Կիսաեփ քաղցր սպանախ
Գեղագետի փոքրիկ
ջրերից դուրս թռչկան
բնիդ ողերից կախ
Աստծո թաշկինակներ
փաղաքշանքով արծաթ
յամբի ծիծաղն էին
մզում ուղեղիդ մեջ,
որ արթնանաս ուղիդ`
փտող կենց-աղ(ն)երից
ուղղահայաց վերև,
ու երիզորդ ոչ մի
քո միջև չդառնա
անունդ երիզող…
Բայց դու խոր քուն մտար
սրտիդ միջնորմի մեջ`
արծաթներիդ հսկող
վերից քո անթառամ,
որ չհալվեն նրանք
հանկարծ թունավորված
գազօջախի վարքից,-
այլ արթնանան ուղիդ
ծիծաղներով զնգուն,
որոնցից ավագին
երդվել էի մի օր —
երիզ-երիզ անփույթ
էտած աբսցեսիս մեջ
տառն իր աճեցընել…
Բայց դու ինչո՞ւ չեկար
արևներիս դիմաց,
որ ծառերից կռնատ
թունավորված աստծո
թաշկինակներ թռցնես,
փաղաքշանքով մի այլ
քամիների փոշուց
հոգեբանես ծածուկ
սրտիս քէ-մաժորը,-
իսկ նա չայրվի-եռա,
ինքն իր ներսում իր իսկ
զվարթոնքից եփվի
և արևիդ զնգա…
Իսկ… արևդ կծեմ,
Քրիստազա՛րդ մայրի(կ)…
***
Միայնակ ինձնից,
ամենից մենակ`
նախորդիվ գիշեր ժամերի տակով
ես ոտաբոբիկ այգու շեմն անցա:
Գուցե այդ պահին զմրուխտ քնի մեջ
նա իր երազի ոռոգման մասին
իմ ինքնահոսի ձայնն էր մտածում,
բայց ես մոտեցա խաղաղ, ծառս որբ
դրի թևիս տակ և դարձա… գաղտնի:
Ես նստել էի հասարակածին
և իմ վարդավառ-արցունքի
աղի նվագն անելով շրթհարմոնիկ,
բայց —
ծառիս զո՜վ կանաչ հիշողությունը
աչքերս լցրած`
ինձնից փրկվածի խաչն էի
սարքում ես — մենակ — ինձնից…
Կողքիս մեռել էր սիրո արդեն-ը:
Կեսգիշերը լյա-մինոր ուրբաթ էր
քսում մատներիս,
բայց ես հենց սկզբից
փակ էի պահում մատներիս աջը`
որպես Շաբաթ օր,-
հարության կերպը թաքցրած
ափիս մեջ…
***
Հորս պատերազմում ես չտեսա,
բայց — դեռ մորս արգավանդից — հիշում եմ,
որ Նա լույս էր քամում
Կարա-բաղից…
Որ իրենց հանկարծ
ետմիջօրեին միայնակ չզգան
թոփալ ապրիլը,
կույրերը մարտյան,
մայիսի վարդը…
Ինձ ապրիլն այստեղ ցնցե՛ց,
հիշեցի.
այս վերլիբրից
կես համբույր առաջ էր
հորս տխուր արշավանքը խաչակրաց,
որոնցից ես միջնեկն էի,
այսինքն` միջև եկած,
այսինքն` միջնորդը…
Ավազակից, որ մեծն էր,
մինչև փոքրը` մի Կարիճ,-
ես` դեռ վա՛ղն էլ հենց
չներվելու չափ մի Կույս Համայստեղ —
ապրիլի հետքերին
մարտերում կուրացած
մայիսյան վարդերով…
***
Օրը չի գալիս, բայց
տարիներն են լքում…
(Օդում գծագրվող թռչուն մի անանուն):
Բայց ես գիտե՛մ հաստատ.
նա Անո՛ւնն է թռչում`
ճյուղերին իր կապույտ
տերևները թողած…
Գծագիրն է ճղվում,
ես ընկնում եմ ծառից`
աչքերիս մեջ առած
կլոր ճամփորդության
եռանկյունի բույներ…
Ժամի թափված քարերն ինձ վրա
մի՛ նետեք.
իմ աչքերի բացվերք
փչակներում ահա
ձեր թաց անունների
սաղմ(ոսն)երն են պտղած,-
երբ Օրը գա` կորցրած
իր ձվերը գտնի…
***
Միակ որտեղդ
քո անվան տխրությունն է,
որի ընդմիջով
դու կատարվում ես`
զվարթորեն թաց,
մոռացության պերճ
արվարձանիդ շուրջ,-
դեպի ծաղիկը`
մահվան նրբանցքից.
միակ ճանապարհորդը`
քո վերաբերյալ:
Դու մոտենում ես, նրան չես տեսնում,
նա տենդի միջից կռահում է քեզ,
որ դու քո լույսի փոշին ջանաս իր
վարսանդից դեպի…
Բայց դու նրան չես ճանաչում,
ինչո՞ւ:
«Ինչո՛ւ»-ն ճանաչիր…
Տրանսցենդետ Ալ
Չեն ավարտվում նավերս բայց`
ջրարբուքի խոր (մ)տածում-
ներեն` քնած երազի մեջ
քեզնից դեպի դուրս խեղդվողի…
Ներումնահայց հրեշտակներ
շրջահայաց են քո զարթնում,
որ լուսանցքի ծիլն ապրենա
մանկությանդ անմայր Էգոն
(ո՛չ նկարիչ Շիլեն, անշուշտ):
Շիլ են աչքերն իմ-քո, մեղքիդ
վիրահատման շեղբերի շուրջ
թախիծ-թախիծ զվարթորեն
պար են գալիս կաթնուկ վարդեր`
հատ գնացած, ուր մաշվում են
քո ստացական հոդերը նուրբ…
Բայց ելնում են անվանս մեջ
վարդի նուրբերը գեղագիր
վայելչական տողադարձով
ու խարսխում որբ նավդ` հանց
Գ-Ք-ի թաց ուղղագրություն…
Բայց իմ նավը չի՛ ավարտվում
դարձյալներում տողան-տողան`
ինձ դեպի քեզ խորտակվածի,-
ակն ընդ
ական, որով-հետև
երրորդության մեջ Ե՛ս կա…
մ…
***
Դռները
ձեռքով են անում մեզ:
Ձեռքերը ժամեր են`
մահացման լույսերով
բառերի սրտից մեր սերմերը կողոպտող…
Ժամերս մնացին
դռներիդ արանքում…
Բլյուզ
Երբեք չպաշտպանող
ասպիրանտի նման
մահն արյուն է ոթում`
կրծելով գլուխներն սկզբնաղբյուրների…
Տեսախցիկն, ինչպես
օպտիկական թանաք,
պատ-Էրազմի
նաիվ փիլիսոփայության
խոտոր լանդշաֆտներն է փորձում
քարտեզագրել`
ժամագործի խարխուլ
Կանաչ ժամի դաշտում,
որտեղ Սիզիփոսի խոշորացույցն հսկա
թվեր է բազմացնում
վիժման արագությամբ…
Խղճի քարակույտեր`
խելագարված ու որբ,-
ներքնաձիգը կորցրած
եռանկյուններ-պասկալ…
Ցվետանան` լույսի շառավղով միակ
կանաչ դաշտի ծաղիկ,
օտար ու անպաշտպան,
իր զույգ տերևներով —
ժանգոտ և արնածոր
սլաքներն է ջանում
ճշգրտել
ֆոկուսից ընկած ժամագործի…