***
Ասեցիր, թե գնում ես ինձ ման գալու
այ քեզ բան, ինձնից գնում ես ինձ ման գալու
***
Գարուն է,
ես նայում եմ ծառերին զույգ աչքերով
քչանում եմ
կարոտում եմ քո զույգ աչքերին, սիրելի
Ամառ է,
մենք հալվում ենք ու կպնում ասֆալտին
օրերը դանդաղում են
կաթիլ առ կաթիլ
վայրկյան առ վայրկյան
տարածություն առ տարածություն
մենք հեռանում ենք իրարից, սիրելի
Աշուն է,
գնացող և եկող
իր տերևների հետ անհաշտ
փխրուն լեզվով խոսում է մեզ հետ
հայացքդ մերկ
նայում ես ինձ
նա ինձ համբուրել է
ես անհաշտ եմ քեզ հետ
Ձմեռ է,
խաղաղվող ձմեռ
ես դադարում եմ նայել բոլոր իրերի թեք ու կոր մակերեսներին
քո պոեզիան ինձ կարոտել է
դու լրանում ես
ձյունը իջնում է քո ուսերին, սիրելի
***
Որպես ապացույց, որ ճանաչեցի հենց քեզ, այլ ոչ թե մեկ ուրիշին,
քայլում եմ՝ ամեն քսանվեցերորդ քայլին կծկելով ներսի ծավալվող ժպիտս՝ քեզ ընդառաջ դուրս թռչող։
Գնա, սեր իմ,
ծլվլա թռչնակների հետ,
կտուրից ոտքերդ կախիր ու ճոճվիր քեզ գրկող թևերին հենված,
օդ դարձած հույզերից պոկվիր, դանդաղ իջիր պատուհանիս, որից դուրս ու ներս անող բոլոր հայացքների կարոտից ծառ ա աճել։
Գնա ազատ, քեզ չեմ պահելու սրտումս ստրուկի նման,
ինձ հյուր արի, երբ ուզես՝ տարածելով ժպիտդ քաղաքի ամեն մի անկյունում,
և թող ճոճվեմ տագնապած ու հոգնած օրերի թևերին,
կաթիլ-կաթիլ հավաքեմ մենակությունը ու երբ էլ ոչ մի գիծ չհիշեմ դեմքիցդ ծավալվող, հասկանամ` դեռ կաս
հստակ ու անհնազանդ քայլելով հեռացող տարածության խորամանկ կծկումներում կաս
դողացող ապակիներից գոռացող օրերում կաս
հանդարտ, ուղիղ գլխիս իջնող օդում
կաս
ճվացող հույզերից կառուցած տներում կաս
դղրդող գնացքներից ուշացող
անտուն
անլուռ աղմուկ անող օրերում
կաս
քեզ հպվող ու քեզնից պոկվող վայրկյաններում
կաս
քեզ կանչող լռության
հստակության մեջ
կաս
քեզ մի օր հանդիպած ու էլ չբաժանված գոյության հյուսքերում
կաս
***
Քաղաքը ամբողջ մի մեծ հանդիպում է դարձել
ամեն կտուրին դողացող
սպասումի աչքեր
սպասումի ժպիտ
դու մտորում ես կասկածներդ ու քայլերդ ուղղվում են դեպի կայարան
դու կերակրում ես մութը
քայլերդ ուղղում դեպի կայարան
գնացքներ
գնացքներ
դու գլորվում ես մի շնչող պատուհանից մյուսը
նայում ես անժպիտ հանկարծ և հեռավորությունը մեր դառնում է տարածություն՝ բոլոր կողմերում անհաղթահարելի ու նեղ
դու սեղմում ես ապակին կսկծված մատներով
մոռանում ես ձայնը
լռեցնում հպումը
դու գալիս ես՝ ստիպելով հակառակվել ամեն մի մկանդ
լույսերը գրկում են քաղաքը
ես հավաքում եմ ուժերս
ու էլի
ու էլի
բառերը փլվում են օդում՝ հազիվ շուրթերից պոկված
հեռավորությունը մեր դառնում է տարածություն՝ հարյուր քսանվեց կողմերում անհաղթահարելի ու նեղ
***
Դու պատահում ես
առվակների ճղճղան ձայնի վերևի հնչյուններից իջնում ուղիղ գիրկը քաղաքի
լղոզում ես պատկերը լճում անդադար խոսացող ձկների
(Որքան են խոսում, առանց հոգնելու)
քեզ հետ պատահում է ձմեռը, երբ գնում ես առանց դուռը ծածկելու դուռ չունեցող տան ճիվաղներից փախնում
ընկնում գիրկը մոլորվող փողոցների
անդադար խոսացող կտուրներից
համընթաց ու հարթ իջնող անձրևի կաթիլներից կառչում
դու պարզում ես թևերդ
գնում ես տնիցդ,
դու պարզում ես թևերդ
իմ գեղեցիկ
դու գալիս ես հյուսիսից անպայման, որտեղ թռչունները համարյա սառում են՝ հասցնելով գցվել ամռան գիրկը
լսելի դարձող դու ու փոխադարձ սիրելը զգացմունքի կրկնություն չէ, այլ ապրումակցելն է զգացմունքին
լսելի դարձող դու և քո լռությունը, որ գոյության մասին է
ես մոռանում եմ լինելդ, որ տարածության մասին է միայն
ես մոռանում եմ դեմքդ, որ տարածության մասին է հիմա
վերքերդ բուժվելու են
դու գնալու ես թեթև
անհամեմատ թեթև
դու պարզելու ես թևերդ անասելի թափանցիկ ու թեթև
դու գնալու ես այս քաղաքի կտուրների վրայով՝ հանգիստ ու թեթև
Թռչունները հյուսիսից հարավ
հարավից հյուսիս
քաղաքը միայնացել է
նայում է բոլոր աչքերով հառած կլոր
լամպերը թարթում են, ինչպես քաղաքը լքված
Դու աճել ես բոլոր իրերի ձախ մակերեսներին և հասցրել գրավել աջ թեքվող ուղիների մեծ մասը
դու գնում ես
թեթև, անասելի
հանգիստ ու թեթև