց մոր ուղեկցության, մտավ լողանալու, հասունության առաջին քայլերը՝ առաջին անգամ առնանդամիդ կաշին այս ու այն կողմ անելու նման…
Հաճելի է մեջքով զգալ այս ամենը. տիեզերքը փոքրանում է լոգարանիդ մեջ, դու լողում ես` վերհիշելով քեզ, մատներդ սահում են գետի հոսանքի վրայով, աչքերդ բացում ես` գետը արյունով է լցված, հագուստներով դատարկ, տեսնում ես՝ կարմիր լուսինը նայում է քեզ, նայում եք իրար, խմում ես գետից, կաթիլները քսում ծոծրակիդ։
— Հաճելի էր, ինչո՞ւ վերադարձա, ի՞նչ եք ուզում, ո՞ւր եմ ես,- կրկնում ես,- թույլ եմ:
Թույլերը մեռնում են, ցավերը հավաքվում են կողքդ` կլոր, բազմաշերտ, գլխիվայր, մոտենում, համբուրում շուրթդ, հանում ծանրացած մաշկդ, ճակատիցդ ծակ է երևում, մատները մտցնում են կաշվիդ մեջ, սկսում են քեզ արձակել, մաշկդ սլացիկ սահում է ջրի մեջ, գետի հոսանքով գնում ես` արյան և ճանճերի մասնակցությամբ, ցավերդ կանգնել են գլխիդ, հեծնում են քեզ։ Ուր եմ գնում՝ չգիտեմ, միայն գիտեմ, որ ուր գնում եմ, դու ես, որտեղ ուզում եմ վերադառնալ, դու այնտեղ ես լինում։ Հետ եմ գալիս գլխիվայր կախված իմ գոյության թելերից, հետ եմ գալիս, որ դռնեդուռ ընկնեմ` վերացնելու ցավերս։
Լոգարանից դուրս ես գալիս, մտնում զուգարան, անդամդ հանել, միզում ես, կայծակի նման մեկը զարկում է քեզ, ընկնում, սկսում ես թպրտալ, անվերջ ցնցվում ես, լեզուդ կուլ է գնում, աչքերդ ներս են մտնում, սկսում պտտվել, ոնց մոլորակն է պտտվում արևի շուրջ։ Միգուցե դեղն էր, որ խմեցիր, որ ոչինչ չպատմես, միգուցե ես հիմա այստեղ չեմ ու քայլում եմ մեկ այլ վայրով, որտեղ բոլորն են քայլում։
Դուռը բացվում է, գլխիվայր ընկել ես, կարճ-կարճ սեթևեթում ես, մեկը քաշում է ոտքիցդ, դուրս հանում։
— Ծա՜նր ես,- գոռում է տղեն,- մեկդ օգնեք։
Մի հանի՝ պատասխանում ես՝ հոգեվարքի մեջ թպրտալով, ոտքով խփում մեջտեղում դրած երկաթին, երկաթը դիմացիդ տղու ոտքի մաշկն է քերթում, մարդիկ հավաքվում են, վախեցած նայում, հարցեր տալիս.
— Ո՞վ ես։
— Ի՞նչ ես անում այստեղ։
— Ընդհանուր զուգարանում լողում էի,- պատասխանում ես ու խնդմնդում,- ես լողորդ եմ։
Դուրս ես փախչում՝ աչքերդ և բերանիցդ հորձած հեղուկը թողնելով գետնին։

Ձեռքումդ նռնակ է` հորդ բերած պայթուցիկը։ Վերցրել ես ու վազում ես, ձեր դռան դիմաց մարդիկ են սպասում, որ մեկը ներսի կողմից թպրտա, և նրանք սկսեն կոտրել դուռը մեծ եղբորդ պարտքերի պատճառով, որ հավաքել է գլխին. հայրդ երևի հենց էս պահի համար էր գողացել էդ նռնակը։ Առաջին անգամ գնաց, մի եղբորը փրկեց պատերազմի ժամանակ, երկրորդ անգամ՝ մյուսին, հետո նրան մի մեդալ տվին, ասին` էդ էլ է շատ, իսկ դու ամենափոքր տղեն էիր` ցավերով պարուրված, որ գնացիր այդ քայլին, ռումբը վերցրիր ընդհատակից ու վազում ես, էլ չես քայլում, ուզում ես պայթեցնել քո ընտանիքի հանգստությունը խանգարողներին… Քաշեցիր օղակը` պինդ սեղմելով ափերիդ մեջ, նետեցիր, բայց այն դիպավ թշնամուն. կտորտանքները ճախրեցին անապատային սամումների արանքում և պտտահողմի վերածված՝ իջան ներքև, որտեղ երկու հոգի մարտնչում էին` մեկ մեջք մեջքի տված, մեկ էլ՝ դեմ առ դեմ` իրար փրթելով, հալածելով, անդադար պատերազմում էին, նորից վերածնվում։ Վիշապաքաղն էիր, ինքը՝ վիշապը, հետո փոխվում էիք տեղերով, ինքը անգղ էր, դու՝ քարին գամված Պրոմեթևսը, որի լյարդը անդադար կրծոտում էին, որն անդադար մեռնում էր ու հարություն առնում։

Մեր կյանքը մշտապես վազք է, վազք ինքներս մեզնից դեպի մեզ կամ էլ հեռու, հեռո՜ւ, որ չզգանք, որ միայնակ ենք, որ փորձենք ամեն ինչ. օղիով ողողենք մեր ներսը, ափիոնով լցնենք մեր խորշերը, խաբենք մեր գիտակցությանը, որ այսպես չէ, այնպես է, այսպես չպետք է լինի։ Կյանքը էդ վազքամարտում ես տեսնում, քո տարիները պայքարի յուրահատուկ տեսակ են` ընկնել-ընկրկելով, առանց վերև նայելու, կապանքներով, ուղեղի ծալապակաս խաղերով, որ հիմա քեզ հետ է կատարվում, երբ քայլում ես, երբ մաշեցնում ես ոտքերդ անապատի ավազների մեջ և խորտակվում, ինչպես արյունն է կուլ գնում տաք ապարներին։
«Ե՞րբ տեղի ունեցավ այս ամենը»՝ հարց ես տալիս ինքդ քեզ` ետ նայելով ու ոչինչ չտեսնելով։
Մշուշախառը այս պատմությունը հետևում է քեզ քո կյանքի ընթացքում, ոտքերդ ուռցնում է, թոքերդ՝ մաշեցնում։ Այնքան են խորացել այդ մասնիկային ցավերը, որ զգում ես, թե ինչպես է հոգիդ ծակծկված զինվորի մարմնի վերածվել, որ էս ամենը սխալ էր, որ չպետք է լիներ։ Ընկերներիդ կտորտանքները կապել ես մարմնիդ, հավաքվել, քայլում ես սկզբից ձախ, հետո՝ աջ, ձախ, աջ. Աստծո նման, երբ որոշեց, որ պետք է քայլի, և էդ ընթացքում եկավ էն միտքը, էն պարզ միտքը` ստեղծելու ինձ-քեզ նման արնախումի։ Ստեղծեց, իսկ էդ արնախումները իրենից էլ քաշեցին ամբողջ հյութը, ծծեցին, ինչպես սոված շան ձագն է ծծում մի քանի հավերժություն բացակայած մոր կուրծքը։

«Ինչը ազատում է մեզ ինքներս մեզնից, մենք ենք»` գրում եմ, արագ գրում եմ տետրի մեջ, որ չմոռանամ։ Ինչը ազատում է քեզ, հիմա քայլում է քեզ հետ. ստվերդ է, որ թաքնվել է, որ քեզ միշտ հետևում է, հարցախեղդ անում, թե ինչու ես դու հիմա թափառում, ինչու ճանապարհը չես գտնում։ Ոչ մի էմոցիա չկա դեմքիդ, միայն ջրի պակաս, մի փոքր էլ՝ հացի փշրանքի։ Լեռների վրայով բարձրանում ես, հետո ավելի մեծ սար է դեմ դիմացդ կանգնում` հպարտ, ոնց դու հպարտ կանգնեցիր բժշկի մոտ ու ասացիր` ես խնդիր չունեմ, հանգիստ տարեք։ Հիմա սարերի հետ գգվում եք, դու զոհաբերվում ես` դանդաղ գամվելով գետնին։ Կանչում են, դադարում ես շնչել, ընկնում ես ու նայում երկնքին, կոպերդ ծանրանում են, կապույտ երկինքը տարտամ հոգնություն է տալիս աչքերիդ, թարթում ես, սևանում է. մի փոքր կուրացել ես, մի փոքր ցավում է, մի փոքր այն չես, ինչ սկզբում էիր։ Ծանրացել ես, զբոսանքի ունակ չես, ունակ չես ոչնչի։
Ճանապարհները ոչ մի տեղ էլ չեն տանում, նրանք կորչում են, խորտակվում խոռոչների մեջ։ Գիտակցության խորխորատներ, որ կաթկթում են կիսատված մարմնիդ, կիսատված կյանքիդ վրա։ Հիշողությանդ մթագնումները, կիսված ժամանակի թելերով, հոսում են ներսումդ. մեկ վերևից ձայներ ես լսում, մեկ ներքևից` հոգոցներ, որ արթնացնում են, լարում են հոգիդ, ձգում մկաններդ, վերակենդանացնում բջիջներդ։ Նրանք շարժվում են մի քիչ դանդաղ, մի քիչ հոգնած։ Աշխարհը գոյանում է քո պատկերացումների ներսում, կտրտված ուղեղահոսքերը սահում են, կպչուն մտքերի կծիկ առաջացնում, վերուվար անում ձեռքերդ։ Դու նայում ես երկնքին` սև, անամպ, անկյանք. թռչունները չկան, հերոսացել են, որ տեսել են դեգերումներդ, որ տեսել են կյանքիցդ կտրված էս հատվածը, հատվածաշաղ մագլցելդ ծառի բնից, վերծանել ժամանակին չզգացածդ, չտեսածդ…
Նուռը ճզմում ես ափերիդ մեջ, հատիկ-հատիկ դուրս հանում ներսի կարմրությունը. առավոտից բան չէիր կերել, ու մի հատ նուռն էր, որ բացեց ախորժակդ։ Մեկական ընկնում են ատամիդ տակ, ծամում ես. կողքից նայելով՝ կասեն` մեկի արյունն ես խմել, հետքը մնացել է շուրթերիդ. կողքից միշտ էլ պատկերը այլ է։ Նուռ ուտելը արվեստ է` մտածում ես ամեն անգամ բերանդ քաղցրացնելով։ 112, 115, 158. ասում են, թե նռան մեջ 365 հատիկ կա, բայց հիմա հասել ես 222-ին, իսկ նուռը վերջանում է. մեզ խաբել են, քեզ խաբել են, որ նուռը կյանքի սկիզբ կարող է լինել, որ ամեն քայլով ու մի հատիկ նուռ ծամելով կհասնես, որ հասնում ես։ Կեղևը նետում ես գետնին, ավազները ներծծում են նրան։ Աջ թշով հենվել ես հողին. նյարդն ես փորձում շոշափել, հասկանալ, թե որտեղից են ոտնաձայները գալիս, որտեղ են տրաքոց-գմփոցները հնչում։ Մատներդ խոթում ես փխրուն ապարի մեջ. հիշում ես` ոնց որ Սևանի ավազները լինեն` տաք, ուզում ես թաղվել նրանց ներսում, որ ոչինչ չզգաս, որ ոչ մի կողմ չքայլես, որ չտեսնես, որ չմտածես, որ չխոսես, որ չհեկեկաս ցավերից. մի պահ թվում է, թե մոռանում ես աշխարհի մասին, ընտանիքի, ընկերների, որ մնացին սահմանի ուղիղ կենտրոնում, մի պահ ուզում ես դառնալ ավազ` հոսող, մաշկագույն, փոփոխվող-կորչող, ընդերքային, որ չլինես, ուղղակի չլինես։

Մարմինդ դուրս է ելնում, բարձրանում մի փոքր վերև ու հոսում՝ օդում գալարվելով։ Դեմ դիմացովդ մարդիկ են ճախրում, չես կարողանում շարժվել, գոռում են` Սալամ ալեյկում, աշոտ, պատասխանում ես` աս Սալյամ, անծանոթ. թե որտեղի՞ց գիտես՝ ոնց պետք է պատասխանել։ Նրանք քո դեմքն ունեն. քո աչքերից, քո մարմնից, նույն մասերից, մազերից, քրտինքի հոտից, արյան հոտից, ավիշից, վառված ունքումազարմատներից… Նրանք էլ հոսում են օդում` այլ ուղղությամբ, գնում են, «երևի վերադառնում են քեզ նման»` մտածում ես։ Անհասկանալի է, ամեն ինչ այն չէ, ամեն ինչ սխալ է, ճեղքում ես օդը, մի պահ մի տեղ հանգրվանում, ուզում ես ծխել, բայց ծխել չես սիրում, հիմա կծխեիր, բայց չես սիրում, սիգարետ են դնում բերանդ, կպցնում, քաշում ես, գլանակը մի ներքաշելուց ավարտվում է, մի հատ էլ են դնում, քաշում ես, մի հատ էլ. ուղեղդ լցվում է ծխով, էլ չես ուզում, բայց ավելանում է` պետք է ծխես, որ ապրես, ահահահհահա, ծխելը ապրելու դիմաց կամ ապրելը՝ ծխելու, մի հատ էլ, մի հատ էլ…
Հավաքվում են ընկերներդ կողքդ, նրանք էլ են ծխում, մի մեծ «կուրիլկա» է դառնում` ոտքերի տակ ընդարձակված, օդում գլանակների տեսքով, բայց բիչոկներն էլ եք ծխում, ծխում եք, որ ցավի դեմ մարտնչեք, ծխում եք, որ մոռանաք, որ հետ չգնաք։ Քեզ վերցնում են, մշտարթուն դիրքդ կոտրվում է, տանում են թեքած, ականջներիդ մեջ երաժշտության փոխարեն ինչ-որ պայթյուններ են զրնգում, հասցնում են փորած հողի մոտ. նման է բիչոկի թաղման համար նախատեսված գերեզմանին, երբ դու դիմացից բռնել էիր Բիչոկի նկարը, իսկ տղերքը քայլ առ քայլ գալիս էին, որ թաղեին։ Հիմա Բիչոկի տեղը Քեզ կնետեն հողի մեջ, վրադ մի քանի ծխած սիգարետ կշպրտեն, կմիզեն, շան նման ոտքերը կքսեն ավազին, հողը կլցնեն, կգնան։ Աչքերդ բաց՝ չես հասկանա՝ ինչ է կատարվում, ուր բերեցին քեզ քայլերը, քո ուղեղի ծալքերը։ Անցնում է օր, մի քանի օր, շատ-շատ օրեր, որ ուղղակի հոսում են հողի տակ, ձեռքերդ պարզում ես մթությանը, ինչքան ձգում ես, այն ավելի է երկարում, ընկրկում ես, ձգում ես ուղեղիդ ծալքերը, որ դուրս գաս, մթությունը պատում է քեզ, հողը ծամում ես, թքում, էլի արյան համ առնում, մարմնիցդ դուրս են գալիս որդերը, մարմինդ վաղուց քեզ մոտ չի, ուղղակի մտապատկերդ է, որ ողողել է քեզ, որ անդադար պետք է քայլես, որ հասնես, որ քայլերը կբերեն քեզ այնտեղ, որտեղ դու ես, որտեղ քո մարմինն է։

Մշուշաշապատ քաղաք, մառախուղի միջից ծիկրակող հոգիներ, անձրև-արյուն, ճիչ-գոչյուն` համրացած, ամպեր` կապտասևացած, ուղի` ձգված-հոգնած-ջարդված, դեմքեր` տպված քարերին, նիհար անոթներ, քանդված խորան-խարան, կիսաքանդ շենքեր, մեջքը ծռված շինություններ, ավտոբուսներ` գլխիվայր շուռ եկած, ցայտաղբյուրներ` սառած-անշարժացած, ասֆալտը` ճաքճքած-կնճռոտված` հարյուրամյա կնոջ դեմքի պես, ծալքավորումների մեջ` ալ-կարմիր լուսարձակումներ։ Մշուշից դուրս եկող կիսամարմնով կենդանիներ` ոտքերը կոտրված, աչքերը սպիտակած, բերանից հոսող կանաչ-կապտավուն լորձ, գերեզմաններ` բացված, շարժանկարներով, ոտնահետքեր` այլ, քաղաք` գլխիվայր շուռ եկած, սուպերմարկետներ` փակված, գազալցակայաններ` տրաքած։ Քաղաքը մշուշի միջից, օդի շաչյունով, կիսատված պատկերներով ներխուժում է քո ներս, վեր հանում հիշողությունդ, դպրոցդ, մանկապարտեզդ, առաջին համբույրդ, ցավերդ, հորդ ու մորդ, քրոջդ, որի մասին ինչքան ժամանակ է տեղեկություն չունես։ Աբովյանի արձանի (Պլանի գլուխ) մոտ կանգնած ես, իջնում ես, ձախից բժշկականն է` դռները կողպած, մորգի մեքենաները իրար վրա դարսված, լուսակիրները ոչ հանգում են, ոչ էլ՝ վառվում։ Աբովյան փողոցով քայլում ես` փսփսոցներ լսելով, մառախուղը պատել է քաղաքդ, Աբովյանի եկեղեցին չկա, «երևի տեղափոխել են»` մտածում ես, բայց ցավում է։ Երբ շատ ես մտածում, ցավն է սկսում հոսել Երևանի մայթերով։ Սայաթ-Նովա, Անի հյուրանոց` ավերակներ, ավերակածին ստվերներ, սկսում ես վազել ու գոռալ, մի գոռա՝ ձայնարկում են կողքից՝ միիիիի գոռա, էստեղ չեն գոռում։
Վազում ես.
— Մա՜մ, պա՜պ, գալիս եմ, հասել եմ։
Հասնում եմ. Օպերա, պրոսպեկտով իջնում ես, օդում գրքեր են ճախրում, գրքի էջեր` կիսավառված, պոկրտված։
— Մամ, գալիս եմ, վերադառնում եմ։
Հասնում ես հրապարակ. գեղեցիկ շենքերը, որ գույն էին տալիս քաղաքի կենտրոնին, հիմա չկան. հրապարակի ժամը կախվել է` հալված, ինչպես Սալվադոր Դալին է նկարել La persistencia de la memoria*-ն. հյուծված ժամ, մարդանման ժամ, սլաքներ` անգոյացած, իրարից հեռացած, տեղում դոփող-ծկծկող։ Իջնում ես մետրո, թարթուն լույսեր են պտտվում, հոգիներ են ձախից բարձրանում շարժասանդուղքով, կանգնում ես, դղդրդալեն սլանում է, ականջիդ մեջ փսփսոցներ են, հեկեկանք, ամեն ինչ անգույն է Ինգմար Բերգմենի ֆիլմերի նման, գովազդային վահանակների վրա ոչինչ չկա, միայն մի կետ` սև. էդ կետն է, որ արտացոլում է շուրջընթացդ. կետածին քաղաք, մի սև կլորակ, որից դուրս է գալիս գոյի ու չգոյի համախառնումը, քո համախառնումը, իրարախառնումը։
Մետրոն գալիս է, տեսնում ես, որ ինքն իրեն է գնացքը շարժվում, առանց մեքենավարի. դռները բացվում են, բայց կիսատ, մի ձև մխրճվում ես, հենվում դռանը, որտեղ ժամանակին գրված էր` «Չ՛հենվել», հիմա գրված է` «Չ-մեռ…նել». չմեռնել, բա ի՞նչ անել էսքանը տեսնելուց հետո։ Ձայնարկում է` նեքսթ սթեյշըն իզ… խռխռռխխռ, ձայնից չէիր հասկանում՝ որ կայարան ես հասնում, բայց ջարդված ու հանգած բացուխուփից զգում էիր, որ անցել ես արդեն շա՜տ երկար։ Երիտասարդական, Մարշալ Բաղրամյան, Բարեկամություն. տեղում ես, դուրս ես գալիս` առանց խանգարելու, կողքիններիդ հետ խոսք-զրույցի բռնվելու, քեզ դուրս ես նետում, իսկ գնացքում դեռ մարդիկ են` գլուխները ներքև, ձեռքերը խաչուփաչած, նստած սպասում են, բայց գիտես, որ կանգառը վերջինն է։ Ում են սպասում՝ իմ խնդիրը չի, ես տուն պետք է հասնեմ։ Բարեկամության անցումն է, քամին մխրճվել է ներքև, վերևում անհաշտ եղանակ է, գլխիդ վերևում միշտ անհասկանալի է։ Քայլում ես կլորակի մեջ` մուտքերը փակված են, չես հիշում՝ որտեղից պետք է դուրս գալ, որ Կիևյանի փողոցում հայտնվես։ Ահագնանալով պտտվում ես լաբիրինթոսի մեջ, արագացնում քայլերդ, վերածվում փոքրիկ պտտահողմի, ելնում վեր` կիսաջարդված առաստաղը ճեղքելով, կարծես հոգեվարքի մեջ գտնվող մեկը, որ հենց նոր վերջին շունչը փչեց-փակեց-ազատվեց։ Կիևյանն է, սկիզբը, ըստ էության, քո դեգերումների և վերջը, որին դու երկար էիր սպասում։ Հիմա դիք է դարձել, այս իրականության մեջ ամենն ուրիշ է, այստեղ սարը անդնդում է, իսկ օվկիանոսները՝ գլխիդ վերևում, մարդիկ տներում փակված, մոմի լույսեր միացրած սպասում են, դու հոսում ես փողոցով, ինչպես միայնակ տերևն է հոսում մայթի երկայնքով հորդառատ անձրևի ժամանակ։ Մի պահ հայացք գցիր Կիևյան կամրջին. մարդանման անհասկանալի կերպարներ են շարված, ընկնում են, նորից հայտնվում. ամբողջությամբ սև են, ո՛չ դեմք կա, ո՛չ մարմնի մաս, ընկնում են, վերադառնում, ընկնում, վերադառնում…
Կանգնած ես բարձր ու անգույն շենքիդ դիմաց, որտեղից ցուրտն է փչում, չգիտես` ինչու է ներսդ դող մտել, մարմինդ ինքն իրեն շարժվում է, ասես ռեֆլեքսորեն գիտի, թե ինչ է լինելու, բայց… մարմի՞նդ է արդյոք։ Վեցերորդ հարկը քեզ է սպասում, վերելակը, ինչպես միշտ, չի աշխատում. երբեք էլ չի աշխատել, երբ պետք է եղել։ Բարձրանում ես. ժամանակին, երբ տուն էիր վերադառնում, տարբեր հոտեր էին զարկվում քթիդ, աղիքներդ համերից սկսում էին շարժվել. համեմունքներ, ճաշեր, պահածոներ։ Հիմա ոչ մի հոտ չկա, միայն մի փոքր մոխրի, մի փոքր կորստի հոտն է պատել շենքդ։ Ոտնաթաթերդ զգում են ճոճքը, որը վիհից է գալիս, սաստկացնում ներսիդ անհամբերությունը, ցավերը, որ միշտ ուղեկցել են քեզ էս փոքրիկ ճանապարհորդություններում։ Դռան դիմաց կանգնած ես, գլուխդ թեքում ես, շենքը հետդ պտտվում է ճռռալեն` անտառում գտնվող կախարդի խրճիթի նման, բուի պես պտտում ես, ձեռքդ մոտեցնում զանգին, բայց այն չի աշխատում, հրում ես դուռը, ներսի սպիտակությունը կուրացնում է աչքերդ, տունը նույն տեսքն ունի. հին պատեր, ճռճռան հատակ, միջանցք կիսամութ։ Հյուրասենյակում ծնողներդ են. հայրդ՝ գլուխը դրած մորդ ուսին, մայրդ՝ կնճռոտված, ձեռքերի մեջ ճզմելով թաշկինակը, քույրդ ու մեծ եղբայրդ՝ նայելով մի նկարի: Գնում ես անձայն, որ չխանգարես նրանց, նստում նրանց կողքին, գլուխդ դնում մորդ ոտքերին, մայրդ մի պահ ջղաձգվում է. կարծես զգաց, որ դու այստեղ ես.
— Աշո՞տ։
— Հա՛, մամ։
Հյուրասենյակի մեջտեղում դու ես ննջում, դագաղի մեջ. բայց անծանոթ ես, ինքդ քեզ չես ճանաչում, դու չես, ուրիշի մարմինն է, կորած մեկի, որ անճանաչելիորեն փոխվել է։ Մորդ արցունքները կաթկթում են խարխլված մարմնիդ, բայց կարևորը՝ հասար։ Չգիտեմ՝ ոնց, ինչպես ու ինչ կատարվեց, երբ էդ մեծ դաշտում զոհվեցիր կամ մահացար, կարևորը մարմինդ գտել էին, կարևորը…
Որովհետև թույլերը մեռնում են, թույլերը չեն ձգում, դու հիմա տանն ես, միայն թե՝ կիսատ-կիսված։ Կարևորը, որ էս անգամ դու չես գնա և ցավերիդ հետ կհետևես բոլորին, քեզ չեն տեսնի, չեն լսի, չեն զգա, բայց դու կլինես, միշտ կլինես։ Էս հավիտենական շրջապտույտը հենց քեզ համար է ստեղծված, էս պատմության մի մասնիկն էլ դու էիր, որ պտտվելով հասար սկզբից վերջ, կամ էլ՝ վերջից սկիզբ, որտեղ պառկած ես դու կամ ես, կամ մեկ ուրիշը։ Հիմա տունը փոքրանում է, իրերը մտնում են իրար մեջ, եղբայրքույրդ համակցվում են, մայրհայրդ՝ շոյում գլուխդ, համբուրում ճակատդ, փակում դագաղը, դուռը, աչքերը, քո մասին հիշողությունները։ Շենքը փոքրանում է, Կիևյանը փոքրանում է, Երևանը փոքրանում է, աշխարհը փոքրանում է, վերածվում ափերիդ ոլորանների մեջ ճլորած մի պատմության, որը փչելով անգոյանում է, անհետանում, չքվում-պոկվում-վերջանում, կարծես չէր էլ եղել, կարծես չպետք է լիներ, կարծես էս ամենը լոկ հիշողություն էր մեռնողի ու նորից վերածնվողի մասին։

* La persistencia de la memoria -Հիշողության հարատևություն

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն