«Անկիրթ մարդու ուղեղը բութ լոկ
ուսումով պիտի սրվի…»
Դավիթ Գուրամիշվիլի

Խոսքը կետադրական նշանի մասին չէ։ Այս Բութը կետադրություն չգիտի։ Հայոց լեզվի ժամերը նրա համար մահվան երկարությունն ունեն։ Հավիտենություն բառը մի տեսակ աստվածային է թվում և այս մռայլ ու անհաղորդ կերպարին անհարիր։
Բայը նրան բոլորովին անծանոթ խոսքի մաս է, պատճառական բայերի մասին էլ առաջին անգամ կրկնուսույցից լսեց։ Հարյուրերորդ անգամ բացատրելուց հետո այդպես էլ չհասկացավ։ Բութը գուցե հեշտությամբ կարող է գտնել պատճառավորության պատճառը, բայց ոչ երբեք դպրոցական առարկաների միջև կապը։
Անտարբեր հայացք ունի: Կլոր, օ-աձև աչքերը ավելի շուտ մեքենայի ֆառեր են հիշեցնում։ Սա առաջինը ուսուցիչը նկատեց`  կնքելով «Կլոր Ֆառ»: Տպավորություն է, թե Կլոր Ֆառը կրթության, ինչ-որ բան սովորելու, մի բան իմանալու հարցում ծայրաստիճան անտարբերությունը խիստ հետաքրքրության է փոխարկում միայն սեռահարաբերություն որոնելու հարցում։
Եվ դարձյալ տպավորություն է, թե անգրագիտության բացառիկ այս նմուշը՝ Կլոր Ֆառը, պիտանի կլինի միայն սեռահարաբերության համար. այն էլ գուցե այն դեպքում, երբ տղամարդը բավականին հարբած է և սեռահարաբերություն է ունենում բացառապես կենդանական բնազդով:
Գեղագիտությունից և էսթետիկայից հիմնավորապես զուրկ, կանացիության նշույլ իսկ չունեցող այս արարածի գոյությունը տղամարդը լուրջ ժամանակ հազիվ թե նկատի: Ուր մնաց՝ հետը բառ փոխանակելու կամ քաշող խոսքով ծոցը քաշելու ցանկություն ունենա: Խմած ժամանակ գուցե ստացվի: Խմած տղամարդուն սեր ու սիրած պետք չէ, ավելի շուտ՝ սեքս: Իսկ սեքսը առանց «գիտահետազոտական-միտահետազոտականի» ավելի լավ է: Շուտ էլ մոռացվում է։
Եվ ամենայն լրջությամբ վիճել կարելի է, թե Դավիթ Գուրամիշվիլին եթե այս արարածին տեսներ, դարձյալ նո՞ւյնն էր վճռականությամբ պնդելու և սեպեր իր հռչակավոր տողը. «Անկիրթ մարդու ուղեղը բութ լոկ ուսումով պիտի սրվի»։ Կլոր Ֆառի բթությունն ստիպում է մտածել, որ Գուրամիշվիլին ավելի շուտ կփոխեր իր տողը՝ ձևակերպելով, օրինակ, այսպես. «Բութ ուղեղը ուսումն անգամ հազիվ սրի»։
Բոլոր առարկաների և բոլոր ուսուցիչների նկատմամբ անտարբեր Կլոր Ֆառը մի առանձնահատուկ համակրանք ունի կենսաբանության ուսուցչուհու հանդեպ։ Անատոմիայի դասերից հետո է կարևորում նրա գոյությունն ու համարում է, որ մարդաստեղծման գործում կենսաբանության ուսուցչուհու ուսուցանածն ավելին արժե, քան աներևույթ Աստծուն ապավինելը։ Հատկապես որ` Աստծո գործերն անքննելի են։ Իսկ ահա հին աշխարհի պատմության գրքում գրված է ֆալոսի պաշտամունքի, հին աստվածների և սեքսի` աստվածային լինելու մասին։
Ու թեև պատմության դասատուն այս դասի հարկավոր մանրամասնությունները բաց թողեց, այդ բացը լրացրեց անատոմիայի ուսուցչուհին` փակ դասին խոսելով այնպես մանրամասն, որ բոլոր մարմնամասերի իրական ֆունկցիան Կլոր Ֆառին պարզ դարձան՝ կլոր աչքերն ավելի կլորացնելով ու սևեռելով տղաների…
«Մարդաբանության» ուսուցչուհուց ավելի լավ ո՞վ կիմանա` ի՞նչն է մարդու համար ամենակարևորը,- մտածեց Կլոր Ֆառը, և բութ հայացքում ինչ-որ միմիկաներ կենդանության նշաններ ցույց տալով` ակտիվացան։- Երանի մարդաբանության ուսուցչուհուն»,- իր համար համոզիչ մտածեց Բութը։
Կենսաբանության ուսուցչուհին իրոք գրավիչ, խելացի կին էր։ Երրորդ կուրսից ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով թողել էր բժշկականն ու գերազանց առաջադիմությամբ ավարտել մանկավարժականի կենսաքիմիայի բաժինը։
Նա մասնագիտական բարեխղճությամբ և մանկավարժին ու ինչ-որ տեղ էլ, երևի, բժշկին հատուկ` առողջ սերունդ կրթելու մոտիվացիայով էր կատարում իր պարտականությունն ու կրում իր բաժին պարտականությունը։
Մտքով բնավ չէր անցնում, որ Բութը կենդանության նշաններ է ցույց տալիս միայն իր դասերին` ուշի ուշով հետևելով իր բերանից դուրս եկող բոլոր հնչյուններին ու բառերին։ Եվ թեկուզ անգիտակցաբար (թեև` ով գիտի) կկենտրոնանա միայն մարդաբանության դասի` սեռական ֆունկցիա թեմայի վրա` խանդավառվելով միայն առաջին ներհ(դ)րման, առաջին օրգազմի, վայելքի պահը շուտափույթ ճաշակելու ցանկությունից։
Բութը կրկնուսույցի մոտ պարապում էր բոլոր առարկաները՝ բացի… կենսաբանությունից։ Լեզվի ու գրականության կրկնուսույցի հոգեառն էր։ Բացատրած ոչ մի դաս հաջորդ օրը չէր հիշում։ Մի օր կրկնուսույցի հետ ուզում էի գրազ գալ, որ Կլոր Ֆառը ոչ մի թեմա այդպես էլ չի հիշելու։
— Ինչպե՞ս թե չի հիշելու,- ասաց կրկնուսույցը,- բայածանցներն այսօր թվարկել է։
— Այ ախպեր, էդ սկի ես չեմ հիշում,- ասացի,- վաղը հաստատ մոռանալու է։
Գրազ գալուց խուսափեց։ Հետո խոստովանեց, որ գրազն անգամներով պարտվելու էր և մոտենար սնանկությանը, որովհետև Կլոր Ֆառը բացատրածը կես ժամ անց մոռանում է։ Խեղճ կրկնուսույցը, որ բնավ էլ անմեղ չէր, մտածում էր, թե հատկապես ո՞ր մեղքի համար է Աթեիստի աստվածը Բութով պատժում իրեն։ Ախր գոնե մի ստորակետի չափ խելք կամ ֆայմ ունենա։ Չունի։ Եվ սրան ղրգել են իր մոտ, հենց իր, որ բոլոր կետադրական նշանների կիրառման տեղն ու դրանց դերը կետադրական նշանների համակարգում հատկապես շատ լավ գիտի, բայց…
Բայց Կլոր Ֆառի գալով՝ բութը այլևս սոսկ կետադրական նշան չէր, այլ՝ հատուկ գոյական` վավաշոտ, ցանկասեր` ինչպիսություն ցույց տվող իր ենթադրյալ իմաստներով։ Եվ տպավորություն էր, թե Բութին շարժել կարող են միայն կենսական կողմնորոշիչները։
«Ի՜նչ էգ ա, է, բռնես ու…»,- ամեն անգամ «Կլոր ֆառի» վավաշոտ հայացքը տեսնելիս աժդահա հրամանատարի խոսքն էր հիշում կրկնուսույցը։
— «Բութ փետ»,- տեսնելով տարրական թվաբանական գործողություն անելու Կլոր Ֆառի անկարողությունը` կասեր հանրահայտ ուսուցչուհի Մարի Իվանովնան, եթե ողջ լիներ։
Բայց Մարի Իվանովնայի՝ մեղմ ձայնով ասվող կոշտ բնորոշումն իսկ ի զորու չէր լինի լրիվությամբ արտահայտել Կլոր Ֆառի բթությունը, այնպես, որ այդ կերպարանքը իսկևիսկը պարզ երևար ընթերցողի աչքում։ Եվ կմնա կրկնուսույցի բնորոշումը. «Ա դե լրիվ անասուն ա էլի սա…»,- կասեր կրկնուսույցը, ու մտքին կգար «դասական անասուն»` իր դասախոսից լսած բնորոշումը։
Դասական անասունը չգիտի` որ թվականին է ծնվել Հրանտ Մաթևոսյանը:
— Այս տարի` 2025 թվականին, նշվում է Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը,- հուշեց կրկնուսույցը:
— Չգիտեմ,- վճռական սառնությամբ հնչեց պատասխանը:
— Արի 100 տարի հետ գնանք,- առաջարկեց կրկնուսույցը՝ հուսալով, որ 2025-ից 100 տարի հանելով ու ենթադրվող հեշտությամբ 1925 ստանալուց հետո, արդեն հուշված 90-ամյակը Կլոր Ֆառին կօգնի հասկանալու, որ 1925-ին հարկավոր է գումարել ընդամենը 10, և ստանալ հարկավոր 1935-ը։ Զուր հույս էր։
— Չգիտեմ,- տեղի չտվեց մարտնչող տգիտությունը:
Երկար լռություն տիրեց։
Միայն իրեն հայտնի թվաբանական մի գործողություն մտքում (եթե, իհարկե, միտք ունի) կատարելուց հետո Կլոր Ֆառը հանդիսավորությամբ խրոխտ ձայնով ասաց… _ 1953։ Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1953 թվականին:
Եվ կրկնուսույցը հիշեց աժդահա հրամանատարին, որ նման բթություն նշմարելիս, առանց էգ ու որձի միջև տարբերության, ասում էր՝ բռնես ու …
…Մի օր Կլոր Ֆառին մի տղու հետ սեթևեթելիս տեսնելով` կրկնուսույցը համոզվեց, որ խորաթափանց հրամանատարը մարդկանց բնորոշելիս երբեք չէր սխալվում։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն