***
Առաջ ես վախենում էի մեռնել,
Որովհետև այնտեղ,
ուր գնում են մահից հետո,
Ոչ մի բարեկամ չունեի։
Առաջ ես վախենում էի մեռնել,
Որովհետև այնտեղ,
ուր գնում են մահից հետո,
Ես մենակ կմնայի։
Իսկ հիմա,
երբ էնտեղ մտերիմ ընկերներ ունեմ,
Հիմա՛ ինչո՞ւ եմ վախենում մեռնել։
***
Մեր հարևան Անդրանիկ պապը
Ամեն առավոտ յոթին
Շատ բարձր դիմում էր.
— Հա՛յր մեր
Ու ես մանկապարտեզ գնալուց առաջ
Հասցնում էի իմանալ, թե ով է երկնքում,
Ում անունը սուրբ լինի,
Ում կամքը լինի…
Իսկ հիմա Անդրանիկ պապը
երևի շշուկով է դիմում,
Մոտ է, ականջին։
Իսկ ես այլևս մանկապարտեզ չեմ գնում։
Չգիտեմ՝ որն է ավելի տխուր։
***
Երբեք չպետք է մոռանալ, որ
Լինելը անկանոն բայ է։
Եվ արմատապես էլ փոխվում է
անցյալ ժամանակի վերածելիս։
Իսկ որ ամենավտանգավորն է՝
վերածվում է օժանդակ բայի։
***
Տասնութից հետո
կյանքը փոխվում է կարծես,
Ու չափահասության համարձակությունը
Սկսում մասնակցել ներքին կռիվներին.
Բայց առաջին հորիզոնականին
Միշտ կանգնում է Վախը
Ու հնչեցնում հիմնը՝
Դողէրոցքը։
***
Խակ պտղի նման
կախվել է ճյուղից
Օրն այս
Ու չի պոկվում։
Ծառը ճկվում է
Ու ստվեր գցում,
Բայց օրը դեռ կա։
Օրն էլ պտղի պես
Հաճախ որդնոտում է:
***
Երեխա ժամանակ մենք
Ուշադրության կենտրոնում ենք
Ու մտածում ենք հենց շրջանաձև։
Հետո միանգամից, մի հպումով
մեծանում ենք,
զիջում փոքրերին կենտրոնը,
Իսկ մեզ նետում անկյուն,
որի իննսուն աստիճան լինելն է հենց
մեզ մղում քառակուսի մտածողության։
***
Արցունքները միշտ էլ կուլ են գնում,
Միակ խնդիրը մարսելն է։
Ի հակառակ մեր իմացածի՝
Գիշերը դրանց մարսողությունն
ավելի հեշտ է լինում։
Միայն շատ հմուտներն են
առավոտյան լացում։
***
Շարունակվել ու հոսել
Դարին բնորոշ անխորհուրդ
Ընթացքից ներս
Ի՞նչ է պետք վերջակետ դնելու համար.
Երևի համարձակություն,
որ հետոն կսկսվի մեծատառով։
Գիտե՞ք` չինարենում
վերջակետը օղակի տեսք ունի.
շրջապտույտ`
դարին բնորոշ ընթացքից ներս։
***
Ես անգիր հիշում եմ
իմ այն վերքերը,
որոնց մասին ասում էին`
կմեծանաս, կմոռանաս։
հիշում եմ` ինչ֊որ բան կորցնելիս
ասում էին` փիսոն տարավ։
…
Որ մի քիչ էլ մեծանամ, կմոռանա՞մ,
որ քեզ էլ փիսոն տարավ։