Գաբրիելան էնքան էր լաց եղել, որ աչքերում արդեն արցունք չէր մնացել:
— Սպասի հեսա թող տուն գա, ես դրա էրեսին ամեն ինչ կասեմ,- հեկեկոցը մի կերպ զսպելով՝ ասում էր նա իր մորաքրոջը, որը դեռ երեկ էր տեղեկացել Գաբիից (ինչպես նրան հարազատներն էին կոչում) վերջինիս հետ տեղի ունեցածի մասին:
— Խնդրում եմ, հանգստացի, ամեն ինչին լուծում կա, հենց գա տուն, նստի հետը հանգիստ խոսա,- պնդում էր մորաքույրը, որը, թվում է, բանիմաց էր ընտանեկան հարցերում, բայց միշտ չէ, որ խորհուրդները տեղին էին:
— Ի՞նչ հանգստանալ,- ասաց Գաբին՝ վերսկսելով իր հեկեկոցը,- դու հասկա… հասկանո՞ւմ ես՝ ինչի մասին ա խոսքը, ես միշտ ամեն ինչ արել եմ իրա համար, իսկ ինքը…
Մորաքույրը հանձնվեց, հեռախոսը փոխանցեց ամուսնուն, որը մետրոյում վագոնավար էր աշխատում և ինքն իրեն պարբերաբար ներշնչում էր, թե լավ է ճանաչում մարդկանց, քանզի ամեն օր տեսնում է նրանց՝ իբրև ուղևորների, և տարբերակում վերջիններիս բազմազան տեսակներն ու խառնվածքները:
— Ի՞նչ ա էղել, ցավդ տանեմ, սաղ լավ ա, մի մտածի, տունը կա, տեղը կա, մենք էլ հետդ ենք,- ինքնավստահ տոնով պնդեց վագոնավարը՝ շեշտադրելով իր ամեն մի բառը:
Գաբին անգամ չշարունակեց, այլ ուղղակի վայր դրեց խոսափողը: Այլևս չզանգահարեց ոչ մորը, ոչ հորը, ոչ էլ եղբայրներին, այլ՝ բավարարվեց մորաքրոջով և վագոնավարով, քանի որ նրանք հանդիսանում էին գերդաստանի քարտուղարներն ու մի երկու ժամում բոլորին տեղյակ էին պահում իրենց տեսածի ու լսածի մասին:
Գնաց հյուրասենյակ, վերցրեց ամուսնու և իր համատեղ լուսանկարն ու մտքում վերջին անեծքները հղեց իր կողակցին:
— Իրա ունեցած-չունեցածը կտրելու եմ ու հերթով մտցնեմ սկզբում իրա, հետո էդ լրբի բերանը,- մտածեց Գաբին՝ գերագնահատելով իր կարողությունները, ինչը ստիպեց նրան լուրջ խորհել այն հարցի շուրջ, թե ինչպես պատժել ամուսնուն, որ զգա նույն ցավն ու տառապի նույն կերպ, ինչպես ինքը, ու այդ ամենի հետ մեկտեղ՝ նաև խայտառակվի:
Որոշեց ինքն էլ մի էդպիսի բան անել: Ամբողջ գիշեր ողբացել էր ու չէր քնել, իսկ այդ օրն ասես երազում լիներ՝ այնքան չէր հավատում կատարվածին: Քնկոտությունն ու հուզումնալից վիճակը թույլ չէին տալիս կենտրոնանալ և հիշել, թե ով կա իր ծանոթներից, որի հետ կզվարճանար մեկ-երկու ժամով՝ մոռանալով եկեղեցում տված հավատարմության խոստումը Աստծո ու մորուքավոր տերտերի առաջ: Մի պահ մտածեց տերտերի մոտ գնալ, բայց չէ, անմիջապես ցրեց այդ միտքը, երբ հիշեց, որ նա կուսակրոն է, իսկ ինքը, չնայած իր տարիքին ոչ բնորոշ աղջկական արտաքինին, չուներ այն մեղսավոր հմայքը, որով կգրավեր տերտերին ու կնետեր իր որոգայթը:
Չգտնելով ոչ մի ելք՝ նա հասկացավ, որ աշխարհում ինքը ոչ մեկին պետք չէ, արդեն չէր էլ ուզում նույնիսկ ամուսնուն նախատել՝ փաստելով, որ երբ իջել էր քաղաքի կենտրոն՝ գնումներ կատարելու, պատահաբար տեսել էր վերջինիս՝ կարճ կիսաշրջազգեստով մի կնոջ հետ այգում զբոսնելիս, ինչից Գաբին գլխի էր ընկել, թե էդ ինչ «գործուղման» է գնացել ամուսինը, ինչի մասին անձամբ էր իրեն հայտնել՝ թե մի ամբողջ օր, ներառյալ գիշերը, գործուղման է լինելու: Մի կերպ անցկացնելով գիշերը՝ նա այլևս չէր կարող սպասել ամուսնու տուն գալուն, և կայանալիք խոսակցության սպասումը այնքան էր հյուծել խեղճ կնոջը, որ որոշեց ինքնասպանություն գործել: Դե թող տեսնի, տառապի կամ էլ իմանա ու տառապի, երկու դեպքում էլ Գաբին գոհ կլիներ այն աշխարհից, երբ տեսներ, թե ինչ բերեց ամուսնու գլխին իր այդ ծայրահեղ արարքով:
Բացելով պատուհանը՝ նա հարմար տեղավորվեց պատուհանագոգին ու ոտքերը կախ գցեց՝ հայացքը չհեռացնելով երկնքից՝ ասես համոզված լինելով, որ հենց այնտեղ էլ գնալու է: Մի կերպ ինքն իրեն առաջ բրթելով և մարմնում միաժամանակ սարսուռ, գերլարվածություն, իսկ ոտքերում թուլություն զգալով՝ երրորդ հարկից իրեն ցած գցեց:
Միշտ չէ, որ աշխարհում զուգադիպություններ ու պատահականություններ են լինում, իսկ եթե լինում են՝ Աստծու մատն ըտեղ խառն ա լինում, իսկ եթե Աստված չկա էլ, պետք ա իրան հորինել, որպեսզի ինչ-որ մի անուն տրվի էդ անտեր «զուգադիպություն» կոչեցյալին:
Հենց այն պահին, երբ Գաբին պատրաստվում էր ցած նետվել, երկնքին նայելու հետևանքով չնկատեց տուն վերադարձող ամուսնուն, որն ուրախ տրամադրությամբ գալիս էր կնոջը պատմելու հաջող գործուղման մասին:
Ներքև սուրալու ընթացքում Գաբին միայն վերջին վայրկյանին նկատեց, թե ում վրա է ընկնում, բայց արդեն ուշ էր, որովհետև ստացած հարվածից առաջացած ցնցումը հանգեցրել էր ուշագնացության, և միայն հետո, երբ կնոջ գիտակցությունը մեկ րոպե անց հիշեցնել տվեց իր գոյության մասին, նա կիսով չափ ուշքի գալով՝ կիսաբաց աչքերով տեսավ, որ ամբողջ մարմնով փռված է գետին տապալված ամուսնու վրա:
Բարեբախտաբար հեշտ պրծավ. ընդամենը ուղեղի ցնցում և մի քանի կոտրվածք, ինչը չէիր ասի ամուսնու՝ հանգուցյալ Տարոնի մասին, որը չնայած իր փարթամ մարմնին՝ ողնաշարի կոտրվածքից տեղնուտեղը մեռավ:
Ազգուտակը ոտքի կանգնեց, և սկսվեցին երկար-բարակ քննարկումներն այն մասին, թե ի՞նչ անել, որ երջանկահիշատակ Տարոնի հետմահու համբավը չարատավորվի: Ի ուրախություն ազգուտակի՝ ոչ մի վկա չէր գտնվել, որ տեսած կլիներ, թե ինչպես է Գաբին պատուհանից ցատկում և ընկնում ամուսնու վրա, այլ՝ ականատեսներից յուրաքանչյուրը տեսել էր արդեն ամուսնու վրա ընկած Գաբիին:
Տարոնի բարեկամներից մի խելքը գլխին մարդ գտնվեց, որ հայտարարեց, թե պետք ա ամեն տեղ տարածել, որ ամուսնական զույգը վատ ապրուստի պատճառով որոշեց ինքնասպանություն գործել՝ այդպիսով իր բողոքը հայտնելով իշխանություններին և գնաճին: Ու էնպես ստացվեց, որ ինքնասպանություն գործելիս ամուսինը կնոջից ավելի շուտ վայր ընկավ, իսկ կինն էլ ամուսնու վրա ընկնելով՝ հրաշքով փրկվեց: Բարեկամները հավանություն տվեցին այդ առաջարկին, քանզի այդ կերպ դավաճանության մասին խոսք անգամ չէր լինի, ու գերդաստանի բոլոր ընտանիքները կփրկվեին խայտառակությունից:
Այդպես էլ արին, էստեղ-էնտեղ դա տարածեցին, ու որոշները եղան, որ հավատացին այդ առասպելին, բայց շատերը, որոնք հեռվից հեռու ճանաչում էին Տարոնին, այդ թվում նաև՝ հրատարակչությունից նրա կոլեգաներն ու վերջիններիս շարքում եղած չուզողները, մի կուշտ ծիծաղեցին ու հակափաստարկներով ապացուցեցին, թե ինչու է դա անհնարին՝ առաջին հերթին վկայակոչելով այն փաստը, որ Տարոնն ու իր կինը սոցիալապես անապահով վիճակում երբեք չեն գտնվել, այն էլ՝ այն աստիճանի, որ կյանքներին վերջ տան:
Ազգուտակը մի որոշ ժամանակ անց տեսավ, որ այդ հեքիաթը չունեցավ անհրաժեշտ կախարդական ուժը, իսկ համացանցում արդեն տարածվում էր այն լուրը, որ ողբերգական դեպքի պատճառն իրականում դավաճանությունն էր:
Բարեկամների մեջ մի երիտասարդ կինոռեժիսոր գտնվեց՝ Տարոնի քրոջ դստեր ամուսնու հորեղբոր որդին նախորդ ամուսնությունից, որն ավարտած լինելով արվեստի բուհը՝ մասնագիտությամբ կինոռեժիսոր էր: Նա պատասխանատվություն ստանձնեց այդ ողբերգական դեպքն էկրանավորել բարեկամության տեսանկյունից, այսինքն՝ պատկերել ամուսնական զույգի՝ կարիքից դրդված դաժան մահը և իշխանությունների անտարբերությունը:
Որքան էլ խեղճ կինոռեժիսոր տղան փորձեց, հովանավոր չկարողացավ գտնել այդ ֆիլմի նկարահանման համար՝ չնայած գրվել էր սցենարը, և թղթաբանական մասով ամեն ինչ պատրաստ էր ֆիլմի արտադրական փուլի համար: Այդպես, մի ամսից ավելին անցավ, և բարեկամների համբերությունը սպառվեց, քանի որ բոլոր կողմերից արդեն խոսվում էր դավաճանության մասին, իսկ իրենց պետք էր մի ֆիլմ, որը կցուցադրվեր կինոթատրոններում և հեռուստաալիքներից որևէ մեկով՝ լռեցնելով բամբասկոտների ստերը և վերականգնելով արդարությունը:
Տեսնելով, որ գործը գլուխ չի բերվում, իսկ օրեցօր ավելի ու ավելի են շատանում բամբասանքներն ու շրջապատողների հետաքրքրասեր հայացքները, բարեկամները որոշեցին իրենց սեփական գումարները ներդնել ֆիլմի արտադրության համար: Հավաքվեց գրեթե մեկ ու կես միլիոն, ինչն այնքան էլ բավարար չէր գեղարվեստական կինոնկարի համար, բայց լավից-վատից կարող էր բավականացնել կամերային դրամայի համար, այսինքն՝ ֆիլմի բոլոր գործողությունները՝ սկսած հյուրասենյակում կնոջ և ամուսնու ծանր ապրումներից և վերջացրած պատուհանից նրանց նետվելով, կատարվելու էին ընդամենը մեկ վայրում՝ ամուսինների բնակարանում:
Սկսվեցին նախապատրաստական աշխատանքները. տեղի ունեցավ քասթինգ, որին ներկա էր նաև կոտրված ձեռքով ու ձեռնափայտով Գաբին, որ դերասանների շարքից պիտի ընտրեր իրեն ու Տարոնին ամենահամապատասխան դերակատարներին: Հերոսուհու՝ Գաբիի կերպարը մարմնավորելու համար ընտրվեց այդ տարվա միսս Հայաստանը, որ նախկինում երբեք չէր նկարահանվել ֆիլմերում, բայց այժմ լավ հնարավորություն էր՝ թողնելու մոդելի իր կարիերան և անցնելու լուրջ արվեստին: Բացի դրանից՝ նրան շատ էր դուր եկել սցենարը, որն ընթերցելուց հետո, ինչպես ինքն էր բնորոշում, տարատեսակ զգացողությունները միախառնվել էին իրար, և ուզում էր համ լաց լինել, համ էլ ծիծաղել: Նույնպիսի ընտրության առաջ էր կանգնել նաև Տարոնի կերպարի դերակատարը՝ գրողների միության նախկին անդամը, որ վտարվել էր միությունից՝ մյուս անդամներին թուղթ մրոտողներ և իր հանճարի հետ ոտք գցել չհամարձակվողներ կոչելու պատճառով: Նա նույնպես չէր կողմնորոշվում՝ Տարոնի կերպարը պետք է ուրա՞խ լինի, քանզի մահը դիմավորում է ժպիտով, թե՞ տխուր լինի, քանզի մահը չի դիմավորում իրեն ժպիտով: Կանգ առնելով երկրորդ տարբերակի վրա՝ Տարոնի դերակատարն էլ հաստատվեց, ու վերջապես սկսվեց «Աղքատություն» ֆիլմի արտադրական փուլը:
Հետագայում ֆիլմը վերանվանվեց «Մահացու աղքատություն», քանի որ բարեկամները որոշեցին, որ այդ վերնագիրն ավելի ցայտուն կփոխանցի ֆիլմի դաժան բովանդակությունը: Նկարահանման խմբում, բացի տեխնիկական մասի անձնակազմից, ներգրավված էր նաև Գաբին, որ ռեժիսորի և օպերատորի ոտքի տակ ընկնելով՝ չէր խուսափում դերասաններին, հատկապես՝ իր կերպարի դերակատարուհուն, խորհուրդ տալ, թե ինչպես է պետք գլուխը շրջել, ինչպես է պետք քայլել ու նույնիսկ՝ ինչպես է պետք շնչել: Ընդմիջման ժամին նա նույնիսկ մի մեծ ճառ կարդաց դերասանների գլխին, թե ինչի կարող են հասցնել աղքատությունն ու իշխանականների անարդարությունը հասարակ քաղաքացիների նկատմամբ:
Այդպես անցան նկարահանման ծանր չորս օրերը, որոնց ընթացքում նկարահանվել էր միայն հերոսների ողբ ու կոծը և սենյակներով ետուառաջ քայլելը: Իմիջիայլոց, նկարահանումներն ընթանում էին ամուսինների իրական բնակարանում, ինչը, բարեկամության կարծիքով, էլ ավելի ճշմարտանման կդարձներ ֆիլմը: Եկավ հինգերորդ օրը՝ զույգի ինքնասպանության տեսարանի նկարահանման օրը, ինչով էլ ավարտվելու էր ֆիլմը՝ վերջին կադրում հանդիսատեսին ի ցույց դնելով բաց պատուհանը:
— Ռեք,- բղավեց ռեժիսորը, ու տեսախցիկը սկսեց նկարահանել:
— Ո՛չ, ո՛չ, ես այլևս չեմ կարող այսպես,- դեմքը ձեռքերի մեջ թաղելով ու ձենը գլուխը գցած ողբալով՝ ասաց Գաբիի դերակատարուհին:
— Սիրելիս, աղաչում եմ, մենք պետք է ուժեղ լինենք և չտրվենք մեղսավոր մտքերին, որոնք անխուսափելի են մեր կարգավիճակում գտնվող մարդկանց համար,- բռնելով կնոջ ձեռքը՝ հուզումնալից ձայնով ասաց Տարոնի դերակատարը: — — Բայց չէ՞ որ Տերը ամենագութ է, նա մեզ կների, մենք միշտ հնազանդ ենք եղել նրա կամքին, բայց այժմ ստիպված ենք նման քայլի դիմել: Ապա մի շուրջդ նայիր,- ձեռքերը պարի շարժումների նման թափահարեց օդում կինը և շարունակեց,- մենք ոչինչ այլևս չունենք, խրված ենք վարկերի տակ, անկարող ենք կատարել կոմունալ վճարումները, շուտով բնակարանի վարձի մուծման օրն է գալու, այս ինչ անիծված կյանք է, որ մենք ենք ապրում: Այդ ամենի պատճառով չենք կարող անգամ մեզ թույլ տալ երեխա ունենալ:
Տարոնը ծնկի է իջնում կնոջ առաջ՝ ձեռքը բաց չթողնելով:
— Ախր հասկացիր, Գաբրիելա, սիրելիս, դա լուծում չէ, դա հանցագործություն է Աստծո դեմ: Ի՞նչ կփոխվի աշխարհում, եթե մենք դա անենք, արդյոք կվերանա՞ն անարդարությունն ու անազնվությունը:
Գաբիի դերակատարուհին ոտքի է կանգնում և հանդիսավոր ձայնով հայտարարում.
— Միգուցե և ոչինչ չի փոխվի, բայց գոնե կկատարվի փոխելու փորձը:
— Ստոպ, շատ լավ ա,- հայտարարեց ռեժիսորը:
Տասնհինգ րոպե ընդմիջում եղավ, որի ընթացքում Գաբիի ու Տարոնի դերակատարները աթոռների վրայից հատակին ցատկելով՝ նախապատրաստվում էին պատուհանից դուրս ցատկելուն:
— Ռեք,- կրկին ազդարարեց ռեժիսորը, ու նկարահանումը շարունակվեց:
— Դե ինչ, սիրելիս,- ոտքի կանգնելով և կնոջ գլուխը գիրկն առած, լացը մի կերպ զսպելով՝ ասաց Տարոնը,- եթե դու այդպես ես ուզում, այդպես էլ կլինի…
Ապա մի քանի վայրկյան անց միտքն, ասես, փոխեց ու ասաց.
— Իսկ եթե ընկերոջիցս պարտքով վերցնե…
— Ոչ, ոչ, այլևս նման բան չասես,- հիստերիկի պես ճչաց Գաբին՝ ազատվելով ամուսնու ձեռքերից ու գնալով դեպի պատուհանը:
— Սպասիր, սպասիր, սիրելիս,- ձեռքերը դողացնելով՝ ասաց Տարոնն ու հանեց վերնաշապիկը, կարծես թե դա ինչ-որ կերպ խանգարելու էր ինքնասպանությանը,- մենք դա կանենք միասին ու միասին էլ կկանգնենք Տիրոջ դատաստանի առջև:
Գալով և կանգնելով կնոջ կողքին՝ Տարոնը բռնեց նրա ձեռքն, ու երկուսով բարձրացան պատուհանագոգին:
— Կամերան մոտիկացրու, մոտիկացրու իրանց գլուխներին ու նենց արա, որ պրոֆիլները էրևան,- փսփսում էր օպերատորի ականջին ռեժիսորը:
— Ես սիրում եմ քեզ,- ասաց Գաբին ամուսնուն:
— Ես էլ քեզ, սիրելիս,- լաց լինելով՝ պատասխանեց Տարոնն ու ցատկեց ներքև՝ Գաբիին իր հետ քաշելով:
Ներքևում պետք է բատուտ դրված լիներ, որի վրա ընկնելով՝ դերակատարները թռչելու էին օդ ու կրկին ընկնելու, թռչելու և կրկին ընկնելու՝ այնքան ժամանակ, մինչև ցատկի բարձրությունը նվազեր, ու դերակատարները վերջապես ոտք դնեին գետնին՝ իջնելով ցատկացանցից:
Նախորդ անգամները բատուտի տերը, որ տարիքն առած, բայց կյանքին դեռևս երիտասարդ աչքով նայող բիձա էր, մի երկու անգամ բերել էր բատուտը, և դերակատարները փորձել էին իրենց ցատկը՝ նետվելով պատուհանից և վայրէջք կատարելով դրա վրա:
Թարսի պես նախորդ օրը բիձու տանը հյուրեր էին եղել, և ամբողջ գիշեր խմելով, առավոտյան էլ քեֆը լավ՝ նա վերցրել էր բատուտը և բերել նշանակված վայրը, նշանակված ժամին: Ռեժիսորը, ժամին նայելով, մինչ նկարահանումը տեսել էր, որ բատուտը տեղում է, և քանի որ ժամանակ չկար ցատկը կրկին փորձելու՝ սկսել էր նկարահանումը այն մտքով, որ դերակատարները կընկնեն բատուտի վրա, ու նկարահանումները վերջապես կավարտվեն: Բիձեն, որ դեռ լրիվ չէր օյաղացել, հանկարծ, չգիտես ինչու, մտքին դրեց, որ սխալ տեղ է կանգնեցրել բատուտը, և ինքնագլուխ տեղափոխեց մեկ ուրիշ պատուհանի տակ: Այդ փոփոխությունը ոչ ոք չնկատեց, իսկ Տարոնն ու Գաբին պատուհանագոգին կանգնած՝ սիրով լի հայացքով նայում էին միմյանց (որքան թույլ էր տալիս նրանց դերասանական փորձը):
Որքան էլ աստվածներ հորինվեն, միևնույն է, զուգադիպությունները, պատահականություններն ու հրաշքները երկրորդ անգամ չեն կրկնվում: Տարոնը փռվեց գետնին, վրան էլ փռվեց Գաբին: Երկու դերակատարներն էլ կոտրեցին ողնաշարերն ու հավերժ անշարժացան:
Ռեժիսորին ու բատուտով բիձուն ձերբակալեցին, և նկարահանման խմբի ու Տարոնի բարեկամության մասնակցությամբ մեծ դատական գործ սկսվեց: Անցնում էին օրեր, և մինչ դատավարությունը շարունակվում էր, հանգուցյալ Տարոնի բնակարանի պատուհանին վանդակաճաղ ամրացվեց, որպեսզի ոչ ոք այլևս ցած չնետվի այդտեղից, և որպեսզի այլևս չլինեն ոչ հանգուցյալներ, ոչ էլ հրաշքով փրկվածներ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն