«ՆԱՄԱԿՆԵՐ ԴՈՐԻԱՆ ԳՐԵՅԻ ՄԱՍԻՆ» շարքից
Կրկին պրն Օսկար
Ուայլդը
Սը՛ր, Ձեր այսօրվա հրապարակման մեջ Դուք հայտարարում եք, որ իմ համառոտ նամակը, տպագրված Ձեր սյունակներում, «լավագույն պատասխանն» է, որ կարող էի պատրաստել «Դորիան Գրեյի» վերաբերյալ Ձեր հոդվածի համար: Ես չեմ առաջարկում խնդիրն ամբողջությամբ քննարկել այստեղ, սակայն հարկադրված եմ ասել, որ Ձեր հոդվածը բովանդակում է ամենաանարդար հարձակումը, որ արվել է որևէ գրչի մարդու վրա բազում տարիների ընթացքում:
Գրախոսը, միանգամայն անկարող լինելով թաքցնել իր անձնական ոխը, որոշ չափով փչացնում է այն տպավորությունը, որ ցանկանում է ստեղծել. թվում է` չունի համբերության ամենանվազ պատկերացումը, որով պետք է մոտենալ արվեստի գործին: Ասել, որ այնպիսի գիրքը, ինչպիսին իմն է, պետք է «նետվի կրակի մեջ», հիմարություն է: Այդ բանը մարդն անում է լրագրերի հետ:
Գեղարվեստական աշխատանքին առնչվող կեղծ-բարոյական քննադատության նշանակության մասին ես արդեն խոսել եմ: Բայց քանի որ Ձեր գրողը համարձակվել է մտնել գրաքննադատության բազմավտանգ խորխորատները, բարեհաճեք թույլ տալ, ի պաշտպանություն ոչ միայն ինձ, այլ նաև գրականությունը սքանչելի արվեստ համարող մարդկանց, ասելու մի քանի խոսք նրա քննադատական մեթոդի մասին:
Նա գրոհում է ինձ վրա բավականին ծիծաղելի թունոտությամբ, որովհետև իմ գրվածքում գլխավոր գործող անձինք ցուցամոլ լակոտներ են: Նրանք, իրոք, ցուցամոլ լակոտներ են: Մի՞թե նա կարծում է, որ գրականությունը հանձնվեց շներին, երբ Թեքերեյը գրեց անձնագոհ լակոտության մասին: Կարծում եմ` լակոտները չափազանց հետաքրքիր են գեղարվեստի, ինչպես նաև հոգեբանության տեսակետից:
Նրանք ինձ թվում են շատ ավելի հետաքրքիր, քան տառակեր մարդիկ, և ես այն կարծիքին եմ, որ Լորդ Հենրի Ուոթթընը մեր դարի կիսաաստվածաբանական վեպերի հետագծած տաղտկալի իդեալի գերազանց շտկողն է:
Այնուհետև նա ծանծաղամիտ ու անտանելի զրպարտություն է անում իմ քերականության և բազմագիտակության մասին:
Հիմա, ինչ վերաբերում է քերականությանը, համարում եմ, որ արձակի մեջ բոլոր դեպքերում ճշգրտությունը միշտ պետք է ենթարկվի գեղարվեստական պատկերին և երաժշտական հնչեղությանը, իսկ «Դորիան Գրեյում» տեղ գտած շարահյուսական առանձնահատկությունները մտածված կերպով նախատեսված և ներկայացված են` ցույց տալու խնդրո առարկա գեղարվեստական տեսության արժեքը: Ձեր հոդվածագիրը չի ներկայացնում այդպիսի առանձնահատկության ոչ մի օրինակ: Ափսոսում եմ, որովհետև չեմ կարծում, թե կպատահեն այդպիսի օրինակներ:
Ինչ վերաբերում է բազմագիտակությանը, ապա պետք է ասել հետևյալը. միշտ դժվար է նույնիսկ մեզնից ամենահամեստների համար հիշել, որ մարդն ինքն իրեն գիտե այնքան շատ, քան կարող են իմանալ ուրիշները: Ես ինքս անկեղծորեն ընդունում եմ, որ չեմ կարող պատկերացնել` ինչպես Սվետոնիուսի և Պետրոնիուս Իրավարարի մասին պատահական մեջբերումը կարող է մեկնաբանվել որպես անզգամ ու կիսագրագետ հասարակության վրա առավելագույն գիտելիքի ենթադրելիությամբ տպավորություն գործելու ակներև ցանկություն: Ես պետք է կռահեի, որ գիտնականներից ամենասովորականն էլ կատարելապես քաջատեղյակ է «Կեսարների կյանքին» և «Սատիրիկոնին»:
«Կեսարների կյանքն» ամեն դեպքում Օքսֆորդում կազմում է ուսումնական ծրագրի մաս նրանց համար, ովքեր անցնում են Literae Humaniores1 Պատվո Դպրոցը2, իսկ ինչ վերաբերում է «Սատիրիկոնին», ապա դա հանրածանոթ է անգամ միջակ գիտելիքների տեր մարդկանց, չնայած ենթադրում եմ` նրանք ստիպված են դա ընթերցել թարգմանությամբ:
Այնուհետև հոդվածագիրը ենթադրում է, որ ես մեծ ու ազնիվ արվեստագետ կոմս Տոլստոյին հանգույն, հաճույք եմ ստանում սյուժեից, քանի որ դա վտանգավոր է: Ահա թե ինչ պետք է ասվի այդպիսի ենթադրության մասին: Ռոմանտիկական արվեստը գործ ունի բացառության և անհատականության հետ: Լավ մարդիկ, որպես այդպիսիք, պատկանելով նորմալ, ուստիև սովորական վարմունքով մարդկանց տեսակին, գեղարվեստորեն անհետաքրքիր են:
Վատ մարդիկ արվեստի տեսակետից ուսումնասիրության հրապուրիչ նյութ են: Նրանք ներկայացնում են գույն, բազմազանություն և արտասավորություն: Լավ մարդիկ շաղափում են մարդու բանականությունը, վատ մարդիկ շարժում են մարդու երևակայությունը: Ձեր քննադատը, եթե ես պետք է նրան կոչեմ այդպիսի արգո տիտղոսով, պնդում է, որ իմ պատմության հերոսները կյանքում չունեն իրենց նմանակները, որ նրանք, օգտագործեմ իր զորեղ և փոքր-ինչ գռեհիկ արտահայտությունը, «չգոյության բացարձակ էժանագին բացահայտումներն են»: Հենց այսպես:
Եթե նրանք գոյություն ունենային, չարժեր գրել նրանց մասին: Ստեղծագործողի դերը ստեղծելն է, ոչ թե ժամանակագրելը: Չկան այդպիսի մարդիկ: Եթե լինեին, ես չէի գրի նրանց մասին: Կյանքն իր ռեալիզմով միշտ խեղաթյուրում է արվեստի խնդրո առարկան:
Գրականության մեջ գերագույն հաճույքը չգոյությանն իրականություն հաղորդելն է:
Եվ վերջապես, թույլ տվեք ասել հետևյալը: Դուք լրագրողական ոճով վերարտադրել եք «Ոչնչից մեծ աղմուկ» կատակերգությունը և, իհարկե, աղավաղել եք Ձեր վերարտադրության մեջ:
Խեղճ հասարակությունը, լսելով Ձեզ պես պատկառելի հեղինակությունից, որ սա բարոյազուրկ մի գիրք է, որը պետք է դատապարտել ու արգելքի տակ դնել Թորի Կառավարության կողմից, անկասկած նետվելու է կարդալու դա: Բայց, ավա՜ղ, նրանք կգտնեն, որ դա մի բարոյական գրվածք է: Իսկ բարոյականությունը սա է. ամեն անժուժկալություն, ինչպես նաև ինքնահրաժարում բերում է իր սեփական պատիժը:
Նկարիչը` Բեզիլ Հոլլուորդը, մոլի երկրպագելով ֆիզիկական գեղեցկությանը, ինչպես նկարիչների մեծամասնությունը, մահանում է նրա ձեռքով, որի հոգում ստեղծել է մի հրեշավոր ու խոլ շփացածություն: Դորիան Գրեյը, վարելով զուտ զգայություններով ու հաճույքով լի կյանք, փորձում է սպանել խիղճը և այդ պահին սպանում է ինքն իրեն: Լորդ Հենրի Ուոթթընը ջանում է լինել սոսկ կյանքի հանդիսատես: Նա համարում է, որ մարտից հրաժարվողներն ավելի խորն են վիրավորվում, քան մասնակիցները:
Այո՛, սարսափելի բարոյականություն կա «Դորիան Գրեյում», որի մեջ փչացած մարդն անկարող կլինի բարոյականություն գտնելու, մինչդեռ նույն այդ բարոյականությունը կբացահայտվի նրանց համար, ում մտքերն առողջ են:
Սա գեղարվեստական սայթաքու՞մ է: Վախենամ` այո՛: Դա միակ սայթաքումն է գրքի մեջ: Մնամ, Սը՛ր, Ձեր խոնարհ ծառան`
Օսկար Ուայլդ:
16 Թայթ Սթրիթ, Չելսի, 26 հունիսի:
«Ս. Ջեյմզ Գըզեթ», 27 հունիսի, 1890:
1 -հումանիտար գիտություններ — դասական բանասիրություն և փիլիսոփայություն
2 –քննություն Օքսֆորդյան համալսարանում բակալավրի աստիճանի հայցման համար
ԿԱՐԴԱ՞Լ, ԹԵ՞ ՉԿԱՐԴԱԼ
(«Փոլ Մոլ Գըզեթ», փետրվարի 8, 1886 թ.)
Հավատացած եմ, որ գրքերը պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբերի.
Գրքեր, որ պետք է կարդալ, ինչպես, օրինակ, Ցիցերոնի նամակները, Սվետոնիուս, Վազարիի «Նկարիչների կյանքը», «Բենվենուտո Չելլինիի ինքակենսագրությունը», Սըր Ջոն Մանդևիլ, Մարկո Պոլո, Սեն Սիմոնի «Հուշագրությունները», Մոմզեն, և (դեռևս ունենք մի ավելի լավ գործ), Գրոութի «Հունաստանի պատմությունը»:
Գրքեր, որ պետք է վերընթերցվեն, ինչպես, ասենք, Պլատոն և Քիթս, պոեզիայի բնագավառում՝ մեծերին, ոչ թե մենեստրելներին, փիլիսոփայության բնագավառում՝ տեսանողներին, ոչ թե նեղմիտ ուսյալներին…
Գրքեր, որոնք ամենևին պետք չէ կարդալ, ինչպես, ասենք, Թոմսոնի «Եղանակները», Ռոջերսի «Իտալիան», Փեյլիի «Վկայությունները», եկեղեցու բոլոր Հայրերին՝ բացառությամբ Սբ. Օգոստինոսի, Ջոն Սթյուարտ Միլի գործերը՝ բացի «Ազատություն» էսսեից, Վոլտերի բոլոր թատերախաղերն առանց որևէ բացառության, Բաթլըրի «Համանմանությունը», Գրանտի «Արիստոտելը», Հյումի «Անգլիան», Լուիսի «Փիլիսոփայության պատմությունը», բոլոր վիճահարույց և այն բոլոր գրքերը, որոնք փորձում են ինչ-որ բան ապացուցել:
Երրորդ խումբը բացառապես ամենակարևորն է: Մարդկանց ասել, թե ինչ կարդալ, որպես կանոն կա՛մ անօգուտ է կա՛մ վնասակար, քանի որ գրականության արժևորումը խառնվածքի խնդիր է, ոչ թե սովորեցնելու. Պառնաս հասնելու համար չկա այբբենարան, և այն, ինչ կարելի է սովորել, երբեք չարժե սովորել: Բայց մարդկանց ասել՝ ինչ չկարդալ, շատ տարբեր նշանակություն ունի, ու ես հանդգնում եմ առաջարկել դա՝ որպես առաքելություն, որ հանգեցնում է Տիեզերքի Տարածականության Նախագծին: Անշուշտ, դա մի բան է, որ վսեմորեն անհրաժեշտ է մեր այս դարում, դար, որ կարդում է այնքան շատ, որ ժամանակ չունի հիանալու և գրում է այնքան շատ, որ ժամանակ չունի խորհելու: Ով մերօրյա ուսումնական ծրագրի քաոսից ընտրի հարյուր ամենավատ գրքերը և հրապարակի դրանց ցուցակը, աճող սերնդին մի իսկական ու հարատև օգուտ կշնորհի: Այս տեսակետերն արտահայտելուց հետո, կարծում եմ, ամենևին չպետք է առաջարկություն անեմ՝ կապված հարյուր լավագույն գրքերի հետ, մինչդեռ, հույս ունեմ, ինձ թույլ կտաք վայելել հակասական լինելու հաճույքը, որովհետև ես բուռն ցանկություն ունեմ պահանջել մի գիրք, որ տարօրինակ կերպով բաց է թողնվել այն հրաշալի գիտակների կողմից, ովքեր թղթակցել են ձեր թերթին: Նկատի ունեմ «Հունական անթոլոգիան»: Ինձ թվում է՝ այս ժողովածուում ընդգրկված գեղեցիկ բանաստեղծությունները նույն տեղն են զբաղեցնում, ինչ հունական դրամատիկական երկերը, ինչպես Տանագրայի փոքրիկ նրբագեղ արձանիկները՝ Ֆիդիական մարմարների համեմատ, և միանգամայն անհրաժեշտ են՝ հունաց ոգին լիովին հասկանալու համար:
Ես նաև զարմանում եմ, իմանալով, որ Էդգար Ալըն Պոն անուշադրության է մատնված: Չէ՞ որ ռիթմիկ արտահայտչականության այս սքանչելի լորդն անշուշտ իր արժանի տեղն ունի: Եթե նրան տեղ տալու համար անհրաժեշտ լիներ ինչ-որ մեկին դուրս մղել, ես կհանեի Սաութիին, իսկ Քեբլը, կարծում եմ, ըստ արժանվույն կարող էր փոխարինվել Բոդլերով:
Անկասկած թե՛ «Քեհամայի անեծքում», թե՛ «Քրիստոնեական տարվա» մեջ որոշակիորեն կան պոետական որակներ, սակայն ճաշակի բացարձակ բազմազանությունն առանց վտանգների չէ: Միայն աճուրդախոսն է, որ պետք է հիանա արվեստի բոլոր դպրոցներով…
Անգլերենից թարգմանեց՝
ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ