Համաշխարհային մեծ ջրհեղեղի մասին հիշատակություններ ունեն բազմաթիվ ժողովուրդներ, վկայությունների հիմքը տարաբնույթ է` սկսած  ամենավաղ պահպանված բաբելոնական, շումեր-աքադական  արձանագրություններից, խալդական Բերուսի պատմությունից (ի դեպ, այս տարբերակն առավել հին է, քան աստվածաշնչյան Ծննդոցի պատմությունը և առաջին անգամ   Արմենիա երկրի անվանումը հիշատակվում է հենց այստեղ), մինչ հնդկական Վիշնու աստծու մասին վկայություններ  ու Գիլգամեշի  առասպել: Սակայն հստակորեն կարելի է ասել, որ մեր հոգևոր հարազատությունը ջրհեղեղյան թեմայի  հետ  անմիջապես կապված է  հենց աստվածաշնչյան վկայության` տապանի Արարատ լեռան գագաթին հանգրվանելու փաստի հետ: Ինչպես երևում է առասպելի աշխարհագրական ընդգրկունությունից` համաշխարհային ջրհեղեղի թեման տարածված է տարբեր  ազգերի մոտ, համաշխարհային մշակույթի պատմության մեջ բազմաթիվ «ջրհեղեղային» արծարծումներ կան`  գեղանկարչություն, կինեմատոգրաֆիա, գրականություն:
Ջրհեղեղի, տապանի ու փրկության մեկնաբանությունները ամենատարբեր     գեղարվեստական մտահղացումների  ու փոխաբերությունների հիմք են ծառայել` ամենատարաբնույթ այլաբանական զուգահեռումներից, մինչև իրավիճակային ընկալման նմանություն:
Ամբողջովին այլաբանական պատկեր է   Հակոբ Մովեսի «Թռչունների երկինք»  ժողովածուի բանաստեղծությունների  ջրհեղեղային արտածումը. կյանքի ընթացքն  ինքնին  մի ջրհեղեղ- փորձություն է, որը երկու մասերի է բաժանում կյանքի երկրային ու երկնային ժամանակահատվածները:

Ցնծությու՜ն է հիմա.
ջրերն իջան արդեն:
Օ, Ինչ երկար տևեց
ջրհեղեղը:
Բայց մենք այստեղ մարմին հագած սպասեցինք հլու:1

Համանման մի զուգահեռում` կյանքը-ջրհեղեղ, հանդիպում ենք և Հրաչյա Թամրազյանի բանաստեղծության մեջ. (պատկերն այստեղ այլաբանական է, սակայն  Թամրազյանի պոեզիայում դարավերջյան ապոկալիպտիկ  սիմվոլների հետ` Դեղին Մոլոք, Նեռ, ներկա է նաև Նոյը): Մեր մարմինն այն փրկօղակ-տապանն է, որ օրերի միջով դեպի փրկության պիտի տանի մեր սիրտն ու հոգին:

Ինչ ջրհեղեղ է այսպես անգո,
ոչ սկիզբ ունի և ոչ էլ վերջ:
-Ճոճվում է սիրտը` տապանը քո,
այս անծայրարիր ջրերի մեջ:2

Խնդիրն այսքան լայն հարթությամբ վերցնելով հանդերձ`  թեմայի դիտարկումը ընդգծված պատմաժամանակային արժեք է ձեռք բերում միայն հետանկախության շրջանի գրականության մեջ` որպես ժամանկաշրջանը բնորոշող «մարդկության ժամանկակից գոյաբանություն» (ինչպես սահմանում է Սեյրան Գրիգորյանը): Շարունակելով իր միտքը` «Հայաստանի պոեզիան անկախության շրջանում» հոդվածում  Գրիգորյանը  գրում է. «Պատկերը դառնում է համապարփակ բանաձևում և փոխանցվում ամբողջ բանաստեղծական շարժմանը: …Կարելի է վստահաբար ասել, որ Նոյի ու ջրհեղեղի պատկերը Հայաստանի արդի բանաստեղծության ամենից բնութագրական փոխաբերությունն է»:3
Ջրհեղեղային բոլոր առասպելապատումների  մեջ աշխարհը գտնվում է բնական, նախանշված ճանապարհից դուրս քաոսային իրավիճակում, և հենց այդ քաոսայնությունն է դրդում Արարչին նախաձեռնել հիմնարար մի փոփոխություն` հնի կործանում և մաքրագործող ջրի օգնությամբ նորի հաստատում: Հետանկախության ժամանակաշրջանը` 1990 թ. նախաշեմը, տարերային  ընթացք ուներ. փոխվել էր հասարակարգը, փոխվել էր կյանքի ընթացքը. երկրաշարժը (հետաքրքրական է, որ առավել փաստացի, իրական տարերային այս աղետը`1988-ի երկրաշարժը, գեղարվեստական ընդգրկման այն ուժը չունի, որքան միֆական կառույց ջրհեղեղը), շրջափակումը, մութ ու ցուրտ տարիները, արցախյան պատերազմը կյանքի ընկալման մի ձևաչափ էին ստեղծել, որի ելքն անզեն աչքով անտեսանելի էր: Փրկությունը կտրուկ, հիմնովին գործողության մեջ էր, որն էլ հենց կարող էր ջրհեղեղը լինել: Միֆը սկսեց գործել, այս անգամ ջրհեղեղը ձեռնարկվեց ոչ թե Աստծո կողմից, այլ` գրող-մտավորականի: Գրողն արարիչի նախաձեռնություն է վերցնում իր ուսերին` իր ակնհայտ անզորությունը արարչական անզորության տակ թաքցնելով:
Խոսելով միֆերի կրկնվող էության մասին` Ժենյա Քալանթարյանը գրում է. «Ջրհեղեղն ու Նոյի տապանը միֆական կառույց է (ստրուկտուրա), որը բովանադակավորվում է յուրաքանչյուր ժամանակին համապատասխան»4:
Տվյալ պարագայում այդ ստրուկտուրան ստանում է1990-ականների սոցիալ-տնտեսական, հասարաքաղաքական ու պատմական հարաբերությունների թելադրած բարոյական ու գեղագիտական փոփոխությունների բովանդակությունը, իսկ ամբողջ երևույթն ինքնին դառնում է ժամանակային խնդիր,  ըստ էության նա հնի ու նորի, մտածողական տարբեր համակարգերի պայքար:
Հովհաննես Գրիգորյան` «Երկու ջրհեղեղի արանքում» (1996), Արտեմ Հարությունյան` «Նամակ Նոյին» (1996),Ղուկաս Սիրունյան` «Տապանի վրա» (1996), ջրային թեմայի շարունակություն` Վառլեն Ալեքսանյան` «Մինչև վերջին անձրևը» (2007), Նորայր Գրիգորյան` «Տեղատարափ անձրևների ժամանակաշրջան» (2005) ժողովածուները  ջրհեղային թեմայի տիպիկ  հետանկախության ու դարավերջյան սոցիալ-տնտեսական, հասարաքաղաքական զարգացումների արգասիք են:
Հովհ. Գրիգորյանի «Երկու ջրհեղեղի արանքում» ժողովածուում ժամանակային անանցումայնությունն առավելապես սոցիալական ու հասարակական կյանքով է պայմանավորված. «Ծնվել եմ Նավթավառի համաստեղության տակ»,-գրում է Գրիգորյանը` խաղարկելով ասելիքի սոցիալական  ենթատեքստը, իսկ հաջորդ պահին առավել կոնկրետ սոցիալական երևույթների թվարկումը` «ինձ ո՞վ կթողնի Պառնաս` նավթի բիդոններով, հացի կտրոններով» ժամանակի ու տարածության մեջ  տեղակայելով` «և ափերիս մեջ նայելով, ուր նավթն ու սոլյարայուղը վաղուց ծածկել խճողել են ուղիներս անցած ու գալիք», «մահճակալի մեջ 1993թ հուլիսյան մի սքանչելի առավոտ արթնացել ու մոլորվել էր ժամանակակից մի հայ բանաստեղծ»`  ցույց է տալիս սոցիալական երևույթի հոգեբանական ազդեցությունը` ժամանակային մոլորվածությունը, որը  շատ բնորոշ  է  անցումային շրջաններին: «Անցման շրջան»` այսպիսի բնորոշում է տալիս ժամանակշրջանին Գրիգորյանը, «Հայտարարված օկուպացիա կամ լճացման տարիներ»` սահմանում է Ա. Հարությունյանը`   «Շրջափակման մրոտ հրեշտակը» վերնագրով շարքի բանասետեղծություններից մեկում:
Վառլեն Ալեքսանյանի  ու Նորայր Գրիգորյանի ժողովածուներում  արծարծվող նյութը` իր մութ ու խավար առօրյայով, ժամանակային ընթացքի իր մոդելով, ամբողջովին  տեղակայվում է ջրհեղեղային  «գոյաբանության» սահամներում.


Հոգնած խանութպանները
Նիրհում էին օրվա
դատարկության մեջ
Խանութպանները ապրում էին
իրենց հայտնաբերած
Քերականական չորրորդ ժամանակում.
Ապառնին` անհեռանկար,
Ներկան` պարտքերի տակ,
Անցյալը` կապույտ ու հրաշալի:5


Սոցիալական երևույթները վերաձևության ենթարկեցին ոչ միայն մարդկային տեսակն ու հասարակությունը, այլ նաև` բնությունը: Ծառի բնության մասնիկ լինելու իմաստը վերափոխվեց սոցիալական խնդրի լուծման գործառույթով: Բնությունը ձևափոխության ենթարկվեց. փողոցները, այգիներն ու անտառները  հաջորդ գարնան դատարկ, տափաստանային տարածություն էին հիշեցնում. փոխվեց ստվերի ու լույսի ընկալման դիտանկյունը.


աջ կողմում ծառեր…
որոնք մորթվելու պատրաստ
ոչխարների հեզությամբ
գալիք ձմռանն են սպասում
իսկ մնացած բոլոր կողմերում խավարն է…6


Իր ներդաշնակությունը  հաստատելու համար բնությունը պետք է պայքարի, ջրհեղեղը բնության տարերքն է: Փոխել ինչ-որ բան «քանի դեռ ձյուն է գալիս և հեռու է անձրևների ժամանակը սահմանված», «քանի դեռ… գոնե մի… եղևնի է մնացել… մեր միակ անտառից…» (սա նախաջրհեղեղյան իրականության ուրվագիծն է, միգուցե դեռ հույս կա փրկելու բնությունը):
Սոցիալական երևույթներին զուգահեռ ջրհեղեղը  քաղաքական  ենթատեքստ է ստանում առավելապես  Արտեմ Հարությունյանի բանաստեղծություններում («Օ՜, դա ջրհեղեղ էր բոլոր ժամանակներից` ամենաքաղաքական ու անմարդկայինը»)` իր հետ համահավասար տանելով նաև  պատմական  ժամանակի ու անարդարության վերականգնմանը հարակից խնդիրները.


Երեկ ինձ այցելության եկավ
Նոյն ինքը
չնայած ջրհեղեղը
նոր էր սկսվում
և ջրի վրա արդեն տմբտմբում էին
գաղափարական, քաղաքական,
հավաքույթները
ցեղասպանությամբ կնքված
թուրքական յաթաղանը
ստալինյան գնդակահարությունից
լայն բացված աչքեր… 7


Հովհ. Գրիգորյանի «Երկու ջրհեհեղի արանքում» ժողովածուուի նախասկիզբը փարիզյան պատկերներ են,  սոցիալական երևույթների մի մասի դիտարկումը հեղինակը կատարում է փարիզյան ֆոնին զուգահեռ:  Փարիզը կարծես հայտնվում է ջրհեղեղի մյուս կողմում, այստեղ ժամանակների անցման խնդիր չկա, ժամանակն  իր  սովորական հունի մեջ է. «Հերթական աշխատանքային օրն է դը Գոլի օդանակավակայանում»,- իսկ ահա այնտեղ հայտնված բանաստեղծն` ամբողջովին սոցիալականացված ու քաղաքականացված իր էությամբ,  բոլորովին այլ իրականության ներկայացուցիչն է.

Դու, հայոց անկախ պետության ընչազուրկ մի քաղաքացի,
շրջափակումից վերջապես ազատված, խավարի մեջ վարժված աչքերդ ճպճպացնելով,
նետվում ես Փարիզի լույսերի մեջ, ինչպես մանկությանդ տարիներին
Ախուրյանի զով ու մաքուր ջուր էիր նետվում…  («Ե.ջ.ա., Էջ. 5)


Լուսային հրավառությունն ու ջուրը նույնականացվում են, դառնում ժամանակի մեջ իր ընթացքով հանգիստ հոսող գետ, ընդ որում` անցյալի, մանկության գետ` վստահելի ու ապահով: Լույսերով հեղեղված Փարիզը հեռու է ջրհեղեղից, այն առավելապես հակադարձության համար է`  ժամանակի  ու հոգեվիճակների: «Պատերազմից խաղաղություն» , «Տխուր լուրեր Փարիզից», «Սովորական օր Ավինյոյում»  և բազմաթիվ այլ  բանաստեղծություններում   քաղաքակիրթ, մարդկային, բնականոն կյանքի ընթացքով ապրող փարիզյան իրականություն է` լույսերով, միջնադարյան դղյակներով, Ջոկոնդայի ժպիտով, մյուս կողմում` բանաստեղծը` իր սոցիալականացված մտորումներով, որը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել իրականության փոփոխությունը: Եվ Փարիզն այստեղ ժամանակային, իրավիճակային ընկալման անհաղթահարելի  հենց այն եզրն է, ուր պետք է հասնի բանաստեղծը, սակայն անտեսանելի է ընթացիկ ճանապարհը,  և կրկին հայտնվում է տեղապտույտ պատկերը`


հետո լռություն. մարմիս չի
հաշտվում խաղաղության հետ
սեղմում եմ մագնիտոֆոնի կոճակը`
միացնելով ամոքիչ
ձայնագրությունը…
քիչ հետո կհնչի կրակահերթը
փրկարար…
և ես, պարուրվելով
պայթյունների ու թնդյունների
հարազատ աղմուկով.
քիչ-քիչ կսուզվեմ քնի մեջ…   (էջ 7):


Արտեմ Հարությունյանի «Նամակ Նոյին» գրքում Փարիզին փոխարինելու է գալիս Նյու-Յորքը.


Ես քնած էի Համիլթոնում,
Ափ-սթեյն Նյու–յորքի համալսարանական փոքրիկ քաղաքում
ուր ամեն ոք լցված էր իր բարեկեցությամբ …


Կրկին մեծ ու բարեկեցիկ   քաղաք, կրկին հակադարձում, սակայն պետք է հաշվի առնել մի փաստ, Հ. Գրիգորյանի Փարիզը  Մոնա Լիզայի հայացքի պես խորհրդավոր, բազմաշերտ ու փախչող իրականություն է, իսկ Ա. Հարությունյանի  Նյու- Յորքը` փաստացի, ռեալ գոյություն` իր երկաթե թելադրող աշխարհայացքով ու քաղաքականությամբ:
Ջրհեղեղային թեման ժամանակային հետընթաց զարգացում ունի. սկսելով  դարավերջյան մի կետում` այն հետընթաց վերլուծության է ենթարկում ամբողջ հարյուրամյակը, և դարաշրջանի ամբողջացման ու ինքնամաքրմանն ուղղված անհրաժեշտություն է: Ե՛վ  Հովհ. Գրիգորյանի, և’ Արտեմ Հարությունյանի մոտ  ջրհեղեղը  նաև դարաշրջանի  մեղավոր եղելությունների գիտակցման ու ամբողջացման իրողությունն է: Հ. Գրիգորյանի  ժամանակային վայրիվերո առկայծումները  հրաշալիորեն տարրալուծված են նրա ամբողջ պոեզիային բնորոշ ժամանակի սյուրռեալ ընկալման մեջ: «Ես զոհվել եմ վերջին անգամ երկրաշարժի ժամանակ, դրանից էլ մի քանի տարի առաջ ցեխակոլոլ խրամատում, 37-ին, ավելի վաղ` եղեռնի ժամանակ»` սրանք Ժամանակային այն կոնկրետ  կետերն են,  որոնց գոյությունը ամփոփ իրողություն է դարաշրջանի համար և ենթակա ջրհեղեղային ինքնամաքրման: Ժամանակի համանման սյուրռեալ ընկալման մեջ մարդկային դիտանկյունի ինքնավերացարկում կա, դիտարկողն առավել բարձր դիրքում է, ժամանակը` իրեն բնորոշ պատմական ու սոցիալական դրսևորումներով, ներընթացային երևույթ:
Արտեմ Հարությունյանի ժամանակը հաստատուն ներկան է, որի  առջևից անցնում է ամբողջ պատմական դարաշրջանը. բանաստեղծը  անընդհատական ներկա դիտորդի դերում է  հանդես գալիս, անգամ`  պատմական անցյալ ժամանակը դիտարկելիս: Ժամանակային զուգահեռման հետ տեսանելի է նաև տարածական ընդգրկունությունը` Նյու-Յորքից  մինչև Արցախ, Շուշի ու Դեր Զոր, որոնք միմյանց հետ կապվելով` դառնում են մի մեծ մայրցամաք(«Նո՛յ, ե՛կ, մեր լաստը դարձնենք նոր մայրցամաք») ու դուրս գալիս ջրհեղեղային մաքրագործման ու անհայտությունից ինքնափրկման («ամեն ինչ գնում է դեպի անհայտություն»):Հարկավոր է տապանի վրա վերցնել պատմությունն ու պատմական հիշողությունը` անհայտությունից փրկելու 1915 թվականի եղեռն ու անմեղ զոհերի հիշատակը, Արցախն ու Շուշին. վախ կա ժամանակային անցումայնության մեջ  պատմական ժամանակը կորցնելու:  Արտեմ Հարությունյանին  տապանը առավելապես պատմական հիշողության կրողն է, ջրհեղեղի` պատմական արդարության մաքրագործումը, իսկ լեռան մյուս կողմ հասնելը` որպես վերջնակետ` նոր արդարության ինքնահաստատման.


Արարատը մոտենում է,
իսկ ջուրը բարձրանում
իրերից այն կողմ ոչինչ չեմ տեսնում,
բայց ես տրամադիր եմ ապրելու,
ես պետք է հասնեմ լեռան մյուս կողմը,
որից այն կողմ` էլ ոչ մի լեռ:
Նոյ, ես հրում եմ քո տապանը
ղարաբաղյան ամուր
իմ ուսերով դեպի բաց ջրեր,
դեպի Ջրհեղեղը Նոր Սիրո… («Ն.Ն», էջ 42):


Մի հետաքրքիր փաստ ևս, տարբեր են նաև ջրհեղեղի կայացման  իրադրային ժամանակային ընկալումները.  Հ. Գրիգորյանի «Երկու ջրհեղեղի արանքում» ժողովածուում ժամանակը  նախաջրհեղեղային է, Արտեմ Հարությունյանի  մոտ` արդեն սկսվող երևույթ, իսկ Ղուկաս Սիրունյանի «Տապանի վրա» ժողովածուում` արդեն կայացող իրադարձություն:
Ղուկաս Սիրունյանի դեպքում մի փոքր այլ են այն փլվածքները, որոնք իրավիճակը հանգեցնելու են  ջրհեղեղի, սակայն նույն  է շարժառիթը` ժամանակային անանցանելիություն:  Անընդհատ պտտվող կարուսելն այլևս հին հեքիաթը չի պատմում կյանքի մասին.


Վերջանում է ձմեռը,
բայց գարունը չի սկսվում,
խախտվել է հերթագայությունը`
կարուսելը սովորական, պարտադիր,
որի մեջ մեզ դրած` պտտում էին:8


Սիրունյանի պոեզիայում պատմական ժամանակի անարդարացիությամբ պայմանավորված ջրհեղեղային առաջադրանքին (քանզի բանտված է Արարատ լեռը/ և ուրիշ բարձրունք չկա աշխարհում,/ որ իր գլուխը մարդկությանը տա…) ու սոցիալական կյանքին («Ձմեռ 92»)`  առավել մեծ ընդգծվածությամբ միանում է մարդկային ներանձնային կյանքի լճացման արձանագրումը: Նախընթաց ամբողջ կյանքն արդեն ի սպառ հանձնվել է ջրհեղեղային տարերքին, փրկված մարդկային հոգին տապանի վրայից դիտարկում է ջրի մեջ լողացող անցյալին, ապրած ու չապրած օրերին և մտորում, թե ու՞ր է հասնելու տապանը այդքան մոտ երևացող 21-րդ դար նոր ժամանակային հանգրվանում:


Մենք մոտենում ենք քեզ`
ազգովի ելած տապանի վրա,
մինչև որ քաշվեն թունալի ջրերը,
մեր հովիտներից սրբազան…
Իսկ ո՞վ ես դու, 21-րդ դար արքա,
որ այսքան մոտիկ կանգնած ես մեր դեմ
բայց չես երևում…(«Տ. վ.», էջ 8):


Միֆականության տեսանկյունից դիտարկելով ջրհեղեղը` Ժենյա Քալանթարյանը շեշտադրում է  ջրհեղեղի ապոկալիպտիկ, դարավերջյան ենթակողմը: «Եթե 20-րդ դարի սկզբին աշխարհի անարդարությունը վերացնելու համար հայ գրողներն առաջարկում էին կա’մ սոցիալական պայքար, կա’մ ձգտում էին հեթանոսական դարու ասպետական կենցաղին, ապա 21-րդ դարի շեմին նրանք փորձում են աշխարհը պատժել Ահեղ դատաստանով կամ պատժելով` մաքրագործել ջրհեղեղով: Սա գաղափարական ու աշխարհհայացքային նոր իրողություն է»: Վառլեն Ալեքսանյանի «Հազարամյակի փակման ծես», Հ. Գրիգորյանի «Հանդիսավոր նիստ նվիրված աշխարհի վերջին», Ղուկաս Սիրունյանի «21-րդ դար» բանաստեղծություններում  ակնհայտ ընդգծվածությամբ երևում է դարավերջ — վերջնապատը, որին բախվելով` ժամանակը վերջնականապես կորցնում է իր  իր տրամաբանված ամբողջականությունն ու դառնում  «կես ժամանակ»:
Ինքնին լինելով հրապուրիչ կառույց, ջրհեղեղը  բազմաթիվ վերաիմաստավորումներ  է ստանում նաև ժամանակային ենթակառուցվածքից դուրս:
Խաչիկ Մանուկյանի բանաստեղծության մեջ Նոյի առասպելականություն ու ջրհեղեղի ինքնամաքրումն էական դեր չեն կատարում, դիտանկյունը մարդկային հումանիզմն է. Նոյին ուղղված մեղադրանքը` անմարդկայնություն ու քարսրտությունն է.

-Նո’յ,ի՞նչ տեսակ մարդ ես եղել,
որ տապան ես ելել անհոգ
երբ մահ է քո շուրջ հեղել…
Ինձ չես փրկել. չե’ս փրկել,Նոյ…
…Ես մանուկն եմ այն վիրավոր`
Ձեռքով կառչած քո տապանից…9


Բազմաշերտ  «տարընթերցումային» տարրերի անչափ հետաքրքիր համակցում է կատարել Ներսես Աթաբեկյանը` «Ջրհեղեղի փորձ» բանաստեղծության մեջ. միֆերի խաղարկում (և արանքում Նոյն է` «Արարատ» կոնյակով հարբած, ագռավն Էդգար Պոյի կարոտններն է կռռում), լինել-չլինելիության փիլիսոփայական մտորումներ և տապան` որպես հոգու փրկության միջոց: Ջրհեղեղի ամբողջ այլաբանական պատկերը զուգահեռվում է  Քրիստոսի երկրորդ գալստյան, հոգու փրկության և  նոր իրականության հաստատման հետ:
Որպես մետաֆորային այլաբանություն` ջրհեղեղը դեռ  կշարունակի բազմաթիվ վերաձևումներ ստանալ մեր գրականության մեջ, սակայն ժամանակային անանցանելիություն ջրհեղեղն  ավարտվում է դարավերջյան մտորումներով, ապոկալիպտիկ տագնապներով.այն ժամանակային երևույթ է, ժամանակային էլ ամփոփում է ստանում.  հանդիպելով վերջնակետին` տեղապտույտ շրջանցումներ է կատարում` իրականության ու կյանքի նոր մոդել կերտելու համար:

 

1. Հակոբ Մովսես, Բանաստեղծություններ, Ե., 2005, էջ 76:
2. Հրաչյա Թամրազյան, Զվարթ գիտություն, 2001, էջ 36:
3. Սերյան Գրիգորյան, Բանասիրություն և բանավեճ, 2002թ, էջ 216:
4. Ժենյա Քալանթարյան, Ուրվագծեր արդի հայ գրականության, 2006, էջ168:
5. Նորայր Գրիգորյան, Տեղատարափ անձրևների ժա­մա­նա­կաշրջան, Ե., 2005:
6. Հովհաննես Գրիգորյան, Երկու ջրհեղեղի արանքում, Ե., 1996, էջ 23:
7. Արտեմ Հարությունյան, Նամակ Նոյին, Ե., 1996, էջ 3:
8. Ղուկաս Սիրունյան, Տապանի վրա, Ե., 1996, էջ 37:
9. Խաչիկ Մանուկյան, Բիբլիական ընդմիջումներ, Ե., 2001թ, էջ 13

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն