Բառեր, որոնք չդարձան բանաստեղծություն շարքից
…քեզ չեմ կորցնելու,
քանզի քեզ որտեղ էլ կորցնեմ,
ինքդ քեզ կգտնես…
Քեզ կողոպտելու եմ գոյից:

Ընկույզի կեղեւ
…հոգիս էի քչփորում-
ինչ-որ բան դուրս եկավ,
ձեռքիս մեջ խաղացրի, գնդեցի,
ուզեցի դեն նետել:
Ոչ:
Լուցկու դատարկ տուփն այն էր,
ինչ ուզում էի…
Հասկացա, որ տուն ունեմ…

Պիգմալյոն
Օրհնեսցի եւ շինեսցի զնանարս այս…
Դեմքը՝ լիքը,
դեմքից ներքեւ դեմքը՝ քիչ-քիչ…
Ես քահանա մի լալ, որիկ
չէ թե չուներ ձայն ժիր, ձայն՝ ձեն.
եւ կատաղի հույս…

*  *  *
Արթնացա դիակառքի մեջ…
Հրեշտակներին գիտեմ անունով՝
Հովհաննես, Պողոս, Եղիա ու երեւի վերջ
ու երեւի նույնը
նրանց իմանալիքն է՝ փողոցը, ձին,
ինձ տուն բերելու նրանց քայլերը՝
թափորից ու կառքից առանձին՝
կապույտի մեջ գծված, ինչպես փահլեւան…

Հավելմունք
Դանդաղող գույնի կապույտ խորքերում
առասպելներ են ներս ու դուրս ընկած,
եւ ոչինչ, ոչինչ չի մատնում հեռուն՝
միով Հայրենիք եւ բանիվ՝ հանկարծ:

Հոգին միակ համեմունքն էր
Բառի…

*   *   *
Ես չեմ հասկանում Մարդու Որդուն,
բայց մարդուն իբր հասկանում եմ,
ապրում է, գրում է, մորթում
ու չի ձեւանում Սատանի Նեռ…

Մեռնում է մարդը, հերքում
անմահության ամեն խրոնիկա
ու միակ հետքը՝ թերթում՝
հերվա մոհիկան…

Մարդ էր, պոետ էր, քաղաքացի՝
մի սեր ավել սիրած կամ պակաս,
որ երեկ «Լիր»-ում խաղացի
որպես արքա եւ ի վերջո՝ փալաս:

Պոեզիայի ժամ
Ժամը ձայնազուրկ,
աթոռները ձայնազուրկ,
լույսը ձայնազուրկ,
կոշիկները ձայնազուրկ,
թղթերը ձայնազուրկ,
ձեռքը ձայնազուրկ,
բառերը ձայնազուրկ,
լեզուն ձայնազուրկ…
Նրանք ծափահարում էին,
ես՝ ջուրը քաշում,
այդպիսով խլացնելով
մեկ-մեկու…

*   *   *
Կարդալով բանաստեղծությունը եւ
զգալով սեփական մահվան աչքերից թափվող
խլությունն արցունքների
աջ ու ձախ շպրտվող
թռուցիկներից մի քիչ վերեւ…
Էլ ավելի վերեւ…
Շատ, շատ ավելի վերեւ…

Մետա
…ֆիզիկան հեռացել է աչքերիս միջից
ու ես չկամ բաց աչքերով…

Ըստ Ավագ Եփրեմյանի
Մենակ մնացիք քառատող չորսեր
սեր չարած սրտի սիրած այրերում,
վայ թե ետ դառնանք ու եռտող խոսենք
ցպահանջ սիրո հաջորդ ալելուն…

Տպագրվել է ԳՐԵԹԵՐԹ-ԳԱՐՈՒՆ, Ապրիլ 7, 2012 թ.

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն