Նիլգյուն Էմրե
Իրական անունը` Էմրե ՇահինԾնվել է 1997թ. օգոստոսի 23-ին, Թոքաթում:
Բանաստեղծությունները տպագրվել են «Վարլըք» (Varlık), «Դուվար» (Duvar), «Չեվրիմդըշը Իսթանբուլ» (իevrimdışı İstanbul), «Յենի Է» (Yeni E), «Մյուհյուր» (MՖhՖr), «Շիիրի օզլյույորում» (Şiiri ՃzlՖyorum) հեղինակավոր պարբերականներում:
ԴԱՌԸ ԼՈՒՍԻՆ
միմի,
որջդ պահիր
մետաքսյա վարագույրդ մի կողմ քաշիր
քեզ նայեցի
անկշտում գիշերներին
սիրով
և հնացած սև քունջութով
ոսկյա ջրվեժիդ տաք
կաթի համն առա
այն առաջին արթնության
հրճվանքը`
նման թարմ խնձորի համին,
որ մնաց բերանի մեջ ադամի
միմի,
ջրի փերի, քնի մեջ
մահ ես
Բանաստե՞ղծ ես: Ե՞րբ ես սկսել գրել:
«Տաղանդը որևէ մեկի հաստատման կարիքը չունի: Բոլոր պոետները տարեկից են»՝ ասում է Մելիհ Ջևդեթ Անդայը1: Իմ կարծիքով, ամենալավ պատասխանը սա է: 2015 թվականի մարտին սկսեցի գրել:
Դո՞ւ ես գտել պոեզիան, թե ինքը քեզ:
Ես եմ գտել:
Իսկ ի՞նչ է բանաստեղծությունը:
Ինքս էլ դեռ չգիտեմ:
Գրող մարդը կարդո՞ւմ է:
Գրող մարդիկ անպայման պիտի կարդան: Չեմ կարծում, թե առանց կարդալու հնարավոր է շատ լավ բան գրել:
Սիրածդ գրողներն ովքե՞ր են:
Թուրք գրականության մեջ Իլհան Բերքն է, Լալե Մյուլդյուրն ու Լեյլա Էրբիլը: Համաշխարհային գրականությունից սիրում եմ Ֆեդերիկո Գարսիա Լորկային: Հիմա կարդում եմ Պիեռ Լուիսի «Բիթլիսի երգերը» և Հյուսեյին Քըրանի «Սև խոռոչը»:
Վարպետներ լինո՞ւմ են: Եթե կա, ո՞վ է քոնը:
Պոեզիայում կան վարպետներ, ինչպես որ ցանկացած բնագավառում: Միանշանակ, Իլհան Բերքին և Լալե Մյուլդյուրին եմ համարում իմ վարպետները:
Կարո՞ղ ես պատմել քո պոեզիայի մասին:
Գրելիս ուշադրություն եմ դարձնում էսթետիկ արժեքներին: Առաջին բանաստեղծություններումս առավելապես այս կողմն էր արտահայտված, սակայն վերջերս գրած բանաստեղծություններումս առավելապես փորձարարությանն եմ տեղ տալիս, թեպետ ընթերցողը նույնիսկ այդ ստեղծագործությունների մեջ կարող է էսթետիկ արժեք գտնել: Ստեղծագործություններիս սնուցման աղբյուրը մեծամասամբ դիցաբանությունն ու ֆիլմերն են:
Գրելը մասնագիտությո՞ւն է:
Ո՛չ, չէ:
Սովորաբար ի՞նչ են անում երիտասարդ պոետները Թուրքիայում:
Նրանք էլ ինձ նման գրում են, հետո փորձում են տպագրվել տարբեր պարբերականներում: Երբեմն մասնակցում են մրցույթների, արժանանում մրցանակների, գրքեր են հրատարակում:
Ինչպե՞ս ես վերաբերվում թարգմանիչներին, թարգմանություններին:
Դրական եմ վերաբերվում թարգմանական գրականությանը, եթե լավ թարգմանիչների կողմից է արված: Թարգմանությունները մեզ սնող զարկերակներն են:
Բանաստեղծություններումդ ուղերձ կա՞:
Ուշադիր կարդացող-հասկացողները յուրաքանչյուր բանաստեղծությանս մեջ թե ինձնից, թե իրենցից մի մասնիկ կարղ են գտնել:
Այս հարցազրույցը «Գրեթերթում» է լույս տեսնելու, ընթերցողներին ասելիք ունե՞ս:
Մարդկանց սիրեք, իսկ բանաստեղծներին սիրեք առավել, քանի դեռ ողջ են, և պոեզիա կարդացեք:
————————————————————
1 Մելիհ Ջևդեթ Անդայ (1915-2002), թուրք բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող
Հարցազրույցը
Կարոլինա Սահակյանի