Լինում են ոչ գեղարվեստական՝ վավերագրական գրքեր, որոնք կարդացվում են այնպես, ասես հոլիվուդյան բլոքբաստեր լինեն:
Այդպիսի գրքերից է ռուս լրագրող Միխայիլ Զիգարի «Կրեմլի ողջ շքախումբը» գիրքը: Կարդացի այն, որովհետև ուզում էի ավելի լավ հասկանալ, թե ինչ արմատներ ունի ներկայիս ռուսական քաղաքական վերնախավը՝ հատկապես Վլադիմիր Պուտինը: Պուտինի կերպարը, իրոք, չափազանց հետաքրքիր է: Ո՞վ է ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի ամենաաղետաբեր ավտոկրատը՝ նոր Հիտլե՞ր՝ խանդավառված ծայրահեղական գաղափարներով, Մուսոլինի՞, թե՞ պարզապես հանգամանքների բերումով իշխանության եկած փոքր մարդ, որին թունավորել են իշխանության տոկսինները:
Բայց, արդյունքում, ստացա, զգլխիչ ընթերցանություն, այնքան ճիշտ կառուցված «դրամատուրգիայով», որ տեքստից անհնար էր կտրվել արդեն երկրորդ էջից:
Զիգարը պատմում է Ռուսաստանի պատմությունը սկսած Բորիս Ելցինի երկրորդ նախագահության վերջից, ավելի ճիշտ՝ 2000 թվականից, երբ իշխանության եկավ Վլադիմիր Պուտինը։ Ինձ համար, որ կամա, թե կամա հետևում եմ ռուսաստանյան քաղաքական կյանքին, այս գիրքը լույս սփռեց շատ իրադարձությունների ու կերպարների վրա, կերպարների, որոնց իրական դերն ու նշանակությունը մինչ այդ չգիտեի:
Զիգարը ոչ միայն յուրահատուկ մոտեցմամբ է շարադրում իր պատմությունը, այլև ներկայացնում է հատվածներ ու դրվագներ բացառիկ ինտերվյուներից ու անանուն աղբյուրների հետ զրույցներից, որոնք էլ ավելի խորքային կերպով են բացահայտում այն, ինչ տեղի է ունենում Կրեմլի պարսպից ներս:
Սա, միանշանակ, կարդալու արժանի գիրք է, ու հուսով եմ, որ այն կկարդան նաև հայաստանցի պատմաբանները, քաղաքագետները, լրագրողներն ու վերլուծաբանները և կտեսնեն, թե ինչքան հետաքրքիր կարող է լինել պատմությունը, երբ այն շարադրվում է իսկական պրոֆեսիոնալի կողմից: