Ու տարիներ, դարեր, հազարամյակներ շարունակ` մարդկային ինքնակենտրոնության տրամաբանությանը կիպ` հաղթանակների տերերը բազում են, պարտություններն` անտեր, քոսոտ, պատերի տակին կուչ եկած, ձեռք չբերված, այլ, չգիտես ինչու` դավաճանների ձեռամբ, ղեկավարների ձեռքերով, դաշնակիցների կեղծ ձեռքսեղմումների արդյունքում առաջացող մի երևույթ են եղել, ու պիտի՞ մնան։
Պարտությունն այսօր ունի տեր։
Ու պարտության էդ տերը ես եմ։ Ես` հայս։ Ես` գրողս։ Ես` քաղաքացիս։ Ես` աշխատավորս։
Ես` քաղաքագետս…
Ժողովուրդը` բտված տարիների կեղծիքով, ժողովուրդը` անտեղյակ հայրենիքից ու պետությունից, ժողովուրդը` անճաշակ, ժողովուրդը` անկիրթ, ժողովուրդը` պառակտված, պարտությա՞ն չի կոչված։
Իսկ եղե՞լ ենք մենք էդպիսին, թե՞ չենք եղել։
Հրապարակներում, երկրի ներսում, փողոցներում, ամբիոնների առջև հայրենիքի մասին պատկերացում չեն կազմում, ինչպես և` հաղթանակներ տանում էդ վայրերից։
Իսկ որտեղի՞ց պիտի սկսվեր մեր հայրենիքը. հա, ինձնից ու քեզնից։ Ու դեպի ու՞ր պիտի գնար։ Պիտի գնար մինչև առաջին գիծը, պետական սահմանը, կռվող զինվորը, այնինչ` հայրենիքը էդպես էլ մնաց իմ ու քո մեջ։ Այնինչ` դավաճաններ ենք փնտրում, այնինչ` դավաճաններ են պետք։ Այնինչ` հերոսներին մի այլ բանի պետք է հակադրել, որ վաղը մեր երեխեքին ասենք` սա հերոս է, բալիկ, սա` դավաճան։
Ինչու ենք պարտվե՞լ…
Ես քեզ կհարցնեմ այլ բան. քանի՞ անգամ ես եղել Արցախում…
Այնինչ` հաղթանակ էր հարկավոր։
Պարտվել ենք, որովհետև չենք սովորել։
Պարտվել ենք, որովհետև չենք աշխատել։
Պարտվել ենք, որովհետև հայրենիք բառը շուրթներիս ծերին է եղել միշտ` դառնալով առօրեական զրույցի թեմա։
Պարտվել ենք, որովհետև հերոսներին խեղդել ենք պաթոսի մեջ` փոխարեն իրենց տրված կյանքը գնահատելու ու երկրից պետություն, հողից` հայրենիք դարձնելու։
Պարտվել ենք, որովհետև պարտվել ենք։
Պարտվել ենք, որովհետև չէինք կարող չպարտվել։
Պարտվել ենք, որովհետև գուցե չէի՞նք կարող հաղթել։ Առնվազն` այսօր։
Պարտվել ենք, որովհետև պատասխանատվությունից փախել ենք, պարտությունից փախել ենք, հաղթանակ երազելով փախել ենք, այնինչ հաղթանակի համար չեն փախչում։
Պարտությունը տեր ունի, եթե մնաց անտեր` պարտությունից դասերն ո՞վ պիտի քաղի։ Կողքից նայենք, ասենք` գնացեք դասեր քաղեք, որ հաջորդ անգամ չպարտվեք։ Բայց ու՞մ ասենք։
Մե՛զ, մե՛զ, մե՛զ։