Հայհոյանքների* գործածությունը գրավոր և բանավոր խոսքում առաջ է բերում հակասական արձագանքներ թե՛ գրողների, և թե՛ ընթերցողների շրջանում: Առաջին հայացքից աչքի են ընկնում մի կողմից` խոսքը հայհոյանքներով համեմելու կամ էլ դրանցով խեղդելու մոլի կողմնակիցներ ու այս երևույթի դեմ համառորեն պայքարողներ, մյուս կողմից` անտարբերներ ու չկողմնորոշվածներ: Սակայն, բացի վերը նշված միանշանակ կողմերից, դեմերից, անտարբերներից ու չկողմնորոշվածներից, գոյություն ունեն նաև այնպիսիք, ովքեր երևույթը դիտարկում են տարբեր կողմերից, տարբեր դրսևորումներում և իրադրային տարբեր համատեքստերում: Այս վերջիններին երբեմն դիտավորյալ, երբեմն էլ չհասկանալով նույնացնում կամ շփոթում են այս կամ այն ծայրահեղական դիրքորոշման ներկայացուցիչների հետ, ինչը կարող է հանգեցնել թյուրըմբռնման: Մինչդեռ առավելապես հենց վերջին տիպի անձանց շրջանում է համարժեք վերաբերմունք դիտվում երևույթի նկատմամբ: Եվ գրականության մեջ հայհոյանքների գործածության խնդիրը հենց այն բազմաթիվ խնդիրներից է, որն անհրաժեշտ է դիտարկել տարբեր համատեքստերում` առանց խնդ­­րի համահարթեցման: Հակառակ դեպքում կարելի է ընկնել սև-սպիտակ բաժանման ծուղակն ու մտածողությունդ սահմանափակել մոլորություններով: “….ամեն գրական ստեղծագործություն պիտի դիտարկվի իր կոնկրետ խնդիրները նկատի առնելով, ինչի դեպքում կարող ենք միայն խոսել “քֆուրների տարբերության” մասին և տեսնել, օրինակ, թե ինչպես մի գործում “քֆուրների” առկայությունը սկզբունքորեն ու հիմնավորապես կարող է ոչ միայն տարբեր, այլ նույնիսկ հակառակ աշխարհայացքի ու գրական սկզբունքի վկայություն լինել` այլ “քֆուրով” գործի համեմատ*”: Եվ գրականության մեջ առկա հայհոյանքների թույլատրելի կամ անթույլատրելի, տեղին կամ անտեղի լինելու տեսանկյունից դիտելու խնդիրը հատկապես չի կարող կանգնել հոգեբանի առջև, քանի որ դա արդեն այլ ոլորտի խնդիր է, և ոչ երբեք հոգեբանության, որն ավելի շուտ միտված է ուսումնասիրել ստեղծագործական գործընթացի, շրջապատող միջավայրի ու գրողի, ստեղծագործողի ու ստեղծագործության, ստեղծագործության ու ընթերցողի փոխազդեցությունների և ստեղծագործության մեջ տեղ գտած երևույթների հոգեբանական կողմերը:

Այսպիսով, անցնելով բուն թեմային, նախ անհրաժեշտ է համառոտ ներկայացնել հայհոյանքների ծագման պատմությունն ու անցած ուղու նկարագրությունը, և միայն դրան զուգահեռ` բացահայտել հայհոյանքների գործածության հոգեբանական դերն ու պատճառները կյանքում և գրականության մեջ: Մարդկանց խոսքում հայհոյանքներն ի հայտ են եկել շատ վաղ ժամանակներից, և գործածվել են տարբեր ոլորտներում: Դրանց ծագումը կապում են մեր նախնիների հավատալիքների հետ: Խոսքը վերաբերում է պտղաբերության պաշտամունքներին, որոնցում աստվածացվում էր հողը, սեռական օրգաններն ու սեռական ակտը: Սա կապված էր բնության ուժերից մարդկանց մեծ կախվածության հանգամանքի հետ: Եվ պատահական չէ, որ սկզբնապես հայհոյանքն առաջացել է որպես ծիսակարգային սրբազան լեզու, որով մոգերն արտասանում էին իրենց կախարդություններն ու սպասում առատ բերքի: Այդ լեզվի հիմնական հասկացությունները կապված էին արական ու իգական սկիզբերի և նրանց սեռական բնույթի հարաբերությունների հետ: Այսպիսով, նշված շրջանում հայհոյանքները սեռական ակտի և բեղմնավորման գործընթացի` մոգության նպատակներով իրականացվող սիմվոլիկ նմանակումներ էին և հիմնականում կապված էին հողագործության հետ: Էթնոերաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը նշում է. “….հայհոյանքը ծիսական բնույթ ունի և պարտադիր տեղ է գրավել պտղաբերություն և ծնունդ ակնկալող բոլոր ծեսերում` հարսանեկան, Նոր տարվա, երկրագործական և այլն: Երկրագործական ծիսակարգում հայհոյողը կերպավորվում է իբրև աստվածային վարող, աստվածային ցանող հերոս և զուգավորվում հողի հետ: Սրանով էլ հաճախ բացատրվում են ծիսական հայհոյանքի մյուս գործառույթները` ընկալվելով իբրև չարխափան ուժ, աղոթք, հմայանք”*:  Քրիստոնեության տարածման հետ հայհոյանքներն անցան արգելված երևույթների գոտի և ձեռք բերեցին բացասական երանգավորում: Պատճառը, իհարկե, այն էր, որ մարմնական հաճույքները համարվում էին անբարո երևույթներ: Սակայն, ինչպես հեթանոսական ավանդույթներն ու դրանց տարրերը, որոնք ժամանակի հետ կարծրացել էին ժողովրդի մեջ, այնպես էլ հայհոյանքները այնքան էլ հեշտ չէր ջնջել մարդկանց հիշողությունից: Սա է պատճառը, որ հայհոյանքները մնացին ժողովրդական բանահյուսության մեջ և սկսեցին լայնորեն կիրառվել որոշ տոնակատարությունների ժամանակ` որպես լիցքաթափող արարողակարգային տարրեր, որոշ դեպքերում էլ պահպանելով նախնական նշանակությունը: Օրինակ, Հ. Պիկիչյանը խոսում է հորովելների մեջ գործածվող հայհոյանքների մասին, որոնք դեռևս պահպանում էին իրենց մոգական նշանակությունը. “Հորովելների հրատարակված բանաստեղծական տեքստերը դիտարկելիս ես նկատեցի տարբեր հատվածներում հանդիպող կախման կետերի: Հաճախ դրանց նախորդող և հաջորդող խոսքերը չեն կապվում միմյանց հետ, առկա են աշխատանքի գործընթացի հետ ուղղակի առնչություն ունեցող` սեռական վարքագիծ ակնարկող բառեր կամ արտահայտություններ, կնոջ մարմնի նկարագրություններ, անգամ հայհոյական խոսքեր: Ամենատարածվածը երիտասարդ կնոջը գրկելու, համբուրելու, մոտակա ակոսները տանելու, “միտքը ծռելու”, “ճիժ վաստակելու” մոտիվներն են, որոնք և՛ ակնառու են ու կարդացվում են տողերից, և՛ բխում են ենթատեքստից: Կան նաև գութանավարի մասնակիցներին “հաց բերող” և “հացը ուշացնող” կանանց հայհոյելու մասին ակնարկներ, և ուշագրավ է, որ նման արտահայտություններից հետո կրկնվում են “Զորանա՜ս, հոտաղ, զորանա՜ս…” բացականչությունները”*: “….երբ հաց բերող կինը կամ աղջիկը բավականաչափ հեռանում էր, սակայն դեռևս հողագործների տեսադաշտից չէր անհետանում, մաճկալը նայում էր նրա հետևից ու հայհոյում: Կինը չէր լսում ասված խոսքերը, այլ ընկալում էր խոսքի ընդհանուր բովանդակությունը: Ի տարբերություն նրա, մաճկալի կողմից իբրև հայհոյանք ձևակերպվող սեռական ցանկությունը պարզորոշ լսում էին վարի բոլոր մասնակիցները, որոնք էլ արձագանքում, ձայնակցում էին նրան: Եվ այս երևույթի նկատմամբ ավանդապահ գյուղացու խաղաղ վերաբերմունքից, հատկապես մաճկալին ձայնակցող արյունակից տղամարդկանց վարքից պարզորոշ է, որ խոսքը ոչ թե կենցաղային միջադեպի, այլ կարգաբերված ծիսական իրողության մասին է: Ուշագրավ է, որ հայհոյանքը լսած կինը քթի տակ “Տեր Աստված, մեղա՜…” կանչելով հեռանում է, իսկ հայհոյանքի չարժանանալու դեպքում զայրանում և վիրավորվում է, որ Հայաստանի տարբեր շրջաններում ուղեկցվում է նույնակերպ բանաձևային առանցք ունեցող տեքստով, զորօրինակ. “Ալ գութա՜ն, ալ գութա՜ն հոտաղ, մաճկալ լա՛լ գութան…” (Լոռի)։ Եվ “լալ” բառն ունի ոչ միայն համրի, այլ այստեղ ձեռք է բերում նաև առնականությունից զուրկ լինելու նշանակությունը” *: Այսպիսով, այսօր առօրեական խոսքում գործածվող հայհոյանքների երանգի ու ընկալման բացասականացումը քրիստոնեական մշակույթի արդյունք է:

 Խորհրդային տարիներին հայհոյախոսությունն սկսեց գործածվել առաջնորդների կողմից` ժողովրդին և նրա լեզվին մոտ լինելու նպատակով: Բացի այդ, հայհոյանքը ծառայում էր որպես տոտալիտար ռեժիմի լարվածությունը թուլացնելու մեթոդ: Ընդհանրապես, հայհոյանքը թույլ է տալիս լեզվական մակարդակում լիցքաթափել ճնշող սոցիալական, հոգեբանական, քաղաքական իրադրությունից եկող լարվածությունը: Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ հայհոյանքների չափավոր գործածությունը նպաստում է հիվանդների արագ ապաքինմանը: Եթե զուգահեռ անցկացնենք կանոնավոր սեռական կյանք վարող անձանց հետ իրականացված նույնատիպ հետազոտությունների հետ, ապա նկատելի է դառնում, որ հայհոյանքների գործածության դեպքում պարզապես տեղի ունի իրական երևույթի փոխարինումը սիմվոլիկով:

Ընդունված է տարբերակել կյանքում և գրականության մեջ գործածվող սեռական բնույթի հայհոյանքների երեք հիմնական տեսակ: Մի դեպքում հայհոյանքներում հայհոյվողին ուղարկում են դեպի իգական սեռական օրգաններ, իսկ հոգեվերլուծական դպրոցի ներկայացուցիչների մեկնաբանությամբ հեշտոցն ու արգանդը ոչ միայն ծննդյան, այլև մահվան սիմվոլներ են: Բացի այդ, հաշվի առնելով այն, որ հայհոյանքները մեր օրերում գերազանցապես խոսքային ագրեսիայի դրսևորման ձևեր են, նման տիպի հայհոյանքն արտահայտում է հայհոյվողի մահվան սիմվոլիզացիան: Մյուս դեպքում` հայհոյվողին ուղարկում են դեպի արական սեռական օրգաններ, ինչն անարգանք է` ուղղված հայհոյվողի արժանապատվությանը` հաշվի առնելով այն փաստը, որ հայհոյվողն իր կամքով չէ, որ մասնակցում է այդ սիմվոլիկ արարողությանը: Հակառակ դեպքում հայհոյանքը չի ընկալվում որպես բացասական երանգավորում ունեցող երևույթ և ասես պահպանում է իր սկզբնական դրական երանգը: Երրորդ դեպքում հայհոյանքում նշվում է հայհոյողի կողմից հայհոյվողի ծնողին ուղղված սեռական գործողության մասին, ինչը սիմվոլիկ մակարդակում հայհոյվողին ծնողի պաշտպանությունից ու հովանավորությունից զրկելն է` ցույց տալով հայհոյողի ուժն ու առավելությունը: Եվ հարկ է նշել, որ թվարկված երեք տեսակներն էլ կարող են գործածվել ինքնահայհոյման տեսքով, ինչն արդեն կարող է լինել ինքնանվաստացման կամ ինքնաագրեսիայի արտահայտում:

Ըստ հայհոյանքների արտահայտման ոլորտների` հիմնականում տարբերում են տղամարդկանց խմբերում գործածվող հայհոյախոսություն, ղեկավարների, անկողնային, բոհեմական, առօրեական և այլ հայհոյախոսություններ: Տղամարդկանց խմբերում հայհոյանքները ստեղծում են լիցքաթափման ու մտերմիկ ընկերական միջավայր, որը հեշտացնում է շփումը: Ղեկավարների հայհոյախոսությունը մրցակիցների նկատմամբ զոոլոգիական հոմոսեքս­ուալ ճնշման դրսևորում է: Կենդանիների խմբերում դոմինանտ արուն խաչասերվում է ոչ միայն էգերի, այլև արուների հետ` նրանց ճնշելու նպատակով: Անկողնային հայհոյախոսությունը կատարում է երկու հիմնական գործառույթ` վերացնում է շփման խոչընդոտները և բարձրացնում պոտենցիան (նաև օրգանիզմում արական սեռական հորմոնների` անդրոգենների մակարդակը), սակայն կախված զույգի առանձնահատկություններից, կարող է և անընդունելի լինել: Բոհեմական հայհոյախոսությունը տարածված է դերասանների, նկարիչների, լրագրողների և այլ ստեղծագործական մասնագիտությունների շրջանում: Նման միջավայրում հաճախ են հանդիպում հոգեբանության մեջ առանձնացվող ցուցադրական-թատերական կամ հիստերոիդ տիպի տղամարդիկ, ովքեր ունեն բնավորության կանացի գծեր: Դրանք փոխհատուցելուն էլ հենց միտված է նրանց խոսքում գործածվող հայհոյախոսությունը: Առօրեական հայհոյանքների առատ կիրառությունը վկայում է հասարակության վիճակի մասին: Դա կարող է լինել քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեբանական անորոշության ու ճգնաժամի արդյունք: Այս դեպքում ի հայտ է գալիս տեղի-անտեղի հայհոյելու միտում:

Գրականության մեջ կարելի է հանդիպել վերը նշված բոլոր տեսակի հայհոյանքների տարբեր դրսևորումների` կախված ստեղծագործության առանձնահատկություններից: Այստեղ արդեն հայհոյանքները կարող են գործածվել բնութագրական նպատակներով, որպես պատկերավորման միջոց կամ որպես գրական ոճի առանձնահատկություն: Սակայն վերջին տարիներին հաճախ հանդիպում են ստեղծագործություններ, որոնցում հայհոյանքների գործածությունը ինքնանպատակ է թվում: Հոգեբանների կարծիքով տղամարդ գրողների կողմից կյանքում և ստեղծագործություններում հայհոյանքի գերակտիվ կիրառությունը որոշ դեպքերում կարող է խոսել հեղինակի տղամարդկային անկարողության կամ դրանից վախի և դրա դեմ պայքարի սիմվոլիկ դրսևորման մասին: Այս դեպքում բացառություն են կազմում այն իրավիճակները, երբ հեղինակը դա անում է իր ստեղծագործության տեսակից ելնելով: Այլոց դեպքում դա բողոքի ձև է կյանքի պայմանների ու հասարակական իրադրության դեմ: Մինչդեռ հայհոյանքը` զուտ որպես խոսքի կապակցման միջոց, սովորաբար գործածվում է ցածր ինտելեկտուալ հնարավորություններով անձանց շրջանում: Կանանց դեպքում հայհոյանքների անխնա կիրառությունը շատ ավելի բազմաշերտ ու բարդ խնդիր է, որի ներկայացումն առանձին քննարկման և հետազոտության առարկա է, որում դեռևս շատ են չբացահայտված հարցերը:

Ժամանակակից հայ գրողներին հայհոյանքների գործածության և դրանց հանդեպ ունեցած վերաբերմունքի տեսանկյունից կարելի է պայմանականորեն բաժանել հինգ հիմնական խմբի: Առաջին խումբը բացարձակապես զերծ է մնում հայհոյանքների գործածությունից, որովհետև անգամ մեծ ցանկության դեպքում կդժվարանա դրանք կիրառել` զուտ իր գրականության տեսակից ելնելով (որպես օրինակ` մանկագիրները): Երկրորդ խումբն աշխատում է բացարձակապես չկիրառել հայհոյանքներ` իր լեզվական գործիքները սահմանափակելով` հանուն լեզվի մաքրության: Երրորդ խմբում այն գրողներն են, ովքեր գրում են հայհոյանքներով լի տեքստեր` ելնելով իրենց ստեղծագործությունների բնույթից ու ոճական առանձնահատկություններից: Չորրորդ խմբի ներկայացուցիչները պարզապես հայհոյանքներով են “զարդարում” տեքստերը` նորաձև երևալու, կյանքի լեզվին մոտ լինելու նպատակով կամ այլ կերպ չկարողանալով արտահայտվել: Եվ վերջապես հինգերորդ խմբի գրողներն ունեն և հայհոյանքներով, և առանց հայհոյանքների տեքստեր` կախված նյութի յուրահատկությունից: Երկրորդ և չորրորդ խմբերի ներկայացուցիչների դեպքում մեծամասամբ հիմքում ընկած է այնպիսի հոգեբանական բարդույթների առկայությունը, որոնց արդյունքում կարող է տուժել իրենց գրականությունը, քանի որ արհեստականորեն սահմանափակում են իրենց իսկ լեզվական ու խոսքային ազատությունը:

Ամփոփելով նշեմ, որ յուրաքանչյուր առանձին գրողի ստեղծագործության մեջ, անգամ անկախ հայհոյանքների հանդեպ ունեցած վերաբերմունքից, դրանց առկայությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ` կախված տվյալ գրողի արժեքներից, համոզմունքներից, անձնային առանձնահատկություններից և աշխարհայացքից, որոնք էլ իրենց հերթին անդրադառնում են գրողի ստեղծագործության յուրահատկությունների վրա: Եվ որքան էլ հարցի քննարկումը հեշտացնելու նպատակով օգտագործենք այս կամ այն պայմանական բաժանումը, այնուամենայնիվ, ամեն գրողի և գրողի ամեն մի առանձին ստեղծագործության դեպքում հայհոյանքների դերն ու նշանակությունը կարելի է հասկանալ միայն կոնկրետ դեպքի վերլուծության արդյունքում:

Իսկ ինչ վերաբերում է ընթերցողներին, ապա հայհոյանքների առկայությունը գրական տեքստում տարբեր կերպ է ընկալվում տարբեր անձանց կողմից` կախված նրանց հոգեկերտվածքից, ինչն էլ արդյունք է որոշակի սոցիալ-հոգեբանական և մշակութային միջավայրի: Թե առատ հայհոյանքներով, և թե հայհոյանքների իսպառ բացակայությամբ տեքստեր ընտրող ընթերցողները, ովքեր իրականում ոչ թե գրականությունն են կարևորում, այլ դրանում հայհոյանքների առկայությունը կամ բացակայությունը, նևրոտիկ հասարակության ու դաստիարակության արդյունք են: Այսպիսի վերաբերմունքը կարող է հաղթահարվել միայն անձնային հոգեբանական խնդիրների լուծման արդյունքում կամ առավել առողջ դաստիարակության արդյունք հանդիսացող սերնդի կերտման դեպքում: Եվ սա զուտ գրականության խնդիր չէ, այլ սոցիալ-հոգեբանական խնդիր, որի լուծումը ենթադրում է հասարակության մեջ շատ ավելի բազմաշերտ ու համակարգային փոփոխությունների իրականացում:

________________________
*Խոսքը սեռական բնույթի հայհոյանքների մասին է…
*Վիոլետ Գրիգորյան “Գրականության լեզուներն են աշխարհ ստեղծում (երկրորդ մաս)” //  http://www.tert.am/blog/?p=2224

*Զրույցներ հայ մշակույթի մասին (hարցազրույցների ժողովածու). — Եր.։ «Նորավանք» ԳԿՀ, 2008, էջ 30
*Նույն տեղում, էջ 29
*Նույն տեղում, էջ 29-30

ԳՐԵԹԵՐԹ-ԳԱՐՈՒՆ, Ապրիլ 7, 2012 թ.

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն