ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

***
Ծիր Կաթինի կողմերով անցնելիս տեսա մի բարդի, որ ծերպում էր ծլել, ծնվել էր ճեղքված ժայռի մեջ…: Մի քանի ճյուղ ընդամենը դուրս էին պրծել ծերպից ու քարափն ի վեր սլանում էին շնչակտուր, լացակումած… Սաղարթն ու բունը մամլվել էին ծերպի կաղապարով, ու բարդին նմանվել էր թփի…: Նրա ճաքած կճեպից մեղրահյութ էր ծորում: Այդ մեղրահյութի նման էլ ծերպի ճեղքերից բարդու մամլված մարմինն էր ծորում դեպի երկինք, ծորում էր ձգողությանը հակառակ՝ դեպի աստղերը, ու ավաղ, ավելի էր կառչում քարափից… Ես լուռ ականջ դրեցի նրա լացին, հետո թրջեցի իմ մատները ձորակի մեջ, ափով ջուր հասցրի նրան, որ կարողանամ թրջել արմատները… Բայց չգիտեմ՝ ավելի թեթևացրի՞, թե դառնացրի այդ տարաբախտ երկնասլացին…

***
— Այս ինչ խեղճ ու ողորմելի տեսք ունի այս մուրացկանը, գրողը տանի, անտանելի տեսարան, ուղղակի հնարավոր չէ նայել առանց ցնցումի,- իր զրուցակցին ասաց մի անցորդ, որ մի քանի քայլ առաջ էր ինձանից և ինձ համընթաց քայլում էր նույն մայթով:
Նայեցի այն ուղղությամբ, ինչ որ նա, ու տեսա մի մուրացկանի, որ նստած էր մայթեզրին, այնտեղ, ուր կանաչ խոտի փոխարեն աղբով շաղախված հող էր սփռված: Մուրացկանի հագուստը դժվար էր այդ հողակույտից տարբերել: Անցորդի կարեկցանքը տեղին էր, և գրեթե ոչ ոք անտարբեր չէր կարողանում անցնել: Նրանք մանրադրամ գցեցին այն լաթի կտորի մեջ, որ դրված էր մուրացկանի ոտքերի մոտ հենց այդ նպատակով, բայց որն աչք էր ծակում իր դատարկությամբ: Ես հետևեցի նրանց օրինակին…: «Բարեգործական ակցիայից» հետո այդ երկուսը շարունակեցին քայլել իմ առջևից մինչև ճամփաբաժան՝ ճանապարհին բարձրաձայն քննարկելով թափառականի վիճակը, և այն դառնությունն ու վատ տրամադրությունը, որ հաղորդեց իրենց այդ տեսարանը:
Ակնհայտ էր, որ նրանք այլայլվել են խղճահարությունից ու կարեկցանքից: Սակայն վերջին պահին իմ ականջին հասավ «մեծահոգի բարեգործի» մի բացականչություն և՜ս.
— Բա մարդ այնքան հարուստ և անսահման հնարավորությունների տեր չլինե՞ր, որ կարողանար մի մեծ և անառիկ առանձնատուն գնել, մեկուսանար ու հեռու մնար այսպիսի տեսարաններից, որ ամեն օր մարդու սիրտ են կտրատում ու տրամադրություն փչացնում…

***
Այդքան դեղին լինում են միայն արեգակն ու ավտոբուսները Երևանում: Դրանք ամեն օր, մի կողմի վրա ծանրացած և միշտ նույն ուղեծրով տարուբերվում են մեր փողոցներով ու հիշեցնում արևի մասին, բայց ոչ մի սուտ չեն ասում, ոչ մի այնպիսի սուտ, որն օգներ հասկանալ ճշմարտությունը: Այլ միայն մեռած իրականություն, միայն այն, որ «ինքն ավտոբուս է և, որ դեղին է ու լավ մշակված, նորմերին համապատասխան, քարացած միմիկայով»…
Կապույտ, բայց դեղնած գլխարկով ուղևորը այդ ավտոբուսի մեջ վեր էր կացել իր տեղից և անհանգիստ շարժումներ էր անում, կռանում և ծիկրակում էր նստարանների տակ, կկոցում էր աչքերն ու շոշափում ավտոբուսի հատակի փոշին: Նրա տարիքը հուշում էր՝ այս մարդը պետք է որ մի քանի երեխա ունենա և մի քանի թոռ, որոնց խնամելն ու մեծացնելը իր կյանքի գործն են եղել: Ինչ որ բան հուշում էր ինձ, որ հենց այդպես էլ կա, այլապես դժվար կլիներ բացատրել այն անտարբերությունը, որով նա, 50 դրամանոց մետաղադրամը ձեռքից վայր գցելուց առաջ, նայում էր պատուհանից դուրս դեղին ավտոբուսի արագությամբ սլացող ծառերին ու շենքերին,: Նայում էր այնպես, կարծես նայելիս լիներ իր այն երազին, որ կյանքի բեռի տակ ճզմվել ու դադարել էր երազի նման լինել… «…բալի՜կ ջան, նայիր ոտքերիդ տակ, պատահաբար իմ գումարը այնտեղ չի՞ գլորվել…», «…քույրի՜կ, մեկ անգամ փնտրեք խնդրում եմ, նստարանի տակ մոլորված և կլորիկ մետաղադրամ չե՞ք տեսնում…»:
Նա բոլորին իրար խառնեց լավ հասկանալով, որ ձանձրացնում է և անհանգստություն պատճառում: Հասկանում էր նաև, որ իրեն մուրացկանի և խաբեբայի տեղ կարող են դնել, կարծելով, թե նա «50 դրամանոց» ներկայացում է սարքել ուղևորների խղճահարությունը շարժելու և դրամ կորզելու համար:
— Չկա այստեղ ոչ մի դրամ, ա՛յ մարդ, չես տեսնու՞մ, եթե լիներ, կտայինք էլի, վա՜յ…,- լսվեց դիմացի նստարանից: Բայց կապույտ գլխարկով ուղևորը չլսեց այդ դիտողությունը, որովհետև նա չգտավ այնտեղ ոչ մի նորություն իր տոմսի կորած կեսի մասին, նա միայն ամուր սեղմել էր մի ձեռքում մանրադրամի մնացած մասը և փնտրում էր արդեն փնտրած տեղերում նորից ու նորից:
Ես մեկնեցի նրան պակասող գումարը.
— Վերցրեք հայրիկ, ես գտա ձեր դրամը…
«Տեսնո՞ւմ եք, որ ես մուրացկան չեմ, իսկապես իմ սեփական դրամն էի փնտրում»,- ասացին նրա գոհունակությունից փայլող աչքերը, ու նա հանգիստ նստեց իր տեղը:
Գրողը տանի, ես սուտ խոսեցի… …բայց ինչպիսի՜ սուտ… Հաջորդ կանգառում նա դուրս եկավ դեղնած ավտոբուսից՝ առանց «անպատիվ» լինելու: Երթուղու վերջում ուղևորների իրարանցումից հետո ես նկատեցի կորած մետաղադրամը այն փնթփնթանի ոտքերի տակ, որն ամենից շատ էր դժգոհում փնտրտուքից և մատնացույց արեցի: Նա շնորհակալություն հայտնեց և դրամն իր խնամքի տակ առավ` բռի մեջ տաքացնելով ու գրպանն ուղարկելով:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն