Պետք է ձգտել աստղերին՝ լուսնին հասնելու համար:

1.
— Բարև ձագուկ: Գիտե՞ս հիմա ինչ եմ երազում, որ այն ամենն ինչ գոյություն ունի մեր պատկերացումների համար, ապրի մեր ապրելուց հետո էլ, քանի որ այսպես կկարգավորվի միջտիեզերական հեշտանքը: Երեկ մի բան հասկացա, երբ կորցրի հերթական հեքիաթս. «Ազատությունը գտնվում է մարդու կրծքում, թոքերի արանքում, սրտից մի քիչ աջ»: Արի գրկեմ քեզ, գրկեմ ու սեղմեմ ես կրծքիս՝ սրտիցս մի քիչ աջ, համբուրեմ գոյություն չունենալդ ու թոքերիդ արանքի Աստծուն խնդրեմ, որ չկեղծի իրեն, լինի այնպես, ինչպես մենք ենք՝ իրական ու բացակա, երազկոտ ու անգութ: Այսքանը: Առայժմ, իմ փխրուն, իմ հատուկ ու անհայտ աղջիկ…

Անձրևի քիչ առաջվա սկսվելը զարգացրեց ենթագիտակից զուգահեռներ: Հոգիս ճպճպում էր մոռացված թանաքի մեջ, որում հորս ոսկրերի մոխիրն էր, սրանում՝ պապիս գենն, այստեղ էլ՝ ես: Մի ձեռքով, կարծեմ ձախով, շարունակեցի ամուր սեղմել ճակատս, մյուսով, երևի աջով, մտա ներսս: Հմուտ փորձագետի պես, տրորելով գնահատեցի մածուցիկությունը. դուր եկավ: Ինչ որ խաղ սկսվեց: Գաղափարի իրականցման, թե մերժման նկատառումով՝ չկարևորվեց: Էականը տեղի ունեցողն էր: Անձրևը դրսից հասնում էր հին ու հնազանդ անկողին ճկլթ, ճկլթ ձայներով: Այն հանգստություն կարող է բերել, եթե ցանկանամ: Թարլին սա կնյարդայնացներ, քանի որ, ալոճը ծամելիս որոշած ետդարձը կհիմնավորվեր: Բայց Թարլը շարունակում էր սեղմել շուրթերն ու գազի ոտնակը: Արդարադատության նախարարության առաջ բերանը կարածը շարունակում էր նայել նախարարի պատուհանին, աստիճանաբար հասկանալով, որ սաստկացող ցավը բթացնելու համար էլ չի կարող բժշկական, 96 տոկոսանոց սպիրտ խմել, չնայած պայուսակում երկրորդ շիշն էլ ուներ, երկրորդ գործողության համար: Արյունն աստիճանաբար լերդանում էր նրա շուրթերին, շարունակում էր հոսել միայն թափանցիկ ավիշը, կուտակվելով նիհար ծնոտի փոսիկի մեջ՝ խղճահարելին զզվելի դարձնելով: Նախարարը չկա ու չկա: Ռադիոյով շարունակվոււմ է երգը՝ չհասնելով Թարլի հոգուն: Այսինքն, նա խաբվել է. շինարարության ժամանակ լսածը հատուկ հորինված սուտ է եղել: Նախարարի աշխատասենյակը փողոցին նայող պատուհան չունի: Թարլին եթե հարցնես, կվստահեցնի, որ նախարար չկա առհասարակ, ինչպես իր երկրում: Բայց Որդին չի կարող մի քանի հազար կիլոմետր տարածության միջնորդությամբ Թարլին նման բան հարցնել, երբ բերանը կարել է, որպես բողոքի նշան: Ցուցապաստառն անպայման կհանի, ու կպարզի, անխոս, դեռ դրա ժամանակը չի: Հիմա համոզվել է պետք, որ նախարարը տեղում է, զգացմունքային է, բարի, այն անկեղծ ժպիտը, որով բարևում է փողոցում առանց թիկնապահի զբոսնելիս, հանովի դնովի չէ: Թարլը միշտ, մի քիչ ուրիշ կերպ ժպտում է, երբ իր մոտ, ոգևոր զվարթությամբ պատմում են նախարարի մենակ զբոսնելու մասին, երիտասարդ ընտանիքների հետ հենց փողոցում, մայթին կամ այգում կանգնել զրուցելու մասին: Ու մի քիչ էլ է սեղմում գազի ոտնակը: Չէ: Թարլը գնալով ավելի արագ է քշում: Սա իմ ծրագրի մեջ չկա: Մտադիր չեմ Թարլին ավտովթարի զոհ սարքել: Չէ: Գանգիս աջ մասը հալված մոմի պես չի ենթարկվում ձախ ձեռքիս: Աջս դանդաղ հանեցի հոգուցս : Թանաքն իրոք շատ որակով է: Ափս անշտապ պտտեցի՝ ներս ու դուրսը զգալով հոտառությամբ: Սկսեցի վեր հրել ճակատիս ծանրորեն հենված առաստաղը: Աջ ոտքիս նյարդի գլխավոր թպրտոցներն աստիճանաբար մարեցին. էս անգամ էլ կաթվածից խուսափեցի: Շնորհակալ եմ: Գոնչո մռութ տղես ու գեղեցկուհի աղջիկս արդեն քնել են, նախապես համբուրելով աչքերս, քիթս, բերանս՝ թողնելով երջանկությանս մեջ իրենց հրաշալի թուքն ու բերկրանքը: Կինս նեղացած է՝ համոզված, որ ուրիշ կանանց սիրելս, իրեն դավաճանել է նշանակում: Երանի ես հիմա Թարլի փոխարեն մենակ վարեի մեքենաս, դեպի աստղերը, լուռ, ալոճի կորիզները ատամներիս արանքում պահած՝ կրծելով ու չճզմելով: Երանի, որովհետև, հոգնել եմ բացատրելուց նրան կամ որևէ մեկին, թե ինչ է դավաճանությունը. ես չգիտեմ ինչ է դավաճանություն սիրելը: Դրա համար էլ, լռում եմ, երբ խոսք է բացվում սրանցից որևէ մեկի մասին: Լռում եմ ու երանի տալիս Թարլին: Երևի, ես վստահում եմ միայն կարեկցանքիս, որի մղմամբ Թարլը շատ սուր է պահում իր դանակները՝ հորթուկի, խոզուկի, գառնուկի միսերը կտրտելիս, որ ցավ չպատճառի, այն կարեկցանքիս, որի սնմամբ կխնչացնեի բերանփակ Ուրվականին, եթե կողքին լինեի, որ այսպես ստրկորեն չֆսֆսացներ քաղաքային լորձով լի քիթը, դառնար ավելի տրորելի ու վատ. նրան, արդյունքի հասնելու համար նոր գործողություն է պետք, անհապաղ: Քնիս ընթացքում՝ ուղեղիս փուխր անոթների տնքոցը ներծծվել է բարձի մեջ, որի անհարամարությունից ամեն գիշեր հայհոյում եմ կարապներին ու նրանց ատելի փետուրները, չմոռանալով, որ, այնուամենայնիվ, այդ բարձը մարդիկ են կարել, ու ուրիշ մարդիկ էլ ընտրել ու գնել են՝սիրուց, դավաճանության վախից թե կարեկցանքից ելնելով: Ատում եմ իմ բարձը, որի մեջ կարապի մանկադի փետուրներ են ու գլխացավիս արձագանքը: Մայրաքաղաքի հեռուստաաշտարակը մշուշի մեջ է, տոնական, ամենօրյա վառ լույսերը՝ լղոզված՝ գեղանկարչական հնացած ու արժեքավոր դպրոցներից մեկում վրձնված կտավի պես: Տղերքը լավ կոնյակ են ուղարկել: Ծխելը վաղը կթողնեմ: Անձրևը ձգտում է ձյունի, բառը՝ հայհոյանքի: Չի լինելու ձմեռ: Վերջ: Ճկլթ, ճկլթ: Թարլը թող կանգառ անի, ու ծխի մի հատ, քանի ոլորապտույտից չի թռել ձորը: Ուրվականն ինչ ուզում է թող անի, իր գործն է. սիրում եմ դավաճանությունն ու ատում կարեկցանքը: Թարլն էսքան ժամանակ ինձ հարցրե՞ց ինչ անի. երբեք: Մի երգ ունեմ հորինած, վաղը ծախեմ, տղուս ծնունդին նվեր առնեմ. շան վիզը կտրող դանակ: Լավ երգ է, երբեք չի ավարտվում: Երբեք: Հենց հիմա նայում եմ օրորոցում քնած հսկային՝ երկու տարեկան մարդուն, ով սովոր է արթնանալ բարձր երաժշտությունից, ռումբերի պայթյունից ու հուսահատության հանրային-համազգային կուտակումներից:
Դիմացի՝ մարդկանց հատուկ ցեղատեսակների համար նախատեսված ընտիր բնակելի շենքից լսվում է մի երգ՝ «Երազ իմ երկիր» սկզբով: Երգին խառնվում է հարբած հուզմունք ու դրանից հավելվող խրխնջոց թե ծիծաղ, չի հասկացվում: Ես շարունակում եմ նայել քեզ. ախր, այ տղա, դու մարդավարի չես էլ լացում. քնից վեր թռչելուց՝ գոռում ես, մորդ կանչելուց՝ գոռում, ուրախանալուց գոռում, տխրելուց գոռում, հենց մի բան ես կորցնում՝ ասենք, խաղալիք հրացան կամ հայրենիք, էլի գոռում ես… բառ ասա, էլի՞, բառով ասա խոսքդ, որ հասկանանք…
Դեռ չէ, քանի որ նոր նոր սկսել են իրար գիշեր բարի ասել. մի քանի ժամից, նույն պատշգամից, որտեղից քիչ առաջ ծորում էր հուզմունք, խրխիջ, քաոսային զրույց ու երազային հայրենիքի մասին բազմապիսի երգեր, կլսվի մի ահավոր, անմարդկային հազափռշտախնչոցային գարշանք, ու տղան, որ դեռ երկու տարեկան էլ չկա, ու տղան, որին բոլորը հսկա են ասում ու սիրում, կարթնանա, ու չի գոռա, կլռի ու միայն շուրթերը շարժելով, որ հանկարծ մայրը չլսի, կասի՝ թող քնեմ, այ լավդ քունեմ, հետո կպառկի՝ վստահ իր սերմի ուժին, վստահ որ լավն անպայման կբազմապատկի, թե կա այդպիս բան: Ուր որ է պիտի քնի: Կլսի, որ հայրը՝ ծածրաձայն, որ ինքը չլսի, պատմում է մորը, որ սահմանում մերոնք լիքը թշնամի են կոտորել են, բայց սահմանից, մերոնք, ստիպված, տեղահանում են բնակիչներին՝ մայրերին, քույրերին, հսկաներին, երկու տարեկանից բարձր ու ցածրերին: Ո՞նց ուր են տանում: Չգիտեմ, տղես. տեղահանում են, որ ապահով լինի: Բա էս շենքում ի՞նչ կեր ու խում են անում, բա էս բոզի տղերքը ի՞նչ սրտով են սենց ապրում: Այ տղա, չի կարելի կառավարության մասին էդպես խոսել: Է՜հ, ես գնացի քնեմ…
Պատերազմի լինել չլինելը ոչինչ չի փոխում… »
Թարլը փոխեց ալիքը: Սկսվել էր երգը, որը երբեք չի ավարտվում:
9.
Թարլի որդին ծխախոտ հյուրասիրեց: Ես ու ստվերս խառնվեցինք իրար, ներծծվեցինք իրար մեջ: Ուրվականը համակարգչիս դիմաց է, անընդհատ կիսատ է թողնում երաժշտությունն ու միացնում նորը: Սիրտս խառնում է: Թութունին հաստատ մի բան խառնել է էս անասունը: Գլխացավս սաստկացավ: Մի քանի ժամ մնացի զուգարանում. այնպիսի տպավորություն էր, որ ողջ աշխարհի կեղտը հավաքվել է ուղիղ աղիքումս, ու ինչքան դատարկում եմ, չի վերջանում՝ ավելանում է: Ոնց կսատկացնեի քեզ, Ուրվական, բայց հորդ հարգում եմ շատ, շատ: Նրա հիշատակի համար, մռութդ չեմ սխկի: Մոտեցա լվացարանին: Ափերս հրաբխի խառնարանի պես պահեցի, ծորակը մոտեցրեց շիթով ջուրը: Բուռս լցվեց. լճում անկամ լողում էին աֆրիկյան ծարավից մեռած երեխաների դիերը: Սարսափած, դատարկեցի բուռս, ձեռքերս քսեցի դեմքիս՝ թարմանալու: Մանկանց դիակները կախվեցին կնճիռներիցս: Ուրվականն ասես մոր արգանդում լինի՝ խաղաղ, ճոճվող: սկկսեց փորփրել համակարգիչս.
— Լսի՛, ինչի ՞ համար բաժանվեցիր կնոջիցդ:
— Քո գործը չի,- հազիվ բառերը հանեցի մկաններիցս:
— Ուղղակի, ուզում եմ հասկանամ՝ արժե՞ ընտանիք կազմել, թե չէ:
Շպրտվեցի բազմոցին, արագ արագ սկսեցի մտաբերել բոլոր կանանց ու աղջիկներին, որոնց հետ երազել եմ ընտանիք կազմել: Բոլորին, անգամ, մանկապարտեզի ընկերուհուս: Հասկացա, որ բոլորի հետ էլ հաստատ արժեր, բոլորի, բացի ինձնից:
— Լսի՛, բա էրեխեքիդ չես կարոտո ՞ւմ:
Մի կերպ թեքվեցի ու գիպսե կատվին ճանկելով շպրտեցի Թարլի որդու գլխին: Խորը շունչ քաշեցի, մի քիչ զգաստացա՝ լսելով նրա տխուր ու ժպտացող ձայնը.
— Հասկացա: Ամեն ինչ հասկացա:
Նայեցի նրան. գրկել էր ծեր ու ճերմակ կատվիս, որը սպասում էր բոլորիս քնելուն, հետո գալիս ու տեղավորվում էր երեխաների մահճակալների արանքն ու հսկում իր արթուն մրափով խաղալիք արջուկը:
— Ջուր բեր խմեմ:
— Ի ջուր,- զինվորի պես զգաստացավ, կատվին դրեց աթոռին ու շարային քայլերով գնաց խոհանոց:
Կատուս մոտեցավ, ու ասես ներելով, որ իրեն շպրտել էի, սկսեց լիզել բերանս: Թիկունքով նստած խոհանոցի պատին, տեսնում էի նրա գործողությունները. բացեց ծորակը, բաժակը պահեց ջրի հոսքի մեջ: Լցվելու ընթացքում, մատներով հանում էր մայրերի ու մանուկների դիերը, որոնք խեղդվել էին ծովում, բռնագաղթի ժամանակ: Փակեց ծորակը: նույն շարային քայլերով վերադարձավ: Կտրուկ, զենքը տալու պես մեկնեց բաժակը.
— Ի խո՛ւմ, իմ հանճարեղ բարեկամ:
Նայեցի բաժակի մեջ.
— Էս մեկի ՞ն ինչի թողեցիր:
— Օ՜պ, ներողամտություն, խնդրում եմ,- մոտեցավ, մատները զգույշ մտցրեց բաժակի մեջ, բռնեց հղի կնոջ թևատակերից, հանեց դուրս, արհեստական շնչառություն տվեց, նստեցրեց ծնկին, սկսեց շոյել ու նայել նրա աչքերին.
— Ինչ լավն ես: Կամուսնանա ՞ս հետս:
— Ըհը,- գլխով արեց նիհար, սովից ուռած փորով կինը,- կամուսնանամ:
— Գիտե ՞ս, ես կարող եմ քեզ այնքան շոյել, մինչև մեռենս:
— Ես ուզում եմ ապրել:
— Ուրեմն, քեզ այնքան կշոյեմ, մինչև ապրես: Լսի,- դիմեց ինձ,- ուզում ե ՞ս , ջուրը բացեմ, մի հատ էլ քո համար սենց համով ցանկություն գտնեմ:
— Չէ, շնորհակալ եմ… ուզում եմ հետ տամ:
— Տու՛ր, իսկ ինչու ՞ չտաս, մի ՞թե դրանում չէ երջանկությունը: Իսկ դու ինձ կտա ՞ս, մինչև մեր ամուսնանալը,- դիմեց կնոջը:
— Ըհը, բայց սոված եմ, մի բան կտա ՞ք ուտեմ:
— Հա, իհարկե, Ստվերը հիմա կտա:
— Անասու՜ն,- գոռացի ու ործկումս ինձ չոքեցրեց հատակին:Այնպիսի տպավորություն էր, որ ամբողջ աշխարհի լափածը հայտնվել էր ստամոքսումս, ինչքան փսխում էի, ավելանում էր: Կեղտը քարտեզագրեց ամբողջ մոլորկը.տեղ տեղ անապատներ կաին, որոնց վրայով, զգուշորեն ցատկոտելով ու ընթացքում տրորելով ահաբեկչական միավորումներն ու նավթահորերը, մոտեցա լվացարանին՝ չնկատելով կրունկիս կպած ադամանդի հանքը: Ուրվականը մի վայրկյանում հայտնվեց կողքիս.
— Հանգստացի, ամեն ինչ անցավ, ամեն վատ բան, հիմա՝ վայելի էս պահը, ուղղակի վայելի, լավ չի ՞ վայելելը:
— Վատ չի, բայց ես վայելք չէի ուզում, հիմա իմ մեջ կռիվ ա, հասկանում ե ՞ս, ես վայելքի դեմ կռվում եմ:
— Դե լավ, լավ: Լվացվի, գնանք դուրս՝ հաչենք:
— Շան պե ՞ս:
— Իսկ ինչու ՞, ոչ:
— Իսկ ինչու ՞ այո:
— Որովհետև, բանակում, մի անգամ շուն մորթեցի, քոթոթ: Դու լվացվի, լվացվի: Սոված էինք, ոչինչ չկար: Պատերազմը նոր էր ավարտվել: Այսինքն, չէր ավարտվել: Փողն էր պրծել: Մեր ու իրանց նախագահները գնացել էին Նույն մարդուց պարտք անելու, պայմանով, որ հինգ տարի էլ կպատերազմեն: Նույն մարդն ասել էր՝ կտամ… Այ, ճիշտ ես անում, վզիդ էլ ջուր քսի, հեսա լրիվ լավ կլինես… ասել էր կտամ, բայց տասը տարի պիտի պատերազմեք, ոչ թե հինգ: սրանք էլ, բա թե՝ տասը տարի չի լինի, մեր կառավարման ժամկետը, ըստ սահմանադրության, հինգ տարուց ավարտվում է: Նույն մարդն էլ, բա թե՝ է, փոխեք սահմանադրությունը… Դոշդ էլ լվա, լվա, լվա, լվա… Սրանք էլ քոռ ու փոշման հետ եկան, ստիպված ձեռ ձեռի տվին, ասին՝ ախպեր, արի էս հինգ տարին հորով մորով անենք, հետո կերևա… Մի խոսքով, քոթոթին բռնեցի, շոյեցի, շոյեցի, խաղաղվեց, փակեց աչքերը: Բռնեցի մռութը, ձգեցի կոկորդը, թաթերը զույգած դրեցի ոտքերիս տակ, շարունակեցի շոյել, ընթացքում ասում էի՝ սիրու՜նս, սիրում եմ քեզ, քոթոթ ջան: Դու լվացվի, լվացվի:Հենց դանակը քաշեցի, մաշկը պատռվեց, վնգստաց, բացեց աչքերը, նայեց աչքերիս… կոկորդը կտրեցի, փախավ… Լվացվի… դրանից հետո, ամեն գիշեր գալիս էր, կաղկանձում ու խնդրում, որ կամ լրիվ կտրեմ վիզը, կամ կարեմ վերքը: Տղերքին ասում էի՝ շան ուրվականը հոգիս կերավ, ծիծաղում էին: Անունս էլ Ուրվական դրեցին: Բանակից հետո՝ էլի նույնը: Մեռնում էի: Սաղ օրը հարբում էի, էլի չէր օգնում: Ինքնասպան եղա, հիշու ՞մ ես:
— Չէ:
— Հա, ճիշտ ես, էդ ժամանակ ծանոթ չէինք: Կամրջից քցեցի ինձ: Ներքև: Ընկա ծառի վրա: Փրկվեցի… Բայց ո՞նց չես հիշում, դու ինձ չիջացրեցի՞ր ծառից, տարար ձեր տուն
— Հա, ճիշտ ես, հիշեցի:
— Մի խոսքով. ծառի վրա, սթափ, մի միտք եկավ. իսկ ինչու ՞ չվռնդեմ քոթոթին, հը ՞, ես մեղավո ՞ր եմ, որ Նույն մարդը փող չտվեց պատերազմը շարունակելու և ուտելիք ու զենք առնելու համար: Իհարկե՝ ոչ: Էդ դեպքում՝ ըըըըհաֆ, հաֆ-հաֆ-հաֆ-հաֆ ու մի հատ էլ հաֆ: Պատկերացնու ՞մ ես, գնաց: Փախավ:
— էլ չի ՞ գալիս:
— Մեկ մեկ: բայց էլի հաչում փախցնում եմ: Լվացվեցի ՞ր:
— Հա:
— Դե արի գնանք հաչենք:
— Եկա ՞վ էլի:
— Ըհը:
Մենք նույն ճանապարհով վերադարձանք, բայց ավելի հեշտությամբ: Կատուն լպստում էր քարտեզը, աշխարհը բավականին փոքրացել էր:
— Ինչքան կեղտ կար մեջս: Զզվելի է:
— Արի, արի,- դուռը բացեց Ուրվականը, դուրս եկանք, շան պես ծնկեցինք շեմին:
— Հաֆ:
— Ըըըըհաֆ, հաֆ, հաֆ-հաֆ-հաֆ-հաֆ-: Այ սենց հաչա, որ վախենա, որ մտածի մենակ չեմ էլ չգա:
— Ըըըըհաֆ, հաֆ, հաֆ-հաֆ-հաֆ-հաֆ:
— Ապրես: Հաու-հաու-հաու-հաու-հաու-հաու:
— Էս ուրիշ բան էր նշանակո՞ւմ,- հաչոցս մի պահ ընդհատեցի:
— Հա: Ասեցի, պոչդ էլ կկտրեմ, մի անգամ էլ եկար: Հիմա տես ինչ ենք անում. դու հաֆ-հաֆ, ես հաու-հաու: Պրծնենք էս ծանր գործն ու գնանք ես ամուսնանամ:
— Լավ: սկսեցին՞ք:
— Սկսեցինք:
— Հաու-հաֆ-հաու-հաֆ-հաու-հաֆ-հաու-հաֆ-հաֆ-ըըհաու-հաու-հաֆ…,- սիմֆոնիկ հաչոցը տարածվեց ու խտացրեց կեսգիշերնանց մթության միտքը: Դիմացի էլիտար շենքից դժգոհախառն հայհոյանքներ լսվեցին:
— Վերջ: Մորթես էլ չի գա: Շնորհակալ եմ, բարի բարեկամ: Իսկ դուք, բարի սիկտիր լինել, պոռնկորդիք,- գոռաց էլիտար շենքից դժգոհախառն հայհոյանքներ հնչեցնողներին:
— Գնանք ներս:
Առաջին բանը, որ նկատեցի, հատակին փսխած քարտեզի բացակայությունն էր, երկրորդը՝ կատվի: Հարսնացուն խաղաղ ու լուսավոր ժպիտով մեզ էր նայում: Սովի վքնածությունն անցել էր:
— Կատվիս տեսե՞լ ես,- դիմեցի Ուրվականին:
— Չէ, դու՞,- դիմեց հարսնացուին: Մեղավոր պայծառությամբ աչքերը հառեց դեմքիս:
Գլուխս պտտվեց: Ոռնալովով տապալվեցի բազմոցին:

Կեսօրին արթնացա տհաճ հոտից, սուր գլխացավով: Հատակին, կիսատ լիզված, լերդացած քարտեզն էր: Հիշեցի, որ հաչալուց հետո տուն մտանք, հատակը մաքուր էր: Սա՞ ոնց հայտնվեց: Զանգեցի Որդուն. Որդին էլ էլ նույնն էր հիշում. արթնացրեց հարսնացուին՝ ճշտելու: Հարսնացուն ճշտեց.
— Ճիշտն ասած, ես մտքումս մի քանի անգամ մաքրեցի հատակը, բայց շատ սոված էի, վեր կենալ մաքրելու ուժ չունեի: Կներեք…
— Իսկ ինչո՞ւ են քեզ Ստվեր ասում:
— Որովհետև, անունս Ստվեր է:
— Հասկացա: Յուրահատուկ անուն է: Երբեք չէի լսել: Շնորհակալություն:
— Խնդրեմ:
— Գիտե՞ք, Ստվեր, ես ու Որդին երեխայի ենք սպասում, ավելի հստակ՝ գիշերը հղիացրեց ինձ դմբլոն:
— Սպասեք: Սպասեք, անպայման կգա:
— Ստվեր, իսկ ինչու՞ քո մասին խոսելուց, Որդին միշտ ասում է հանճարեղ փիլիսոփա:
— Որովհետև ստախոս է քո Որդին:
— Հասկացա: Շնորհակալ եմ:
— Խնդրեմ:
— Բայց շատ լավն է, հոգատար ու տխուր: Շատ սիրեցի:
— Ավելի շատ սիրի:
— Գիտե՞ս, հղիացնելուց հետո ասեց, որ վաղվանից գործ կգտնի, անպայման, թեկուզ գերեզմանափորի, դագաղակրի, բանվորի: Ինչ լինի՝ կանի, որ երեխային կարողանանք պահել, մեծացնել, թարմ միս առնել ու երգեհոնի ճեմարան ընդունել:
— Շատ լավ է: Ուրախ եմ,- չոր ու դատարկ հոգով արձագանքեցի: Լավ մնացեք, հաջողություն:
— Հաջողություն:
Կատուս այդպես էլ չհայտնվեց: Երևի շատ ծեր էր, ու ընտանքի բացակայության կարոտին չդիմացավ:

12
Որդու ինքնասպանությունից հետո, ես մնացի Նույն մարդը ու ամբողջովին մենակ:Ծեր ու ճերմակ կատվի փոխարեն, հիմա շուն եմ պահում: Պարանոցի լայն ու խորը սպին փակում եմ վզկապով ու մենք, ամեն երեկո գնում ենք «Թարլի մոտ» միս գնելու, բայց միայն իր համար:
Ես բուսակեր եմ:

Երևան, Ուրծաձոր

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն