էս մի թիզ երկրում
ուր օր օրի ավելանում են
DJ-ները
բայց պակասում ա թիվը պարողների
ես ինքնակամ համալրում եմ ծափ տվողների շարքը
ու նայում
մեզանից հետո թողած ավերակներին
դու ծիծաղում ես
ես՝լաց լինում

քո համար էս սաղ փոշի ա
իմ համար՝Զվարթնոցի տաճար

Ես ստիպված
ձեռք եմ գցում
հազար ու մի քարտեզներին՝
անհարթություններ գտնելու համար
որ առաջիններից լինեմ,
ով կզգուշացնի քեզ՝
այնտեղ,որտեղ հիմա դու ես
վնաս-վտանգ քարեր կան
քեզ լավ տղու տեղ չդնես
ոտոբոբիկ չքցես քեզ գելի բերան
չնայած այնտեղ,որտեղ հիմա դու ես
կարող ես նաև բոբիկ լինել
կարող ես ջրերի վրայով քայլել,
նման ճոխություն կարող են թույլ տալ միայն փկվածները
(փրկիչ լինելը էլ թեմա չի)

քեզ հետ ու առանց քեզ ժամանակները
անվերջ պատերազմի դաշտ ա,
որի գրավման տարածքն իմ մարմինն ա
նետված քաղաքի բախտին

տեսնես քաղաքի բախտի տերը
թաղողների մեջ մենք եղե՞լ ենք

բախտ բաժանողների մեջ որ
հաստատ չենք եղել

մենք ի՞նչ գործ ունենք երջանիկների հետ

երջանիկները
հա իրար հետ են
հա ապահով են
երջանիկները ամուսնանում են

ամուսնությունից ծնվում են երեխաներ

սիրուց ծնվում ա պոեզիա

ես հղիանում եմ բանաստեղծություններով
ծնում նրանց
և հանձնում գրականություն կոչվող մանկատուն

մեր բնակարանը երկու պատշգամբ ունի
երկուսից էլ երևում ա ձեր շենքը.
սա անմեղ նշան է
որ ցանկացած մուտքից
միակ երևացող ելքը դու ես

իմ մենության գինը
ինձ տանը սպասող երկու կատուներն են
քո մենության գինը՝ձեռագրերդ իմ դարակում՝
կարդացած,
ջերմություն բարձրացնող
որոնց մեջ հիշատակվում են կանայք տարբեր
որոնք քո մենության գինը չեն
այլ
ապացույցը
որ մենությանդ մեջ դու ավելի ազատ ես

ես հստակ գիտեմ ճանապարհը դեպի քո տուն
ես գիտեմ քո եփած սուրճի համը
ես տեսել եմ կաֆկային՝կենտրոնում քո սենյակի
և ոչ միայն

ես ընտրել եմ Նյու Յորք Թայմզի պոսթքարտերից մեկը՝
6-րդ փորձից

ես տեսել եմ տելեգրամում
վառվող կանաչ լույսը
ես տեսել եմ ջնջված մեր չաթը
երկուսիս համար

ես տեսել եմ ամեն բան
ամեն բան բացի քեզնից

իմ մենության
մեկ օրվա փրկիչ լինելը
քեզ Քրիստոսը չի դարձնում
բայց ասա ինձ
ինչու՞ քեզանից հետո
իմ կյանքի ժամանակը
բաժանվեց
քեզանից հետո
և քեզանից առաջ

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն