Զինադադարի օրը, սրտի կաթվածից, Մենակը կանգնեց ու նայեց։ Հետո մենակ նայեց։ Հետո վառեց պոկած ֆիլտրով ծխախոտը, շուրթերով ամրակայեց ռմբապատրույգի փոխարեն, որ միամիտ քնի, եթե վառքը հասնի բերանին, ցավից գոռա 44 գիր՝ առաջին գրքի համար։

***
Մեքենայի ձայնը լսվում է հեռվից։ Վարորդը կամ թշնամի է կամ հակառակորդ՝ նայած, թե ինչպիսին է տվյալ պահի քաղաքական դիրքորոշումը, ընդ որում` թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական։ Հնարավոր է, որ մեկ էլ ու հո՛պ, մեքենայի վարորդը դառնա հարևան. հանկարծ ու պարզվի երկկողմ, բայց ավելի իրատեսական է եռակողմ պայմանավորվածությամբ, բարեկամ է, այ մարդ, խաղաղ դրկից, որին էս էլ քանի տարի է սխալ ենք հասկացել… այ քեզ թարմություն։ Չէ՛, թարսություն էր գրել, ստեղնաշարի ինքնակարգավորիչը սարքեց թարմություն։ Բայց ինչ իմանա, ինքնակարգավորիչը գուցե ավելի լավ գիտի, ավելի հիմնավոր, քան դու, որ շարունակում ես պատերազմ բառի մեջ «Երազ» պարտություն բառի մեջ «Պարտք» բառերը տեսնել նախ։
Մեքենան հեռացավ։ Ձայնն էլ։ Դեռ չգիտի՝ մեքենան մա՞հ էր բերել, թե՞ խաղաղություն, մահ էր բերել, թե սնունդ, սպասում, թե ջուր, ավարտ, թե ձմեռային հագուստ, որի գրպաններում էլ տաք նամակներ չկան։
Մահ էր բերել, որը խաղաղությունն էր։

***
Մեղրի՝ կամուֆլյաժ պատիճ, վերնագիրը՝ Զինվորի բաժին, ստորագիրը՝ չի վաճառվում։ Նախաճաշն ավարտվել է։ Մենակը Մեն մենակ է, անունն է Մենակ, ի հիշատակ հարյուր քանի տարի առաջվա իրական լեգենդի՝ Մենակ հայդուկի, որի ծոռը չէր, բայց կուզեր լիներ, որի թոռն էլ իր հայրը չէր, բայց առաջին պատերազմի խորհրդանիշն էր որոշ ժամանակով, մինչ ձանձրույթից դադարեցվեցին խնկարկվել անհետ կորածների հիշատակը։ Նոր բան էր պետք, հանրային նոր սնունդ։ Կլինի, երեխեք ջան, մի շտապեք։
Բացեց իր բաժինը, մեղրը դոնդողացած կոնյակի պես հոսեց հացին։
Կծեց հացը։ Մեղրն էլ։ Վերջերս, հացից մոխրացած ընկերոջ համ է զգում։ Ծամում է երկար, ընթացքում մտածելով հակահարձակման հաջորդ պլանի մասին, որը դեռ չի քննարկվել, գաղտնիք է։ Կուլ տվեց հացը, ընկերոջը, մեղրը։ Աստված այսուհետ ավելի երկար կմտածի՝ ում վստահել գաղտնիքը։

***
Ճաշին գնաց Լյովի հոգեհանգստին։ Այս արարողությանը հանգիստ էր մենակ Լյովի հոգին։ Մյուսները մոռացել էին, որ ունեն հոգի։ Մենակը նայեց դրոշով ծածկված մարդու մարմնին, գրկեց մոր գլուխն ու լացը լցրեց մազերի մեջ։ Լյովի կինն էր կամ քույրը, կամ կինը, որ այսուհետ քույրն է, անընդհատ հարցնում էր, դու հետն ես եղե՞լ, հետն ես եղե՞լ։ Մենակը գլխով ասում էր չէ, մտքում՝ երանի հետները լինեի, կամ ես էլ, կամ իրենք էլ չէին զոհվի։
Հետո, հրաժեշտի նման, ձեռքը դրեց Լյովի ճակատին. գլխարկը շարժվեց, թվաց՝ ուղղում է, որ պատվի առնի ու ներկայանա։ Հետո, նույն դողացող ու ճաքճքած ափը դրեց դրոշին, որի տակ կուրծքն էր զինվորի, որի ներսում դատարկ ապահովություն, հրամանատարական բունկերի նման։
Թաղմանը չգնաց։ Տղերքը պատմում էին, որ դագաղը շատ թեթև էր, ոնց որ մարդու մարմինը կիսատ լիներ, առանց ոտքերի։ Իսկ Արթուրին՝ հույժ գաղտնի փաստաթղթերով արկղի պես փակ դագաղով են տարել, ավելի թեթև, բզկտված, պատառոտված, մի հին ու հոգնած քարտեզի նման։

***
Ընթրիքին տուն զանգեց։ Տունը երկար սպասեցրեց։ Մի քիչ էլ։ Պատասխանեց։ Հարցրեց։ Ամրագրեց։ Խղճաց։ Նախատեց։ Արթնացրեց.
— Ինչի՞ Արցախը տվեցիք, պապ…
— Բալես…
— Հը՞, պապ…
— Մաման ո՞ւր ա, ինչի՞ ես դու վերցրել հեռախոսը:
— Մաման լացում ա։ Տամ իրա՞ն:
— Չէ՛։ Բան չունեմ ասելու, բալե՛ս։
— Բայց ինչի՞ Արցախը տվեցիք, պապ:
— Արցախը մենք չենք տվել Սոմ… հավատա բալես։
— Հավատում եմ պապ։ Բա ո՞վ տվեց։
— Գամ տուն կխոսենք։
— Ե՞րբ կգաս:
— Չգիտեմ ձագս։ Գնացի։

***
Հետո Մենակը զգաց, որ սիրտը պայթում է, հետո հասկացավ, որ էնտեղ, տղերքի մոտ խայտառակ կլինի. էսքան չմեռար, որ զինադադարի օրը ինֆարկտից մեռնե՞ս ա՛յ ախպեր, հո դու փորձանք չե՞ս մեր գլխին։ Ու կքրքջան ինչպես առաջ, ինչպես միշտ, ինչպես ամենուր։
Հետո զանգեց իր ընկեր Աղասին ու ոռնաց ցավից, քանի որ նախընտրելի է հակահարձակման ավարտին ողջ մնալ, քան հիմա սիրտը պայթեցնել։
Հետո համատարած դատարկություն էր, ուր չէր կարող գործարկվել թոք պայթեցնող վակուումային ռումբը։
Հետո պարտությունը տեքստի վերածելու տառապանքը սկսվեց, որը վերնագրեց «Զինվորի բաժին, վաճառքի ենթակա չէ»։ Ջնջեց վերնագիրը։ Արդար չէր։ Սխալ էր։
Հետո կարդաց Հարութի հանրագիրը՝ նոր մարտական ակումբ բացելու հրամայականը։
Հետո սկսեց սիրել պարտության ներսի պարտքը, մի տեսակ՝ որդիական խնամքով ու հոգատարությամբ։
Հետո տղերքից մեկն ասաց.
— Մեղր կուտե՞ս, Մեն:
— Չէ՛, ախպերս։
— Լավն ա։
— Գիտեմ։ Հիմա չեմ ուզում ապեր։
— Լավ, վաղը,- ժպտաց ծուռ ու թանկ։
— Հա, վաղը ախպերս։ Անպայման։ Գնացի։
— Պոստիդ ժա՞մն ա:
— Հա։
— Դե Աստծով։ Անփորձանք։

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն