Երկփեղկված իրականության մեջ գեղագիտության փնտրտուքի արդյունքում երևան է գալիս վիրտուալ մի գրականություն` ֆեյսբուքյան պատային վերտառությամբ, որ, թվում է, ամենևին գոյական չէ, սակայն իրականության կենսական տիրույթում այսօր հարաճուն իր ընթացքով աներկբայորեն վկայում է իրականության հետ փոխազդման կարևորությունը և անդրադարձը հենց նույն իրականությանը: Մերձիրական գրական այս դաշտում ցցուն ու անհատական բառագանձի, հեղինակային նորակերտ բառերի զգլխիչ հարստությամբ, հատու ասելիքով ու ուրույն գրելաոճով առանձնանում է Արա Ալոյանը: Նրա պոեզիան, խարսխված անխառն ներանձնական իմաստաբանությամբ ու դրանից ճառագող արտանձնական գոյաբանությամբ, լինելության չափ կենդանի է, զարկերակի պես տրոփող: Բանաստեղծի պոեզիայում պատկերային տիրույթը խորախոր է, անծիր երևակայական ու մշտահմա: Բանաստեղծական մտասևեռուն պատկերայնությունը երբեմն հեղինակը միահյուսում է է մեղեդայնության հետ, որ երբեմն բառաշղթան դարձնում է երգեցիկ ու հարահոս գեղարվեստի ընթացք:
Քո կարոտը նորից կապեց
Օրվա տխուր թարթ-երակին,
Հուշը էլի ցավ տրոփեց,
Ես չե՞մ մեռնի այս կիրակի:
Ալոյանի քնարերգության հոլովույթում շրջանառվում են հարազարկ էույթներ` որպես հիմնորոշ կազմարար առանցքներ. բառը հառնում է որպես հողեղեն շապիկ` մաշկ, բջիջ առ բջիջ արտածված սիրո, աշխարհին սերը ագուցելու ճիգի ու ներհուն իմաստնության ներհայող փնտրտուքի:
Ես հավաքել եմ բառերդ բոլոր,
Որ նրանք ապրեն շուրթերից հեռու,
Որ տաքս փոխած օտարի գոլով`
Անսեր մնացին սին հարավներում:
Իբրև հակակշիռ բառի` բանաստեղծը հաճախ դիմում է Լռության գոյությանը` գեղարվեստական պատկեր- հակաբառին, մարդկայինի որոնումներում չխարխափող ասելիքը ճիշտ ձևելու և մատուցելու ջանքով:
Ես ընտրում եմ
Բոլոր բառերը քնածի,
որոնք ամենաճիշտն են,
որոնք մենք ցերեկով
այդքան փնտրում ենք..
Հեղինակի պոետիկայի կենսառիթմի մեջ պարբերական ընթացք ունի թացը` արյունը, անձրևը, ձյունը, արցունքը` որպես աստվածային արարչագործության ելակետ, որով հայեցակարգվում է մուտքն առ իրականություն, առ մարդ, առ Աստված:
Եվ, ուրեմն, անձրևներն այս վաղնջական
Ու ձյուներն այս նորեկ`
Ծանոթ համով ու դառնաղի,
Մեզ վերադարձող մեր իսկ արցունքներն են,
Որովհետև Թատրոն չկա վերում ու Դերասան` Խաղի…
……
Չլացես, չարցունքես: Թղթից եմ:
Միայն ջուրն ինձ հավետ կսպանի,
մնացյալն` անսարսուն ու ստից են,
տագնապներ են դատարկ, ա՜յս պահի:
Մտածումի տվայտումները բանաստեղծին հաճախ են ուղեկցում դեպի Աստված, որ, ըստ նրա, անձուկ սահմանմամբ չի տարորոշվում. Աստված ներմարդն է` խորհրդատու, սրտակից և նույնքան տառապող, որքան ինքը:
Եվ, ուրեմն, ՉԳԱՍ`
քո անխարդախ Վայրից,
որ ես` ինքս քեզ մոտ գամ`
Սիրացորեն Արտիդ ծփանքների միջով,
Գամ ու քեզ հաց բերեմ` Իմ խեղճ Հովիվ, Հայր իմ…
Եվ, անտարակույս, բանաստեղծության մարդու ապրման կերպը, կենսունակության ջիղը, որ այս ամենը շաղկապում է իրար, Սերն է, որ նրա համար մի ողջ հայեցակարգ է, ներհայեցման դրսևորում, որով բանաստեղծը չափում է անչափելին, անիրականը, ցնորքը…
Եթե կա մեկը,
թող գտնի չափման հստակ միավոր,
Եվ գա նժարի
Ներսում կուտակված բյուր արցունքները,
Ցավերն անմակդիր ու ծանր, ծանր,
Ներսում լերդացած կարոտը,
Ձայնը,
Սև ու սպիտակին գրի սլաքներ, թվեր, համազարկ,
Որքան անգին է Սերը կամ որքան էժան է հիմա…
Ալոյանի սերը անմարմին է, անսեռ ու երազային, բայց դա հենց այն շոշափելի իրականն է, որը տենչում է նա. չկաղապարել, չսանձել երազը, չբռնանալ անըստգյուտ զգացման վրա, և այդժամ այն ցկյանս կգոյի….
Ես գրում եմ,
Բայց, չգիտեմ ինչու,
ստացվում է այնպես,
որ թղթերին բոլոր…քո ձեռագիրն է,
թեև երբեք չեմ տեսել ձեռքերդ,
կամ քնքշանքը դրանց անպաղ…
……
Լուսաբացը կաթեց թարթիչներիդ մռայլ,
Ու սփրթնեց դրանց առաչյա անիմությունից,
Այս գիշեր, դու քնել ես իմ կարոտի վրա,
Անքնությանս օրորոցում նույնիսկ:
Բանաստեղծական արվեստում նա եզակի բառաստեղծներից է, որ իր իսկ պոեզիայում հմտորեն արարում ու շրջանառում է մեղեդային բառեր, որ ավելի են ուժգնացնում չափածոյի գեղագիտական արժեքը` սրբասիրյալ, դրախտաջերմ, սրտատուփ, ներսաբնակ, համբույրաթերթել, անբառակերպ, ամենաիմ, սիրահոլով, փողոցաճաք …
Բանաստեղծի մտատեսական զգացումները բազմաշերտ են, բազմատարր, մշտահար ծավալվող ուժգնացող, անհունորեն խորքային ու ընդգրկուն` որպես ներգնա զգացման բանաստեղծական խոստովանություն: